Միջուկային համաձայնագիր, Boeing-ների գնում, F-35-ի ծրագրի և պատժամիջոցների չեղարկման շուրջ առաջընթաց․ Թրամփ-Էրդողան «պատմական» հանդիպման արդյունքները

Լուրեր

06.12.2025 | 23:56
Կապարակնքել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցու դռները` Փաշինյանի այցից առաջ
06.12.2025 | 22:41
Պետք է շարունակենք մեր ծառայությունը բերել մեր ժողովրդին. Գարեգին Բ-ն` Փաշինյանի քայլերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 21:05
Գնդակները, որ մաշում են, մի խնայե՛ք, առեք, եթե հնարավոր չի, ինձ ասեք, ես կառնեմ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 19:41
ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկել է վորկաութի և առողջ ապրելակերպի խթանման ծրագիր
06.12.2025 | 19:30
Ինչ ընկերություն է «Fieldfisher LLP»-ն, որի  հետ  համագործակցում է Հայաստանի կառավարությունը TRIPP-ի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման համար
06.12.2025 | 19:00
Մեզնից շատերը լավ ապրելը քեֆերի մեջ են տեսնում, երբ շուրջը ատելություն և թշնամանք է. Սամվել Թոփալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 18:41
Տավուշի մարզի պարեկները ձկնագողության դեպք են բացահայտել. վնասի չափը՝ շուրջ 470 հազար դրամ. ՆԳՆ
06.12.2025 | 18:14
«Նոան» պարտվեց Հայաստանի առաջնության տարեվերջյան խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 18:07
Մեծ հավանականությամբ կմասնակցեմ. Քոչարյանը՝ առաջիկա ընտրությունների մասին
06.12.2025 | 17:53
Տեսեք, սա մեր լեգիտիմ սահմանն է. Փաշինյանը` Կիրանցի պատի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 17:44
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
06.12.2025 | 17:21
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.12.2025 | 17:04
«Միջանցք» եզրույթն ընդունելի չէ մեզ համար. Գրիգորյանը՝ Հաջիևի հետ քննարկմանը
06.12.2025 | 16:51
Ներկայացվել է Զբաղվածության 2025–2031 ռազմավարական ծրագիրը․ քննարկվել են առաջնահերթություններն ու իրականացման քայլերը
06.12.2025 | 16:31
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Բոլորը

ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև երկար սպասված հանդիպումը տեղի ունեցավ հինգշաբթի Սպիտակ տանը, որտեղ երկու կողմերն էլ երախտագիտություն հայտնեցին կասեցված հարցերի շուրջ համագործակցության վերականգնման կապակցությամբ, այդ թվում՝ F-35-ի վաճառքի, CAATSA պատժամիջոցների վերացման, միջուկային էներգիայի վերաբերյալ կարևորագույն համաձայնագրի, Turkish Airlines-ի համար Boeing-ի գնման և Սիրիայում զարգացումների վերաբերյալ ընդհանուր տեսլականի համար։ Սա Էրդողանի առաջին այցն էր Սպիտակ տուն վեց տարվա ընթացքում, ասվում է Turkiye today-ի անդրադարձում։

Թրամփը գովաբանել է Էրդողանին որպես «հարգված մարդ» և ազդարարել CAATSA-ի վերաբերյալ ճկունության մասին

Երկու նախագահների հանդիպումը սկսվել է Օվալաձև աշխատասենյակում՝ համատեղ մամուլի ասուլիսով։ Թրամփն իր խոսքը սկսել է՝ Էրդողանին անվանելով «շատ հարգանքի արժանացած մարդ» և ասել, որ բանակցությունները կկենտրոնանան հիմնական հարցերի վրա, այդ թվում՝ Թուրքիային F-16 և F-35 կործանիչների հնարավոր վաճառքի, ինչպես նաև տարածաշրջանային հակամարտությունների։

Նա նաև անդրադարձել է «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենքին (CAATSA), որը սահմանափակումներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ ռուսական C-400 համակարգի ձեռքբերումից հետո: Թրամփը նշել է, որ պատժամիջոցները «կարող են անմիջապես չեղարկվել, եթե հանդիպումը լավ անցնի»։

Անդրադառնալով Սիրիայի զարգացումներին՝ Թրամփը նշել է, որ ԱՄՆ պատժամիջոցները չեղարկել է Էրդողանի խնդրանքով՝ այդ քայլը որակելով որպես այն բանի ճանաչում, ինչը նա անվանել է Թուրքիայի հաղթանակ երկրում:

«Սիրիայում հաղթանակը պատկանում էր Էրդողանին, և դա հաղթանակ էր Թուրքիայի համար»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ որոշումը կայացվել է տեղում Անկարայի դերի համար։

«Մենք միասին կհաղթահարենք մարտահրավերները»․ Էրդողան

«Ես կարծում եմ, որ մենք հնարավորություն կունենանք մանրամասն քննարկելու F-35-ի և F-16-ի հարցերը, ինչպես նաև Հալքբանկի հետ կապված հարաբերությունները»,- լրագրողներին ասել է Էրդողանը։

Նա նշել է, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները «տարբեր գործընթաց» են ապրել Թրամփի նախագահության երկու ժամկետների ընթացքում․ «Մենք տարբեր գործընթաց ենք ապրում թուրք-ամերիկյան հարաբերություններում՝ պարոն Թրամփի առաջին և երկրորդ ժամկետների ընթացքում»։

Թուրքիայի նախագահը խոստացել է գործողություններ ձեռնարկել Հալքիի ճեմարանի՝ 1971 թվականից փակված հունական ուղղափառ աստվածաբանական դպրոցի վերաբացման ուղղությամբ:

«Մենք պատրաստ ենք անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է Հալքիի ճեմարանի վերաբերյալ: Երբ վերադառնամ, հնարավորություն կունենամ քննարկելու այս հարցը Բարդողոմեոս պատրիարքի հետ»,- ասել է նա։

Թրամփի հետ տարածաշրջանային համագործակցության մասին հարցին ի պատասխան՝ Էրդողանը լավատեսություն է հայտնել. «Ես սա ասում եմ, որովհետև հավատում եմ դրան: Ես հավատում եմ, որ միասին, ձեռք ձեռքի տված, մենք կհաղթահարենք տարածաշրջանում առկա այս մարտահրավերները»:

Համաձայնություն ռազմավարական միջուկային գործընկերության վերաբերյալ

Մամուլի ասուլիսից հետո երկու առաջնորդները փակ դռների հետևում սկսել են դեմ առ դեմ հանդիպումը, որը տևել է 2 ժամ 18 րոպե: Երկկողմ նիստը, որին հաջորդել է աշխատանքային ճաշը, անցկացվել է առանց լրատվամիջոցների և կենտրոնացել  քաղաքական, պաշտպանական և տնտեսական հարցերի լայն շրջանակի վրա։

Բանակցությունների ընթացքում Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ստորագրել են ռազմավարական քաղաքացիական միջուկային համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։

«Մենք սկսել ենք նոր գործընթաց, որը կխորացնի Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև միջուկային էներգիայի ոլորտում խոր արմատներ ունեցող և բազմակողմանի գործընկերությունը»,- հանդիպումից հետո նշել է Բայրաքթարը։

Չնայած Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը որևէ այլ մանրամասն չի տրամադրել՝ պաշտոնյաները նշել են, որ երկու երկրներն էլ բանակցություններ են վարում խոշոր ատոմակայանների, ինչպես նաև փոքր մոդուլային ռեակտորների կառուցման վերաբերյալ:

Թրամփնը ուղղում է Էրդողանի աթոռը

Քննարկումներից բացի՝ Սպիտակ տան ներսից լուսանկարներն ու տեսանյութերը լայն ուշադրություն են գրավել սոցիալական ցանցերում: Թրամփի կողմից Էրդողանի աթոռը քաղաքավարի կերպով ուղղելու կադրերը լայնորեն տարածվել են սոցցանցերում։

Հանդիպումից հետո  Էրդողանը վերադարձել է Բլեյր Հաուս՝ ԱՄՆ նախագահի պաշտոնական հյուրատնային նստավայր, որտեղ նա իջևանել էր նախորդ գիշերը, և ստորագրել հյուրերի գրքում։

«Հիանալի հանդիպում էր»,- լրագրողներին ասել է Թրամփը, երբ Էրդողանը լքել է Սպիտակ տունը։

Թրամփը Սպիտակ տանը բանակցություններից հետո նոր գործարքների մասին է խոսել

Էրդողանի հեռանալուց հետո Դոնալդ Թրամփը Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ բարձր է գնահատել հանդիպման ընթացքում արձանագրված առաջընթացը։ Նա բանակցությունները որակել է որպես «շատ վճռական շատ տարբեր բաների՝ այն բաների վերաբերյալ, որոնք մենք էինք ուզում, այն բաների վերաբերյալ, որոնք նա էր ուզում, և դա լավ էր»։

Նա հավելել է. «Մենք դա կհայտարարենք որոշ ժամանակ անց, և նա նույնպես հայտարարություն կանի, բայց մենք հիանալի հանդիպում ունեցանք Թուրքիայի և նրանց շատ հարգված նախագահի հետ։ Դուք իսկապես տպավորված կլինեք, երբ լսեք, թե ինչ է այսօր տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Կարծում եմ՝ դա հիանալի է երկու երկրների համար էլ»։

Թրամփը նշել է, որ հետագա հայտարարությունները կարող են ներառել նոր առևտրային գործարքներ և F-16 կործանիչների վաճառք, ինչպես նաև Թուրքիայի՝ F-35 հինգերորդ սերնդի կործանիչների ծրագրին վերադառնալու խնդրանքի շուրջ բանակցությունների շարունակություն։ Ռազմական գնումների վերաբերյալ Թրամփն ասել է, որ քննարկումները դրական են եղել։ Հարցին՝ արդյո/ք կարող է F-35-ների վերաբերյալ գործարք կնքվել, Թրամփը պատասխանել է․ «Ես հեշտությամբ կկարողանամ, եթե ցանկանամ։ Նա ինչ-որ բան  պատրաստվում է անել մեզ համար»։

ԱՄՆ դեսպան Բարաքը հանդիպումն անվանել է «պատմական»

Հանդիպումից հետո Անկարայում ԱՄՆ դեսպան, Սիրիայի հարցերով հատուկ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել է, որ Թուրքիան կենտրոնական դեր է խաղում Սիրիայում զարգացումների ձևավորման գործում և ենթադրել, որ F-35 կործանիչների ծրագրի շուրջ Վաշինգտոնի հետ երկարատև վեճը կարող է լուծվել մինչև տարեվերջ։

«Ես վերջնական պատասխանը կթողնեի ուրիշներին, բայց չեմ կարող ասել, որ շատ սխալ էի»,- ասել է նա՝ հավելելով, որ հետագա զարգացումները կարող են տեղի ունենալ Էրդողան-Թրամփ բանակցություններից անմիջապես հետո։

Սպիտակ տան դիմաց լրագրողների հետ զրույցում Բարաքը Թրամփ-Էրդողան բանակցությունները բնութագրել է որպես անսովոր կառուցողական։

«Իմ համեստ կարծիքով՝ դրանք գերազանցից էլ լավն էին։ Աշխարհի շատ տարբեր մասերից, տարբեր տեսանկյուններով երկու զարմանալի առաջնորդներ իրական հասկացողություն և հարգանք ունեին միմյանց նկատմամբ»,- ասել է նա՝ հանդիպումը անվանելով «պատմական»։

F-35-ը, CAATSA-ն և Սիրիան գերիշխել են Թրամփ-Էրդողան օրակարգում

Բարաքն ընդգծել է տարածաշրջանային անորոշության շրջանում բոլոր կողմերի հետ համագործակցության կարևորությունը: Նա ասել է, որ Թուրքիան վճռական է՝ կենտրոնանալու ապագայի վրա, և նշել Անկարայի դերը Վաշինգտոնին համոզելու հարցում՝ մեղմացնելու Սիրիայի կառավարության նկատմամբ որոշակի պատժամիջոցներ: Բարաքը հավելել է, որ Սիրիայում ցանկացած անցումային գործընթաց կպահանջի սահմանադրական բարեփոխումներ, ռեսուրսներ և երաշխիքներ քրիստոնյա փոքրամասնությունների համար, միաժամանակ, անդրադառնալով Թուրքիայի մտահոգություններին քրդական SDF-ի  վերաբերյալ:

Նա նաև վերահաստատել է Սիրիայի տարածքային ամբողջականությանն աջակցությունը՝ ընդգծելով, որ կրոնական կամ էթնիկ բաժանումների վրա հիմնված պառակտված համակարգերը ձախողվել են այլուր՝ որպես օրինակ բերելով Լիբանանը և Իրաքը։

Բարաքը հայտնել է, որ քննարկումները շոշափել են նաև C-400 համակարգերը, F-35 և F-16 կործանիչների ծրագրերը, պետական ​​Halkbank-ի հետ կապված ԱՄՆ-ի դատական ​​գործը և Boeing ինքնաթիռների վաճառքի սպասվող գործարքը։

«Սա Վաշինգտոնն է, «արագ» բառ գոյություն չունի»,- ասել է նա՝ մատնանշելով այնպիսի օրենքներ, ինչպիսիք են «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենքը (CAATSA) և «Ազգային պաշտպանության լիազորման մասին» օրենքը (NDAA), որոնք պահանջում են համակարգում Կոնգրեսի և նախագահի միջև: Այնուամենայնիվ, նա ենթադրել է, որ առաջընթաց է գրանցվում, և հնարավոր է առաջընթաց։

Turkish Airlines-ի և Boeing-ի գործարքը 

Գազայի վերաբերյալ Բարաքը շեշտել է բռնության դադարեցման անհրաժեշտությունը:

«Գազան պետք է ավարտվի… Մինչև Գազայի ավարտը՝ բոլորը շփոթված են», – լրագրողներին ասել է նա՝ հավելելով, որ երկու առաջնորդներն էլ համակարծիք են սպանությունները դադարեցնելու անհրաժեշտության հարցում:

Բարաքը նաև հաստատել է, որ Turkish Airlines-ի կողմից Boeing ինքնաթիռների գնումն «ավարտված է»՝ առանց լրացուցիչ մանրամասներ տրամադրելու։

Թուրքական ավիափոխադրողն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ Boeing-ի հետ քննարկումները դեռ շարունակվում են:

«Սա այն հարցն է, որը մենք Boeing-ի հետ քննարկում ենք երկար ժամանակ, բայց դեռևս վերջնական որոշում չի կայացվել»,- ասել էր հաղորդակցության գծով ավագ փոխնախագահ Յահյա Ուստունը։

Boeing-ը և Turkish Airlines-ն անցյալ տարի արդեն պայմանագիր էին կնքել չորս 777 բեռնատար ինքնաթիռների համար, որոնք նպատակ ունեին ընդլայնել ավիաընկերության գլոբալ բեռնափոխադրումների գործունեությունը: Մեկ այլ թուրքական ավիափոխադրող՝ Pegasus Airlines-ը, անցյալ տարի նույնպես պատվիրել էր 200 Boeing ինքնաթիռ:

Ըստ այլ լրատվամիջոցների՝ թուրքական ընկերությունն ուրբաթ հայտարարել է մինչև 225 Boeing ինքնաթիռ գնելու գործարքի մասին։ Պատվերը ներառում է 150 հաստատված ինքնաթիռ, որոնք պետք է մատակարարվեն 2029-2034 թվականների միջև ընկած ժամանակահատվածում՝ ևս 75-ի ձեռքբերման հնարավորությամբ։ Գործարքի արժեքի մասին ոչինչ չի նշվում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի