Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ս/թ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում անցկացրել են հսկողական շրջայցեր և պետական վերահսկողական միջոցառումներ Հայաստանի Հանրապետությունում գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝ ուսումնասիրելու նպատակով նախադպրոցական ուսումնական հաստատություններին մատակարարվող և իրացվող սննդամթերքի պիտանիության ժամկետների, պահման պայմանների և հիգիենայի համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանն ու ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

Վերահսկողությունն իրականացվել է հանրապետության 429 նախադպրոցական ուսումնական հաստատություններում, որից 60-ը՝ Արարատի, 30-ը՝ Արագածոտնի, 62-ը՝ Արմավիրի, 35-ը՝ Գեղարքունիքի, 40-ը՝ Լոռու, 45-ը՝ Շիրակի, 16-ը՝ Վայոց Ձորի, 53-ը՝ Սյունիքի, 36-ը՝ Տավուշի, 26-ը՝ Կոտայքի մարզերում  և 26-ը՝ Երևանում։

Պարզվել է, որ որոշ հաստատություններ ունեն վերանորոգման կարիք, խոհանոցներն անբարեկարգ են, գույքը` հնամաշ է։ Մի շարք մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել սահմանված նորմերին, բացակայել է անհրաժեշտ գույքը, չեն իրականացվել պայքարի պատշաճ միջոցառումներ միջատների, ճանճերի, կրծողների, ուտիճների դեմ, իսկ բժշկական զննության գրքույկներում պարբերական բժշկական հետազոտությունների մասին տեղեկատվությունը եղել է թերի։ Մատակարարված սննդամթերքի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են մակնշման անհամապատասխանություններ, հացի համար տեղեկատվական թերթիկի, ԵԱՏՄ համապատասխանության հայտարարագրերի բացակայություն: Հայտնաբերվել է նաև տնային պայմաններում արտադրված սննդամթերք, իսկ որոշ մթերքների լաբորատոր փորձաքննությունների արդյունքերը ցույց են տվել մանրէաբանական ցուցանիշների անհամապատասխանություններ։

Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից տեղում տրամադրվել է անհրաժեշտ իրավական և մասնագիտական խորհրդատվություն, տրվել են նաև համապատասխան հանձնարարականներ։ Թերությունների վերացման ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ, որոշ մանկապարտեզներում մեկնարկել են վերանորոգման աշխատանքներ։

Տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև մատակարարների հետ աշխատանքները շարունակվում են։