Ինչ է ենթադրում Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի ծրագիրը․ Ռադայի պատգամավորը հրապարակել է բոլոր 28 կետերը
Քաղաքականություն
21.11.2025 | 11:37
Միջազգային լրատվամիջոցների կողմից հայտարարված Ուկրաինայում խաղաղության ծրագիրը, որը մշակվել է ԱՄՆ-ի կողմից, հրապարակվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյի տելեգրամ ալիքում։ Այն բաղկացած է 28 կետից։ ԱՄՆ իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել պատգամավորի կողմից հրապարակված փաստաթղթի իսկությունը։
Վաշինգտոնի խաղաղության ծրագրի որոշ կետերի բովանդակությունը նախկինում բացահայտել էին Politico-ն, Reuters-ը, FT-ն և այլ լրատվամիջոցներ։
Ըստ Գոնչարենկոյի հրապարակման՝ խաղաղության ծրագրի կետերը հետևյալն են՝
1. Ուկրաինայի ինքնիշխանությունը կվերահաստատվի։
2. Ռուսաստանի, Ուկրաինայի ու Եվրոպայի միջև կկնքվի համապարփակ չհարձակման մասին համաձայնագիր։ Վերջին 30 տարիների բոլոր վեճերը կհամարվեն լուծված։
3. Ակնկալվում է, որ Ռուսաստանը չի ներխուժի հարևան երկրներ, և ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի։
4. Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև երկխոսություն կանցկացվի Միացյալ Նահանգների միջնորդությամբ՝ անվտանգության բոլոր հարցերը լուծելու և լարվածության թուլացման պայմաններ ստեղծելու համար։
5. Ուկրաինան կստանա հուսալի անվտանգության երաշխիքներ։
6. Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակը կսահմանափակվի 600,000 անձնակազմով։
7. Ուկրաինան կհամաձայնի իր Սահմանադրության մեջ ամրագրել, որ չի միանա ՆԱՏՕ-ին, և ՆԱՏՕ-ն կհամաձայնի իր կանոնադրություններում ներառել դրույթ, որ Ուկրաինան ապագայում ոչ մի պահի չի ընդունվի դաշինք։
8. ՆԱՏՕ-ն կհամաձայնի զորքեր չտեղակայել Ուկրաինայի տարածքում։
9. Եվրոպական կործանիչները կտեղակայվեն Լեհաստանում։
10. ԱՄՆ-ի երաշխիքներն են՝
ա. ԱՄՆ-ը կստանա փոխհատուցում երաշխիքի համար;
բ. եթե Ուկրաինան ներխուժի Ռուսաստան, կզրկվի երաշխիքից;
գ. եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, վճռական, համակարգված ռազմական պատասխանից բացի՝ կվերականգնվեն բոլոր համաշխարհային պատժամիջոցները, այս համաձայնագրի մյուս բոլոր առավելությունները կչեղարկվեն;
դ. եթե Ուկրաինան առանց պատճառի հրթիռ արձակի Մոսկվայի կամ Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ, անվտանգության երաշխիքը կհամարվի անվավեր։
11. Ուկրաինան իրավունք ունի անդամակցել ԵՄ-ին և այս հարցի քննարկման ընթացքում կստանա կարճաժամկետ արտոնյալ մուտք դեպի եվրոպական շուկա։
12. Ուկրաինայի համար գլոբալ վերականգնման ամուր փաթեթ, որը ներառում է, բայց չի սահմանափակվում հետևյալով՝
-Ուկրաինայի զարգացման հիմնադրամի ստեղծում՝ բարձր աճող ոլորտներում, այդ թվում՝ տեխնոլոգիաների, տվյալների կենտրոնների և արհեստական բանականության ոլորտներում ներդրումներ կատարելու համար;
-Միացյալ Նահանգները կհամագործակցի Ուկրաինայի հետ՝ Ուկրաինայի գազային ենթակառուցվածքները, այդ թվում՝ խողովակաշարերը և պահեստային կառույցները համատեղ վերականգնելու, զարգացնելու, արդիականացնելու և շահագործելու համար;
-համատեղ ջանքեր պատերազմից ավերված տարածքների վերականգնման համար՝ քաղաքներն ու բնակելի տարածքները վերականգնելու, վերակառուցելու և արդիականացնելու համար;
-ենթակառուցվածքների զարգացում;
-հանքարդյունաբերություն և բնական պաշարների արդյունահանում;
-Համաշխարհային բանկը կմշակի հատուկ ֆինանսավորման փաթեթ՝ այս ջանքերն արագացնելու համար։
13. Ռուսաստանը կվերաինտեգրվի համաշխարհային տնտեսության մեջ։ Պատժամիջոցների վերացումը կքննարկվի և կհամաձայնեցվի փուլերով և յուրաքանչյուր դեպքի համար առանձին։ Միացյալ Նահանգները կկնքի երկարաժամկետ տնտեսական համագործակցության համաձայնագիր՝ էներգետիկայի, բնական պաշարների, ենթակառուցվածքների, արհեստական բանականության, տվյալների կենտրոնների, արկտիկական հազվագյուտ մետաղների արդյունահանման նախագծերի և այլ փոխշահավետ կորպորատիվ հնարավորությունների ոլորտներում փոխադարձ զարգացումը խթանելու համար։ Ռուսաստանը կհրավիրվի վերադառնալ Մեծ ութնյակ։
14. Սառեցված ակտիվները կօգտագործվեն հետևյալ կերպ՝
