Վրիպում, թե համակարգային խնդիր. պայմանագրեր՝ Իջևանի ավագանու հետ փոխկապակցված ընկերությունների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին:
02.11.2026 | 19:12
Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ Patriot համակարգերի հրթիռների դիմաց․ Զելենսկի
02.11.2026 | 19:00
Քրեական հանցագործություն է կատարվել․ սպառնացել են՝ մեզ ստիպելու, որ չառաջադրվենք Իջևանի ընտրություններում․ Լևոն Վարդապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 18:49
36 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում
02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իջևանի համայնքապետարանը 2022-2024 թվականներին ավելի քան 275 մլն դրամի 17 պայմանագիր է կնքել ավագանու անդամներին փոխկապակցված ընկերությունների հետ։ Այս ամենը պարզել է Infocom-ը։ Ըստ լրատվամիջոցի ուսումնասիրության՝ համայնքապետարանը 193 մլն դրամի պայմանագիր է կնքել «Արտարս» ընկերության հետ, որի սեփականատերն ու տնօրենը Արթուր Աթաբեկյանն է՝ համայնքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Խաչատուր Աթաբեկյանի հայրը։

Ըստ Infocom-ի՝ 2022-2023 թվականներին ընկերությունը համայնքապետարանի հետ երեք պայմանագիր է կնքել, որnնցով Բերքաբեր բնակավայրում 8 մլն  դրամով իրականացրել է խաղահրապարակի բարեկարգում և հանդերձարանի նորոգում, Սարիգյուղում՝ 99 մլն դրամով ջրամատակարարման համակարգի արդիականացման աշխատանքներ, համայնքներից մեկում էլ 40 մլն դրամով պուրակի վերանորոգում է կատարել։ 2024 թվականին կնքված պայմանագրով էլ «Արտարս» և «Արտ Պլաս» ընկերությունների կոնսորցիումը Ծաղկավան բնակավայրում կատարել է ավելի քան 46 մլն դրամի սալարկման աշխատանքներ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Խաչատուր Աթաբեկյանի պնդմամբ՝ իր հոր ընկերությունը շահել է մրցակցային պայմաններում՝ առաջարկելով ցածր գներ: Թեև Աթաբեկյանը զրույցում նշել է, որ հոր հետ չի բնակվում, սակայն, ըստ ընտրողների ռեգիստրի, հայրն իր հետ նույն հասցեում է հաշվառված։ 

Այս պարագայում ավագանու անդամը, համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի, պետք է հայտարարագրեր իր հոր մասնակցությունը առևտրային կազմակերպություններում և ներկայացվածությունը դրանց կառավարման մարմիններում։ Խաչատուր Աթաբեկյանը նաև պետք է հայտարարագրեր այդ ընկերության՝ համայնքային գնումների այն բոլոր պայմանագրերը, որոնց գինը գերազանցում է 5 մլն դրամը։ Այս տվյալները չկան Աթաբեկյանի 2021, 2022, 2023 թվականների հայտարարագրերում։ Արդեն 2024 թվականի հայտարարագրում ավագանու անդամը տվյալներ է ներառել ընտանիքի անդամներին պատկանող ընկերությունների և համայնքային գնումներին «Արտարսի» մասնակցության մասին։ 

Խաչատուր Աթաբեկյանն ավագանու միակ անդամը չէ, որին փոխկապակցված ընկերությունների հետ համայնքապետարանը պայմանագրեր է կնքել։ Infocom-ը պարզել է համայնքապետարանում շահերի բախման ևս մեկ դեպք: 2024 թվականի հուլիսին Իջևանի համայնքապետարանն ավելի քան 72 մլն դրամի պայմանագիր է կնքել «Խաչմիշշին» ընկերության հետ։ Այն հիմնադրել է համայնքում կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Խաչատուր Համզյանի հայրը՝ Միշա Համզյանը։ Ընկերությունը սալարկել է համայնքի փողոցներից մեկը։ Համայնքապետարանը պայմանագրեր է կնքել Համզյանին առնչվող այլ ընկերությունների հետ ևս։  

