Խորհրդարանում տեղի ունեցող այս գործընթացները հակասում են խոսքի ազատության և ԶԼՄ-ների գործունեության երաշխիքներին. Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

Լուրեր

01.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
01.10.2026 | 09:30
Ռոնալդուն լքել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարը և հանդես է եկել հայտարարությամբ
30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարություն են տարածել լրագրողներ Քնար Մանուկյանի և Սոնա Գրիգորյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու առնչությամբ։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր՝ հունվարի 16-ին, «Ժողովուրդ» օրաթերթի և Armlur.am լրատվական կայքի խմբագիրներ Քնար Մանուկյանը և Սոնա Գրիգորյանը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի հրահանգով և անվտանգության ծառայության աշխատակիցների ներգրավմամբ դուրս են բերվել ԱԺ շենքից։ Լրագրողներն այնտեղ էին ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանից ստացված անցագրով ՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը լուսաբանելու համար, ինչի իրավունքը, ըստ պաշտոնական հիմնավորման, նրանք չունեին։

Հիշեցնենք, որ 2025թ․ դեկտեմբերի 25-ին Քնար Մանուկյանը և Սոնա Գրիգորյանը զրկվել էին ԱԺ հավատարմագրումից, ինչի պատճառներն առնվազն վիճահարույց էին, իսկ դրա համար հապճեպ ու ձևական հիմքեր ստեղծելը՝ անընդունելի, այդ թվում նաև՝ օրենքի տեսանկյունից։ Ի դեպ, Քնար Մանուկյանն արդեն երկրորդ անգամ է զրկվում ԱԺ հավատարմագրումից․ նույն սցենարը գործել է 2023թ․ դեկտեմբերի 15-ին, ինչի առիթով լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ, իսկ ավելի ուշ առաջին ատյանի դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ԱԺ աշխատակազմի այդ որոշումը։

Մենք՝  ներքոստորագրյալներս, հայտարարում ենք, որ խորհրդարանում տեղի ունեցող այս գործընթացները հակասում են ՀՀ սահմանադրությամբ, «Զանգվածային լրատվության մասին» օրենքով, ինչպես նաև  Հայաստանի կողմից ստորագրված մի շարք միջազգային փաստաթղթերով ամրագրված՝ խոսքի ազատության և ԶԼՄ-ների գործունեության երաշխիքներին։

ԱԺ ղեկավարության բոլոր հղումները խորհրդարանում լրագրողների հավատարմագրման կարգին՝ չեն կարող համոզիչ լինել, քանի որ այդ փաստաթուղթը բազմաթիվ խնդիրներ ունի, այդ թվում՝ հակասություններ օրենսդրության հետ։ Մասնավորապես, «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ արգելվում է «որևէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի նկատմամբ»։ Բացի այդ, նույն օրենքը չի արգելում հավատարմագրում չունեցող լրագրողին որևէ պատգամավորից ստանալ անցագիր և լուսաբանել տվյալ պետական մարմնի աշխատանքը։ Մինչդեռ, ԱԺ ղեկավարության գործելաոճը չի համապատասխանում վերոհիշյալ օրենքի ոգուն։

Նախորդ հայտարարություններում մենք բազմիցս նշել ենք և հիմա վերահաստատում ենք, որ Ազգային ժողովում պատգամավորների և լրագրողների միջև ձևավորվել է անառողջ, կոնֆլիկտային մթնոլորտ։ Ինչպես վկայում են փաստերը, լարված հարաբերությունների պատճառով ընդդիմադիր լրատվամիջոցների աշխատակիցները շատ մեծ դժվարությամբ են կարողանում շփվել իշխող ուժի ներկայացուցիչների հետ, իսկ իշխանության հետ ասոցացվող ԶԼՄ-ների լրագրողները՝ ընդդիմադիր գործիչների հետ։ Հասկանալի է, որ սա նաև լրատվական դաշտի խիստ բևեռացման և քաղաքական շահերի սպասարկման հետևանք է։  Սակայն Ազգային ժողովը մինչ օրս որևէ գործնական քայլ չի ձեռնարկել իրավիճակն առողջացնելու համար, թեպետ մենք վաղուց առաջարկել ենք մեր աջակցությունն այդ հարցում։

Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք Ազգային ժողովի ղեկավարությունից․

  • չեղարկել Քնար Մանուկյանին և Սոնա Գրիգորյանին հավատարմագրումից զրկելու վիճահարույց որոշումը և թույլ տալ նրանց շարունակել մասնագիտական գործունեությունը խորհրդարանում,
  • դրսևորել առավել հանդուրժողականություն և քաղաքական շրջահայացություն, վերանայել լրագրողների հետ հարաբերությունները և բարեփոխել խորհրդարանում նրանց հավատարմագրման և գործունեության կարգը՝ այն համապատասխանեցնելով ՀՀ օրենսդրությանը ու միջազգային նորմերին,
  • նախաձեռնել քննարկումներ՝ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների և պատգամավորների փոխհարաբերությունները կարգավորող կանոնագիր ստեղծելու և դրա պահանջների կատարմանը հետևող մարմին ձևավորելու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում։

Հայտարարությանը միացել են՝

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ-ում քաշքշուկ է եղել, ՊՊԾ աշխատակիցները հեռացրել են «Ժողովուրդ»-ի լրագրողներին, որոնք անցագրով էին ներսում։