Տեղական ժողովրդավարություն․ համայնքների միավորման եվրոպական փորձից մինչև հայկական իրականություն

Լուրեր

06.12.2025 | 13:49
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքի մի շարք թաղամասերում
06.12.2025 | 13:22
Գուգարաց թեմի քահանաները հանդես են եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Գարեգին Բ կաթողիկոսի
06.12.2025 | 13:05
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է The AI Economy and the Future of Work պանելային քննարկմանը
06.12.2025 | 12:53
Փաշինյանը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար է նշանակել
06.12.2025 | 12:34
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.12.2025 | 12:20
Բացի մեր թեմի հոգևորականներից, եթե որևէ մեկը Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է․ Շիրակի թեմի հայտարարությունը
06.12.2025 | 12:16
Ամերիկյան ինդեքսներն աճել են
06.12.2025 | 11:55
Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանում Իրանի դեսպանի հետ
06.12.2025 | 11:33
Գերմանիայի դպրոցականները բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ զինվորական պարտադիր ծառայության
06.12.2025 | 11:07
Նավթի գներն աճել են
06.12.2025 | 10:53
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 6-ի դրությամբ
06.12.2025 | 10:32
Պռոշյան փողոցում 7 ավտոմեքենա է բախվել․ կա զոհ
06.12.2025 | 10:10
Մասիս-Արտաշատ ավտոճանապարհին մառախուղ է
05.12.2025 | 23:32
ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ
05.12.2025 | 23:30
BP-ն հրաժարվում է Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերի օպերատորի իրավունքից
Բոլորը

Նիդերլանդների Land van Cuijk համայնքի քաղաքապետ Մարիկե Մուրմանը և Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը ներկայացնում են, թե ինչպես են կառավարում խոշորացված համայնքները, նաև բացահայտում միավորման ռեֆորմի «լույսն» ու «ստվերը»։

Նիդերլանդները Եվրոպայի միակ երկիրն է, որտեղ համայնքների թիվը տարեցտարի նվազում է։ Պատճառը համայնքների միավորումն է։ Դեռ 1851-ին երկիրն ուներ 1209 համայնք, իսկ արդեն 1900-ին՝ 1100։ 1991-ից մինչև 2017-ը այդ թիվը  նվազել է մինչև 355 (2019-2020թթ.)։ Համայնքների վերջին միավորման արդյունքում, 2023-ի հունվարի 1-ի դրությամբ, Նիդերլանդներն ունի 342 համայնք։

chart visualization

Ինչպես ՀՀ-ում՝ Նիդերլանդներում ևս համայնքների խոշորացման գործընթացի բարեփոխումները, ընդհանուր առմամբ, ավարտվել են։

Հոլանդական «ներքևից վերև» տարբերակ՝ հայկական «վերևից ներքև»-ի փոխարեն

Նիդերլանդներում համայնքների միավորումը, ի տարբերություն Հայաստանի, տեղի է ունենում ներքևից վերև սկզբունքով, այսինքն՝ միավորվելու ցանկություն հայտնում են անմիջապես համայնքները։ Գործընթացը կարգավորվում է Սահմանադրության 123-րդ հոդվածով, որի հիման վրա էլ ձևավորվել է «Համայնքների վերաձևավորման ընդհանուր կանոնների մասին» օրենքը (Wet arhi)։

«Համայնքների միավորման քաղաքական ուղեցույց»-ի համաձայն՝ կառավարությունը ներկայացնում է, թե ինչպես է Ներքին գործերի և Թագավորության հարաբերությունների նախարարությունը գնահատում համայնքների միավորման առաջարկները: Համայնքներին վերապահված է սեփական կառավարման կարողությունն ամրապնդելու պարտականությունը, անհրաժեշտության դեպքում՝ միավորման միջոցով: Նախարարությունը նաև գնահատում է՝ արդյո՞ք վերախմբավորման գործընթացն իրականացվել է օրենքով նախատեսված կարգով և ստորև ներկայացված չափանիշներով:

Ուղեցույցում կառավարությունը խնդրում է միավորման գործընթաց նախաձեռնող համայնքներին կարծիք հարցնել նաև հարակից կամ այլ մասնակցող համայնքներից: Եթե որևէ հարակից համայնք բացասական կարծիք է հայտնում, և դա չի ընդունվում, կառավարությունը  հիմնավորումներ է պահանջում: Այսինքն՝ միավորման առաջարկը քննարկելիս վերջինը հաշվի է առնում ոչ միայն այդ համայնքների բնակիչների, այլև մարզերի, հարակից համայնքների և այլ (կառավարական) կազմակերպությունների կարծիքը։

Ընդունվում են այն առաջարկները, որոնք ստանում են մասնակցող համայնքների և հնարավորինս շատ բնակիչների աջակցությունը։ Կառավարությունը նաև որպես աջակցություն գումար է տրամադրում միավորվող համայնքներին։

Համայնքային միավորումները կատարվում են Wet arhi օրենքի համաձայն միավորման որոշման ուժի մեջ մտնելուց հետո հաջորդ տարեսկզբից։ Մինչ այդ, նախորդ նոյեմբերին անցկացվում են նոր համայնքային խորհրդի միջանկյալ ընտրություններ։ Այսպես, 2026-ի մարտին տեղի կունենան 2023-ի հունվարի 1-ին միավորված համայնքների հերթական ընտրությունները։

«Երբ գործընկերդ հուսալի է, խնդիրները հաղթահարվում են»

Հոլանդիայի համայնքների ասոցիացիայի (VNG International) Տեղական ժողովրդավարության և տարածաշրջանային համագործակցության ծրագրի ղեկավար, Խորհրդի անդամների և քարտուղարների կոմիտեի քարտուղար Ֆրանկ Սփիլը մեզ հետ զրույցում նշում է, որ այս բարեփոխումներն իրականացվել են, որպեսզի կառավարության կողմից համայնքապետարաններին փոխանցվեն ավելի շատ լիազորություններ։

«Կար ընդհանուր և միասնական գիտակցություն, որ բարեփոխումները ձեռնտու կլինեն բնակիչներին ծառայությունների մատուցման առումով և կավելացնեն համայնքների ինքնիշխանությունը։ Երկրորդ նպատակն էր՝ պատրաստ լինել ԵՄ-ի կողմից ներդրվող քաղաքականությունների իրականացմանը։ Երրորդ նպատակն ու պատճառն էլ այն էր, որ համայնքները, համագործակցելով միմյանց հետ, կարողանան համալրել իրենց աշխատակազմերը թվային ծառայություններ մատուցելու համար»,- ասում է նա։

Նիդերլանդներում համայնքների վերջին միավորումը եղել է 2023-ին։ ՏԻՄ լիազորությունների ավելի մեծ ապակենտրոնացում տեղի է ունեցել 2016-2017-ին, երբ առողջապահական ծառայությունները, իսկ 2015-ին՝ նաև երիտասարդների առողջության պահպանության ոլորտում մեծ լիազորություններ փոխանցվել են համայնքապետարաններին։

Առայժմ Ֆրանկ Սփիլն արդյունավետ է գնահատում միավորման ռեֆորմի շրջանակում համայնքների համագործակցությունը, բայց կարծում է, որ հետագայում, հնարավոր է, այլևս նպատակահարմար չլինի այս գործընթացը շարունակել, քանի որ միավորված համայնքներում բնակավայրերի հեռավորությունը կենտրոնից այնքան մեծ կլինի, որ հարմար չի լինի խորհրդի, քաղաքապետի կամ ծառայողների համար կառավարել ողջ համայնքը։

Ֆրանկ Սփիլը նաև նշում է․ «Մենք միակ եվրոպական երկիրն ենք, որտեղ քաղաքապետն ուղիղ չի ընտրվում։ Մեր երկրում քաղաքապետերն անկախ են, քաղաքական դերակատարներ չեն։ Բնակիչները համայնքային խորհուրդն են ընտրում, վերջինն էլ՝ քաղաքապետի թեկնածուին, իսկ նշանակվում է թագավորի կողմից։ Մարդիկ, որոնք ցանկություն ունեն քաղաքապետ դառնալ, կարող են իրենց թեկնածությունը ներկայացնել թագավորին, և ընտրություն կլինի 12 հանձնակատարների կողմից՝ յուրաքանչյուր մարզ (12-ն են) ունի իր հանձնակատարը, որոնք ևս նշանակվում են թագավորի կոմից»։

Ֆրանի Սփիլը հիշում է, որ սկզբում մարդիկ վախենում էին խոշորացումից, չէին հավատում, որ այն կօգնի իրենց․ «Սակայն ռեֆորմները մարդկանց կյանքի վրա դրական ազդեցին, որովհետև հիմա ունենք ավելի որակյալ ծառայություններ, ավելի պրոֆեսիոնալ վարչակազմ, համայնքապետարանի հետ ուղիղ կապ։ Ընթացքը կարող է բարդ լինել, բայց երբ գործընկերդ հուսալի է, խնդիրները հաղթահարվում են, ինչպես ամուսնության դեպքում»։

Հոլանդական բարեփոխման առանձնահատկությունը նաև այն է, որ նախնական փուլում կենտրոնական իշխանությունը ֆինանսական աջակցություն է տրամադրում միավորվող համայնքներին։

«Սուբսիդավորվում են առաջնահերթ ոլորտները՝ բնակարանային ապահովում, կրթություն, զբաղվածություն։ Ճանապարհների շինարարությունը կենտրոնական կառավարության պատասխանատվության ներքո է, հեծանվային ճանապարհների սպասարկումը՝ մարզերի։  Այլապես, ես չգիտեմ մի քաղաքական գործիչ, որը չի սիրում սուբսիդավորումը, քանի որ դա լավ միջոց է իր նպատակներն իրագործելու համար, իսկ հետագայում նաև վերընտրվելու համար»,- հավելում է Ֆրանկ Սփիլը։

Որպես համայնքների միավորման լավ օրինակ՝ մեր զրուցակիցը բերեց Նիդերլանդների արևմտյան մասում գտնվող Sud West Fryslan համայնքի օրինակը, որտեղ խոշորացումը եղել է մեկ մեծ քաղաքի շուրջ։ Մյուսը Land van Cuijk-ի օրինակն է, երբ հինգ համայնքի ղեկավարներ որոշել են միավորվել, և արդյունքում ձևավորվել է 32 գյուղերից բաղկացած համայնք։

Land van Cuijk-ի քաղաքապետ «Հիմա ավելի ուժեղ դիրքերում ենք, քան երբ առանձին համայնքապետարաններ էինք»

Լանդ վան Կուիկ համայնքը Նիդերլանդների արևելքում է՝ Նեյմեգեն քաղաքից մի փոքր հարավ՝ Փիլ և Մաաս գետերի միջև։ Հոլանդերենից թարգմանաբար նշանակում է երկիր։ Այստեղ կարելի է վայելել բնության բազմազանությունը, հարուստ պատմությունը, Բրաբանտի հյուրընկալությունն ու հանգիստ բուրգունդյան ապրելակերպը։ Համայնքի այցեքարտը համարվող Մաաս գետն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Համայնքը ձևավորվել է BoxmeerCuijkSint AnthonisMill en Sint Hubert և Grave գյուղերի միավորումից։ Մարզում ամենամեծ համայնքապետարանն է՝ 92 հազար բնակչությամբ։ Բյուջեն 350 միլիոն եվրո է։ Բնակիչները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, սննդի ոլորտում աշխատող մեծ ձեռնարկություններ կան, գործում է մեծ բժշկական կենտրոն։ Այս համայնքում է գործում նաև Երկրորդ աշխարհամարտի թանգարանը։

Միավորման մասին խոսակցություններն ընթացել են դեռ 2010 թվականից։ Համայնքապետարանի քարտուղար Յոհան Պոստմանը պատմում է, որ գործընթացը սկսվեց 2014-ից, երբ բոլոր համայնքային ծառայողները մեկ կազմակերպության ներքո էին գործում, ինքն էլ ղեկավարում էր այն․ «Այդ ժամանակ երկու համայնքապետեր գտան իրար և հասկացան, որ ավելի ձեռնտու կլինի, եթե միավորվեն մեկ հարկի ներքո։ Նրանք սկսեցին գործընկերների հետ քննարկել այս առաջարկը, նաև արդյունաբերական և առևտրային հատվածին ներառեցին, հետո դիմեցին ազգային իշխանություններին։ Գրանցվեց բոլոր համայնքների դրական կարծիքը, և 2021-ին օրենքի հիման վրա հաստատվեց միավորումը»։

Սկսեցին երեք համայնքից, հետո հանդիպումներ, խորհրդակցություններ ունեցան այլ համայնքներում։ Ի վերջո՝ բնակչության 81 տոկոսը կողմ արտահայտվեց մեկ մեծ համայնքի մաս դառնալուն։

«Սկզբում կային և՛ հավատացողներ, և՛ ընդիմադիրներ։ Ժողովրդավարական գործընթաց էր։ Այժմ էլ կան մարդիկ, որոնք դեռ ափսոսում են, որ իրենց համայնքը խոշորացվել է»,- նկատում է Յոհան Պոստմանը։

«Կարծում եմ՝ մենք, որպես համայնքապետարան, ավելի ուժեղ դիրքերից ենք հիմա հանդես գալիս, քան տարիներ առաջ, երբ առանձին միավորներ էինք»,- ասում է Land van Cuijk-ի քաղաքապետ Մարիկե Մուրմանը, որ այդ պաշտոնում է 2022-ից։

Բնակիչներից շատերի տպավորությամբ՝ համայնքապետարանն այժմ ավելի է մոտեցել իրենց։ Կան նաև այնպիսիք, որոնք դժգոհում են, որ անձնագիր կամ վարորդական վկայական ստանալու համար պետք է երկար ճանապարհ անցնեն։

Քաղաքապետն այս առիթով նկատում է․ «Եկեք անկեղծ լինենք՝ 10 տարին մեկ է անհրաժեշություն առաջանում անձնագրի համար դիմել համայնքապետարանին։ Անարդյունավետ է չորս կառույց ունենալ, որտեղից կարող են ստանալ անձնագիր կամ վարորդական վկայական։ Փոխարենն այժմ ունենք առավել մասնագիտացված համայնքային ծառայողներ։ Բայց կան մարդիկ, որոնց դժվար է այս ամենը բացատրելը, նրանք դեռ ասում են՝ ամեն ինչ թանկացել է, մենք չենք տեսնում քաղաքապետի, ավագանու անդամի, իհարկե, ես չափազանցնում եմ այս ամենը»։

Մարիկե Մուրմանն անկեղծորեն խոստովանում է, որ  խոշորացումը առանձնապես մեծ լիազորություններ չի տվել իրեն  բյուջեի պլանավորման և որոշումների կայացման հարցում․ «Ես նախկինում քաղաքապետ էի այլ՝ ավելի փոքր համայնքում։ Քաղաքապետի դիրքը կախված չէ նրանից, թե որքան բնակչություն ունի քո համայնքը։ Ես չեմ կարծում, որ իմ դիրքն ավելի ուժեղ է հիմա, քանի որ ես խոշորացված համայնքի քաղաքապետ եմ։ Նիդերլանդներում մենք այդ քաղաքական մշակույթը չունենք։ Մեր մարզում 10 համայնքապետերն աշխատում են միասին։ Սակայն կարծում եմ, որ խոշորացումից հետո մենք որպես համայնք՝ավելի լուրջ միավոր ենք, քան երբ հինգ առանձին համայնքապետարաններ էինք»։

Նշենք, որ հոլանդական մոդելով խոշորացված համայնքները չունեն վարչական ղեկավարներ, ինչպես Հայաստանում է։ Էական է նաև, որ համայնքը հիմնական գումարը ստանում է կառավարությունից՝ 85 տոկոսը, մնացածը գոյանում է տեղական հարկերի հավաքագրումից։

Համայնքում գործում է «գյուղական ժողովրդավարության» մոդելը։ Քաղաքապետը բացատրում է դրա էությունը․ «Երբ կատարվեց համայնքի խոշորացումը, մենք ուզեցինք, որ յուրաքանչյուր գյուղ կապված լինի մեծ համայնքապետարանի հետ։ Դա նշանակում էր, որ տեղերում լինեն ակտիվ բնակիչներ։ Այժմ համայնքապետարանի կազմում  ունենք 6 քաղծառայողներ, որոնք կապի մեջ են 32 գյուղերի հետ։ Հատուկ այս առումով նրանցից ամեն մեկը ստանում են փոքր բյուջե՝ 2-3 հազար եվրոյի շրջանակում տարեկան, որը բավարար է կոնկրետ խնդիրներ լուծելու համար։ Եվ հենց սա էլ մենք կոչում ենք գյուղական ժողովրդավարություն։ Մենք ունենք նաև ավագանու անդամներ՝ ընտրված անձինք, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է 5-6 գյուղի համար»։

Խոշորացում հայկական ձևով՝ Կապանի օրինակով

Հայաստանում խոշորացման գործընթացը համարվում է ավարտված։ Այդ գործընթացը սկսվեց 2011-ի նոյեմբերին, երբ կառավարությունը հավանություն տվեց «Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգին»:

