Չեչնիան նրան բաց չէր թողնում․ ո՞վ է Երևանում սպանել Այշաթ Բայմուրադովային․ BBC-ի անդրադարձը

Լուրեր

05.12.2025 | 11:18
Բռնցքամարտի ԱԱ․ Արարատ Հարությունյանը մեկնարկել է հաղթանակով, Վախթանգ Հարությունյանը և Նարեկ Մանասյանը ևս անցել են հաջորդ փուլ
05.12.2025 | 11:10
Ալիևը կրկին խոսել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի և նրանց վերադարձի իրավունքի մասին
05.12.2025 | 10:59
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
05.12.2025 | 10:45
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից ստացված տեղեկության հիման վրա, ոստիկանները անօրինական միգրացիայի դեպք են բացահայտել
05.12.2025 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 5-ի դրությամբ
05.12.2025 | 10:20
Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի ու այլ գերիների փաստաբանները Բաքվի դատարանին խնդրել են արդարացնել նրանց
05.12.2025 | 10:11
Նավթի գներն աճել են
05.12.2025 | 09:56
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանում գտնվող՝ 0.006 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Դատախազություն
05.12.2025 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
05.12.2025 | 09:26
Դատարանը քննում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը. ՈՒՂԻՂ
04.12.2025 | 23:29
Թուրքիայում լրագրողին մեղադրանք է առաջադրվել Հայոց ցեղասպանության հետ կապված հոդվածով
04.12.2025 | 23:18
Հնդկաստանը 2 միլիարդ դոլարով վարձակալության կվերցնի ռուսական միջուկային սուզանավը. Bloomberg
04.12.2025 | 23:10
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Ստեփանակերտի հայ բնակիչ Կարեն Ավանեսյանի գործով դատական նիստը 
04.12.2025 | 23:04
Միրզոյանը և Դոութին քննարկել են ՀՀ-ի և ՄԹ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր
04.12.2025 | 22:59
Եվրոպան չի վստահում ԱՄՆ-ին Ուկրաինայի պատերազմի կարգավորման հարցում. Der Spiegel
Բոլորը

Այշաթ Բայմուրադովան առաջին չեչեն կինն է, որը սպանվել է Ռուսաստանի սահմաններից դուրս՝ հանրապետությունից փախչելուց հետո: Սովորաբար ընտանեկան բռնությունից փախչող չեչեն կանանց առաջինը փնտրում են ընտանիքները։ Հարազատները կարող են հորդորել նրանց վերադառնալ, սպառնալ և նույնիսկ առևանգել: Որոշները հետագայում սպանվել են: Սակայն այս անգամ մարդու իրավունքների պաշտպանները կասկածում են, որ Այշաթի ընտանիքը որևէ կապ ունի միջադեպի հետ: Հենց սա է անհանգստացնում նմանատիպ ճակատագիր ունեցող այլ երիտասարդ կանանց. եթե սպանության հետևում ուրիշ մեկն է կանգնած, որտեղի՞ց է գալիս սպառնալիքը հիմա, և արդյո՞ք դա նշանակում է, որ նրանք անվտանգության մեջ չեն, ասվում է BBC-ի անդրադարձում։

Ալեքս

2025 թվականի փետրվարին 23-ամյա Ալեքսը զբոսնում էր մի փոքրիկ հայկական քաղաքի փողոցներով, երբ մի անցորդ գրավել է նրա ուշադրությունը՝ վառ գույնի մազերով և բարդ դաջվածքներով։ Ալեքսը մոտեցել է նրան, արագ ծանոթացել են, փոխանակել կոնտակտային տեղեկություններ, իսկ զրույցի ավարտին Ալեքսը հրավիրել է նոր ծանոթուհուն հյուր։

Ալեքսի իրական անունն Այշաթ Բայմուրադովա է։ Այդ ժամանակ նա ընդամենը մի քանի շաբաթ էր ապրում Հայաստանում և նոր էր սկսել դուրս գալ տանից ու նորից օգտվել հեռախոսից։ Նոր ծանոթի միջոցով Ալեքսը (այդպես էր նա ներկայացել նոր երկրում) ծանոթացել է ռուսների մի խմբի հետ, որոնք միասին տուն էին վարձակալում։

