Երբ հանրային աղմուկ չկա, պետությունը չի լսում․ երեխաների սեռական շահագործման գործերը՝ նույն սցենարով 

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անչափահասների հետ կապված սեռական  շահագործման դեպքերում Հայաստանում իրավապահ համակարգը սկսում է արձագանքել այն ժամանակ,  երբ հանրային աղմուկ է բարձրանում։ Վեդիում անչափահաս քույրերին սեռական շահագործման ենթարկելու գործով երկու անձ վերջապես ձերբակալվել և կալանավորվել է՝ միայն հանրային աղմուկից հետո։ 

Աղմուկին ու ձերբակալություններին հետևել են նաև պաշտոնանկություններ, թե ինչ հիմքով՝ դեռևս հայտնի չէ։ Այս պաշտոնանկությունները փաստացի վկայում են, որ համակարգը ձախողել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքերին  ժամանակին և պատշաճ արձագանքելու հարցում,  թեև առայժմ չի հստակեցվել՝ արդյո՞ք այդ պաշտոնյաների նկատմամբ ծառայողական քննություն անցկացվելու է, ինչ կոնկրետ խախտումներ են արձանագրվել, և կա՞ն արդյոք քրեաիրավական հետևանքներ։ 

Այս հարցերը կարևոր են և հրատապ, քանի որ խոսքը երեխաների նկատմամբ հնարավոր համակարգային սեռական շահագործման մասին է։ Դրա վերաբերյալ իրավապահ համակարգին հաղորդվել է դեռևս տարեսկզբին, բայց որևէ գործուն քայլ երեխաներին պաշտպանելու և հանցագործներին մեկուսացնելու, չի գործադրվել։ 

Այս մասով միակ արձագանքը հնչեց երեկ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, որը պնդում էր, թե դեպքը բացահայտվել է իրավապահների օպերատիվ աշխատանքի արդյունքում։ Նա նաև նշել է․
«Ես գիտեմ կոնկրետ լրագրողներ, ովքեր իրավապահ մարմիններում ունեն աղբյուրներ, որոնք աշխատանքային ինֆորմացիա են փոխանցում, դրա հետ կապված նույնիսկ քրեական գործեր կան հարուցված և անպատասխանատու իրավապահներին անպայման կգտնենք և համակարգից կհեռացնենք։ Այսինքն՝ մի մասին հեռացրել ենք արդեն»։

Դեպքն, իհարկե, չէր բացահայտվել մինչև հանրային աղմուկը, և դա է վկայում այն, որ հանցագործները մինչ այդ աղմուկն ազատության մեջ էին։ Շրջանառվում է տեղեկություն  նաև երրորդ անձի՝ ոմն «բարերարի» մասին, որի կալանավորման վերաբերյալ դեռևս իրավապահ համակարգի կողմից հայտարարություններ չեն հնչել, սակայն երեխաների փաստաբան Վարդուհի Էլբակյանը պնդում է, որ երեխաների շահագործումն իրականացվել է 3 անձի կողմից։


Փաստացի, Արարատի մարզում անչափահաս աղջիկների նկատմամբ սեռական բռնության դեպքը և դրա շուրջ պետական մարմինների անգործությունը վերհանում է խորքային խնդիրներ, որոնք վկայում են համակարգային ձախողման մասին։

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանն ասում է․ «Ցավոք սրտի, ունենք լավ օրենսդրություն, բայց ոչ միշտ է օրենքը գործում, և մենք ունենք ռեսուրսների խնդիր։ Եթե տվյալ իրավիճակում նախապես բացահայտեին, որ կան «բարեգործներ», կա երեխաներին նյութապես շահագրգռում, այլ միտումներ, դա կբերեր այս դեպքին այլ գնահատական տալու, և ի սկզբանե որպես ծանր հանցագործություն քննություն իրականացնելու, իսկ քանի որ դա չի իրականացվել, որոշ հարցեր դիտարկվել են մակերեսորեն, և ոչ պատշաճ ձևով են իրականացրել։ Սա, միանշանակ, միայն այս դեպքով չէ, բազմաթիվ են այն իրավիճակները, երբ հարցը սկսում է բարձրաձայնվել միայն աղմուկից հետո»,- նկատում է Թումասյանը։

Վեդիում կատարվածը, ցավոք, միակ նմանատիպ դեպքը չէ, որ ցնցել է հասարակությանը։ Տարիներ առաջ բացահայտվեց Ախթալայում հայտնի բարերար, այն ժամանակ ՀՀ վարչապետի խորհրդական, «Մեթալ փրինս» ընկերության սեփականատեր  Սերոբ Տեր-Պողոսյանի գործը, որը սոցիալապես անապահով խավի անչափահաս տղաներին հովանավորելու պատրվակով սեռական հարաբերություններ էր ունենում նրանց հետ: Համայնքում այդ երեխաների ընտանիքները նրան մեծարում էին, ստանում փոխհատուցում-պարգևներ, ու ժխտում իրողությունը։  

Դատավարության ընթացքում մեղադրող կողմը փորձել էր ծնողներից պարզել ընտանիքների խոցելիությունը, որպես վկա դատակոչվել էին տուժողների ծնողները, որոնց հարցաքննությունից ավելի քան պարզ էր, որ տուժողները գտնվել են սոցիալապես ծանր վիճակում, և այդ խոցելիությունից օգտվել է բարերար ձևացող անձը։ 

