Փլուզված սելավատարից արտահոսքի ինտենսիվությունը նվազել է. ՓԾ
Մարտի 27-ի երեկոյան Սյունիքի մարզում հորդառատ անձրևների հետևանքով փլուզված սելավատարից դուրս եկած ջուրը լցվել է փողոց՝ վնասելով ավտոմեքենաներ, ծառեր․ փրկարարներն ու պարեկները տեղում իրականացրել են անհետաձգելի աշխատանքներ, իրավիճակը այս պահին վերահսկվում է։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Մարտի 27-ի՝ ժամը 19-ի դրությամբ, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են Սյունիքի մարզում առատ տեղումների հետևանքների վերաբերյալ ահազանգեր։
«Կապանի Գրիգոր Արզումանյան փողոցում սելավատարից դուրս եկած ջուրը լցվել է փողոց և Ողջի գետ, ինչի հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, տուժել կենդանիներ։
Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացրել ՆԳՆ ՓԾ Կապանի և Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատները, ինչպես նաև համայնքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցներ։ Համատեղ ուժերով արգելափակումից դուրս է բերվել 6 տրանսպորտային միջոց։ Մասնատվել և հեռացվել են վնասված ծառեր, իրականացվել են ճանապարհի մաքրման, վթարավերականգնողական աշխատանքներ։ Անվտանգության նկատառումներից ելնելով նշված փողոցում ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կողմից սահմանափակվել էր երթևեկությունը։
Ժամը 19։00-ի դրությամբ, փլուզված սելավատարից արտահոսքի ինտենսիվությունը նվազել է։ Արզումանյան փողոցի երթևեկությունը վերականգնվել է։ Պարեկների և փրկարարների կողմից տեղում սահմանվել է հերթապահություն։
Գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ մյուս մարզերում ահազանգեր չեն ստացվել։
Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը, խուճապի չմատնվել և անհրաժեշտության դեպքում զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն»,- ասվում է հաղորդագրությունում։