Եպիսկոպոսները հավատացյալներին կոչ են անում վաղը հավաքվել Մայր Աթոռում և պահանջել Գարեգին Բ-ից հեռանալ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ հանդես են եկել նոր հայտարարությամբ։

Հայտարարությունը՝ ստորև․

«Սիրելի ծառայակից եղբայրներ, հավատարիմ և հավատացյալ ժողովուրդ.

Վերջին ժամանակներում Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու շուրջ տեղի ունեցող վտանգավոր զարգացումները, որոնց վերաբերյալ բազմաթիվ մտահոգություններով հանդես ենք եկել թե՛ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ ունեցած մեր անհատական զրույցների ժամանակ, թե՛ ժողովական մակարդակով և թե՛ հանրային տիրույթում, այլևս հատել են այն սահմանագիծը, որով կարող են անդառնալի վնաս հասցնել թե՛ մեր Եկեղեցուն, թե՛ Պետությանը և թե՛ հավատավոր ժողովրդին։

Այս մտահոգություններին վերաբերող ժողովները՝ ըստ էության, Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից եղել են ուղղորդված և չեն ծառայել խնդիրների լուծմանը, որը կրկին ապացուցում է այս տարիների ընթացքում Գարեգին Բ Կաթողիկոսի միանձնյա, կամայական և թերի կառավարման ընթացքը:

Եկել է ժամանակը, որպեսզի մենք՝ հոգևոր դասը, և հավատացյալները կարողանանք անկեղծ լինել միմյանց հետ և խոստովանել, որ անցնող տարիների ընթացքում մեր ձայնը ոչ միայն լսելի չի եղել Եկեղեցում, այլև որևէ էական, որոշիչ ազդեցութուն չենք ունեցել Եկեղեցու առաքելության իրականացման մեջ:

Արդ, հասել է ժամանակը, որ հանուն բոլորիս պաշտելի Սուրբ Էջմիածնի, այլև Ամենայն Հայոց Կաթողիկոսության և հավատավոր աշխարհասփյուռ մեր ժողովրդի, արտահայտենք հստակ և վճռական դիրքորոշում մեր Եկեղեցու առջև ծառացած խնդիրների վերաբերյալ, չկաշկանդվենք տարատեսակ դժվարությունների և ճնշումների առջև, և ի սեր Աստծու կանգնեցնենք Մայ Աթոռի օր ավուր ահագնացող գահավիժումը։

Մայր Եկեղեցու այսօրվա անմխիթար վիճակը սպառնալիք է ստեղծում նաև մեր ազգային և պետական անվտանգային շահերին:

Պատմության առջև յուրաքանչյուրս պատասխանատու ենք մեր կայացրած որոշումներով և գործերով:

Կոչ ենք անում հոգևոր մեր եղբայրներին և հավատավոր մեր ժողովրդին՝ ի Հայաստան և ի Սփյուռս.

Միասնական կամք դրսևորել, միանալ մեզ և ձեր արդար բողոքի ձայնը բարձրացնել Եկեղեցու վարկն ու հեղինակությունը միտումնավոր ոչնչացման տանող այս կործանարար, հակականոնական ընթացքի դեմ՝ իսպառ մերժելով Հայ Եկեղեցին օտարի շահերին ծառայեցնելու բոլոր տեսակի ճիգերն ու ջանքերը։

Սիրելի հոգևոր եղբայրներ, հավատավոր ժողովուրդ հայոց՝ սույն թվականի դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, եկեք և միացեք մեզ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին ՀԱՆԳՍՏԻ ԿՈՉԵԼՈՒ ԱՐԴԱՐ ՊԱՀԱՆՋՈՎ, որն այլևս դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն։ Թող Ամենակարող Աստված օրհնի մեր համազգային առաքելությունը և իրականություն դարձնի հոգևոր սպասավորների և հավատացյալների տարիների երազանքն ու ցանկությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ։ Մասնավորապես, հանդիպմանը մասնակցել են Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տեր Առաքել եպիսկոպոս Տիգրանյանը, Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը։

Հանդիպմանը նախորդել է եպիսկոպոսաց հայտարարությունը, որում նշվում էր՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող ինտիմ տեսանյութերը իրական են, իսկ կաթողիկոսը հարցն ուսումնասիրող հանձնախմբից այդ մասին իմանալով ոչինչ չի արել։

Նոյեմբերի 29-ին էլ 10 եպիսկոպոսներ են հայտարարություն տարածել ու նշել․ «Ակնկալում ենք, որ Գարեգին Բ Կաթողիկոսը, ի սեր մեր եկեղեցու և մեր ժողովրդի, սթափ կգնահատի ստեղծված իրավիճակը, չի տանի մեր ազգն ու մեր եկեղեցին ավելորդ ցնցումների, կամովին հանգստյան կկոչվի և այդ կերպ հնարավոր կլինի նոր ընտրություններ կազմակերպել»:

Ի դեպ, այս հայտարարությունները տարածվում են վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման եկած ու Գարեգին Երկրորդ կաթողիկոսին «հանգստի կոչելու» պահանջով դիմած տասը եպիսկոպոսների կողմից ստեղծված նոր հարթակում։ Ու թեև հարթակի համակարգողը Factor.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ տասը եպիսկոպոսների հայտարարությունները բացառապես այս կայքում են հրապարակվում, սակայն վերջին հայտարարությունների տակ չկա եպիսկոպոսներից որևէ մեկի ոչ անունը, ոչ էլ ստորագրությունը։