Մեդիան հասարակության հայելին է․ արդյոք ազատ է այն և ինչի մասին է պատմում

Լուրեր

05.12.2025 | 23:32
ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ
05.12.2025 | 23:30
BP-ն հրաժարվում է Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերի օպերատորի իրավունքից
05.12.2025 | 23:16
Հայաստանը նախապատրաստվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հյուրընկալմանը․ քննարկվել են կազմակերպչական աշխատանքները
05.12.2025 | 23:14
Կայացել է ԱԱ-2026-ի վիճակահանությունը, Դոնալդ Թրամփը մրցանակ է ստացել ՖԻՖԱ-ից
05.12.2025 | 23:01
Եվրոպական հանձնաժողովը 120 միլիոն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի X-ին
05.12.2025 | 22:47
Ռուսաստանի ԿԲ-ն վերացրել է իր և «բարեկամ» երկրների քաղաքացիների համար միջազգային դրամական փոխանցումների սահմանափակումները
05.12.2025 | 22:31
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.12.2025 | 22:18
Netflix-ը հայտնել է 82,7 միլիարդ դոլարով Warner Bros․-ը գնելու մասին
05.12.2025 | 22:05
Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ կստեղծվի․ տնօրենի անունը հայտնի է
05.12.2025 | 21:50
Անկարայում ԱՄՆ դեսպանը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հարաբերություններից է խոսել
05.12.2025 | 21:37
Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվել
05.12.2025 | 21:26
Բաքվում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 21:14
Առողջության համընդհանուր ապահովագրություն․ նախագահը քննարկել է ոլորտի խնդիրներն ու լուծումները
05.12.2025 | 21:00
Ով ասում է՝ վարչապետը ճիշտ արեց, թող պատրաստ լինի՝ ԱԱԾ-ն գա իր տուն և հանձնարարություններ տա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:45
Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայ մամուլը 231 տարեկան է․ այսօր, երբ թվային միջավայրում ավելանում են  տեղեկատվության տարածման ձևերն ու միջոցները, խոսքի և մամուլի ազատությանն առնչվող հարցերը Հայաստանում շարունակում են մնալ հասարակական ու քաղաքական քննարկումների կենտրոնում։ Գնահատականները տարբեր են, երբեմն՝ հակադիր․ մի մասը խոսում է ազատ խոսքի կայացման, մեդիայի անկախությանի աճի մասին, մյուսները նշում են՝ մամուլը կանգնած է լուրջ վտանգների առաջ՝ իշխանական ճնշումների, կեղծ տեղեկատվության տարածման և հանրային վստահության անկման պատճառով։

Թեմայի վերաբերյալ Factor.am-ը զրուցել է Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանի, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, 168.am-ի ղեկավար Սաթիկ Սեյրանյանի, ինչպես նաև armtimes.com-ի խմբագիր Գագիկ Ավետիսյանի հետ։

Ընդդիմադիր և իշխանական լրատվամիջոցների ղեկավարները մեզ հետ զրույցում իրարից արմատապես տարբերվող կարծիքներ են ներկայացնում։ Խոսքի և մամուլի ազատության մակարդակը նրանք այսպես են գնահատում․

Սաթիկ Սեյրանյան – Հայաստանում այժմ ավելի շատ կեղծիք է տարածվում և դա իշխանությունների պատճառով է։ Մենք տեսնում ենք՝ ինչ է անում Հանրային հեռուստաընկերությունը, ինչպես է թիրախավորում լրատվամիջոցներին, լրագրողներին, ում են հրավիրում եթեր, պատկերը պարզ է դառնում։

Գագիկ Ավետիսյան – Եթե համեմատենք տարածաշրջանային մյուս երկրների հետ, հարկ է նկատել, որ մեր երկրում խոսքի և մամուլի ազատությունը բավականին լայն է: Հաճախ այն, ինչ այլ երկրներում կդիտվեր որպես «կարմիր գիծ», այստեղ բարձրաձայնվում է առանց վախի։ Հայաստանում այսօր գործում են տարբեր քաղաքական կողմնորոշումներով լրատվամիջոցներ, սա փաստ է: Ակնհայտ է նաև քաղաքական բևեռացումը․ մեդիան հաճախ բաժանված է իշխանամետ և ընդդիմադիր ճամբարների, ու դրանց մեծ մասը գործում է ոչ թե որպես անկախ հարթակ, այլ որպես քաղաքական գործիք։ Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ Հայաստանում խոսքի ազատություն գոյություն ունի:

Բորիս Նավասարդյանն իր հերթին նշում է՝ Հայաստանում խոսքի ազատություն կա, բայց այն ինստիտուցիոնալ հիմքեր չունի․ 

«Այդ ասելով ես նկատի ունեմ այնպիսի օրենսդրությունը, որը կնպաստեր մամուլի և խոսքի ազատությանը, կլիներ պետական քաղաքականություն։ Այդպիսի հիմքեր մենք չունենք, Հայաստանում խոսքի և մամուլի ազատությունը տարերային բնույթ ունի։ Կա ևս մեկ խնդիր․ գոյություն ունեցող ազատության հետ մեկտեղ բավարար չափով չի գործում լրատվամիջոցների անկախությունը։ Տարբեր ֆինանսական աղբյուրներից կախվածությունը կաշկանդում է լրագրողներին և լրատվամիջոցներին անել այն, ինչ ենթադրում է իրենց մասնագիտական պարտքը»։

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրապարակած «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքս» 2025-ում Հայաստանը բարելավել է իր դիրքերը և հայտնվել 34-րդ հորիզոնականում՝ 73.96 միավորով։ Նախորդ տարի Հայաստանը զբաղեցնում էր 43-րդ հորիզոնականը: Ինդեքսը ներառում է շուրջ 180 երկիր։  Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով տարածաշրջանում առաջատարն է։

Գագիկ Ավետիսյան – Ըստ էության՝ որևէ պատճառ չկա կասկածի տակ դնելու միջազգային կառույցների տված գնահատականները: Իրականում, այստեղ կարևոր է այն, թե մենք՝ մամուլի ներկայացուցիչներս և հանրությունը, որքանով ենք հողի վրա զգում այդ գնահատականների արդյունքը: Չեմ բացառում, որ կարող են լինել և եղել են որոշ դեպքեր, երբ խոչընդոտվել է լրագրողի կամ լրատվամիջոցների ազատ գործելու անքակտելի իրավունքը, սակայն ընդհանուր մակարդակում պետք է արձանագրել, որ իրավամբ մեր երկիրը բարվոք դիրքերում է մամուլի ազատության առումով, բայց դեռ բազմաթիվ անելիքներ կան՝ էլ ավելի լավ դիրքերում հայտնվելու համար:

Սաթիկ Սեյրանյան – Միջազգային ինդեքսները լիարժեք չեն արտացոլում ազատության իրական վիճակը Հայաստանում։ Նախկինում մի փոքրիկ բան լիներ, մի քաղաքական գործիչ հանկարծ լրագրողի հարցին չպատասխաներ, հարցումները անտեսեր, լրագրողի վրա հարձակում լիներ, խմբագրին ԱԺ աստիճաններով քարշ տային, դուրս վռնդեին․․․ո՞վ էր տեսել նման բան, ինչ աղմուկ կլիներ։ Խոսքի ազատությունը որպես արժեք և դրա պաշտպանությունը սպասում ենք հատկապես Արևմուտքից, արևմտյան կառույցներից։ Ես, լինելով տարբեր ժամանակներում աշխատած լրագրող, կազմակերպության ղեկավար և խմբագիր, դեռ մեկ տարի առաջ իրենց ասել եմ՝ մասնակից եք լինում այն ամենին, ինչը կատարվում է։ Այն օրենսդրական փոփոխությունները, որոնք կատարվում են, դրանցից և ոչ մեկը խոսքի ազատության և մամուլի շահերից չի բխում։ 

Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ մամուլի ազատության միջազգային ինդեքսների վերլուծական բաղադրիչը հիմնականում արտացոլում է այն իրավիճակը, որը կա, սակայն այդ զեկույցների թվային արտահայտումները ուսումնասիրելիս կարելի է խնդիրներ նկատել, որոնք պայմանավորված են կազմակերպությունների մեթոդաբանությամբ․ 

