Դատախազությունը հաղորդում է ներկայացրել «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման վերաբերյալ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Դատախազությունը հայտարարել է, որ «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացի ուսումնասիրության արդյունքում առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստեր են հայտնաբերվել։ Դատախազությունից հայտնում են, որ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հատկանիշներով։

«Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների կողմից ստացված հարցումների՝ տեղեկացնում ենք, որ Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է ՀՀ Կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 1465-Ա որոշմամբ օտարված՝ «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացը:

Ուսումնասիրությամբ ձեռք բերված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերի կապակցությամբ դատախազը 2026 թվականի մայիսի 5-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

Հաղորդման հիման վրա 2026 թվականի մայիսի 7-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք) (2 դրվագ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը) հատկանիշներով:

Հաղորդման հիմքում, ի թիվս այլ հայտնաբերված խախտումների, ներառվել են մասնավորեցման գործընթացի հետ կապված մի շարք հանգամանքներ, մասնավորապես.

ՀՀ Կառավարության 2001 թվականի հուլիսի 31-ի թիվ 690 որոշմամբ ձևավորվել է մրցութային հանձնաժողով՝ «Արարատցեմենտ» ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մրցույթով մասնավորեցնելու նպատակով:

Գնման առաջարկ է ներկայացվել «Holcim LTD» շվեյցարական և «SK.Ajikawo Group» անգլիական կազմակերպությունների կողմից:

2001 թվականի սեպտեմբերի 26-ին կայացած մրցույթում հաղթող է ճանաչվել «Holcim LTD» շվեյցարական կազմակերպությունը, սակայն 2001 թվականի հոկտեմբերի 22-ին վերջինս Պետական գույքի կառավարման նախարարին հասցեագրած գրությամբ հայտնել է, որ կազմակերպության տնօրենների խորհուրդն առանց պատճառաբանությունների մերժել է ներդրումային ծրագիրը:

ՀՀ Կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 1465-Ա որոշմամբ «Արարատցեմենտ» ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող 317.003 բաժնետոմսերը՝ յուրաքանչյուրը 10.000 դրամ անվանական արժեքով, ուղղակի վաճառքով մասնավորեցվել են «Ռոբերտո» բելգիական կազմակերպությանը: Նույն որոշման 2-րդ կետով՝ մասնավորեցվող բաժնետոմսերի գին է սահմանվել 200.000 ԱՄՆ դոլարը:

«Ռոբերտո» ընկերության հիմնադիրները, սակայն, եղել են ՀՀ քաղաքացիներ Ազատ, Ռոբերտ և Ռոման Մուրադյանները, որոնցից յուրաքանչյուրի բաժնեմասը կազմել է 250.000 բելգիական ֆրանկ (այն ժամանակ եվրոն դեռ գործածության մեջ չէր): Այսինքն՝ ընկերության ընդհանուր կապիտալը եղել է 750.000 ֆրանկ (հավասար է 18.592 եվրոյի):

«Ռոբերտո» ընկերության կառավարիչ է նշանակվել Վահագն Գուլոյանը, ով ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի խնամու՝ նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանի կրտսեր եղբայրն է, Ծառուկյանի փեսայի՝ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի հորեղբայրը:

«Արարատցեմենտ» ընկերությունը մասնավորեցնելու՝ ՀՀ Կառավարության որոշումից 6 ամիս անց՝ 2003 թվականի մարտի 23-ին, «Ռոբերտո» ընկերության ժողովը որոշել է ընկերության միանձնյա կառավարիչ նշանակել Գագիկ Ծառուկյանին՝ առանց ժամկետի սահմանափակման:

2003 թվականի հունիսի 26-ին Բրյուսելի դատարանը հայտարարել է «Ռոբերտո» ընկերության լուծարման գործընթացի մասին, որն ավարտվել է 5 տարի անց՝ 2008 թվականի դեկտեմբերի 18-ին:

Վարույթի քննությանը զուգահեռ՝ Դատախազությունը շարունակել է իրականացնել պետական շահերի պաշտպանության լիազորությունից բխող իր գործառույթները, այդ թվում՝ 2026 թվականի մայիսի 5-ին գրություն է հասցեագրել ՀՀ Կառավարություն՝ առաջարկելով քննարկել ընկերությունում առկա խախտումները և դրանց հետևանքները վերացնելու նպատակով պատշաճ վարչարարություն իրականացնելու, այդ թվում, օրինակ, ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շնողում քարոզարշավ իրականացնելիս, ասել էր, որ «շատ շուտով Ծառուկյանի՝ ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը՝ Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը»:

Փաշինյանի հայտարարությանն ի պատասխան Ծառուկյանն ասել էր․ «Իմ հայրենիքը չեմ կարող փոխել ցեմենտի զավոդի հետ»։