Սավանով, պարանից, լռության մեջ․ 24 մահ, 8 ինքնասպանություն բանտերում 2025 թ․

Լուրեր

23.01.2026 | 18:00
Կաթողիկոսի վերաբերյալ քրեական վարույթ չկա // Հայաստանի ամբողջ տարածքում առատ ձյուն է․ ԼՈՒՐԵՐ
23.01.2026 | 17:55
ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները և նշանակել նոր գլխավոր քարտուղար
23.01.2026 | 17:50
Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ․ ԱԺ նախագահը զրուցել է Մատվիենկոյի հետ
23.01.2026 | 17:41
Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Իրանի կայունությանը. Բայրամովն ընդունել է Իրանի ԱԳ փոխնախարար
23.01.2026 | 17:35
«Պիտի ձյունը մի քիչ դնի, նոր դրանք սկսեն աշխատել»․ ինչո՞ւ է մայթ մաքրող տեխնիկան «հանգստանում» Նոր Նորքի թաղապետարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.01.2026 | 17:32
Մինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտով
23.01.2026 | 17:30
Հայաստանի փոխարեն՝ Կիպրոսի քաղաքացի․ Սամվել Կարապետյանի մասին ճշգրտում է արվել պետական ռեգիստրում
23.01.2026 | 17:22
UFC-ի մարտիկ Դասթին Պորյեն պատմել է՝ ինչու է հրաժարվել մեկնել Հայաստան
23.01.2026 | 17:13
Իսպանիան ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված առաջընթացը
23.01.2026 | 17:04
«Պատասխան են տալու»․ Կոնջորյանը՝ ՀԷՑ-ի գործով արբիտրաժային տրիբունալի որոշման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.01.2026 | 17:01
Արտակ Բեգլարյանը՝ Արցախից Հայաստան տեղափոխված վերջին հայերի մասին
23.01.2026 | 16:54
PWL․ Վազգեն Թևանյանի երկրորդ հաղթանակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.01.2026 | 16:53
Նարեկ Կարապետյանը հրաժարվել է բուժզննություն անցնել․ Վահագն Ալեքսանյանը՝ զինծառայության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.01.2026 | 16:45
Ընտրական օրենսգրքի փոփոխությունն ընդունվեց․ ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ քվեարկեց օրինագծի օգտին
23.01.2026 | 16:42
ԱՄՆ-ը քննարկում է Սիրիայից իր զորքերն ամբողջությամբ դուրս բերելու հարցը. WSJ
Բոլորը

2025 թվականին ՀՀ քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է մահվան 24 դեպք, որոնցից 8-ը՝ ինքնասպանություն։ Վերջին տասնամյակում նման բարձր թվով ինքնասպանություններ արձանագրվել են միայն 2016 թվականին, երբ ՀՀ քրեակատարողական համակարգը դեռևս չէր հռչակել պատժողականից դեպի վերականգնողական արդարադատության անցման մասին, անազատության մեջ գտնող անձանց թիվը զգալիորեն մեծ էր՝ 3800  նախորդ տարվա  2836-ի համեմատ, ինչպես նաև այլընտրանքային պատժատեսակների տեսանկյունից օրենսդրությունը դեռևս սուղ հնարավորություններ ուներ, ի տարբերություն այսօրվա օրենսդրության։

2025 թ․ մահվան դեպքերի նման աճը ոչ միայն մտահոգիչ է, այլև ահազանգ՝ համակարգային խնդիրների մասին, որոնց բաղկացուցիչ գործոններ են թե՛ կալանքի մեծ ծավալով կիրառումը Հայաստանում, որի մասին արդեն խոսել ենք «2018 թվականից հետո կալանքի կիրառումը Հայաստանում կրկնապատկվել է» հոդվածում, թե՛ բանտային կառավարման, թե՛ առողջության և հատկապես հոգեկան առողջության և այլ հարցերը։

Քրեական արդարադատության միջազգային փորձագետ Արշակ Գասպարյանն ասում է․«Սա բանտային համակարգի խնդիրն է, պետք է  սարքել մարդակենտրոն քրեակատարողական հիմնարկներ, ոչ թե ուղղակի զնդաններ, որտեղ մարդիկ իրենց օրերն են մաշեցնում»։

Սակայն, մինչ համակարգային խնդիրներին անդրադառնալը, դիտարկենք 2018-2025 թթ․ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում գրանցված մահվան դեպքերի դինամիկան։ 

Մարդու կյանքի իրավունքը պետության կողմից պաշտպանվող ամենաբարձր արժեքներից է։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն՝ պետությունը պարտավոր է ոչ միայն ձեռնպահ մնալ կյանքի ապօրինի զրկումից, այլև ապահովել կյանքի արդյունավետ պաշտպանություն, հատկապես այն անձանց պարագայում, որոնք գտնվում են պետության լիարժեք վերահսկողության ներքո։ Դատապարտյալները և կալանավորված անձինք հենց այդպիսի խոցելի խումբն են, որոնց կյանքի, առողջության և արժանապատվության պահպանման պատասխանատվությունը ամբողջությամբ դրված է պետության վրա։

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամ Շուշան Խնկոյանը նշում է․ «Քրեակատարողական հիմնարկներում պահման պայմանները անմխիթար են, առողջական խնդիրները սրվում են, պատշաճ բուժօգնություն չեն ստանում, ինքնավնասումներ կատարող անձանց հետ ևս պատշաճ աշխատանք չի կատարվում, կարևոր խնդիր է նաև աշխատակիցների կողմից պատշաճ հսկողությունը»։

Հենց այս համատեքստում 2025 թվականը Հայաստանի քրեակատարողական համակարգում խիստ մտահոգիչ և վտանգավոր միտումներ պարունակող տարի էր։

Վերլուծելով 2018-2025թթ․ բանտային մահվան դեպքերը՝ կարելի է տեսնել, որ ամենաքիչ թվով մահեր գրանցվել են 2020 թվականին, որի ընթացքում 5 մահվան դեպքերից 4-ը կենսաբանական են, իսկ 1-ը՝ ինքնասպանություն։ 2021 և 2022 թվականներին բացի կենսաբանական մահերից և ինքնասպանություններից, եղել են նաև մեկական սպանության դեպքեր, ինչը ևս մտահոգիչ է բանտային վերահսկողության տեսանկյունից։

Ինչ վերաբերում է ինքնասպանության դեպքերին, ապա  վերջին յոթ տարիների կտրվածքով ամենաբարձր ցուցանիշը՝ 5 ինքնասպանություն, գրանցվել է  2019 թվականին, իսկ ահա 2025-ին արդեն արձանագրվել է 8 դեպք։ Սա որոշակի ահազանգ է, որը պահանջում է անհապաղ և անկախ ուսումնասիրություն։

2025 թվականի ընթացքում ՀՀ քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է ինքնասպանության 8 դեպք, որոնցից 4-ը՝ դատապարտյալ, 4-ը՝ կալանավորված անձ։ 

Բոլոր ինքնասպանության դեպքերը իրականացվել են կախվելու միջոցով, 1-ը պարանով, 1-ը կոշիկի քուղով, մյուսները՝ սավանի միջոցով։ Դեպքերից 3-ը գրանցվել է «Արմավիր» ՔԿՀ-ում, 2-ական դեպք՝ «Նուբարաշեն» և «Արթիկ» ՔԿՀ-ներում, 1 դեպք՝ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում։ Քրեակատարողական հիմնարկների այս բազմազանությունը վկայում է խնդրի համակարգային բնույթի մասին։

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ինքնասպանությունների զգալի մասը տեղի է ունեցել միայնակ պահման պայմաններում կամ այնպիսի միջավայրում, որտեղ անձը փաստացի դուրս է մնացել կենդանի վերահսկողությունից։ «Արթիկ» ՔԿՀ-ում երկու դեպքում էլ անձինք պահվել են խցերում, լիարժեք մեկուսացման պայմաններում։ «Արմավիր» ՔԿՀ-ում ինքնասպանություն է արձանագրվել պատժախցում, որտեղ մեկուսացումն ու հոգեբանական ճնշումն առավել ինտենսիվ են։

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում  դատապարտյալը ինքնասպանություն է գործել հոգեբուժական բաժանմունքում՝ միայնակ պահվող, ինչն առանձնապես մտահոգիչ է՝ հաշվի առնելով տվյալ անձանց հոգեկան խոցելիության և պատշաճ վերահսկողության պարտադիր բարձր մակարդակը։

Իսկ ամենացնցող ինքնասպանության դեպքը տեղի է ունեցել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ զբոսախցում, որտեղ ապրիլի 20-ին դատապարտյալը կատարել է ինքնասպանություն՝ սավանից պատրաստված ինքնաշեն պարանով։

«Տվյալ պարագայում անձը գտնվել է մենակ զբոսահրապարակում, փաստացի մինչ զբոսանքի դուրս գալը նրա խուզարկությունը թերի է կատարվել, իրենք պատասխանել են, որ անձը զբոսանքի դուրս գալուց առաջ ենթարկվել է մասնակի խուզարկության, սակայն թե ինչպես է, որ սավանը չի հայտնաբերվել նրա մոտ, դժվար է հիմնավորել։ Նաև անձը դուրս է մնացել քրեակատարողական ծառայողների տեսադաշտից, որը ևս լրջագույն խնդիր է»։

Դիտորդների խմբին հասանելի դարձած տեղեկատվության համաձայն՝ դեպքի հանգամանքների պարզաբանման նպատակով նախաձեռնվել է ծառայողական քննություն, որը կասեցվել է և ուղարկվել է Քննչական կոմիտեի համապատասխան քննչական բաժին։

Քրեական արդարադատության միջազգային փորձագետ Արշակ Գասպարյանի կարծիքով ծառայողական քննությունը պետք է շարունակվի՝ անկախ քրեական վարույթից։

«Միջազգային բանտային ստանդարտ կանոններն ասում են, որ անկախ քրեական վարույթից,  ներքին ծառայողական քննությունը պարտադիր պետք է շարունակվի, քանի որ  համակարգը պետք է վերլուծելու և դասեր քաղելու հնրարավորություն ունենա։ Այդ վերլուծությունը պետք է կատարվի ներսում՝ նույն բացթողումները չկրկնելու համար»։

Վերադառնալով դեպքին՝ նշենք, որ զբոսահրապարակը քրեակատարողական հիմնարկում այն եզակի տարածքներից է, որտեղ անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ իրականացվում է ոչ թե փակ խցային, այլ տեսանելի և շարունակական վերահսկողություն։ Հետևաբար, հենց այստեղ տեղի ունեցած ինքնասպանությունը առավել սուր է բացահայտում վերահսկողության համակարգի իրական վիճակը։

ՄԻԵԴ նախադեպային իրավունքի համաձայն՝ պետության դրական պարտավորությունը կյանքի իրավունքի շրջանակում հատկապես խստանում է այն տարածքներում, որտեղ առկա է անմիջական ֆիզիկական վերահսկողության հնարավորություն, վտանգը տեսանելի և կանխատեսելի է, միջամտությունն իրագործելի է առանց անհամաչափ ռեսուրսների։ Այս համատեքստում զբոսահրապարակում ինքնասպանությունը դժվար է մեկնաբանել որպես մեկուսի վայրում կատարվող անսպասելի իրադարձություն։ Հակառակը, այն վկայում է պատշաճ հսկողության բացակայության, վտանգի նկատմամբ անտարբերության կամ ծառայողների կողմից ոչ պատշաճ արձագանքի մասին։ Եվ, եթե նույնիսկ զբոսանքի վայրում է հնարավոր ինքնասպանություն կատարել, ապա դա համակարգի ակնհայտ ձախողումն է։

Ինքնասպանության դեպքերի պարագայում իր ազդեցությունն ունի նաև քրեական ենթամշակույթը։ Այդ ենթամշակույթում խտրականացված անձինք հաճախ մեկուսացվում են, ճնշումների են արժանանում, ինչը ևս կարող է ազդեցություն ունենալ ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճի վրա։

Այնուամենայնիվ, մահվան դեպքերի մեծ մասը կենսաբանական մահերն են, ինչպես նշում է Դիտորդների խմբի անդամ Շուշան Խնկոյանը․

«Մահվան յուրաքանչյուր դեպքով խումբն ուղարկում է գրություն, հայցելով տեղեկատվություն մահվան պատճառների վերաբերյալ, սակայն քրեակատարողական բժշկության կենտրոնից հիմնականում պատասխանում են, որ դա բժշկական գաղտնիք է և անհրաժեշտ է անձի համաձայնությունը, կամ էլ  նշում են, որ փաստաթղթերն արդեն իսկ փոխանցվել են վարույթն իրականացնող մարմնին»։

Իհարկե, կենսաբանական մահ որակելով խնդիրը չի մեղմվում, այս դեպքում առաջնային է դառնում մարդու առողջության իրավունքի իրացումն ու պատշաճ առողջապահական ծառայությունների հարցը, ինչպես նաև՝ առողջական վիճակի անհամատեղելիությունը պատժի կրման հետ։ Տարեվերջին «Արմավիր» ՔԿՀ-ում արձանագրված մահվան դեպքն ուղղակի փաստաթղթավորման գործընթացի ձգձգման հետևանք էր։ Ինչպես նշում է Դիտորդների խմբի անդամ Շուշան Խնկոյանը, դատապարտյալի առողջական վիճակը անհամատեղելի է եղել պատժի կրման հետ, հանձնաժողովի կողմից բավարարված է եղել անձի դիմումը, սակայն փաստաթղթավորման գործընթացը երկար է տևել, և անձը մահացել է։

Այս խնդրին անդրադարձել է նաև ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը«Անհրաժեշտ է ավելի արագացնել կառավարության 825-Ն որոշման փոփոխությունների կատարումը, որը սահմանում է պատժի և կալանքի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկը, ինչպես նաև իրականացնել գնահատումն այնպես, որ հնարավոր լինի գնահատել նաև հիվանդությունների համակցությունը»,- նշել է նա։

Մահվան բոլոր դեպքերով նախաձեռնվում են քրեական վարույթներ, սակայն ամիսներ, նույնիսկ տարիներ ձգվող քննության արդյունքները տեսանելի չեն։ Ավելին, նույնիսկ գործով ներգրավված փաստաբաններին անձի մահվան վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն չի փոխանցվում։

2025 թվականի օգոստոսի 28-ին «Արմավիր» ՔԿՀ-ում մահացած Արցախից բռնի տեղահանված Ա․Վ-ի փաստաբան Էրիկ Բեգլարյանն ահազանգել էր, որ իր պաշտպանյալն ուներ առողջական խնդիրներ, սակայն պատշաճ ուշադրության չի արժանացել, ինչի հետևանքով մահացել է։ Գրեթե կես տարի անց, մեզ հետ զրույցում փաստաբանը վերահաստատեց, որ իր պաշտպանյալն ունեցել է գանգատներ, բազմիցս բարձրաձայնել է, սակայն լիարժեք չեն հետազոտել։

«Մինչև հիմա ինձ որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել, թե ինչ հետազոտություններ են կատարել, ասել են, որ դեռ քննություն է գնում, այլ որևէ տեղեկատվություն ինձ և ընտանիքին չեն փոխանցել»։

Բանտերում մահվան դեպքերին Factor TV-ի եթերում անդրադարձել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան   Անահիտ Մանասյանը, ընդգծելով, որ քրեակատարողական առողջապահության համակարգում խնդիրները բազմաթիվ են։

«Մեզ դիմող ազատությունից զրկված անձանց մեծամասնությունը առողջության պահպանման իրավունքի հարցերով է դիմում՝ բժշկական օգնության և սպասարկման խնդիրներով, և ես կարծում եմ այս համակարգն այն ոլորտն է, որը Հայաստանում պետք է ամբողջությամբ վերափոխվի»։

2025 թվականի բանտային մահերը վիճակագրություն չեն։ Դրանք պետական վերահսկողության ներքո տեղի ունեցած մարդկային կորուստներ են, որոնց համար պատասխանատվությունը չի կարող լուծվել ձևական քրեական վարույթներով կամ «կենսաբանական մահ» ձևակերպմամբ։ Երբ մարդը մահանում է խցում, պատժախցում, հոգեբուժական բաժանմունքում կամ նույնիսկ զբոսահրապարակում, այդ մահը այլևս մասնավոր ողբերգություն չէ, այլ համակարգային ձախողում է։

Զարուհի Հովհաննիսյան