ԼՂ կարգավորման գաղտնի նախագծային փաթեթը․ տարածքների վերադարձ, միջանցք. ինչ է քննարկվել 2019-ին` ըստ Կառավարության հրապարակած փաստաթղթի
Քաղաքականություն
03.12.2025 | 10:59
Տարածքներ Ադրբեջանի վերահսկողությանը փոխանցելու, Լաչինի միջանցքը պահպանելու, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը ՄԱԿ/ԵԱՀԿ հովանու ներքո համաժողովրդական քվեարկությամբ որոշելու՝ և միջազգային խաղաղապահների ընդգրկմամբ ապահովված փուլային իրականացում։ Ի՞նչ է քննարկվել 2019 թվականին Արցախի կարգավորման հարցով՝ ըստ ՀՀ Կառավարության կողմից հրապարակված փաստաթղթի։
Ստորև ներկայացնում ենք ոչ պաշտոնական թարգմանությունը։
«Հունիս 2019 թվական
Հռչակագիր
Լեռնային Ղարաբաղի կարգավորման առաջին փուլի և հետագա քայլերի մասին
Մենք՝ Ադրբեջանի և Հայաստանի Նախագահները, համաձայն ենք նրանում, որ տարածաշրջանի կայունությունը, անվտանգությունը և բարգավաճումը պահանջում են ղարաբաղյան հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորում։
Մենք վերահաստատում ենք հավատարմությունը ՄԱԿ-ի Կանոնադրության, Հելսինկյան Եզրափակիչ ակտի, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի այլ հիմնարար փաստաթղթերի դրույթներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման (ԼՂԿ) խնդրի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների համատեքստում ընդունված փաստաթղթերին։
Սույն հռչակագիրը հիմնված է փաթեթային պայմանավորվածության սկզբունքի վրա։ Նրանում պարունակվող դրույթները կազմում են մեկ ամբողջություն։ Դրանց իրականացումը չի կարող տեղի ունենալ մեկը մյուսից կտրված և պահանջում է հուսալի միջազգային վերահսկողություն, ներառյալ՝ համանախագահող երկրների վերահսկողությունը։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման վերջնական նպատակներն են դրանց փոխկապակցվածության մեջ՝ Ադրբեջանին յոթ շրջանների՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի, Կուբաթլիի, Քելբաջարի և Լաչինի վերադարձը՝ պայմանով, որ կպահպանվի Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը միացնող միջանցքը; Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը կողմերի համաձայնեցված ժամկետներում, ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո համաժողովրդական քվեարկության անցկացման միջոցով, որը կարտահայտի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությունը և կունենա իրավաբանորեն պարտադիր բնույթ՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան, ընդ որում՝ քվեարկության դրվող հարցի կամ հարցերի ձևակերպումները ոչնչով չեն սահմանափակվի, իսկ դրա ցանկացած արդյունք կհարգվի կողմերի կողմից; տարածաշրջանում քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ կապերի լիակատար նորմալացումը, բարիդրացիական համագործակցության վերականգնումը և Հարավային Կովկասում ընդհանուր կայունության ապահովումը։
Գիտակցելով, որ այս նպատակների իրագործումը պահանջում է գործողությունների հաջորդականության համաձայնեցում և Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության կարծիքի ու շահերի հաշվառում, մենք հաստատում ենք մեր վճռականությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահների հետ համագործակցությամբ և ԼՂ ներկայացուցիչների մասնակցությամբ շարունակել և հաջողությամբ ավարտել՝ վերոնշյալ դրույթներին համապատասխան, համապարփակ Խաղաղ համաձայնագրի նախագծի նախապատրաստման աշխատանքները։
Այսպիսի ըմբռնման հիման վրա մենք պայմանավորվեցինք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջին փուլը կներառի հետևյալը.
- Հինգ շրջանները՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի և Կուբաթլիի, վերադարձվում են Ադրբեջանին, հենց որ ծավալվեն Խաղաղության պահպանման միջազգային ուժերը (ԽՊՄՈՒ) և տրվեն անվտանգության միջազգային երաշխիքներ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի միջոցով, որը կարտոնի ԽՊՄՈՒ-ի ծավալումը։
- Վերաբնակիչները հեռանում են 1-ին կետում նշված հինգ շրջանների տարածքից՝ միջազգային հանրության աջակցությամբ։ Ադրբեջանական քաղաքացիական իշխանությունները մտնում են այդ շրջաններ ԽՊՄՈՒ-ի ծավալումից և ներկայումս այնտեղ գտնվող զորքերի վերատեղակայումից հետո։ ԽՊՄՈՒ-ն կծավալվի նախկին ԼՂԻՄ վարչական սահմանին՝ բացառությամբ Քելբաջարի և Լաչինի շրջանների հետ հատվածի, որոնք մնում են ԵԱՀԿ դիտարկման ներքո։
- Կողմերն առաջարկում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին դիմել խնդրանքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ արտոնելու ԽՊՄՈՒ-ի ծավալումը կողմերի ուժերի տարանջատման, 1-ին կետում նշված շրջաններից զորքերի վերատեղակայման և նրանց կողմից թողնված շրջանների ապառազմականացման մոնիթորինգի համար։ Խաղաղապահ զորակազմերի ընտրությունը այն երկրներից, որոնք պատրաստ են տրամադրել դրանք ԽՊՄՈՒ-ին, կիրականացվի կողմերի համաձայնության հիման վրա։
- Կողմերն իրենց վրա պարտավորություն են վերցնում չկիրառել ուժ միմյանց դեմ և աջակցել ԽՊՄՈՒ-ի գործունեությանը՝ իրենց մանդատի կատարման գործում։
- 1-ին կետում հիշատակված հինգ շրջաններից զորքերի վերատեղակայմանը զուգընթաց կիրականացվեն միջոցառումներ շրջափակման վերացման, ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների, էլեկտրահաղորդման գծերի և կապի, ջրամատակարարման և ոռոգման ապահովման ուղղությամբ։ Կապահովվեն անարգել տրանսպորտային և այլ կապեր, ներառյալ՝ բոլոր սահմանների և հաղորդակցությունների բացումը առանց բացառության, այդ թվում՝ կողմերի տարածքով անցնող։ Կողմերը հետ կկանչեն իրենց վերապահումները և հատուկ կարծիքները, որոնք սահմանափակում են հաղորդակցությունների ազատությունը՝ համապատասխան միջազգային համաձայնագրերի կիրառմամբ։ Կվերականգնվեն առևտրատնտեսական և այլ հարաբերությունները։
- Վերը շարադրված միջոցառումների իրականացմանը զուգահեռ, Լեռնային Ղարաբաղի համար մինչև ԼՂ վերջնական կարգավիճակի մասին հարցի լուծումը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների աջակցությամբ ճանաչվում են իրավունքներ, որոնք ապահովում են ԼՂ լիարժեք կենսագործունեության կազմակերպումը։
ԼՂ անվտանգությունը սույն Հռչակագրի գործողության փուլում կապահովվի նաև Ադրբեջանի պարտավորությամբ՝ չկիրառել ուժ ԼՂ դեմ, ԽՊՄՈՒ գործողությամբ, ԼՂ հատուկ հարաբերություններով Հայաստանի հետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ որպես մարմնի, որը արտոնել է ԽՊՄՈՒ-ի ծավալումը, երաշխիքներով։
- Կողմերը պարտավորվում են ձեռնարկել գործնական քայլեր վերը շարադրված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ, ինչպես նաև շարունակել համաձայնեցված մեխանիզմի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, համաձայնության մշակումը բոլոր մնացած հարցերի շուրջ, որոնք քննարկվում են Լեռնային Ղարաբաղի կարգավորման Հիմնական սկզբունքների շուրջ բանակցությունների ընթացքում, և դիմում են համանախագահներին՝ խնդրանքով ակտիվորեն աջակցել հակամարտության խաղաղ կարգավորման մասին համապարփակ համաձայնագրի նախագծի ձեռքբերմանը։
- Վերը շարադրված դրույթները կմանրամասնվեն (մասնավորապես այն մասով, ինչը վերաբերում է ԽՊՄՈՒ ծավալման կոնկրետ կոորդինատներին, ԼՂ իրավունքների ծավալին մինչև վերջնական կարգավիճակի մասին հարցի լուծումը, զորքերի վերատեղակայման գրաֆիկին 1-ին կետում նշված հինգ շրջաններից) և կձևակերպվեն միջկառավարական համաձայնագրի տեսքով, որն ուժի մեջ կմտնի անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարումից հետո։
Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի Հանրապետության հայտարարությունը՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի կարգավորման առաջին փուլի և հետագա քայլերի մասին Հռչակագրի
Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները ողջունում են Ադրբեջանի և Հայաստանի Նախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի կարգավորման առաջին փուլի և հետագա քայլերի մասին Հռչակագրի ստորագրումը (այսուհետ՝ Հռչակագիր) և, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ, պարտավորվում են ամեն կերպ նպաստել կողմերին՝ հիշյալ Հռչակագրում ամրագրված պայմանավորվածությունների կատարման հարցում դրանց ամբողջության և փոխկապակցվածության մեջ։
Այդ նպատակներով Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան.
- Դիմում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրանքով հավանություն տալ Հռչակագրին և սույն Հայտարարությանը և, Հռչակագրի 1-3 կետերին համապատասխան, արտոնել Խաղաղության պահպանման միջազգային ուժերի (ԽՊՄՈՒ) ծավալումը՝ կողմերի ուժերի տարանջատման, զորքերի վերատեղակայման մոնիթորինգի համար Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի և Կուբաթլիի շրջաններից և նշված շրջանների ապառազմականացման համար, և մոտ ժամանակներս կնախաձեռնեն հանձնարարական ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին՝ ԵԱՀԿ-ի հետ խորհրդակցությամբ նախապատրաստել և Անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացնել առաջարկություն ԽՊՄՈՒ-ի մանդատի վերաբերյալ՝ ելնելով նրանից, որ խաղաղապահ զորակազմերի ընտրությունը կիրականացվի կողմերի համաձայնության հիման վրա։
- Պարտավորվում են կողմերի հետ խորհրդակցությամբ մշակել անվտանգության երկկողմ և կոլեկտիվ երաշխիքներ՝ Հռչակագրում պարունակվող պայմանավորվածությունների, ինչպես նաև ապագա Խաղաղ համաձայնագրի պահպանման և ընդհանուր անվտանգության համար։
- Կապահովեն համակողմանի գործնական աջակցություն՝ կողմերի կողմից համաձայնեցված առևտրատնտեսական, տրանսպորտային և կոմունիկացիոն կապերի լիակատար նորմալացման միջոցառումների իրականացմանը՝ Հռչակագրի 5-րդ կետին համապատասխան։
- Կաջակցեն, Հռչակագրի 6-րդ կետին համապատասխան, Լեռնային Ղարաբաղի կողմից իրավունքների ճանաչմանը, որոնք ապահովում են լիարժեք կենսագործունեության կազմակերպումը բնակչության համար, ինչը ենթադրում է ԼՂ բնակչության կողմից ընտրվող օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ու տեղական ինքնակառավարման մարմինների ժողովրդավարական ձևավորում և գործունեություն; մարդու իրավունքների և ազատությունների պահպանում; ԼՂ քաղաքական և տնտեսական կենսունակություն և անվտանգություն՝ սեփական ինքնապաշտպանական ուժերի և իրավակարգի միջոցով; օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից օգնության ստացում՝ պայմանով, որ այն նախատեսված է մարդու իրավունքների աջակցության, խաղաղ տնտեսական և ժողովրդավարական զարգացման, մշակութային և առևտրային համագործակցության կամ մարդասիրական նպատակների համար; ուղղակի ներդրումների ներգրավման հնարավորություն և մուտք դեպի միջազգային շուկաներ։
- Կաջակցեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությանը վերաբերող հարցերի համաձայնեցմանը ԵԱՀԿ նիստերին, որոնցում քննարկվում են Լեռնային Ղարաբաղին առնչվող թեմաները, ինչպես նաև ԼՂ արտաքին կապերի իրականացմանը այն ոլորտներում, որոնք կարող են նախատեսվել միջկառավարական համաձայնագրում, որը հիշատակված է Հռչակագրի 8-րդ կետում։
- Կաջակցեն կողմերի կողմից Հռչակագրի կատարման վերաբերյալ պարտավորությունների կատարմանը՝ գործնական քայլեր ձեռնարկելով առաջին փուլին վերաբերող մասով, ինչպես նաև շարունակելով համաձայնեցված մեխանիզմի շրջանակներում բարի կամքի, փոխադարձ հարգանքի և վստահության հիման վրա մշակել բոլոր մնացած ասպեկտները համապարփակ լուծման համար, որոնք քննարկվում են Լեռնային Ղարաբաղի կարգավորման Հիմնական սկզբունքների մշակման բանակցությունների ընթացքում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, ներառյալ՝ տվյալ փուլում ստատուս-քվոն պահպանող Քելբաջարի և Լաչինի շրջանների վերադարձը Ադրբեջանին՝ բացառությամբ ԼՂ-ն Հայաստանի հետ միացնող միջանցքի, այդպիսի միջանցքի լայնության և կարգավիճակի համաձայնեցումը և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո համաժողովրդական քվեարկության անցկացման միջոցով, որը կարտահայտի ԼՂ բնակչության ազատ կամարտահայտությունը և կունենա իրավաբանորեն պարտադիր բնույթ՝ համապատասխան նորմերի և միջազգային իրավունքի սկզբունքների, ինչպես դա ձևակերպված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Հիմնական սկզբունքների նախագծերում, որոնք փոխանցվել էին կողմերին 2007-2011 թթ․ և ի պահ հանձնվել ԵԱՀԿ Գլխավոր Քարտուղարին։
- Ցույց կտան անհրաժեշտ աջակցություն Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների կողմից՝ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ միջկառավարական համաձայնագրի նախապատրաստման գործում, որը հիշատակված է Հռչակագրի 8-րդ կետում, իսկ հետագայում՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին Համապարփակ համաձայնագրի նախապատրաստման գործում։
07.09.2016/Նախագիծ
Անվտանգության խորհուրդ,
Հայտարարելով հավատարմությունը ղարաբաղյան հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորմանը՝ ՄԱԿ-ի Կանոնադրության և Հելսինկյան Եզրափակիչ ակտի նորմերի ու սկզբունքների հիման վրա, մասնավորապես սերտ փոխկապակցվածության մեջ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքների ճանաչման վրա,
Վերահաստատելով աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում և Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ջանքերին՝ որպես դրա համանախագահներ՝ ուղղված վերոհիշյալ նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի Կանոնադրության և Հելսինկյան Եզրափակիչ ակտի դրույթների հիման վրա կողմերի համար ընդունելի պայմանավորվածությունների որոնմանը,
Նշելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կոլեկտիվ հայտարարությունները, որոնք պարունակվում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի Նախագահների 2009 – 2013 թվականներին ընդունված համատեղ հայտարարություններում, ինչպես նաև փաստաթղթերը, որոնք ընդունվել են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության Նախագահների մասնակցությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդության ուժեղացման համատեքստում,
Ընդունելով ի գիտություն 2007-2011 թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անցկացված բանակցությունները ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման Հիմնական սկզբունքների նախագծերի շուրջ և նշելով Հիմնական սկզբունքների նախագծերը, որոնք ի պահ են հանձնված ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարին,
Նշելով այնուհետև գոհունակությամբ 2013-2016 թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի վերսկսումը՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության կայուն և երկարաժամկետ կարգավորման համար ընդհանուր հիմքերի ձևավորմանը,
Ողջունելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի կարգավորման առաջին փուլի և հետագա քայլերի մասին Հռչակագրի ստորագրումը (Հռչակագիր) և Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հայտարարության ստորագրումը՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի կարգավորման առաջին փուլի և հետագա քայլերի մասին Հռչակագրի (Հայտարարություն),
Լինելով լի վճռականությամբ՝ աջակցել Հայտարարության և Հռչակագրի մեջ ամրագրված բոլոր նպատակների ու փուլերի իրականացմանը,
Ընդունելով ի ուշադրություն այն պայմանավորվածությունները, որոնք ամրագրված են Հռչակագրում, համաձայնեցված են Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ,
- Հավանություն է տալիս Հռչակագրին (Հավելված 1) և Հայտարարությանը (Հավելված 2) և նրանցում պարունակվող պայմանավորվածություններին՝ իրենց ամբողջության և փոխկապակցվածության մեջ՝ որպես տվյալ բանաձևի անբաժանելի մասեր;
- Ընդգծում է, որ կողմերը 4-րդ կետին համապատասխան Հռչակագրի և սույն բանաձևի՝ լիովին իրենց վրա են վերցնում պարտավորություններ՝ չկիրառել ուժ, ապահովելով բացառապես խաղաղ կարգավորում ղարաբաղյան հակամարտության;
- Հանձնարարում է Գլխավոր քարտուղարին՝ կողմերի հետ խորհրդակցությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի հետ նախապատրաստել և Անվտանգության Խորհրդի հավանությանը ներկայացնել մեկ ամսվա ընթացքում Հռչակագրի 1-3 և 8-րդ կետերին ու Հայտարարության 1-ին կետին համապատասխան զեկույց՝ առաջարկություններով հետևյալի վերաբերյալ՝
- Խաղաղության պահպանման միջազգային ուժերի (ԽՊՄՈՒ) ծավալում՝ կողմերի ուժերի տարանջատման, Հռչակագրի 1-ին կետում նշված շրջաններից զորքերի վերատեղակայման և թողնված շրջանների ապառազմականացման մոնիթորինգի համար;
- ԽՊՄՈՒ մանդատի որոշում, ներառյալ՝ մասնավորապես, կոնկրետ աշխարհագրական կոորդինատները, ԽՊՄՈՒ ծավալման ժամկետներն ու փուլերը և քանակական կազմը, հրամանատարության և վերահսկողության ընթացակարգերը և կողմերից ցանկացածի կողմից ուժի չկիրառման մասին պարտավորությունների խախտմանը արձագանքումը;
- մասնակից ազգային խաղաղապահ զորակազմերի ցանկը՝ այն ըմբռնմամբ, որ այն երկրների ցանկը, որոնք պատրաստ են տրամադրել դրանք ԽՊՄՈՒ-ին, կիրականացվի կողմերի համաձայնության հիման վրա;
- զորքերի վերատեղակայման գրաֆիկները Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի և Կուբաթլիի շրջաններից, վերաբնակիչների հեռացումը այդ շրջաններից և ադրբեջանական քաղաքացիական իշխանությունների վերադարձը դրանց մեջ;
- Արտահայտում է պատրաստակամություն արտոնել ԽՊՄՈՒ ծավալումը կողմերի համաձայնեցմամբ Հռչակագրում ամրագրված լեռնային ղարաբաղյան կարգավորման առաջին փուլի իրականացման սկզբի մասին, ինչպես դա նախատեսված է սույն բանաձևի օպերատիվ 8-րդ պարբերությունում;
- Որոշում է, որ ԽՊՄՈՒ ծավալման արտոնման դեպքում կամրագրվեն միջազգային-իրավական պարտավորությունները Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման վերաբերյալ՝ Հռչակագրի 2-րդ կետի և Հայտարարության 2-րդ կետի պարբերության համաձայն;
- Հանձնարարում է այնուհետև Գլխավոր քարտուղարին կողմերի հետ խորհրդակցությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի հետ նախապատրաստել և ներկայացնել Անվտանգության Խորհրդի հավանությանը մեկ ամսվա ընթացքում առաջարկություններ իրավական և գործնական ձևաչափերի վերաբերյալ՝ ուժի մեջ մտնելու համար 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում հիշատակված, Լեռնային Ղարաբաղի բնակչության լիարժեք կենսագործունեությունը ապահովող իրավունքների ճանաչման վերաբերյալ՝ և որոշում է, որ հիշատակված իրավունքների ամբողջությունը կգործի Լեռնային Ղարաբաղի համար ողջ ժամանակահատվածում մինչև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին հարցի լուծումը՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին համապարփակ համաձայնագրի կնքման ճանապարհով՝ Հռչակագրի 7-րդ կետին, սույն բանաձևի 6-րդ կետին համապատասխան;
- Ողջունում է և հավանություն տալիս կողմերի պարտավորությանը՝ իրականացնել Հռչակագրի 5-րդ կետին և Հայտարարության 3-րդ կետին համապատասխան միջոցառումներ՝ տարածաշրջանում առևտրատնտեսական, տրանսպորտային և կոմունիկացիոն կապերի լիակատար նորմալացման ուղղությամբ, կոչ է անում կողմերին սահմանակից բոլոր երկրներին աջակցել նշված պարտավորությունները և խնդրում է կողմերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ մշակել կոնկրետ մեխանիզմներ նշված միջոցառումների գործնական իրականացման համար՝ սույն բանաձևի օպերատիվ 8-րդ պարբերությունում նախատեսված նախապատրաստման շրջանակներում, ղարաբաղյան կարգավորման առաջին փուլի մասին միջկառավարական համաձայնագրի՝ որպես նրա բաղկացուցիչ մասի;
- Կոչ է անում կողմերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ՝ Հռչակագրի 8-րդ կետին և Հայտարարության 7-րդ կետին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Գլխավոր քարտուղարի զեկույցները, որոնք նախատեսված են սույն բանաձևի 3-րդ և 6-րդ պարբերություններում, ձեռնամուխ լինել միջկառավարական համաձայնագրի նախապատրաստմանը Լեռնային Ղարաբաղի կարգավորման առաջին փուլի մասին և արտահայտում է պատրաստակամություն առանց հապաղման ընդունել բանաձև, հավանություն տալող այդպիսի համաձայնագրին և ապահովող դրա օպերատիվ կատարումը բոլոր դրույթներով;
- Հավանություն է տալիս պարտավորությանը, որը պարունակվում է Հռչակագրի 7-րդ կետում և Հայտարարության 6-րդ և 7-րդ կետերում, համեմատաբար հետագա աշխատանքի՝ բոլոր մնացած հարցերով, որոնք չեն ընդգրկվել լեռնային ղարաբաղյան կարգավորման առաջին փուլով, կոչ է անում կողմերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ շարունակել աշխատանքը համապարփակ համաձայնագրի համաձայնեցման ուղղությամբ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին՝ օգտագործելով “Հիմնական սկզբունքների” դրույթները, որոնք փոխանցվել էին կողմերին 2007-2011 թվականներին և ի պահ հանձնված ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարին, և խնդրում է Գլխավոր քարտուղարին ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի հետ ցուցաբերել աջակցություն այդ աշխատանքում, ներառյալ՝ անհրաժեշտ նյութերի տրամադրումը;
- Ընդգծում է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին համապարփակ համաձայնագրի վրա աշխատանքում հատուկ նշանակություն կունենա հաջորդականության և որոշումների ընթացակարգերի համաձայնեցումը փոխկապակցված հարցերի, որոնք վերաբերում են Ադրբեջանին Քելբաջարի և առաջին փուլում ստատուս-քվոն պահպանող Լաչինի շրջանների վերադարձին՝ բացառությամբ միջանցքի (նրա լայնության և կարգավիճակի որոշմամբ), որը միացնում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ, և ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո համաժողովրդական քվեարկության անցկացման ճանապարհով Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշմանը, որը կարտահայտի բնակչության ազատ կամարտահայտությունը և կունենա իրավաբանորեն պարտադիր բնույթ՝ համապատասխան միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ելնելով նրանից, որ միջազգային հանրությունը կճանաչի նման քվեարկության ցանկացած արդյունք;
- Հայտարարում է պատրաստակամության մասին՝ ձեռնարկել պատշաճ լրացուցիչ միջոցներ ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն, եթե դրանում ծագի անհրաժեշտություն՝ ի շահ ապահովելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը՝ սույն բանաձևին համապատասխան;
- Խնդրում է Գլխավոր քարտուղարին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ խորհրդակցությամբ վերահսկել սույն բանաձևի կատարումը և զեկուցել Անվտանգության Խորհրդին դրա իրականացման ընթացքի մասին յուրաքանչյուր 6 ամիսը մեկ՝ դրա ընդունումից հետո;
- Որոշում է ակտիվորեն զբաղվել տվյալ հարցով»։
Ավելի վաղ Կառավարության gov.am կայքում հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը։