Հայաստանի հավաքականը Երևանում պարտվեց Բելառուսին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընկերական հանդիպում անցկացրեց Բելառուսի հավաքականի հետ ու պարտվեց 1:2 հաշվով։
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղից առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին հանձնեց «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակը։ Հայաստանի հավաքականի ավագը վնասվածքի պատճառով չէր ընդգրկվել հայտացուցակում։
Հանդիպման սկզբնամասում հյուրերը բացեցին հաշիվը: 8-րդ րոպեին անկյունայինի խաղարկման արդյունքում աչքի ընկավ հունական «Աստերասի» կիսապաշտպան Եվգենի Յաբլոնսկին։
Առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականը մի քանի անգամ սպառնաց մրցակցի դարպասին, սակայն Վահան Բիչախչյանի հարվածները նպատակին չհասան։
Երկրորդ խաղակեսի միջնամասում դաշտի տերերն ունեցան հաշիվը հավասարեցնելու իրական հնարավորություն, բայց փոխարինման մտած Ֆինն Գերագուսյանի հարվածը բարձր ստացվեց։
72-րդ րոպեին գնդակը երկրորդ անգամ հայտնվեց Հայաստանի հավաքականի դարպասում։ Հյուրերի առավելությունը կրկնապատկեց լեհական «Պյաստի» հարձակվող Գերման Բարկովսկին։
Վերջնամասում դաշտի տերերը մեծացրել էին ճնշումը և ստացան 11-մետրանոց հարվածի հնարավորություն։ 88-րդ րոպեին նշակետից դարպասը գրավեց լեհական «Լեգիայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը` ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։
Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշեցին Խուլիո Բուենոն, Նարեկ Հովհաննիսյանը, Ֆինն Գերագուսյանը, Կառլեն Հովհաննիսյանը և Արթուր Ասկարյանը։
Մինսկի «Դինամոյի» 22-ամյա հարձակվող Կարեն Վարդանյանը Բելառուսի հավաքականի կազմում փոխարինամն մտավ 63-րդ րոպեին։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաջորդ ընկերական խաղերը կանցկացնի ամռանը՝ Երևանում մրցելով Ղազախստանի (հունիսի 6) ու Մոլդովայի (հունիսի 9) հավաքականների հետ։
Ընկերական հանդիպում
Հայաստան – Բելառուս՝ 1։2
Վահան Բիչախչյան, 88 (11մ) – Եվգենի Յաբլոնսկի, 8, Գերման Բարկովսկի, 72
Հայաստան․ Հենրի Ավագյան, Կամո Հովհաննիսյան, Խուլիո Բուենո, Սերգեյ Մուրադյան (Ստյոպա Մկրտչյան, 77), Գեորգի Հարությունյան (Արթուր Ասկարյան, 77), Նաիր Թիկնիզյան, Տիգրան Ավանեսյան (Կառլեն Հովհաննիսյան, 64), Կարեն Նալբանդյան (Արթուր Սերոբյան, 46), Նարեկ Հովհաննիսյան (Գոռ Մանվելյան, 64), Վահան Բիչախչյան, Հրանտ-Լեոն Ռանոս (Ֆինն Գերագուսյան, 64)։