«Դա նաև օբյեկտիվ հիմքեր ունի, քանի որ շատ դժվար է մշակել մեթոդաբանություն այնպիսի տարբեր երկրների համար, ինչպիսիք, օրինակ, Կոլումբիան է, Հայաստանը կամ Շրի Լանկան»։ 

Խոսելով վերջին տարիներին մամուլի ազատության ոլորտում դրական կամ բացասական միտումների մասին՝ մեր զրուցակիցները նույնպես տարբեր գործոններ են մատնանշում։

Սաթիկ Սեյրանյան – Առաջիկա տարիներին որևէ դրական փոփոխության չեմ սպասում։ Ոչ թե պեսիմիստ եմ, այլ որևէ դրական բան չեմ կարողանում տեսնել։ Գործող իշխանությունները մի կեղտոտ գործիք են ներդրել․ կիսաճշմարտություններ և կեղծիք տարածելով մարդկանց մոլորեցնում են, որպեսզի մարդիկ հիասթափվեն ինֆորմացիայից, պրոցեսներին հետևելուց, չկարողանան զտել ճիշտն ու սխալը։ 

Գագիկ Ավետիսյան –  Բացասական միտումներից գլխավորն այն է, որ հաճախ լրատվամիջոցները, լրագրողները խախտում են մարդկանց անմեղության կանխավարկածը՝ այդ կերպ թիրախավորելով անձին: Խնդիր է մնում չճշտված լուրերի առատությունը, որոնք վիրուսային կերպով տարածվում են, իսկ դրանց հերքումը չի ունենում այն տարածումը, որը ունենում է սկզբնական կիսաճիշտ կամ ամբողջապես սուտ լուրը: Կա խնդիր նաև լրատվամիջոցների բևեռացվացության առումով. սա սահմանափակում է ազատ խոսքի ճանապարհը: Մեծ խնդիր են նաև կեղծ էջերը և կայքերը, որոնք վնասում են մեդիայի նկատմամբ վստահությանը: Դրական միտումներից է բազամակարծության աճը և հանրության՝ լրատվամիջոցների հանդեպ հետաքրքրվածության մեծացումը: 

Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը նշում է, որ մամուլի ազատության ոլորտում բացասական հիմնական միտումը քաղաքական բևեռացվածությունն է, որը գնալով խորանում է և ստանում ծայրահեղ անհանդուրժողական դրսևորումներ։ Ընդգծում է՝ այդուհանդերձ, լրագրողների անհատական որակները աճում են․ «Եթե համեմատենք շատ այլ պրոֆեսիոնալ ոլորտների հետ, ապա կարծում եմ՝ լրագրությունը Հայաստանում շատ լավ մակարդակի վրա է»։ 

Փորձագետը Հայաստանի լրատվամիջոցները բաժանում է 3 հստակ սեգմենտների, որոնցից 2-ն ակնհայտորեն մեծ են։ Խոսքը ընդդիմադիր և իշխանամետ լրատվամիջոցների մասին է, երրորդն անկախ մեդիայի սեգմենտն է։

«3-րդ սեգմենտը ավելի փոքր է, դրանք այն լրատվամիջոցներն են, որոնք աշխատում են ապահովել բազմազանությունը ինչպես բովանդակային, այնպես էլ քաղաքական ուղղվածության տեսանկյունից։ Այդ միջին սեգմենտն է աշխատում պահպանել լրագրողական էթիկայի ստանդարտները, շահագրգռված է, որպեսզի այդ ստանդարտները զարգանան և ավելի ակտիվ կիրառվեն։ Իսկ մյուս 2 սեգմենտները, քանի որ քաղաքական շահեր են հետապնդում, դրանում շահագրգռված չեն, նույնիսկ պայքար են մղում այն նախաձեռնությունների դեմ, որոնք միտված են էթիկական լրագրությունը զարգացնելուն»,- նշում է Նավասարդյանը։ 

Գագիկ Ավետիսյան – Թեպետ լուրջ խնդիր է մնում չճշտված լուրերի առատությունը, սակայն միաժամանակ ուզում եմ արձանագրել՝ նկատելի է, որ ավանդական լրատվամիջոցները հնարավորինս փորձում են ճշտված ինֆորմացիա տալ հանրությանը: Չճշտված ինֆորմացիա մատուցող հարթակները հիմնական ֆեյք էջերն ու կեղծ կայքերն են կամ տելեգրամյան ալիքները:

Սաթիկ Սեյրանյան- Էթիկայի նորմերն առաջին հերթին իշխանությունը պետք է պահի, այդ բառապաշարը չբերվի մամուլ, չբերվի հանրային դաշտ։ Լրատվամիջոցները քիչ են, կան «սունկ» կայքեր, դրանք լրատվամիջոց չեն։ Դրանք ստեղծվել են իշխանությունների կողմից, սուտ ու կեղծիք են տարածում։ Մեդիային պետք չէ մեղադրել։ Լրագրողները քաղաքացիներ են, հասկանում են՝ պետությունը վտանգված է։ Մենք մեծ աղետների միջով ենք անցել ու նոր սպասվող աղետների առջև ենք կանգնած։ 

Հարցին՝ թե ինչ պատճառներով են այսօր պիտակավորվում լրագրողներն ու լրատվամիջոցները, ԶԼՄ-ների ղեկավարներն ասում են․

Սաթիկ Սեյրանյան – Իշխանությունն է իր անհաջողությունները լրագրողների վրա բարդում։ Չեմ տեսել, որ հասարակությունը լրագրողներին վատ վերաբերվի, ինչ էլ լինում է՝ նրանք են հրահրում։ Թիրախավորում են ու ատելություն են տարածում։ 

Գագիկ Ավետիսյան։ Ըստ իս՝ պատճառն այն է, թե ում է պատկանում լրատվամիջոցը, ով է դրա սեփականատերը կամ ինչ ֆինանսական միջոցներով է ծավալում գործունեությունը: Հարկ է նաև ընդգծել, որ երբեմն որոշ լրագրողներ չեն պահպանում չեզոքություն և հանրության շրջանում ոչ թե մամուլի ներկայացուցչի, այլ ակտիվիստի տպավորություն են թողնում: 

Նավասարդյանի կարծիքով՝ լրագրողները պիտակավորվում են, քանի որ այն տեղեկատվական հոսքերը, որոնք կան Հայաստանում, դրական էմոցիաներ չեն առաջացնում քաղաքացիների մոտ և նրանք հենց ԶԼՄ-ներին և լրագրողներին են մեղադրում այդ դեպքերում։ 

Փորձագետի խոսքով՝ ոլորտի բևեռացվածության հիմնական պատճառը շուկան է, որը հնարավորություն չի տալիս ԶԼՄ-ներին ֆինանսապես անկախ լինել։ Ընդգծում է՝ շուկան փոքր է, սահմանափակ է իր աշխարհագրությամբ, դա հնարավորություն չի տալիս ինքնուրույն աշխատել՝ զարգացումն ապահովելու համար։ 

«Բացի այդ, մեր կյանքում, ավանդաբար, բոլոր զարգացումների առումով առաջնային տեղերում քաղաքական ուժերն ու գործիչներն են, որոնք ծրագրում են ամեն ինչ և կապված են խոշոր բիզնեսի հետ։ Նրանք են թելադրում ամեն ինչ․ նրանք են թելադրում բարքերը, հասարակական հարաբերությունները և դա չի կարող չանդրադառնալ նաև լրատվամիջոցների գործունեության վրա»,-նշում է Նավասարդյանը և զգուշացնում, որ հասարակության դժգոհությունը լրատվամիջոցների նկատմամբ խորանալու է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ 

«Առանց դրա էլ, առճակատումը, որը գոյություն ունի մեր երկրում և տեղափոխվում է նաև առանձին համայնքներ վերջին միջադեպերից հետո, խորացնելու է բևեռացումը, որը կա, խորացնելու է նաև ագրեսիվ վերաբերմունքը լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ»,- ընդգծում է նա։

Եվգենյա Համբարձումյան