Խնդիրն այն է, որ ավագանու անդամ Խաչատուր Համզյանը համայնքապետ Արթուր Ճաղարյանի հետ ավագանու նույն խմբակցությունից են, այսինքն՝ ունեն քաղաքական հարաբերություն։ Հետևաբար, որպես պատվիրատուի ղեկավար՝ համայնքապետն ավագանու անդամի տնօրինած ընկերությունների հետ պայմանագիր կնքելու վերաբերյալ պարտավոր էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել գրավոր հայտարարություն։ 

Factor TV-ին Իջևանի համայնքապետից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց․ մեր այցելության օրը Ճաղարյանն արձակուրդում էր, համայնքապետարանն էլ խուսափեց գնման պայմանագրերում շահերի բախման իրավիճակի մասով մեկնաբանություն տալ։ Ավելի ուշ խոսեցինք համայնքապետարանի իրավախորհրդատու Սուսաննա Սիրադեղյանի հետ, որն ասաց, թե պայմանագրերի կնքման գործընթացում շահերի բախման մասին ԿԿՀ հայտարարություն չներկայացնելը վրիպակ է եղել։ 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրել է լրատվամիջոցի հրապարակումը, որի շրջանակում համայնքապետը դիրքորոշում է ներկայացրել։ ԿԿՀ ներկայացրած պատասխանում Արթուր Ճաղարյանը նշել է, թե իր կնքած պայմանագրերը թեև կարող էին հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման, իրականում նման հետևանքներ չեն առաջացրել։ Համայնքապետն ընդունել է, որ պարտավոր էր հետևել շահերի բախման կարգավորումների պահպանմանը և գրավոր հայտարարություն ներկայացնել հանձնաժողովին, սակայն, ըստ Ճաղարյանի, վրիպել է և դիտավորություն չի հետապնդել։  Նա Հանձնաժողովին խնդրել է վարչական վարույթով պատասխանատվության չենթարկել իրեն։ 

Հանձնաժողովն արձանագրել է, որ Ճաղարյանը իր լիազորությունների շրջանակում կատարել է գործողություն, որն առերևույթ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման։

Ըստ ԿԿՀ-ի՝ Արթուր Ճաղարյանի կողմից արված արարքը հանգեցնում է օրենքով պահպանվող շահերի, սույն դեպքում՝ Հանրային ծառայության մասին օրենքով ամրագրված՝ շահերի բախմանը վերաբերելի իրավահարաբերությունների բուն էության խաթարման՝  հաշվի առնելով այն հանգամանքը, որ գնման պայմանագրերի կնքմամբ, պաշտոնատար անձը մինչև ԿԿՀ առաջարկությունը ստանալը, ըստ էության, ձեռնպահ չի մնացել գործողություն կատարելուց։

Ավագանու կառավարող խմբակցության մեկ այլ անդամի` Նաիրի Ջանվելյանի ԱՁ-ն էլ 2024 թվականի տարեվերջին 980 հազար դրամով հուշատախտակի և անվանական ծառերի տեղադրման աշխատանք է կատարել։ Իջևանցիների շրջանում անցկացված հարցմամբ արձանագրեցինք, որ բնակիչների մի զգալի մասը տեղյակ չէ գնումների գործընթացից։ Նրանք համայնքային գնումների թափանցիկության վերաբերյալ ունեն ցածր տեղեկացվածություն և թերահավատություն համայնքապետարանի աշխատանքի նկատմամբ։ 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական տույժի է ենթարկել Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանին՝ հիմք ընդունելով շահերի բախման դեպքերի վերաբերյալ Infocom-ի հրապարակումը։ Համայնքի ղեկավարը տուգանվել է 300 հազար դրամով։  

Անի Թամրազյան