ՌԴ-ն փորձելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ կրքերը հանդարտեցնել, հնարավոր է՝ հարցի քննարկումը դեկտեմբերի 6-ից տեղափոխվի․ Դենիս Դվորնիկով
Քաղաքականություն
20.11.2018 | 21:23Factor.am-ի հարցազրույցը Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի փորձագետ, հրապարակախոս Դենիս Դվորնիկովի հետ
–Պարոն Դվորնիկով, դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ նստաշրջանում լինելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե չլինի հարցի շուրջ կոնսենսուս, հայկական կողմը կշարունակի աշխատել այդ ուղղությամբ։ Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանի ներկայուցիչը կնշանակվի՞։
-Բարդ հարց է, բարդ իրավիճակ, բայց կարծում եմ՝ ռուսաստանյան դիվանագիտության կողմից կարվի տիտանական աշխատանք՝ իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու օպտիմալ լուծում գտնելու համար։ Եվ հիմա փոխզիջում գտնելու համար ամենաշատ ջանքերը գործադրում է Ռուսաստանը, որն ամենաշատն է տուժում ՀԱՊԿ-ում եղած խնդիրների պատճառով։ Թե ի՞նչ տարբերակ կընտրվի, չեմ կարող ենթադրել կամ կանխագուշակել, քանի որ փոխզիջումային տարբեր տարբերակներ են մշակվում ու շրջանառվում: Անգամ մտածում էի՝ գուցե ինչ-որ հայկական արմատներով բելառո՞ւս գտնեն և կամ հակառակը։ Կատակ էր, իհարկե։
-Պարոն Դվորնիկով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը ոչ միայն ՀԱՊԿ խնդիր է լինելու, այլև ակներև է, որ նախընտրական Հայաստանում դառնալու է քարոզչության ու հակաքարոզչության «թոփ» թեմա։ Հաշվի առնելով, որ ՌԴ–ի խոսքը վճռորոշ է լինելու, ՌԴ-ն կողմերից ո՞ր մեկին «կփոխանցի» գլխավոր քարտուղարությունը։
-Շատ հավանական է, որ խնդրի սրությունը հանելու, նաև ամանորյա միջոցառումները հետևում թողնելու համար հարցը տեղափոխվի։ Հիմա իրավիճակը ես կբնութագրեի բժշկական տերմինոլոգիայով։ Բժշկության մեջ կան իրավիճակներ, երբ հիվանդին չի կարելի վիրահատել բարձր ջերմության պատճառով։ Կարծում եմ՝ նման լուծումներ կգտնվեն թեժացած կրքերը հանդարտեցնելու համար։ Մանավանդ, որ հայաստանյան քաղաքական դաշտում էլ այս հարցում կա և լինելու է լարվածություն։
-Իսկ ըստ Ձեզ ո՞վ «բարձր տաքություն ունի»՝ Հայաստա՞նը, թե Բելառուսը։
-Ընդհանուր «տաք» մթնոլորտ է այս աթոռի շուրջ։
-Կարծում եք, որ բելառուսական կողմի հավակնությունները տեղի՞ն են։
-Բելառուսը առևտրի մեջ է․ ամեն կերպ փորձում է Ադրբեջանին շահագրգռել փողով։ Եվ հատուկ «բզբզում» են Երևանին ու Բաքվին՝ ցույց տալու համար, որ կարևոր խաղացող են ու այս գործոնի վրա ուղղակի փող աշխատեն։ Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ «պարզապես բիզնես, ոչ մի անձնական բան»։
-Այդուհանդերձ, ռուսական կողմը ինչպե՞ս է գնահատում հայ-բելառուսական այս սկանդալը, և արդյոք Երևանը դժգոհելու տեղ չունի՞, եթե ՀԱՊԿ փակ նիստի մանրամասները Բելառուսի նախագահը հայտնում է Ադրբեջանին։
– Իհարկե, համամիտ ենք Երևանի այս դիրքորոշման հետ, բայց նորից եմ կրկնում, թե ինչի համար է Լուկաշենկոն սա արել։ Իրենք Ադրբեջանին օգտագործում են դոնորի կարգավիճակում, և դրա համար էլ նման աղմկհարույց հայտարարություններ են արվում։Իսկ ընդհանրապես, ի՞նչ կարիք կա երրորդ կողմին տեղյակ պահել, թե ինչ է կատարվում որևէ միությունում։ Առավել ևս, ռազմական կառույցում․ ՀԱՊԿ-ը մշակութային կամ սոցիալական միավորում չէ, որտեղ կարող են համույթների փոխանակումներ անել, այլ լուրջ ռազմաքաղաքական կազմակերպություն։ Հետևաբար, ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիայի դաշնակցին չէր կարելի ՀԱՊԿ-ում հարաբերությունների և ընթացակարգերի վերաբերյալ նման մանրամասներ փոխանցել։ Այնպես որ, Փաշինյանը ճիշտ է։
Անի Սահակյան