«Նա իսկապես ուզում էր շփվել, ընկերներ ձեռք բերել և գտնել իր մարդկանց։ Մի օր Ալեքսն ինձ համար ձայնային հաղորդագրություն ձայնագրեց, որում ասում էր, որ չի հավատում, որ դա իրական է, որ կան մարդիկ, որոնք հասկանում են իրեն»,- հիշում է Այշաթի ընկերուհի Մարիան։

Պահպանվել է նման մի հաղորդագրություն։ Այշատի ձայնն ասում է. «Որքա՜ն հրաշալի էր երեկ։ Դա հրաշալի երազի պես էր»։

«Ալեքսն իսկապես ուզում էր մարդկային կապ, բայց դա շատ դժվար էր նրա համար, քանի որ նա միշտ Չեչնիայի տրավմայի մեջ էր։ Չեչնիան երբեք թույլ չէր տալիս նրան հեռանալ»,- հիշում է Մարիան։

Ալեքսը Հայաստանի ընկերներին պատմել է, որ ապրել է ընտանիքում, որտեղ երեխաները մեծացել են խիստ կրոնական միջավայրում. օրինակ՝ հայրը խստորեն պատժում էր Այշաթին, եթե նա փորձեր էր դպրոցում շփվել տղաների հետ։

Ալեքսի խոսքով՝ 4 տարեկանից ի վեր բռնության է ենթարկվել հոր կողմից։

«Ես շատ լավ հիշում եմ նրա նկարագրությունը։ Դա սարսափելի, ամբողջ կյանքի ընթացքում տևած տրավմա էր»,- հիշում է Մարիան ընկերուհու հետ զրույցների մասին։

Այշաթն ասել է,որ իր հայրը՝ Ալիխան Բայմուրադովը, «զինվորական թոշակառու» է։ «Важные истории»-ին ենթադրում է, որ նա ծառայել է որպես ոստիկանության օպերլիազոր։ Պարբերականի լրագրողները նաև պարզել են, որ Այշաթի հորեղբայրը՝ Իսլամ Բայմուրադովը, Չեչնիայի ՆԳՆ սպա է։ Ալեքսը պնդում էր, որ իր տատիկը Ախմատ Կադիրովի քույրն էր։

Բայմուրադովան պատմել է, որ երբ 20 տարեկան է դարձել, ամուսնացել է 29-ամյա հրաձգության մարզչի հետ, որին հարսանիքից առաջ տեսել էր ընդամենը մի քանի անգամ։ Հետագայում նա պատմել է, որ ամուսինը ծեծել է իրեն, փակի տակ պահել, տանը տեսախցիկներ է տեղադրել՝ իրեն հետևելու համար, արգելել է հեռախոս օգտագործել։ Այս ամուսնության ընթացքում Այշաթը որդի է ունեցել։

«Ես չգիտեմ՝ արդյո՞ք նա ընդհանրապես երեխա ուզում էր, քանի որ նրա կյանքում ոչինչ չկար՝ բացի բռնությունից։ Ինձ համար ամենասարսափելին երեխայի մասին հարցնելն էր, քանի որ 23 տարեկանում ինքն էլ դեռ երեխա էր։ Նա հստակ հայացքներ ուներ իրերի հետ կապված, քանի որ իր կյանքում գործնականում ոչինչ չէր տեսել։ Այսինքն՝ նա երեխա էր, որը երեխա ուներ։ Բայց նա հասկանում էր, որ իր որդին այլևս իրենը չէ, որ նա երբեք չի գողանա նրան Չեչնիայից։ Եվ նրա ներսում եղած Չեչնիան նույնպես երբեք չէր անհետանա։ Նա գիտեր, որ իր ամուսինը և նրա ընտանիքը կխորտակեն իր երեխայի հոգեբանությունը և կհամոզեն որդուն, որ նրա մայրը դավաճան է»,- ասել է Մարիան։

Չեչնիայից փախչելու համար Այշաթը նամակներ է գրել մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների։ Նա իր որդու մասին պատմել է երեխաներ ունեցող կանանց օգնող որոշ կազմակերպությունների։ ԼԳԲՏ+ համայնքի ներկայացուցիչների իրավունքները պաշտպանող մյուս կազմակերպություններին նա գրել է, որ տրանսգենդեր է։ Հայտնի է, որ Հայաստանում նա իրականում ներկայացել է որպես Ալեքս։

CK SOS մարդու իրավունքների պաշտպանության խումբն օգնել է Այշաթին տարհանվել անցյալ տարվա վերջին։ Մարդու իրավունքների պաշտպանները նրան օգնել են գումարով և բնակարանով։ Առաջին երեք ամիսները տրվում են երիտասարդ կանանց՝ վերականգնվելու և աշխատանք գտնելու համար: Դրանից հետո նրանք դուրս են գալիս ծրագրից և ապրում են ինքնուրույն:

Ոչ թույլ

Ընկերներն Այշաթին նկարագրում են որպես ցածրահասակ, բայց «շատ ուժեղ»։ Ալեքսը բացահայտորեն սոցիալական ցանցերում հրապարակել է իր լուսանկարները՝ կարճ սանրվածքով և այնպիսի հագուստով, որը չէր կարող կրել Չեչնիայում։ Հայաստանում նա սափրել է հոնքի մի մասը և սկսել է նմանվել «Մեզանից վերջինը» ֆիլմի Էլլիին։ Նա նաև հաճախել է մարզասրահ՝ երազում էր ուժեղանալ։

Այշաթը ձգտում էր անկախության և անմիջապես աշխատանք է գտել որպես մատուցողուհի։ Ընկերները հիշում են նրա 12-ժամյա հերթափոխները՝ «մի քանի կոպեկի դիմաց»։ Ալեքսի գործընկերների հետ հարաբերությունները լարված էին. հայկական քաղաքում չէին գնահատում նրա վարվելակերպը և քննադատում էին նրան «նորմալ ամուսին» չգտնելու համար։ Նա չէր կարողանում հանդուրժել այս վերաբերմունքը և կոշտ արձագանքում էր՝ չվախենալով կոնֆլիկտից։ Նման աշխատանքային գրաֆիկով նա քիչ ժամանակ ուներ ընկերների համար, բայց, միևնույն է, երբեմն միասին ֆիլմեր էր դիտում։

Մարզերում նորմալ պայմաններ չգտնելով՝ Այշաթը որոշել է տեղափոխվել Երևան, որտեղ երազում էր մի օր խոհարար դառնալու մասին։ Նա բնակարան է վարձել նոր ընկերների հետ և ժամանակավոր աշխատանք գտել որպես մաքրուհի։ Իրավապաշտպանները վախենում էին, որ հարազատների կապերը հաշվի առնելով՝ նրանք անխուսափելիորեն կփորձեն նրան տուն բերել, բայց դա երբեք տեղի չէր ունենում։ Այշաթը գրել էր իր ընտանիքին։

«Նրանք կարճ նամակներ փոխանակեցին՝ սկզբում խնդրելով նրան վերադառնալ և ասելով, որ ամեն ինչ այլ կլինի։ Երբ նա հրաժարվեց, նրանք հրաժարվեցին նրանից. «Դու այլևս դուստր չես, կին չես, մենք քեզ չենք դիպչի, և դու էլ մեզ մի դիպչիր»», – ասում է CK SOS մարդու իրավունքների խմբի մամուլի քարտուղար Ալեքսանդրա Միրոշնիկովան։

Վստահող

Ի տարբերություն փախուստից հետո մեկուսացված կյանք վարող աղջիկների մեծամասնության՝ Այշաթն ակտիվ էր սոցիալական ցանցերում իր անունով, չէր թաքցնում դեմքը և քննադատում էր Չեչնիայի հայրիշխանական համակարգը, կրոնը, չեչեն տղամարդկանց և իր սեփական ընտանիքը։

«Հայրիկ, գիտեմ, որ դու, հավանաբար, հետևում ես ինձ, ինչպես նախկինում։ Ես հենց նոր երազ տեսա, որտեղ դու ինձ ասացիր, որ ոչ մեկին չպատմեմ քո մասին, կարեկցեմ քույրերիս ու եղբայրներիս, որովհետև մի օր նրանք կմեծանան և կկարդան այս ամենը։ Եվ երբ ես երազում հարցրի քեզ, թե ինչու չես կարեկցել ինձ, երբ ես չորս տարեկան էի, դու, ինչպես միշտ, գոռացիր ինձ վրա. կարծես իրական լիներ»,- գրել է նա Instagram-ում։

