Պարտադրանքի ստրատեգիան և խաղաղության այլընտրանքը. ինչպե՞ս դուրս գալ ղարաբաղյան շրջապտույտից

Լուրեր

24.11.2024 | 21:56
Միակն ու անկրկնելին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի արձագանքը՝ Ադրբեջանի տարածքային պահանջներին
24.11.2024 | 21:16
Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվեց Ավստրիայի թիմին
24.11.2024 | 21:00
«Կանաչ» հիմնադրամներից շատերն այնքան էլ կանաչ չեն. ապաքաղաքական զրույց Ինգա Զարաֆյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 20:47
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում կան տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ
24.11.2024 | 19:08
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտ. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց
24.11.2024 | 18:04
Թբիլիսիում կանայք երթ են անցկացնում․ պահանջում են Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականը
24.11.2024 | 17:00
Ֆրանսիայի Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել
24.11.2024 | 16:07
1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար գույք, տեխնիկա գնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 15:26
Ուկրաինան կարող է ավարտել պատերազմը 2025-ին․ Զելենսկին սպասում է Թրամփի առաջարկներին
24.11.2024 | 14:02
Ավտոմեքենայի դուռը փակվել է, 1-ամյա երեխան մնացել է ներսում․ օգնել են փրկարարները
24.11.2024 | 13:40
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
24.11.2024 | 13:22
ՏԿԵ նորանշանակ նախարարն ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
24.11.2024 | 12:41
Օտարերկրյա ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման մասին կեղծ հրապարակումներ․ ՊՆ
24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
Բոլորը

Փոփոխությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում պիտի լինի ներսից՝ հակամարտող կողմերի նախաձեռնությամբ՝ ստանալով միջնորդների աջակցությունը, ոչ թե հակառակը: Բայց խնդիրն այն է, որ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը պատրաստակամություն չեն ցուցաբերում ակտիվ բանակցելու հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ, իսկ միջազգային խաղացողներն ավելի քիչ ուշադրություն են հատկացնում ղարաբաղյան խնդրին:

Պատասխանելով Factor.am-ի հարցերին՝ այսպիսի գնահատական է տվել իրավիճակին անգլիացի քաղաքագետ, «Կովկասյան հետազոտություններ» ամսագրի գլխավոր խմբագիր Լոուրենս Բրոերսը:

Փորձագետի խոսքով՝ երկու կողմերի ռազմավարությունն էլ հակամարտության տրամաբանության մեջ է, ոչ թե խաղաղության: Երկուսն էլ հավատացած են «պարտադրանքի ուժին»: Հայերը համոզված են, որ Ադրբեջանը ժամանակի ընթացքում ի վերջո կհամակերպվի Ղարաբաղի անջատմանը, իսկ ադրբեջանցիները համոզված են, որ Հայաստանը ի վերջո կհանձնվի: Եվ այս իրավիճակում դժվար է մոտ ապագայում կանխատեսել որևէ առաջընթաց բանակցություններում:

– Պարոն Բրոերս, ի՞նչ կարծիք ունեք Ղարաբաղի շուրջ վերջին իրադարձությունների և աստիճանաբար ավելի վտանգավոր դարձող սահմանային միջադեպերի մասին: Ո՞րն է կոնֆլիկտի ընդհանուր տրամաբանությունը այսօր, ինչի՞ կարող են հանգեցնել այս զարգացումները:

– Կոնֆլիկտն արդեն իսկ շատ վտանգավոր ու անկանխատեսելի փուլում է: Կրքերը բորբոքվել են նախորդ տարվա ապրիլի բռնություններից հետո, դրանից հետո եղել են բազում սահմանային միջադեպեր: Հիշում ենք վերջին ողբերգական դեպքը, երբ սպանվեցին նաև խաղաղ բնակիչներ: Այսօր ավելի քիչ ակնհայտ են խթանները, որ ունեին հակամարտող կողմերը 2016 թ. ապրիլի 5-ին, երբ համաձայնվեցին դադարեցնել կրակը, մասնավորապես՝ հայերը հույս ունեին, որ վստահության մեխանիզմների ներդրման շնորհիվ իրադրությունը շփման գծում կբարելավվի, իսկ ադրբեջանցիները սպասում էին էական առաջընթացի բանակցություններում, որոնք կարող են ի վերջո արդյունք տալ: Սա նշանակում է, որ եթե ևս մի խոշոր ռազմական բախում լինի, չկա վստահություն, որ Ռուսաստանը այս անգամ էլ կարող է նույնքան արագ կազմակերպել հրադադար, ինչպես արեց 2016 թ. ապրիլին: Այն գործոնները, որոնք զսպում էին ցածր մակարդակի բռնությունները, լրջորեն վնասվել են, թեև ավելի բարձր մակարդակի սրացումներն առայժմ հաջողվում է կանխել: Բայց ամեն դեպքում ցածր մակարդակի բախումների հետևանքով պատահական, չկանխամտածված հակամարտության բռնկման վտանգը շատ իրական է: Եվ վերջապես, միջազգային ազդեցիկ խաղացողներից մի քանիսն այսօր շատ քիչ ուշադրություն են դարձնում ղարաբաղյան խնդրին:

– Քառօրյա պատերազմից հետո՝ Վիեննայի գագաթաժողովի ընթացքում, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնություն էին ձեռք բերել շփման գծում մշտադիտարկման ու հետաքննության մեխանիզմներ տեղադրելու մասին, ինչը առանցքային նախապայման է ավելի լուրջ բանակցություններ սկսելու համար: Ադրբեջանը հիմա հրաժարվում է կատարել իր պարտավորությունները: Ուրեմն ինչպե՞ս կարելի է շրջանցել դիվանագիտական այս փակուղին:

– Կողմերը հիմա ընկել են ահավոր մի շրջապտույտի մեջ, որտեղ կողմերից մեկը՝ Ադրբեջանը, դիտում է բռնությունները շփման գծում որպես քիչ լծակներից մեկը՝ ազդելու լճացած վիճակում գտնվող խաղաղության գործընթացի վրա, մինչդեռ մյուս կողմը՝ Հայաստան/ԼՂ, համարում է բռնությունների կանխումը նախադրայլ` որևէ խնդրի շուրջ խոսելու համար: Շատ դժվար է ասել, թե դիվանագիտությունն ինչպես կարող է շրջանցել այս փակուղին: Ըստ էության, երկու ճանապարհ կա:

Առաջինը՝ սպասել, մինչև հակամարտող կողմերն իրենց դասերը կքաղեն գործընթացից, այսինքն՝ ի վերջո կգան եզրակացության, որ իրենց հարկադրական ստրատեգիաները չեն տալիս այն արդյունքը, ինչ իրենք ակնկալում են: Վտանգն այն է, որ կողմերը կարող են կորցնել վերահսկողությունը իրավիճակի նկատմամբ, որի հետևանքով կսկսվի լայնածավալ պատերազմ:

Երկրորդ ճանապարհը դիվանագիտական շոկային թերապիա ձեռնարկելն է՝ կողմերին ներգրավելով ինտենսիվ բանակցությունների` բազմաթիվ խնդիրների շուրջ: Միջազգային նշանակալի աջակցության պարագայում սա կարող է տալ որոշակի արդյունքներ: Պարտադիր չէ, որ դա լինի առաջընթաց խաղաղության համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցություններում: Կարելի է թեկուզ կրճատել բռնությունների և զոհերի ռիսկը:

Տարբերականերից մեկը Մինսկի խմբի համաժողով անցկացնելն է, որին համանախագահները պատրաստվել են բոլոր այս տարիների ընթացքում, և ես ու այլ փորձագետներ առաջարկել ենք, որ վերջապես հրավիրեն այդ համաժողովը՝ Մինսկի գործընթացն այս լճացումից դուրս բերելու համար: Խնդիրն այստեղ այն է, որ միջազգային հանրությունը շատ իներտ է, և շատ քիչ միջազգային խաղացողներ կցանկանան պատասխանատվություն ստանձնել ինտենսիվ հայ-ադրբեջանական բանակցություններ միջնորդելու համար, որովհետև ձախողման ռիսկը մեծ է: Խնդիրներից մեկն էլ այն է, որ կողմերն իրենք շատ քիչ հանձնառություն են ցուցաբերում խաղաղ բանակցությունների նկատմամբ, ուստի միջազգային հանրությունն էլ պատրաստակամություն չի ցուցաբերում լուրջ քաղաքական կապիտալ ներդնելու գործընթացի մեջ:

– Կարծում եք՝ միջազգային հանրությունը, միջնորդները կարո՞ղ են ավելին անել, կարո՞ղ են, օրինակ, ճնշում գործադրել կողմերի վրա՝ դադարեցնելու բռնությունը, կրակոցները շփման գծում և սկսելու խաղաղ բանակցություններ՝ ուղղված հիմնախնդրի քաղաքական լուծմանը, անկախ այն հանգամանքից, թե ով է բնական ագրեսորը կամ որ կողմն է ավելի շատ օգուտ ստանում զինված բախումներ հրահրելուց:

– Երկու կողմերն էլ շարունակաբար կոչ են անում միջազգային հանրությանը պատժամիջոցներ կիրառել մյուս կողմի նկատմամբ: Հայերը պահանջում են, որ Մինսկի խմբի համանախագահներն ավելի հասցեական հայտարարություններ անեն և դատապարտեն հրադադարը խախտող կողմին, իսկ ադրբեջանցիները պահանջում են, որ պատժամիջոցներ սահմանվեն Հայաստանի նկատմամբ, ինչպես իրենք են ասում, «տարածքների օկուպացման համար»:

