309 հազար դոլար՝ մինչ քարոզարշավի մեկնարկը․ որ ուժն է գովազդի համար ամենից շատ վճարել Meta-ին
Քաղաքականություն
11.05.2026 | 21:00
Մինչ քարոզարշավի պաշտոնական մեկնարկը քաղաքական ուժերը միայն Meta-ի հարթակներում արդեն հարյուր հազարավոր դոլարներ են ծախսել։ Ընդամենը երեք ամսում՝ փետրվարի 8-ից մայիսի 8-ը, Facebook և Instagram-ում քաղաքական գովազդի համար վճարվել է ավելի քան 309 հազար դոլար, որի շուրջ երկու երրորդը բաժին է հասել մեկ ուժի՝ «Ուժեղ Հայաստան»-ին ու դրա հետ կապված էջերին։
Այսպես՝ Meta-ի ամենաշատ գովազդատուների առաջին 10 տողից 4-ը պատկանում են նույն կուսակցությանը՝ «Ուժեղ Հայաստան», «Երիտասարդական կառույց/Ուժեղ Հայաստան», «Սամվել Կարապետյան», և գովազդատու է նաև «Մեր ձևով» շարժման էջը, որը գովազդ է ֆինանսավորում «Ուժեղ Հայաստան»-ի համար․ այս բոլորն իրար հետ 3 ամսում Meta-ին վճարել են 210 հազար 322 դոլար՝ 168 գովազդի համար։

Ակտիվ գովազդատու են նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի մյուս անդամները․ «Ապրելու երկիր» կուսակցությունն՝ իր և Մեսրոպ Առաքելյանի ու Մանե Թանդիլյանի էջերով տարածվող 540 գովազդի համար վճարել է 9923 դոլար, իսկ «Հայաքվե»-ն այս 3 ամսում Meta-ին վճարել է 4298 դոլար՝ 648 գովազդի համար։
Երկրորդ խոշոր քաղաքական գովազդատուն «Քաղաքացիական պայմանագիր»-ն՝ իր հարակից էջերով՝ C News, Civic, «Տիգրան Ավինյան», «Երիտասարդական կառույց/Քաղաքացիական պայմանագիր»՝ ընդհանուր 47 հազար 882 դոլար՝ 146 գովազդի համար։

Երրորդ տեղում է «Ռոբերտ Քոչարյան» էջը՝ 27 հազար 958 դոլար 3 ամսում 86 գովազդի համար։
Նրանց հաջորդում է «Միասնության թևեր»-ը՝ 15 հազար 43 դոլար 54 գովազդի համար։
Սոցիալական հարթակներում քաղաքական գովազդատու են նաև «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3081 դոլար 79 գովազդի համար, «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ը՝ 698 դոլար 9 գովազդի համար, «Անդրանիկ Թևանյան» էջը՝ 513 դոլար 47 գովազդի համար, «Հայկ Մարության»-ը՝ 503 դոլար 1 գովազդի համար, «Արման Բաբաջանյան»-ը՝ 282 դոլար 30 գովազդի համար։
Ընդ որում՝ ինչքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելանում են գովազդի համար ծախսվող գումարները։ Օրինակ՝ միայն «Ուժեղ Հայաստան» էջը 3 ամսում վճարել է 183 հազար 548 դոլար, իսկ դրա մեծ մասը՝ 128 հազար 550 դոլարը, վերջին 1 ամսվա ծախսն է։ «Քաղաքացիական պայմանագիր» էջը 3 ամսում ծախսել է 44 հազար 444 դոլար, որից 35 հազար 212 դոլարը՝ վերջին 1 ամսում։ Նույն իրավիճակն է Ռոբերտ Քոչարյանի դեպքում․ 3 ամսում գովազդի համար էջի ծախսած 27 հազար 958 դոլարից 21 հազար 630-ը վճարվել է վերջին 1 ամսում։

Հիշեցնենք, որ Meta ընկերությունը հնարավորություն է տալիս գովազդային գրադարանի (Meta Ad Library) միջոցով տեղեկանալ քաղաքական և հասարակական թեմաներով վճարովի գովազդների մասին։ Քաղաքական ուժերն իրենց բոլոր ծախսերը պարտավոր են կատարել կուսակցության բյուջեից՝ անկանխիկ, այսինքն՝ այս ծախսերը հաջորդ տարի պետք է արտացոլվեն կուսակցությունների հաշվետվություններում։
Գայանե Խաչատրյան