Այշաթը նաև քննադատել է այլ չեչենների և անձամբ Ռամզան Կադիրովին։ Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ կոչ են արել նրան ավելի զգույշ լինել իր հրապարակային հայտարարություններում։

«Սա, անշուշտ, այնպիսի բան չէ, որը Չեչնիայից փախած մարդը կարող է իրեն թույլ տալ։ Սա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև եվրոպական երկրներին։ Չեչնիայից հեռացած մարդիկ կա՛մ վարում են լիովին անձնական կյանք, կա՛մ զգուշորեն թաքցնում են իրենց գտնվելու վայրը՝ չշփվելով անծանոթների հետ։ Անծանոթի հետ հանդիպելը 100%-ով անընդունելի է Կադիրովի ցանկացած քննադատի համար»,- ասում է Ալեքսանդրա Միրոշնիկովան։

Հոկտեմբերի 15-ին Այշաթը գնացել էր ընկերուհու  հետ հանդիպման։ Բայմուրադովայի ծանոթներից մեկը պատմել է, որ ժամը 1-ից 2-ը նա տեսանյութեր է ուղարկել, որտեղ նա վիսկի էր խմում իր ընկերուհու բնակարանում։ Ժամը 3-ից հետո Ալեքսը դադարել է պատասխանել։ Այդ օրը նա տուն չի վերադարձել։

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի ոստիկանությունը սկսել է աղջկա որոնումները։ Երկու օր անց ոստիկանությունը զանգ է ստացել. մի տղամարդ Այշաթի մարմինը հայտնաբերել էր իր բնակարանում, որը վարձակալությամբ էր տալիս։ «Кавказ без матери» նախագծի հիմնադիր Լիդիա Միխալչենկոն հայտնել է, որ աղջկան, հնարավոր է, խեղդամահ են արել։

Կարինա Իմինովան պնդում էր, որ Դաղստանից է, բայց իրականում ծնվել է Ղրղզստանի Օշ քաղաքում: BBC-ի աղբյուրը, որը անձամբ ճանաչում է Իմինովային և տեսել է նրա փաստաթղթերը, ասում է, որ նա լակ է՝ Դաղստանի բնիկ ժողովուրդներից մեկը։

Բաց աղբյուրները բացահայտում են նրա կապը հանրապետության հետ. 2022 թվականին նույն անունով մի կին դատական ​​հայց է ներկայացրել տեղի բնակչի դեմ, որին նա 280,000 ռուբլի է պարտք տվել, բայց նա չի վերադարձրել գումարը և դադարեցրել է շփվել նրա հետ: Կարինա Իմինովան շահել է դատը:

Կարինան կապեր ունի նաև Չեչնիայի հետ. մարդու իրավունքների պաշտպանները պարզել են, որ նրա դեմ այդ հանրապետությունում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ են արձանագրվել։ Նա նաև հետևում է Ռուբատի Միցաևային Instagram-ում, որը նախկին չեչեն դաշտային հրամանատար Ախմեդ Զաքաևի նախկին դաշնակիցն էր, որը մի քանի տարի առաջ վերադարձել էր Չեչնիա՝ Կադիրովի կողմն անցնելով։ Իմինովան բարձրագույն կրթություն չունի և գործազուրկ է, բայց ունի մի քանի թանկարժեք արտասահմանյան մեքենաներ։ Նա բնակարան ունի Մոսկվայի մոտ գտնվող Կրասնոգորսկում, բայց, դատելով բաց աղբյուրներից, անցյալ տարվա վերջի դրությամբ՝ Կարինա Իմինովան բնակվում էր էլիտար Մոսֆիլմովսկի բնակելի համալիրում։

BBC-ի աղբյուրը, որը հասանելիություն ունի թռիչքների տվյալների բազային, հայտնել է, որ վերջին տարիներին Կարինա Իմինովան մի քանի անգամ թռել է Հայաստան, բայց ամենից հաճախ՝ Միացյալ Արաբական Էմիրություններ: Կարինայի լուսանկարը տեղադրվել է մոդելային կայքում՝ Ջամիլիա Դ. կեղծանվամբ: Նույն լուսանկարները կարելի է գտնել նաև Մոսկվայում սեռական ծառայություններ մատուցող կայքերում:

BBC-ի աղբյուրը, որը հասանելիություն ունի մի քանի արտահոսած տվյալների բազաներին, ասում է, որ Կարինան հաճախ ստացել է յուրահատուկ իրեր։

Ընկերուհու անունը, որի հետ հանդիպումից հետո անհետացել է Այշաթը, Կարինա Իմինովա է: Չնայած որոշ լրատվամիջոցներ պնդում էին, որ սա երկու կանանց առաջին անձնական հանդիպումն էր, Այշատի Instagram-ի էջում սեպտեմբերի 20-ին Կարինայի հետ համատեղ լուսանկար է հրապարակվել։

Կարինա Իմինովան նկարահանվել է տեսախցիկների կողմից այն տան մոտ, որտեղ հետագայում հայտնաբերվել է Այշաթի մարմինը։ Տեսանյութում նրա հետ մեկ այլ անձ է՝ անհայտ տղամարդ, որը չի թաքցրել իր ինքնությունը։ Իրավապաշտպանների խոսքով՝ երկուսն էլ այդ ժամանակից ի վեր մեկնել են Ռուսաստան։

Բայմուրադովայի ընկերը, որը նույնպես ծանոթ է Իմինովային, ասել է, որ տեսել է Կարինային Այշաթի մոտ, և որ նա տհաճ տպավորություն է թողել իր վրա։

Այշատի ընկերների խոսքով՝ Կարինան Բայմուրադովայի հետ ծանոթացել է սոցիալական ցանցերում, որից հետո եկել է Հայաստան և սկսել է նրան հրավիրել երեկույթների։

2021 թվականին Իմինովան գրեթե կասկածյալի կարգավիճակում էր հայտնվել քրեական գործով։ BBC-ի աղբյուրն ասել է, որ ամեն ինչ սկսվել է ճանապարհային անկարգության միջադեպից։ Մի կին դուրս էր գալիս բակից, իսկ Իմինովան՝ մտնում։ Կարինան հրաժարվել է զիջել։ Առճակատման ժամանակ նա մեծ դանակով դուրս է ցատկել մեքենայից և, սպառնալիքներ հնչեցնելով, ծակել է մեքենայի անվադողերը, որոնք փակել էին նրա ճանապարհը։ Դեպքի ականատեսներից մեկը տպավորություն է ունեցել, որ Իմինովան այդ պահին ալկոհոլի ազդեցության տակ է եղել։

Տուժողը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, սակայն հետագայում ​​հետ է վերցրել՝ Կարինայի հետ հեռախոսով խոսելուց հետո։

Իրավապաշտպաններն այժմ պնդում են, որ Կարինա Իմինովան փորձել է հանդիպել Չեչնիայից փախած տարբեր մարդկանց հետ և հրավիրել նրանց հանդիպումների: Բայմուրադովայի սպանությունից հետո Կարինան լքել է Հայաստանը, ջնջել է իր WhatsApp-ի օգտահաշիվը և դադարել պատասխանել հեռախոսազանգերին:

«Մենք չգիտենք՝ արդյո՞ք աղջիկը ներգրավված է եղել Այշաթի մահվան մեջ, բայց նա կարևոր վկա է տեղի ունեցածում»,- նշում է CK SOS-ը։

Ոստիկանությունը նախնական հետաքննություն է անցկացնում Այշաթի դիակի հայտնաբերման գործով: Ռուս իրավապաշտպանները ստորագրահավաք են սկսել՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին անցկացնել մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն: Կանանց նկատմամբ բռնության վերացման կոալիցիայի անդամ տասը հայկական կազմակերպություններ միացել են նախաձեռնությանը: Մեկ օր անց Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հարցում է ուղարկել Քննչական կոմիտե՝ գործի վերաբերյալ առկա վերջին տեղեկությունները ստանալու համար, իսկ վարչապետի գրասենյակը կապ է հաստատել երկրի գլխավոր դատախազի հետ:

Առևանգում և «պատվի համար սպանություններ»

Բայմուրադովայի դեպքը եզակի է նրանով, որ սա Չեչնիայից փախչող չեչեն կնոջ սպանության առաջին դեպքն է մեկ այլ երկրում։

«Պատվի համար սպանությունները», որոնք կատարվել են մոտ տղամարդ ազգականների կողմից և արդարացվել են կնոջ «անպարկեշտ» վարքագծից հետո «ընտանեկան պատիվը վերականգնելու» պատրվակով, Չեչնիայում դեռևս տարածված են։ Նման սպանությունների իրական դրդապատճառն «անձնական և ընտանեկան նկրտումների ինքնագոհ բավարարումն է, որը սնվում է հասարակական կարծիքով, բամբասանքներով, լուրերով և զրպարտությամբ», ասվում է Կոնգրեսի կողմից հիմնադրված ամերիկյան Wilson վերլուծական կենտրոնի զեկույցում։

2000-ականների սկզբից ի վեր Չեչնիայից ապաստան խնդրողներ են ժամանում Եվրոպա, նախ՝ պատերազմի, ապա՝ Կադիրովի ռեժիմի բռնաճնշումների պատճառով։ Հիմնական ուղղությունները եղել են Լեհաստանը, Ֆրանսիան և Ավստրիան։

Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո իրավիճակը գրեթե անհույս է դարձել, որից հետո ԵՄ-ն փակել է իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար: Չնայած որոշ երկրներ մարդասիրական վիզաներ են տրամադրում իրենց հայրենիքում հետապնդումների վտանգի տակ գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին, գործնականում ընտանեկան բռնությունից փախչող չեչեն կանայք չեն ներառվում այս կատեգորիայում: Մարդու իրավունքների պաշտպանները վստահ են, որ չնայած բոլոր սպառնալիքներին՝ Բայմուրադովան նման վիզա ստանալու ոչ մի հնարավորություն չուներ:

Այս կանանց համար մնացած միակ պատուհանը Հարավային Կովկասն է, մասնավորապես, առանց վիզայի ռեժիմի Վրաստանն ու Հայաստանը։ Սակայն նույնիսկ Լաուրա Ավտորխանովայի առևանգման փորձից և Այշաթ Բայմուրադովայի սպանությունից առաջ պարզ էր, որ այս երկրները չեն երաշխավորում Հյուսիսային Կովկասից փախչող կանանց լիակատար անվտանգությունը։

Հայտնի են դեպքեր, երբ երկու երկրների իրավապահ մարմիններն օգնել են փախստականներին վերադարձնել փորձող հարազատներին։ Օրինակ՝ երկու տարի առաջ Հայաստանի ոստիկանությունը ձերբակալել է 21-ամյա ինգուշ Ֆաթիմա Զուրաբովային և տարել ոստիկանություն, որտեղ արդեն սպասում էին նրա հարազատները։ Իսկ դաղստանցի Զաիրա Պիրովայի դեպքում իրավապահ մարմինները հաստատել են նրա ընտանիքին, որ նա գտնվում է Վրաստանում։

Հյուսիսային Կովկասի հանրապետությունների շատ բնակիչներ ազգականներ կամ ընկերներ ունեն Հայաստանում և Վրաստանում, ինչը հեշտացնում է փախստականների որոնումները։

Չեչնիայում Կադիրովի օգնական Մանսուր Սոլտաևն արձագանքել է  Այշաթի սպանությանը. նա հանրապետության իշխանությունների դեմ բոլոր մեղադրանքներն անվանել է «տեղեկատվական ահաբեկչական հարձակում»։ Նա նաև նշել է, որ որոշակի ճգնաժամային կենտրոնի հոգեբանները «դիտավորյալ մոլորեցնում են կանանց»։

«Նրանք խոստանում են հրաշալի կյանք Եվրոպայում կամ Արևմուտքում՝ անտեսելով իրական խնդիրները և կանանց դրդելով խզել ընտանեկան կապերը։ Այսպիսով, նրանք դիտավորյալ աշխատում են քայքայել և ոչնչացնել ընտանիքի և ավանդույթների ինստիտուտները, որոնք ձևավորվել են դարերի ընթացքում Կովկասում և ամբողջ Ռուսաստանում»,- հայտարարել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի