Ամենայն Հայոց կաթողիկոսի ու եպիսկոպոսների քրեական հետապնդման ժամկետները կասեցվել են
Հասարակություն
13.04.2026 | 14:50
Ամենայն Հայոց Գարեգին 2-րդ կաթողիկոսի և նրա հետ մեղադրյալի կարգավիճակ ունեցող եպիսկոպոսների քրեական հետապնդման ժամկետները կասեցվել են։ Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները։
Ամենայն Հայոց կաթողիկոսին և մյուս մեղադրյալներին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով, որի համար առավելագույն պատիժը 2 տարի ժամկետով ազատազրկումն է։ Նրանց վերագրվող արարքը համարվում է ոչ մեծ ծանրության, քանի որ Քրեական օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ ոչ մեծ ծանրության հանցանքներ են համարվում օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 2 տարի ժամկետով ազատազրկումը։
Քրեական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի համաձայն՝ մինչդատական վարույթում հանրային քրեական հետապնդումն այն հարուցելու պահից չի կարող տևել ավելի, քան երեք ամիս՝ ոչ մեծ ծանրության հանցանքի վերաբերյալ մեղադրանքով։
Սա նշանակում է, որ Ամեայն Հայոց կաթողիկոսի և եպիսկոպոսների նկատմամբ հանրային քրեական հետապնդումը, որը սկսվել է 2026-ի փետրվարի 14-ին, առավելագույնը կարող է շարունակվել մինչև մայիսի 14-ը։
Քրեական դատավարության օրենսգրքով, սակայն, նախատեսվում է, որ բացառիկ դեպքերում, երբ դա է պահանջում արդարադատության շահը, վերադաս դատախազը, հսկող դատախազի միջնորդությամբ, իրավասու է երկարաձգել ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքի վերաբերյալ մեղադրանքով հանրային քրեական հետապնդման ժամկետները՝ առավելագույնը մեկ ամսով, ինչն էլ, փաստորեն, արվել է։
Factor TV-ի տեղեկություններով՝ քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու հիմքում դրվել է այն հանգամանքը, որ գործի շրջանակում իրականացվել է միջազգային հարցում, և առանց դրա պատասխանը ստանալու՝ հնարավոր չէ լուծել մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը շարունակելու կամ այն դադարեցնելու հարցը։
Հետաքրքիր է այն, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն ու եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ Գարեգին 2-րդն ու 6 եպիսկոպոսները խոչընդոտել են Հայ առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի վերաբերյալ դատական ակտի կատարմանը։
Սարոյանն իրեն թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու որոշումը վիճարկել է դատարանում՝ միաժամանակ ներկայացնելով նաև հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն, որով խնդրել է, մինչև վերջնական դատական ակտ կայացնելը, իրեն վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնում։ Արմավիրի մարզի դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Էդգար Հովհաննիսյանը, գործը վարույթ ընդունելով, նաև հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել՝ Հայ Առաքելական եկեղեցուն պարտավորեցնելով անարգել ապահովել Սարոյանի պաշտոնավարումը թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտի կայացումը։
Դատարանի այս որոշումից հետո, սակայն, հունվարի 27-ին Ամենայն Հայոց հաթողիկոսը, ընդառաջ Գերագույն Հոգևոր Խորհրդի 27․01․2026թ․ որոշման, հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակել Գևորգ եպիսկոպոս Սարոյանին: Այս հանգամանքը դիտարկվել է որպես դատական ակտը կատարելուն խոչընդոտել։
Թե այս մեղադրանքի շրջանակում ինչ միջազգային հարցման մասին կարող է խոսք լինել, որի հիմքով կասեցվել է մեղադրյալների քրեական հետապնդման ժամկետը, հայտնի չէ, սակայն այսպիսով իրավապահները հնարավորություն են ստանում երկարաձգելու մինչդատական վարույթը։
Քննչական կոմիտեից փորձեցինք պարզել միջազգային հարցման բովանդակությունը, սակայն մեզ հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։
Արաքս Մամուլյան