-սառեցված ռուսական ակտիվներից 100 միլիարդ դոլարը կներդրվի ԱՄՆ-ի գլխավորությամբ Ուկրաինայում իրականացվող վերակառուցման և ներդրումային ջանքերում: ԱՄՆ-ը կստանա այս ջանքերից ստացված շահույթի 50%-ը;
-Եվրոպան 100 միլիարդ դոլար կներդնի՝ Ուկրաինայի վերակառուցման համար հասանելի ներդրումները մեծացնելու նպատակով;
-սառեցված եվրոպական ակտիվները կապասառեցվեն: Մնացած սառեցված ռուսական ակտիվները կներդրվեն ԱՄՆ-Ռուսաստան առանձին ներդրումային գործիքում, որը կիրականացնի համատեղ նախագծեր որոշվելիք ոլորտներում: Այս ֆոնդը կուղղվի հարաբերությունների ամրապնդմանը և ընդհանուր շահերի մեծացմանը՝ հակամարտությանը չվերադառնալու ուժեղ խթան ստեղծելու համար:
15. Կստեղծվի անվտանգության հարցերով համատեղ աշխատանքային խումբ՝ այս համաձայնագրի բոլոր դրույթների իրականացումը խթանելու և ապահովելու համար։
16. Ռուսաստանն օրենքով կամրագրի Եվրոպայի և Ուկրաինայի դեմ իր չհարձակման քաղաքականությունը։
17. ԱՄՆ-ը և Ռուսաստանը կհամաձայնեն երկարաձգել միջուկային զենքի չտարածման և զենքի վերահսկման պայմանագրերը, այդ թվում՝ START I պայմանագիրը։
18. Ուկրաինան կհամաձայնի մնալ ոչ միջուկային պետություն՝ համաձայն միջուկային զենքի չտարածման պայմանագրի։
19. Զապորոժիեի ատոմակայանը կգործարկվի ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո, իսկ արտադրված էլեկտրաէներգիան հավասարապես կբաշխվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև՝ 50/50 համամասնությամբ։
20. Երկու երկրներն էլ պարտավորվում են իրականացնել կրթական ծրագրեր դպրոցներում և հասարակությունում՝ ուղղված տարբեր մշակույթների ըմբռնմանը և հանդուրժողականությանը, ինչպես նաև ռասիզմի և նախապաշարմունքների վերացմանը.
-Ուկրաինան կընդունի ԵՄ չափանիշները կրոնական հանդուրժողականության և լեզվական փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ;
-երկու երկրներն էլ կհամաձայնեն վերացնել բոլոր խտրական միջոցառումներն ու երաշխավորել ուկրաինական և ռուսական լրատվամիջոցների գործունեության ու կրթության իրավունքները;
-նացիստական բոլոր գաղափարախոսություններն ու գործունեությունը պետք է մերժվի և արգելվի։
21. Տարածքներ՝
ա. Ղրիմը, Լուգանսկը և Դոնեցկը դե ֆակտո կճանաչվեն որպես Ռուսաստանի տարածք, այդ թվում՝ Միացյալ Նահանգների կողմից։
բ. Խերսոնը և Զապորոժիեն կսառեցվեն շփման գծի երկայնքով։
գ. Ռուսաստանը կհրաժարվի իր կողմից վերահսկվող այլ համաձայնեցված տարածքներից՝ հինգ շրջաններից դուրս։
դ․ Ուկրաինական ուժերը դուրս կգան Դոնեցկի մարզի այն մասից, որը ներկայում վերահսկում են, այս դուրսբերման գոտին կհամարվի չեզոք ապառազմականացված անվտանգության գոտի, որը միջազգայնորեն ճանաչված է որպես Ռուսաստանի Դաշնությանը պատկանող տարածք։ Ռուսական ուժերը չեն մտնի այս ապառազմականացված գոտի։
22. Ապագա տարածքային պայմանավորվածությունների վերաբերյալ համաձայնությունից հետո, Ռուսաստանի Դաշնությունը և Ուկրաինան պարտավորվում են չփոփոխել այդ համաձայնագրերը ուժով: Այս պարտավորության խախտման դեպքում անվտանգության որևէ երաշխիք չի կիրառվի։
23. Ռուսաստանը չի խոչընդոտի Ուկրաինայի կողմից Դնեպր գետի օգտագործումն առևտրային գործունեության համար, կձևավորվեն համաձայնագրեր Սև ծովով հացահատիկի ազատ տեղափոխման վերաբերյալ։
24. Կստեղծվի մարդասիրական կոմիտե՝ չլուծված հարցերը լուծելու համար.
-բոլոր մնացած բանտարկյալները և մահացածների մարմինները կփոխանակվեն «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով;
-բոլոր քաղաքացիական կալանավորվածները և պատանդները, այդ թվում՝ երեխաները, կվերադարձվեն;
-կիրականացվի ընտանիքների վերամիավորման ծրագիր;
-միջոցներ կձեռնարկվեն հակամարտության զոհերի տառապանքները մեղմելու համար։
25. Ուկրաինան ընտրություններ կանցկացնի 100 օրից։
26. Այս հակամարտության բոլոր կողմերը կստանան լիակատար համաներում պատերազմի ընթացքում կատարված գործողությունների համար և կհամաձայնվեն չներկայացնել պահանջներ կամ չքննարկել որևէ այլ բողոք։
27. Այս համաձայնագիրը կլինի իրավաբանորեն պարտադիր։ Դրա իրականացումը կհսկվի և կերաշխավորվի նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ գործող Խաղաղության խորհրդի կողմից։ Խախտումների համար կսահմանվեն պատժամիջոցներ։
28. Երբ բոլոր կողմերը համաձայնվեն այս հուշագրին, հրադադարն ուժի մեջ կմտնի։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի