ՔԿ-ն դիմակավոր անձանց տեսանյութի մասով քրեական վարույթ է նախաձեռնել
Քաղաքականություն
18.05.2026 | 13:31
ՀՀ քննչական կոմիտեից արձագանքել են այսօր դիմակավորված անձանց կողմից տարածված տեսանյութին։
«ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ ինքնություններն անհայտ անձինք առանց օրենքով նախատեսված թույլտվության, իրացնելու նպատակով որսացել են համակարգչային ցանցում պահվող ընդհանուր օգտագործման համար չնախատեսված և համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տվյալը, ատելության և անհանդուրժողականության շարժառիթով ուղիղ եթերի ժամանակ խուլիգանական դրդումներով զուգորդված՝ ՀՀ վարչապետի նկատմամբ՝ նրա պետական և քաղաքական գործունեության հետ կապված, քաղաքական հայացքներով պայմանավորված, տարածել են սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ»,- Factor TV-ին հայտնում են Քննչական կոմիտեից։
«Մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու և հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն՝ հանցագործություն կատարած անձանց ինքնությունները բացահայտելու ուղղությամբ»,- հայտնում են կառույցից:
Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում մի քանի դիմակավոր անձինք Արցախի բարբառով և վիրավորական բառապաշարով դիմում են Փաշինյանին։ «Նիկոլ, քեզ ջրելու ենք»․ ասում է նրանցից մեկը՝ ընթացքում մյուսների ձեռքին, ենթադրաբար, ինքնաձիգներ են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է հրապարակված տեսանյութին ու կոշտ բառապաշարով հակադարձել․ «Հլը էս փսլինքներին նայի էլի։ Ուրեմն, սենց, մասկեքը հագել են, իբր իրենք ուժեղ տղերք են»։ Փաշինյանը հորդորել է նրանց ինքնակամ ներկայանալ իրավապահներին։
Եվգենյա Համբարձումյան