Բայց այս կոնֆլիկտի առանձնահատկություններից մեկն այն է, որ կարգավորման գործընթացում ներգրավված արտաքին խաղացողները շատ քիչ լծակներ ունեն հակամարտող երկրների նկատմամբ: Ինչպե՞ս պիտի միջնորդները ճնշում գործադրեն՝ ստիպելով կողմերին դադարեցնել կրակը և սկսել երկխոսություն: Միակ պետությունը, որը իրական լծակներ ունի կողմերի նկատմամբ, Ռուսաստանն է, բայց Ռուսաստանը, իհարկե, բազմակի դեր է խաղում այս հակամարտության մեջ: Նույնիսկ Ռուսաստանի լծակները չեն բավարարում, երբ նա փորձում է միջնորդի դեր խաղալ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի անցյալ տարվա նախաձեռնության շուրջ շատ մեծ աղմուկ եղավ, բայց կարծես թե այն արդեն կորցրել է իր արդիականությունը: Հավանաբար պատճառը մոտավորապես նույն խնդիրներն են, որ կային դեռևս 1990-ականներին՝ փուլային և փաթեթային տարբերակների երկընտրանքի առումով: Եվ հակամարտության բոլոր կողմերն էլ համաձայն են, որ իրենք չեն ուզում, որպեսզի Ռուսաստանը մենաշնորհային դիրքեր ունենա անվտանգության հարցում` խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո: Այսպիսով, նախորդ տարի եղան և՛ բազմակողմ, և՛ միակողմանի ձևաչափով նախաձեռնություններ: Առաջինը ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությունն էր՝ ուղղված վստահության կառուցման միջոցառումներին, երկրորդը՝ ռազմավարական մոտեցման ռուսական նախաձեռնությունը: Այս երկուսն էլ որևէ արդյունք չտվեցին: Սա նշանակում է, որ ի վերջո փոփոխությունը պիտի լինի ներսից՝ հակամարտող երկրների կողմից՝ աջակցություն ստանալով դրսի ուժերից, ոչ թե հակառակը:

Այդուհանդերձ, կարծում եմ, որ չի կարելի այդքան հեշտությամբ բաց թողնել ինտենսիվ դիվանագիտության հնարավորությունները, ինչպես շատ հաճախ է լինում: Բայց կողմերը պիտի ցուցադրեն իրենց պատրաստակամությունը ներդրում անելու բանակցային գործընթացում: Նրանց հանձնառությունն առայժմ տեսանելի չէ: Երկու կողմերն էլ հավատում են պարտադրանքի ուժին: Հայկական կողմը կամ կողմերը հավատացած են, որ Ադրբեջանը ի վերջո կհամակերպվի Ղարաբաղի անջատմանը, որովհետև այդքան երկար ժամանակ է անցել, իսկ Ադրբեջանը համոզված է, որ Հայաստանը ի վերջո կհանձնվի` մեկուսացման, տնտեսական խնդիրների և շփման գծում գործադրվող բռնության շնորհիվ: Այլ խոսքերով՝ կողմերի ստրատեգիաները միայն կոնֆլիկտի տրամաբանության մեջ են, չկա խաղաղության ստրատեգիա: Իսկ խաղաղության ստրատեգիա որդեգրելը քաղաքականապես շատ վտանգավոր է: «Սասնա ծռերի» նախորդ տարվա պատմությունը և այս տարվա ընտրությունների արդյունքները Լևոն Տեր-Պետրոսյանի համար ցուցադրեցին այս հանգամանքը Հայաստանի պարագայում: Ներքաղաքական իմաստով խնդիրը երկու երկրների իշխանությունների համար այն է, թե ինչպես անցնել խաղաղության ստրատեգիային՝ այսքան տարիների հակամարտությունից և առճակատումից հետո: Սա նշանակում է ճանաչել մյուս կողմի հռետորաբանությունը և շահերը, բայց նախ և առաջ` սա նշանակում է պատրաստակամություն` սկսելու բաց, ժամանակով չսահմանափակված բանակցություններ: Կողմերից որևէ մեկն այս պահին պատրաստ չէ դրան:

– Ի՞նչ արդյունք տվեց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հուլիսի 11-ի հանդիպումը Բրյուսելում:

– Ինձ թվում է, որ Բրյուսելի հանդիպումը և Մինսկի խմբի ներկայիս ջանքերը նվազագույնն են: Սրա նպատակը պարզապես բանակցային գործընթացը, երկխոսությունը պահպանելն է: Կողմերն ավելի շատ ցույց են տալիս խաղաղություն, քան իրական քայլեր են կատարում՝ խաղաղության հասնելու համար: Այս դինամիկան ևս մեկ անգամ հիշեցնում է մեզ, թե որքան մեծ է տարբերությունը բանակցությունների անհրաժեշտ ծավալի և բանակցային գործընթացի հնարավորությունների միջև: Երկու կողմերն էլ ապրում են կեղծ կարծրատիպերով, թե «Ադրբեջանը կհամակերպվի» կամ որ «Հայաստանը կկործանվի»: Սա ամենևին չի նպաստում բանակցություններին: Հետևաբար` շատ դժվար է մոտ ապագայում կանխատեսել որևէ առաջընթաց:

Արամ Սարգսյան