«Լսում էի երեխայիս լացի ձայնը»․ ծնողները մեղադրում են, ուսուցիչը՝ հակադարձում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
14.04.2026 | 19:30Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի թիվ 2 դպրոցի աշակերտների ծնողներն ահազանգում են․ ուսուցիչներից մեկը՝ Անահիտ Մկրտչյանը, ֆիզիկական և հոգեբանական բռնության է ենթարկում իրենց երեխաներին։
Factor TV-ին տեղի ունեցածի մանրամասներ ծնողները պատմեցին անանունության պայմանով՝ հետագա թիրախավորումից խուսափելու համար։ Նրանցից մեկի պնդմամբ՝ հաճախակի էին դարձել դեպքերը, երբ առաջին դասարանում սովորող իր երեխան փախչում էր դպրոցից, սովորական ժամից շուտ էր տուն վերադառնում։ Պատմում է՝ հերթական նման դեպքից հետո երեխային հետ՝ դպրոց է տարել, տուն վերադարձել, բայց անհանգստացած՝ նորից դպրոց գնացել։
«Դասարանի դուռն այդ ժամանակ փակ էր, բայց ես ձայները լսում էի։ Լսում էի իմ երեխայի լացի ձայնը։ Մազերից բռնած է եղել երեխայիս։ 4-5 հատ բողոք-դիմումներ եմ ներկայացրել 2,5 տարվա մեջ։ Ասել են՝ ամեն ինչ նորմալ է, անցել է 1-1,5 ամիս, էլի երեխան ճնշված, լարված, անընդհատ սրտխառնոցներ էր ունենում, օրերով հաց չէր ուտում»,- նշում է Ներքին Գետաշեն գյուղի Ա.Եղիազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտի ծնող Մերիետտան։
Կնոջ 2-րդ երեխային Անահիտ Մկրտչյանը սկզբում չէր դասավանդում, 1-4 դասարանների դասվար էր։ Սակայն հետո նրան է վստահվում «Տեխնոլոգիա» առարկան։ Ծնողը պնդում է՝ հենց այդ առարկայի դասերի ժամանակ բռնություն է կիրառվել նաև իր կրտսեր երեխայի նկատմամբ։ Ծնողները պնդում են, որ բացի ծեծից՝ ուսուցիչը երեխաներին նաև ասեղներով է ծակել․ «Իմ երեխային ծակել է, ձեռքը բորբոքվել էր, դեղեր եմ քսել ահագին ժամանակ, մինչև անցնի։ Հիմա էլ սպին կա ձեռքի վրա»։
Ծնողներից մեկ ուրիշը նշում է․ «Ասում էր՝ ասեղներով ծակել է ձեռքերս, հարցնում էի՝ բա չէիր լացո՞ւմ, ասում է՝ որ լացեի, ավելի էր ծակելու։ Եղունգների տակն է ծակել ասեղներով»։
Ծնողներն ասում են՝ տարիներ շարունակ երեխաները լռել են այս ամենի մասին, սակայն 5-րդ դասարան տեղափոխվելուց հետո, երբ Անահիտ Մկրտչյանն այլևս նրանց հետ չպետք է առնչություն ունենար, մեկը մյուսի հետևից սկսել են պատմել դպրոցում տեղի ունեցողի մասին։
«Գիտեին, որ իրեն էլ չեն տեսնելու, ամեն ինչ էրեխեքը խոսացել էին, բայց հետո նորից դարձավ նրանց ուսուցչուհի, նույն լարված ու վախեցած վիճակն է։ Հիմա մեծիս չի խփում, բայց բառերով շատ է նեղացնում»,- պատմում է Մարիետտան։
«Կարող է՝ մի երեխա էդ օրը սիրուն չի հագնվել, կարող է կանգնեցնել գրատախտակի մոտ ու ասի՝ ծիծաղեք իր վրա, տեսեք՝ ինչ ա հագել ու էդպես նվաստացնի էրեխեքին»,- ասում է Գոհարը։
Factor TV-ն այցելել է Ներքին Գետաշեն գյուղի թիվ 2 դպրոց՝ հանդիպելու ուսուցչին, որին ուղղված են ծնողների մեղադրանքները։ Անահիտ Մկրտչյանը պնդում է՝ աշակերտների ծնողների պատմածներն իրականության հետ աղերս չունեն։ Ասում է՝ իր դեմ տրամադրվել են, քանի որ երեխաների բացակայության, գնատականների հետ կապված և այլ խնդրանքներով իրեն դիմել են, մերժել է․ «Ես դասղեկ եմ եղել, այդպիսի բա՞ն կանեի, այդ երեխաները իմ երեխաներն են։ Դռնից հենց ներս է մտնում, ուսուցչի երեխան է»։
Անահիտ Մկրտչյանն այս դպրոցում աշխատում է 1994 թվականից։ Պնդում է՝ ոչ թե ինքն է երեխաներին բուլինգի ենթարկում, այլ իրեն են վատ վերաբերվում ինչպես ծնողները, այնպես էլ դպրոցի տնօրինությունը․ «Ծնողը եկել էր բողոքի, ոնց կլինի, տնօրենը նստած, գյուղի ղեկավարը, այդ ծնողն է նստած ու տեսուչը։ Մեկ էլ ծնողն ասում է՝ վայ, զզվում եմ, թքեմ վրան, գնամ ոստիկանություն զանգեմ, մեքենան բերեն, սրան տանեն գժանոց»։
Մեղադրանքներին ի պատասխան՝ ուսուցչուհին պահանջում է տեսախցիկ տեղադրել այն դասարանում, որտեղ իր դասերն են անցկացվում։ Դպրոցի տնօրենը հակադարձում է՝ ոչ բոլոր ծնողներն են համաձայն, որ իրենց երեխաներին դասերի ընթացքում տեսանկարահանեն։ Ծնողների այն պնդումները, թե տնօրենն է պահում ուսուցչին, անձնական կապեր ունի նրա հետ, Արմինե Ղումաշյանը հերքում է․ «Ընդունում եմ իրենց բորբոքված վիճակը, դա հասկանալի և ընդունելի է։ Իրանց էլ ենք հասկանում։ Պահելու ու չպահելու խնդիր չի, եթե երեխային ծեծում են, իրավունք չունի աշխատելու։ Ուղղակի հիմքերի հիման վրա»։
Դպրոցի տնօրենը պնդում է՝ բռնության փաստ հաստատող ապացույցներ չունեն։ Կրթության տեսչական մարմնի կարգադրագրի հիման վրա նաև ինքն է նկատողություն ստացել՝ դպրոցում բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտի համար։
Այս մեղադրանքներից հետո Անահիտ Մկրտչյանի դասերին մեկ այլ ուսուցիչ է հետևում։ Սակայն նույնիսկ այս դեպքում, երբ հսկող ուսուցիչը դասի ընթացքում մի քանի րոպեով բացակայել է, ծնողի պնդմամբ, Անահիտ Մկրտչյանը բռնություն է գործադրել աշակերտներից մեկի նկատմամբ․ «Ինքն ասում է՝ ես չեմ խփել։ Ուսուցչուհին ասում է՝ ես նման բան չեմ արել։ Ծնողն ասում է՝ արել ես»։
Այս դեպքի հետ կապված տնօրենն Անահիտ Մկրտչյանին խիստ նկատողություն է հայտարարել։ Արմինե Ղումաշյանը նշում է նաև, որ դպրոցում ծնողներին անանուն թերթիկներ են բաժանվել, որտեղ նրանք պետք է նշեին՝ ցանկանո՞ւմ են, որ Անահիտ Մկրտչյանը դասավանդի իրենց երեխաներին։ Մեծամասնությունը նշել է, որ չի ցանկանում։
Կրթության տեսչական մարմինն ուսումնասիրել է և արձանագրել, որ այս դպրոցում բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ է տիրում։ Տնօրենը վստահեցնում է՝ խիստ հետևում են տեսչական մարմնի տված կարգադրագրին։
«Ահազանգի մասով կարող եմ ասել, որ որոշակի դրույթներ համապատասխանում են իրականությանը։ Տեսչական մարմնի ծառայողը իհարկե զրուցել է նաև մանկավարժի հետ։ Նա որոշ բաների համար զղջացել է, որոշ բաներ էլ հերքել է այդ դեպքի հետ կապված, որոշ դետալներ»,- նշում է Կրթության տեսչական մարմնի հանրակրթության վարչության պետ Սուրեն Ավետիսյանը։
Տեսչական մարմինն արձանագրել է, որ 5-րդ դասարաններում, որտեղ դասավանդում է Անահիտ Մկրտչյանը, ուսուցիչ-աշակերտ կապը խաթարված է։ Լարվածություն ու տագնապայնություն է նկատվում այն երեխաների մոտ, որոնց դասվարն է եղել 1-4-րդ դասարաններում։ Երեխաները նշել են, որ չեն սիրում, վախենում են Անահիտ Մկրտչյանից, նաև ուսուցիչն իրենց չի սիրում։
Դեպքի մասին Facebook սոցիալական ցանում ահազանգել էր նաև հանրային գործիչ Կարինե Թորոսյանը․ «Հնարավոր է, որ Անահիտ Մկրտչյանը լավ մանկավարժ է, սակայն այն գործիքակազմը, որը նա օգտագործում է, մանկավարժական չեն, կարող են երեխաների մոտ հոգեբանական խնդիրներ առաջացնել»։
Բռնության ենթադրյալ դեպքերից մեկով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ անչափահասի նկատմամբ հոգեկան և ֆիզիկական ներգործության հոդվածներով։ Ապրիլի 10-ին դատահոգեբանական փորձաքննություն է նշանակվել, պատասխանը դեռևս հայտնի չէ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան