2026-ին կակտիվանան «TRIPP» նախագծի վրա ազդեցություն ունենալու հիբրիդային գործողությունները․ Արտաքին հետախուզության ծառայության զեկույցը

Լուրեր

20.01.2026 | 17:52
Զելենսկիի Դավոս այցը հարցականի տակ է Ռուսաստանի գիշերային հարձակումից հետո․ Axios
20.01.2026 | 17:43
«Երեխաներից գոնե ամաչեք․ բա չհետաքրքրացնե՞մ մեր նիստը»․ Ռուբինյանը՝ Կյուրեղյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.01.2026 | 17:36
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ
20.01.2026 | 17:27
Դուք, ձեր խմբակցությունը, ձեր բռնապետիկը․ Վահագն Ալեքսանյանը՝ Արմենուհի Կյուրեղյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.01.2026 | 17:22
Արման Ծառուկյան․ Ես մեկ բան կփոխեի UFC-ում
20.01.2026 | 17:18
Բռնապետիկի կապրիզով ընտրությունների արդյունքները խմբագրվում են․ Կյուրեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.01.2026 | 17:13
Չի լինելու արտատարածքային միջանցք, լինելու է ճանապարհ․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.01.2026 | 17:05
Մխիթար Հայրապետյանը՝ պետական կառավարման ոլորտում արհեստական բանականության 100 առաջնորդների համաշխարհային ցանկում
20.01.2026 | 17:00
Պատրա՞ստ եք՝ Փաշինյանը որոշի, թե ինչ ուտեք․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.01.2026 | 16:53
Մեկ օրում արգելափակումից դուրս է բերվել 126 տրանսպորտային միջոց․ ՓԾ
20.01.2026 | 16:44
Խաչանովը պատմել է՝ ինչու է Australian Open-ն իր ամենասիրելի վայրերից մեկը
20.01.2026 | 16:36
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ
20.01.2026 | 16:29
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
20.01.2026 | 16:22
Ամենամեծ խնդիրը ջրահեռացման համակարգում է, որոշ համայնքներում գրեթե բացակայում է․ Հովհաննես Մարտիրոսյան
20.01.2026 | 16:07
Դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը հրաժարական է տվել
Բոլորը

Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026 թվականի տարեկան զեկույցը։

Ստորև զեկույցից մի հատված․

Հիբրիդային սպառնալիքներ

Մեր երկրի այս տարվա արտաքին վտանգների պատկերում օբյեկտիվորեն մեծ բաժին են կազմում կանխատեսվող արտաքին միջամտության և հիբրիդային վտանգների մասին գնահատականները՝ պայմանավորված 2026 թվականը Հայաստանում համապետական ընտրությունների տարի լինելու հանգամանքով։ Սակայն մինչև Հայաստանի դեմ ուղղված հիբրիդային սպառնալիքների մասին խոսելը,
օգտակար ենք համարում ներկայացնել, թե Ծառայությունն ինչպես է ձևակերպում հիբրիդային սպառնալիքների նյութականացման, այն է՝ հիբրիդային պատերազմի (hybrid warfare) հասկացությունը։

Պետք է նաև նկատի ունենալ, որ այս հասկացության համընդունելի կամ միջազգային կոդիֆիկացված սահմանում առայժմ չկա, ինչը նաև պարարտ հնարավորություն է ստեղծում հիբրիդային պատերազմի գործիքակազմ կիրառող դերակատարների համար՝ թիրախավորելու ինքնին այս երևույթը բնորոշող հասկացությունների ճշմարտացիությունը և կոնկրետությունը

Ի՞նչ է հիբրիդային պատերազմը

Հիբրիդային պատերազմը մեկ ընդհանուր մտահաղացմամբ տարբեր բնույթի միջոցների (ռազմական, տնտեսական, տեղեկատվական) համադրության՝ բացահայտ ու ծածուկ եղանակով կիրառումն է՝ նպատակ ունենալով վնասել թիրախին՝ ստեղծելով անորոշություններ, տագնապ, պետական ինստիտուտների բնականոն գործունեության պարալիզացում, հանրային կարծիքի ցանկալի ուղղությամբ ուղղորդում,
միաժամանակ բարդացնելով պատասխանատվության վերագրման ու պատասխան քայլերի հնարավորությունները, ինչպես նաև հիբրիդային պատերազմի հեղինակի բացահայտումը։ Այդ
մեթոդները կարող են ընդգրկել օրինակ՝ ոչ ֆորմալ զինված խմբերի կիրառում, կիբեռհարձակումներ, տեղեկատվական վնասարար գործողություններ, տնտեսական ճնշումներ, չհայտարարված տնտեսական պատժամիջոցներ արտաքին ազդեցության ենթարկվող ներքաղաքական սուբյեկտների քաղաքական ակտիվացում ու հստակ գործողություններում նրանց ներգրավում և այլն։ Պետք է նաև նկատի
ունենալ, որ կախված կոնկրետ դեպքից և նպատակից՝ հիբրիդային գործիքակազմ կիրառողը կարող է օգտվել նշված միջոցների տարբեր համադրություններից։

Հայաստանի հիբրիդային սպառնալիքները 2026 թվականին

2025 թվականին Հայաստանն առնչվել է հիբրիդային սպառնալիքների նյութականացման տարբեր դրսևորումների, որոնք 2026 թվականի ընտրություններով պայմանավորված, մեծ հավանականությամբ, կդառնան ավելի ընդգրկուն, ավելի բարդ, ավելի մասշտաբային։

Հայաստանի դեմ հիբրիդային գործողությունները հետապնդում են մի շարք նպատակներ, այդ թվում՝ արժեզրկել ու իմաստազրկել խաղաղության հաստատման հնարավորությունը, դրա փաստը, խաղաղության հասնելու ճանապարհի ձեռքբերումները և դրա հետ կապված դրական մթնոլորտը, սերմանել դավադրապաշտական մտքեր, որ իբրև թե առկա են գաղտնի համաձայնություններ՝
ուղղված Հայաստանի շահերի դեմ, շահագործել Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների զգայնությունները՝ մեր հասարակությանը մատուցելով կեղծ աշխարհաքաղաքական և
իրականությանը չհամապատասխանող երկընտրանքներ։

2026 թվականի ընթացքում, մեծ հավանականությամբ, զգալիորեն կակտիվանան մասնավորապես «TRIPP ուղի» նախագծի վրա ազդեցություն ունենալու հիբրիդային գործողությունները։

Ընդ որում, 2025 թվականի երկրորդ կեսին արդեն իսկ ուրվագծվել է, որ ծրագիրը թիրախավորող տարածաշրջանային և արտատարածաշրջանային դերակատարները, մեծ հավանականությամբ, տարբեր նպատակներ հետապնդելով, այդուհանդերձ իրականացնում են որոշակիորեն հատվող գործողություններ։

Հայաստանի դեմ հիբրիդային գործողություններում ներգրավված պետական և ոչ պետական դերակատարների կողմից, մեծ հավանականությամբ, կիրառվելիք գործիքակազմը կներառի՝

Վնասակար կիբեռ-գործողություններ

Դրանք միտված են Հայաստանի կրիտիկական ենթակառուցվածքները կաթվածահար անելուն,
դրանց կառավարման կորստին, կենսական ծառայությունների մատուցման չեղարկմանը և այլն։ Այս առումով հավանականությունը բարձր է, որ թիրախում կհայտնվեն՝

– ֆինանսաբանկային կազմակերպությունները,

– կապի և հաղորդակցության ենթակառուցվածքները,

– կառավարության (այդ թվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, տարածքային ու տեղամասային ընտրական հանձնաժողովների) թվային հարթակները, այդ թվում՝ հանրային ծառայությունների մատուցման թվային ենթակառուցվածքները,

– էլեկտրականության բաշխման թվային ենթակառուցվածքը և այլն։

Տեղեկատվական վնասարար գործողություններ

Նախընտրական շրջանում արտաքին դերակատարների կողմից տեղեկատվական վնասարար գործողությունները (կեղծ, խեղաթյուրված, համատեքստից կտրված տեղեկատվություն, վնասարար տեղեկատվական օպերացիաներ) դրսևորվում են մեր հանրությանը կեղծ ու խեղաթյուրված տեղեկություններով թիրախավորելու, մեր տեղեկատվական տիրույթում Հայաստանի շահերին հակասող խոսույթներ ներմուծելու ձևով՝ նպատակ ունենալով ուղղորդել առաջիկա ընտրություններում ընտրողների կամաարտահայտումը։ Գործի է դրվում ինչպես տեսանելի քարոզչության, այնպես էլ քողարկված տեղեկատվական գործողությունների համադրություն։

Հայաստանի դեմ տեսանելի քարոզչությունը հիմնականում իրականացվում է օտարերկրյա պետական/իշխանական մարմինների, այդ թվում՝ հատուկ ծառայությունների կամ նրանց հետ կապված ռեսուրսների միջոցով։ Քողարկված գործողությունները, որոնք հաճախ սնուցում և բազմապատկում են տեսանելի
քարոզչությունը, օգտագործում են որևէ օտարերկրյա պետական դերակատարի ակնհայտ հետք չպարունակող կայքէջեր և օգտահաշիվներ՝ առավել կտրուկ, շոկային էֆեկտ առաջացնող թեզեր շրջանառելու նպատակով։

2025 թվականին արձանագրել ենք տարբեր դերակատարների կողմից կեղծ հաշիվների և գովազդների, բոտային ցանցերի միջոցով կեղծ տեղեկատվության, ապատեղեկատվության կամ խեղաթյուրված տեղեկատվության տարածման մարտավարություն։ Շարունակել են աճել արհեստական բանականությամբ կեղծ տեքստային և տեսաձայնային նյութերի գեներացման հնարավորությունները՝ ձևավորելով ճկուն և
արագ զարգացող գործիքների օգտագործմամբ մեծ ծավալով ապատեղեկատվության տարածման կայուն միտում, որը մեծ հավանականությամբ ավելի մասսայական կդառնա 2026 թվականին։

Մեր գնահատմամբ՝ 2026 թվականին կպահպանվի օտարերկրյա տեղեկատվական հարթակներում կեղծ տեղեկություններ տեղադրելու, ապա դրանք տարածաշրջանային դերակատարների պաշտոնական և ոչ պաշտոնական ռեսուրսներով «լեգիտիմացնելու» և տարածելու միտումը, որի դրսևորումն արձանագրել ենք
2025 թվականին։

Մեկ այլ կրկնվող մեթոդ, հավանաբար, կմնա նոր հարթակների ստեղծումը ապատեղեկատվության հրապարակման և հետագա տարածման համար։

2025 թվականին արձանագրել ենք այդ թվում իրական հեղինակների և կայքէջերի նմանակող նոր ռեսուրսների օգտագործման դեպքեր, որոնք մեծ հավանականությամբ ստեղծվել են բացառապես կեղծ տեղեկություններ տարածելու նպատակով։

Տեղեկատվական վնասարար գործողությունների ամենավտանգավոր միտումը կշարունակի մնալ
կեղծ տեղեկությունների առերևույթ աննկատ համադրումն իրական տեղեկությունների հետ,
ինչպես նաև դրանց տարածումն ու ամրապնդումը իրական և մեծ լսարան ունեցող առցանց հարթակների և անձանց միջոցով։

Գործակալական ցանցի, ազդեցության գործակալների, գործարարության քողարկմամբ քաղաքականությամբ զբաղվող այլ դերակատարների, հոգևոր-մշակութային կառույցների ու դրանց՝ հանրային ճանաչում ունեցող ներկայացուցիչների ակտիվացում

 

2025 թվականի ընթացքում արդեն իսկ արձանագրվել է Հայաստանի ներքաղաքական
գործընթացներին արտաքին միջամտությունների աճ։ Նշված գործիքակազմը ներառում է ինչպես Հայաստանում գործող գործակալական ցանցի ու սատարվող ուժերի ակտիվացում, այնպես էլ՝ Հայաստանի ներքաղաքական կյանքում արտաքին ուժերի հետ կապված նոր քաղաքական ուժերի կուլտիվացման գործողություններ (քաղաքական ինժեներիա)։

Ներքին անկայունացման հիբրիդային գործողություններից են իբրև թե «տեղական» քաղաքական ակտիվության կուլտիվացիան, տարբեր եղանակներով դրա ֆինանսավորումը, ինչպես նաև տեղեկատվական աջակցությունն ու կազմակերպումը։

Իրականացվում են երիտասարդության և ակտիվիստական խմբերին թիրախավորող, վերջիններիս քաղաքական հայացքները, հայրենասիրական զգացմունքները շահագործող և մանիպուլացնող գործողություններ՝ հաջորդիվ նրանց արտաքին դերակատարների նպատակներին ծառայեցնելու նպատակով։

Հանրային դիվանագիտության, կրթական, սպորտային ու ճանաչողական միջոցառումների քողի տակ կազմակերպվում են գաղափարական պատրաստման և հավաքագրման գործողություններ, որոնց հետևանքով թիրախավորված խմբերը, հաճախ անգիտակցաբար, մաս են դառնում արտաքին միջամտության առավել լայն սխեմայի։

Արտաքին ուժերի կողմից նախընտրական շրջանում կուլտիվացվող ու օգտագործվող դերակատարների մասով առանձնահատուկ տեղ ունեն այլ պետության կառավարող շրջանակների հետ ուղղակի կամ անուղղակի կապված գործարարները, հոգևոր-մշակութային գործիչներն ու կազմակերպված հանցավոր տարրերը։ Այս դերակատարները կարող են ներգրավվել նախընտրական ու հետընտրական շրջաններում,
ինչպես նաև բուն քվեարկության օրը հանրային անհնազանդության ակցիաների քողի ներքո
սաբոտաժի գործողություններ կազմակերպելու համար։

Նման գործողությունների նպատակը Հայաստանի դիմադրողականության խարխլումն է, ժողովրդավարական կարգի ջլատումը՝ ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների ապալեգիտիմացումը կամ լեգիտիմության էական ստվերումը, հաջողվելու դեպքում նաև՝ արտաքին
դերակատարների կողմից Հայաստանի շահերին դեմ գնացող ազդեցության համար ընկալունակ և
«հարմար» իշխանության ձևավորումը։

Տնտեսական, էներգետիկ ճնշումներ

Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման ու արտահանման կառուցվածքն ու հիմնական ուղղությունները, 2025 թվականին նկատելի են եղել տարբեր դերակատարների կողմից հիմնական արտահանման ապրանքների մասով առերևույթ
օբյեկտիվ, սակայն իրականում հատուկ հրահրվող ու կազմակերպվող խոչընդոտները (ներառյալ ոչ պետական դերակատարների ներգրավմամբ), որոնք դրսևորվել են ապրանքների խմբաքանակների առգրավումներից մինչև դրանք արտահանող ֆիզիկական անձանց դեմ քրեական գործերի հարուցումներով, արտահանմանը ներգրավված տեխնիկական անձնակազմի զանգվածային ձերբակալություններով, արտաքսումներով, ինչպես նաև այլ խոչընդոտներով։

Այս գործողությունների նպատակը գործարարությամբ զբաղվող ընտրողների շրջանում կառավարության քաղաքականությունից դժգոհություն գեներացնելը և հետևաբար նրանց ընտրությունն ուղղորդելն է։ 2025 թվականին արձանագրված այս միտումը, մեծ հավանականությամբ, կպահպանվի 2026 թվականին։

Էներգետիկ ճնշումները թեև քիչ հավանական, սակայն հիբրիդային գործողությունների արդյունավետ միջոց կարող են լինել, եթե Հայաստանի դեմ ճնշումը բարձրացնելու որոշում կայացվի։

Միգրացիոն կանոնների փոփոխությունները, դրանց ընտրողաբար կիրառումը հավանական է,
որ Հայաստանի քաղաքացի միգրանտների նկատմամբ հիբրիդային գործիքակազմի մաս
կկազմի։ Սա նույնպես կառավարությունից դժգոհության գեներացման ու ընտրողների քվեարկության վրա ազդելու նպատակ է հետապնդում։

Այլ ճնշումներ

Որպես ազդեցության գործողությունների մեկ այլ դրսևորում՝ 2026 թվականին կարող են շարունակվել Հայաստանի Հանրապետության կառավարության ու օրենսդիր մարմնի բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց ընտանիքի անդամների թիրախավորումը, նրանց դեմ զրպարտչական նոր արշավների ձեռնարկումը։

Միաժամանակ կարող է իրականացվել թիրախավորող կողմի համար ցանկալի քաղաքական և այլ գործիչների կերպարի խթանում, առաջմղում։

Այն փաստը, որ 2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է հեղինակավոր ու մեծամասշտաբ մի շարք միջոցառումներ, հավանական է դարձնում, որ հիբրիդային գործիքակազմ կիրառող դերակատարները կփորձեն օգտագործելնշված միջոցառումները՝ տարբեր վնասակար գործողություններով Հայաստանի՝ որպես մասշտաբային միջոցառումների կազմակերպչի միջազգային հեղինակությանը վնասելու համար։