Մինչ միավորումը ՀՀ-ում կար 915 համայնք, որոնց 48 տոկոսն ուներ հազարից պակաս բնակչություն: Այժմ Հայաստանում կա 71 համայնք՝ Երևանը ներառյալ։

chart visualization

Խոշորացած համայնքների թվով Կապանը ռեկորդակիր է, գործընթացը տեղի է ունեցել 2017-ին։ Ներկայումս համայնքի կազմում ներառված է 39 բնակավայր՝ Կապան քաղաքը և 38 գյուղեր։ Եթե Աղվանի գյուղը դիտարկենք՝ իբրեւ Կապանի ամենահյուսիսային թաղամաս, դրա հեռավորությունը քաղաքից 34 կմ է, իսկ քաղաքից մինչեւ հարավարեւելյան ծայրամաս Շիշկերտ՝ 47 կմ է։

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի կարծիքով՝ խոշորացումը հատկապես գյուղական բնակավայրերի համար բավականին դրական արդյունքներ է ապահովել․ «Երկու կարևոր հանգամանք ընդգծեմ՝ նյութական միջոցների հնարավորության ավելացում և դրանց հատկացում  փոքր՝ գյուղական բնակավայրերի խնդիրների լուծման համար, տեղական ինքնակառարման մեջ մարդկային ռեսուրսների ընդգրկվածության ավելացում։ Գյուղական բնակավայրերը, լինելով առանձին համայնքներ, ունեցել են իրենց աշխատակազմը, բայց միշտ մարդկային ռեսուրսի դեֆիցիտ եղել է։ Խոշորացումը որոշակի առումով լուծել է այդ հարցը, և արդյունքում իրականացվում է կառավարում համայնքապետարանի կողմից, որտեղ կենտրոնացած են պրոֆեսիոնալ մասնագետներ»։

Գևորգ Փարսյանն ասում է, որ համայնքի գրեթե բոլոր գյուղական բնակավայրերում գործում է հասարակական տրանսպորտ և գրեթե բոլոր սահմանամերձ գյուղերում այն անվճար է․ «Մեր աշխատակազմում ունենք առանձին բաժին, որն զբաղվում է միայն գյուղերի խնդիրներով։ Տեղերում ունենք նաև վարչական ղեկավարներ և օպերատոր, որոնք խոշորացման արդյունքում ձևավորված հաստիքներն են։ Այնպես որ տեղեկանքների հարցը տեղերում կարող են կազմակերպել։ Այլ բան է՝ միգուցե տեղեկանքների համար անհրաժեշտ լինի այլ կառույցներ հասնել, որոնց կողմից գյուղերում սպասարկում չի իրականացվում»։

Գևորգ Փարսյանի  գնահատմամբ՝ համայնքների խոշորացումը նպաստել է  գյուղապահպանության խնդրին․ «Այսօր ունենք կայուն վիճակ․ գյուղերի դատարկման գործընթացը կանգնել է։  Ունենք  խոշոր գյուղեր, որոնց զարգացումը նկատելի է։ Մենք ստեղծել ենք գյուղատնտեսական տեխնիկայի համայնքային պարկ, և հողամշակման հետ կապված գյուղացուն անհրաժեշտ տեխնիկայի կարիքը լրիվ հոգում է համայնքը։ Գյուղերը՝ որպես առանձին միավորներ, չէին կարող ստեղծել այդ միասնական տնտեսությունը, խոշորացված համայնքը դա արել է։ Սկզբնական շրջանում գյուղացիների մոտ զգայական առումով որոշակի թերահավատություն կար․ որպես առանձին միավորներ՝ իրենք չէին ուզում միավորվել մեկ համայնքի շուրջ, գուցե վստահության խնդիր էլ կար»։

Ինչպես խոշորացված համայնքների շատ բնակիչների՝ Գևորգ Փարսյանին էլ գործընթացի սկզբում  փոքր-ինչ մտահոգում էր ինքնության, առանձին գյուղերի դիմագծի պահպանման, բայց «այսօր այդ խնդիրները չի տեսնում»։

Որպես  արդյունք նաև խմելու ջրի խնդիր են լուծել Եղվարդ, Կաղնուտ, Ագարակ, Սրաշեն, Վարդավանք, Դավիթ Բեկ, Վերին Խոտանան գյուղերում, ոռոգման նոր ցանց են կառուցել Աճանան գյուղում, տարբեր բնակավայրերում կառուցվել, վերանորոգվել են հասարակական շենքեր, Դավիթ Բեկում նորոգվել է մանկապարտեզը։

Գևորգ Փարսյանը Կապանի համայնքապետ է ընտրվել 2018-ին, երբ համայնքն արդեն խոշորացված էր։ 2018-ից ի վեր համայնքի սեփական եկամուտներն ավելացել են 250 տոկոսով, նա միանշանակ  դա վերագրում է  խոշորացմանը։

«Խոշորացումը Կապանի դեպքում դրական արդյունք է տվել։ Նաև իմ կարծիքն է, որ համայնքները չպետք է խոշորանան այն աստիճան, որ կառավարելը դառնա անարդյունավետ։ Կարող է միջոցներն ավելանան, մասնագիտական կարողությունները, մարդկային ռեսուրսները մեծանան, բայց նաև այդ ամենն արդյունավետ կառավարել է պետք»։

Ունենք խոշորացում, չունենք ապակենտրոնացում

Համայնքների ֆինանսիստների միավորման գործադիր տնօրեն Աբրահամ Արտաշեսյանը խոշորացման առավելությունների՝ նյութական ռեսուրսների, մասնագիտական կարողությունների բարելավման շարքում նշում է նաև այն, որ ավագանու ինստիտուտը կամաց-կամաց սկում է աշխատել․ «Դա կապված է նաև ընտրական մեխանիզմի փոփոխությամբ։ Այն ժամանակ համայնքի ղեկավարը զանգում էր իր ընկերներին, հարազատներին, բարեկամներին, իրենց փոխարեն ընտրագրավ դնում, քարոզարշավ կազմակերպում և նրանց դարձնում ավագանու անդամ։ Համամասնական ընտրակարգը հնարավորություն է տալիս, որ ավագանու անդամներից յուրաքանչյուրն իր բնակավայրի մասին մտածի»։

Խոսելով բացասական կողմերի մասին՝ Աբրահամ Արտաշեսյանն ասում է․ «Փաստացի խոշորացումն ինքնանպատակ դարձավ։ Մեզ ասում էին՝ այն հնարավորություն կտա համայնքներում կարողություններ զարգացնել՝ ապակենտրոնացման գնալու։  2016-ից ի վեր, հազիվ հասել ենք նրան, որ գոնե ինչ-որ քարտեզ ունենք, բայց մեկ է՝ պետական մարմինը ոչ մի լիազորություն չի փոխանցում։ Այսինքն՝ չունենք ապակենտրոնացում, բայց ունենք մեծ համայնք, որը պետք է արդյունավետ կառավարվի»։

Երևանում հանրակրթական դպրոցների հարցը՝ որպես պատվիրակված լիազորություն տրված է Երևանի քաղաքապետարանին, այդ հնարավորությունը ոչ մի համայնք չունի, քանզի միայն մայրաքաղաքի ՏԻՄ մասին օրենքով է սահմանված դա։ Հիմա նորից՝  նախագիծ կա, որ դպրոցները Երևանի քաղաքապետարանից անցնեն ԿԳՄՍ նախարարության լիազորության ներքո։ Այս նկատառմանը Աբրահամ Արտաշեսյանն այսպես արձագանքեց․ «Խնդիրը դա է, որ այն ժամանակ մի բան էին ասում, հիմա նախարարությունն ասում է՝ օպերատոր բերենք, թող կառավարի։ Ստացվում է՝ էլ ինչների՞ս է պետք տեղական ինքնակառավարումը»։

Փորձագետի կարծիքով՝ եթե համայնքները խոշորացրել ու ռեսուրս ենք ստեղծել, բայց դրա դիմաց լիազորություններ չենք տալու, «էլի դառնալու է այն վիճակը, որ մարդիկ ամեն ինչից հիասթափվելու, ասելու են՝ սա արեցինք, որ կարողանանք մեր բնակչի հետ ավելի որակյալ շփվենք, կարիքներից բխող ծրագրեր անենք, իսկ իրականում փողը կա, բայց չենք կարողանում ծախսել»։

Ստացվում է, որ մի կողմից տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումներն իրենց արդյունքները տվել են, սակայն մյուս կողմից կիսատ մնացել՝ չհասնելով վերջնական նպատակին։

Եվրոպականից փորձից մինչև հայկական իրականություն եզրահանգումը մեկն է․ համայնքների միավորման գործընթացն արդյունավետ է, սակայն այն կարող է հասնել իր ամբողջական նպատակին միայն այն դեպքում, երբ համայնքին փոխանցում ենք անհրաժեշտ լիազորությունները։

Իսկ սրան հասնելու համար, թերևս, նաև քաղաքական կամք է պետք։

Տաթև Հարությունյան

 

Սույն հոդվածը հրապարակվել է «Պարզաբանելով ժողովրդավարությունը․ իրազեկման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսավորմամբ։