«Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակում քննարկվել է Հայաստան–Սերբիա համագործակցության խորացումը
Քաղաքականություն
05.05.2026 | 21:40
«Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Սերբիայի ԱԳՆ գործող Գլխավոր քարտուղար, դեսպան Դուշան Կոզարևի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Սերբիա հարաբերությունների օրակարգը՝ ընդգծելով քաղաքական երկխոսության խորացման, բարձր մակարդակի շփումների ակտիվացման և ինստիտուցիոնալ համագործակցության զարգացման կարևորությունը: ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը կարևորել է դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության ընդլայնումը, ներառյալ` երիտասարդ դիվանագետների փոխանակման ծրագրերը։
Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել ակտիվացնել համապատասխան մեխանիզմները և առաջ մղել գործնական նախաձեռնությունները։