Հենց այս օրինակից Վեդու գործով չափազանց կարևոր է հասկանալ՝ կա՞ արդյոք ավելի լայն ցանց, և ինչ դեր ունի գործով հիշատակվող բարերարը։

Մեկ այլ աղմկահարույց բացահայտում էր Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցի հայոց լեզվի ուսուցիչ Լևոն Ավագյանի կողմից դպրոցի սաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու փաստի առիթով հարուցված գործը, դարձյալ խոցելի խմբի երեխաների նկատմամբ, և այն վայրում, որտեղ կար պետության հսկող աչքը։

Այն ժամանակ, ինչպես և այժմ, քննչական մարմինները պիտակավորում էին երեխաներին՝ ասելով, որ տուժած երեխաներից մեկը մտավոր զարգացման խնդիրներ ունի, ցուցմունքները հակասական են, երեխաներից ոմանք հրաժարվում են խոսել։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ երեխաներից շատերը պարզապես վախեցած էին։ 

Գործի շուրջ ամենացնցող հանգամանքներից մեկն այն էր, որ իրավապահ համակարգը սկզբնական փուլում ավելի արագ արձագանքեց ոչ թե ենթադրյալ մանկապիղծին մեկուսացնելու, այլ ահազանգ բարձրացնող ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի դեմ զրպարտության գործ հարուցելու հարցում։ Ի վերջո՝ ակտիվիստական խմբերի ճնշմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։

Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, առավելապես սեռական շահագործման են ենթարկվում խոցելի խմբերի երեխաները՝ աղքատ, մեկուսացված, սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքներից։ Շատ դեպքերում երեխաներն ունեն նաև առողջական, հոգեբանական կամ զարգացման առանձնահատկություններ։ Այսինքն, վտանգի տակ են հայտնվում հենց նրանք, ում հանդեպ պետությունը պարտավոր էր առավել ուշադիր լինել։

Արդյո՞ք կարելի է այս դեպքով զուգահեռներ տանել․ Դավիթ Թումասյանի կարծիքով՝ այո, քանի որ գործ ունենք անչափահաս երեխաների նկատմամբ սեռական բռնություն գործադրելու հետ, ունենք նույն մոտեցումներն ու նույն կանոնները։ 

«Դեպքերի մեծամասնությունում, ինչպես Սերոբն էր Պողոսյան, գիշերօթիկի դեպքը, գործ ունենք սոցիալապես անապահով երեխաների հետ, ինչը նրանց դարձնում է առավել խոցելի։ Այս երեխաներին ուշադրության կենտրոնում պահելը, նրանց հետ աշխատանքը կարող է հանգեցնել այս դեպքերի նվազեցման»,- գտնում է փորձագետը։

Դատելով ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած 2025 թվականին անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վիճակագրությունից, դատարան ուղարկված 132 վարույթից 35-ը սեռական ազատության դեմ ուղղված, իսկ 1-ը՝ երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողությունների մասով հանցագործություններն են։

Սա նշանակում է, որ դատարան հասած յուրաքանչյուր չորրորդ գործ կապված է երեխաների սեռական շահագործման հետ։ Թվերը մտահոգիչ են ոչ միայն իրենց ծավալով, այլև այն պատճառով, որ սեռական բնույթի հանցագործությունները ամենաթաքնվածն են, և բազմաթիվ դեպքեր այդպես էլ մնում են կամ չբարձրաձայնված, կամ էլ՝ անտեսված համակարգի կողմից։

Ի վերջո, սա ոչ միայն քրեական արդարադատության, այլև սոցիալական պաշտպանության համակարգի ձախողման հետևանք է։ Երբ ընտանիքները տարիներ շարունակ ապրում են աղքատության, մեկուսացման, անտեսվածության պայմաններում, իսկ պետության աջակցությունը սահմանափակվում է ձևական արձագանքներով, երեխաների նկատմամբ բռնության ռիսկը բազմապատկվում է։

Առավել մտահոգիչ է այն, որ շատ դեպքերում ահազանգերը կամ անտեսվում են, կամ դրանց արձագանքը լինում է ուշացած՝ միայն հանրային աղմուկից հետո։ Այդ ընթացքում երեխան արդեն հասցնում է կրկնակի զոհ դառնալ՝ ոչ միայն բռնության, այլ նաև համակարգային անտարբերության, ոչ մասնագիտական քննության և հանրային աղմուկի հետևանքով։

Հայաստանում երեխաների պաշտպանության համակարգը չի կարող աշխատել միայն այն ժամանակ, երբ հասարակությունը սկսում է գոռալ։ Պետությունը, որը երեխաներին պաշտպանում է միայն հանրային ճնշման պայմաններում, իրականում չի պաշտպանում նրանց ընդհանրապես։

Եթե նույնիսկ այս դեպքից հետո պետությունը սահմանափակվի միայն մի քանի պաշտոնանկությամբ, ձևական հայտարարություններով և ուշացած ձերբակալություններով, ապա դա կնշանակի, որ համակարգը կրկին ընտրել է ոչ թե երեխաների պաշտպանությունը, այլ ինքնապաշտպանությունը։

Զարուհի Հովհաննիսյան