Ինչ է փոխվել Ծաղկաձորում ողբերգական վթարից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Ծաղկաձորում քվադրոցիկլների հետ կապված ողբերգությունից շուրջ 4 ամիս է անցել․ ի՞նչ է փոխվել այս ընթացքում։ Այս հարցի պատասխանը ստանալու համար Factor TV-ի նկարահանող խումբը Ծաղկաձորում էր։ Քաղաքում երթևեկող քվադրոցիկլներ չնկատեցինք, բայց Կեչառիս վանքի հարևանությամբ երկու քառանիվ տեսանք քարշակի վրա։ Վանական համալիրի ավտոկայանման տեսուչից փորձեցինք հասկանալ՝ ո՞ւմ են պատկանում և որտե՞ղ են շահագործվում։

Տեսուչի հետ զրույցից հետո երկու երիտասարդներ մոտեցան՝ հարցով, թե ինչու ենք նկարահանում քվադրոցիկլները։ Իմանալով, որ ԶԼՄ ներկայացուցիչներ ենք, հորդորեցին անջատել տեսախցիկն ու չնկարահանել։ Միայն ասացին՝ իրավունք ունեն քվադրոցիկլն այդտեղ կայանելու։ Հարցին՝ ո՞վ է տվել այդ իրավունքը, նրանցից մեկը պատասխանեց՝ մենք։

Մայիսին երկու անչափահասի կյանք խլած վթարից հետո տեղեկություններ տարածվեցին, որ վթարված քառանիվը երթևեկության մասնակից չէր կարող լինել, քանի որ համարանիշ չուներ, իսկ վարորդը՝ այն վարելու իրավունք։ Սակայն ՆԳՆ պաշտոնյան տեսանյութի ու տվյալ մոդելի ուսումնասիրությունից հետո ասաց՝ տվյալ բագիի դեպքում գրանցումն ու վարորդական վկայականը պարտադիր չեն։ Ստացվում է՝ բագին քաղաքի փողոցներով չէր կարելի վարել։

Կեչառիս վանքի հարևանությամբ կայանված քառանիվները շահագործողները պնդեցին՝ իրենց երկտեղանոց քվադրոցիկլների դեպքում էլ համարանիշ ու վարորդական վկայական պարտադիր չէ։ Ավտոկայանման տեսուչն ասաց՝ ճոպանուղու մոտակայքում էլ քվադրոցիկլներ կան կայանված։ Դեպի «Էյթի էյթ» հյուրանոց տանող ճանապարհատվածի աջ մասում կայանված էին մի քանի քվադրոցիկլներ․ այդտեղ հանդիպեցինք մի երիտասարդի, որը ներկայացավ որպես սեփականատեր ու վստահեցրեց՝ շահագործում են միայն սարերում։

Երիտասարդն ասաց՝ վարորդական վկայական ունի, բայց իր քվադրոցիկլը տրանսպորտային միջոց չի համարվում և պարտադիր չէ գրանցում ու հաշվառում ունենալ։ Նաև ասաց՝ մեկ ուրիշի չի վստահում իր քվադրոցիկլը, վարում է միայն ինքը՝ պահպանելով անվտանգության կանոններն ու մշտապես սաղավարտ է կրում։

Ծաղկաձորի բնակիչները պատմեցին, որ գիշերային ժամերին քաղաքում կարող ենք տեսնել քվադրոցիկլներ, որոնք, նրանց խոսքով, շահագործվում են Ծաղկաձորի բարձունքում գործող «էյթի էյթի» հյուրանոցի աշխատակիցների կողմից կամ նրանց թույլտվությամբ։ Իրավաբանական անձանց պետռեգիստրից տեղեկանում ենք՝ համանուն ՍՊԸ-ն պատկանում է գործարար Նարեկ Նալբանդյանին․ ընկերությունը հիմնադրվել է 2023 թվականի սեպտեմբերին։ «Էյթի էյթի» հյուրանոցը նախկին «Գոլդեն Փելիս»-ն է, որը գործող իշխանության օրոք հայտնի դարձած գործարարը տարիներ առաջ գնել էր արտոնյալ պայմաններով։ Բնակիչների խոսքով՝ այդ տարածքն էլ, որտեղ կայանում են քվադրոցիկլները, վարձակալել է հենց «Էյթի էյթ» հյուրանոցի սեփականատերը։

Փողոցներում հարցախույզի ընթացքում բնակիչների մեծ մասը պնդեց՝ դեպքից հետո քվադրոցիկլներ չեն տեսել, թեև ոմանք հաստատեցին, որ դրանց դեռ կարելի է հանդիպել։

Մայիսի 24-ին Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի մի խումբ աշակերտներ Ծաղկաձոր էին մեկնել, 4 աղջիկներ Կեչառիս համալիրի մոտից բագի էին վարձակալել, այն վարել էր 19-ամյա երիտասարդ։ Վթարը վանքից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա էր եղել․ 4 աղջիկներ վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել, երկուսը, գիտակցության չգալով, մահացել էին։ Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն էր պատմել՝ մեքենան արագության տակ բախվել է պատնեշին, աղջիկները դուրս են թռել մեքենայից:  Ըստ Շամշյանի՝ ուղևորներն ամրակապված չեն եղել։ Բացի այդ՝ 4 տեղանոց բագիի մեջ 5 անձ է եղել։

Ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջները կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հոդվածով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Վարորդը կալանավորվել էր, ապա խափանման միջոցը փոխվել էր տնային կալանքի։ Քննչական կոմիտեից տեղեկացանք՝ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց երկարացնելու վերաբերյալ, բայց դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Այս որոշման դեմ բողոք են ներկայացրել թե՛ Դատախազությունը, թե՛ տուժող կողմը․ Վերաքննիչ քրեական դատարանը, սակայն, վարույթ չի ընդունել տուժողների բողոքը, իսկ Դատախազության բողոքը քննել ու մերժել է։ Այսինքն՝ 19-ամյա վարորդը, որը եղել է սթափ, բայց իրավունք չի ունեցել բագին շահագործել ճանապարհին, այժմ տնային կալանքի տակ է։

Այսպիսով՝ երկու անչափահաս աղջիկների կյանք խլած վթարից հետո էլ Ծաղկաձորում կարելի է հանդիպել քվադրոցիկլների:  Պարզապես հիմա դրանք կայանվում են կենտրոնական փողոցներում քարշակների վրա,  դուրս բերվելով քաղաքից՝ երթևեկում սարերում, բայց ոչ միշտ․ Ներքին գործերի նախարարությունից ենք տեղեկանում՝ այս տարվա հունվարի 1-ից սեպտեմբերի 17-ը Կոտայքի մարզում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհով քվադրոցիկլ վարելու համար 14 արձանագրություն է կազմվել, իսկ 2 դեպքում վարորդը չի ունեցել տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան