Փաշինյանն Օսակայում այցելել է Expo 2025 համաշխարհային ցուցահանդես, ներկա գտնվել Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառմանը

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Օսակայում այցելել է Expo 2025 համաշխարհային ցուցահանդես, որի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառումը:

Վարչապետը ցուցահանդեսի կազմակերպիչների ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել ցուցահանդեսի տաղավարներում, այնուհետև պատվավոր հյուրերի հուշամատյանում կատարել գրառում: Հաջորդիվ տեղի է ունեցել ճապոնական թեյի ավանդական հյուրասիրություն, որին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայկական պատվիրակության անդամներն ու Ճապոնիայի արտաքին գործերի խորհրդարանական նախարարի տեղակալ Հիսաշի Մատսումոտոն:

Վարչապետ Փաշինյանն այցելել է ցուցահանդեսում բացված հայկական տաղավար: «Այսօրվա և վաղվա սյուները» խորագրով հայկական տաղավարը ներկայացնում է Հայաստանի առաջատար նորարարական ծրագրերը, մշակութային ժառանգությունը, ներդրումային հնարավորությունները, առաջադեմ կրթական նախաձեռնությունները: Պատասխանատուները նշել են, որ հայկական տաղավար այցելուների թիվը ցուցահանդեսի մեկնարկից ի վեր գերազանցել է մեկ միլիոնը:

Այնուհետև կայացել է Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառման բացման արարողությունը: Նախ՝ հնչել են Հայաստանի և Ճապոնիայի ազգային օրհներգերը, որից հետո ելույթներով հանդես են եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Համաշխարհային ցուցահանդեսի գլխավոր հանձնակատարի տեղակալ Շիգետոշի Իկեյաման:

Իր ելույթում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Հարգելի՛ հանձնակատարի տեղակալ պարոն Իկեյամա,
Հարգարժա՛ն հյուրեր, այցելուներ,

Ուրախ եմ այսօր ձեզ ողջունել «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառմանը։

Նախ և առաջ թույլ տվեք շնորհավորել բարեկամ Ճապոնիային այս տարի Օսակայում աշխարհի խոշորագույն տնտեսական իրադարձության՝ «ԷՔՍՊՈ 2025» համաշխարհային ցուցահանդեսի հյուրընկալման և հաջող անցկացման առիթով։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր ճապոնացի գործընկերներին ցուցաբերած աջակցության և ջերմ ընդունելության համար:

Ինչպես գիտեք, Համաշխարհային ցուցահանդեսը մեկ դարից ավելի կարևոր հարթակ է հանդիսանում ամենատարբեր ոլորտներում մարդկության նորագույն ձեռքբերումները և նորարարությունները ներկայացնելու համար: Հայաստանն արդեն 5-րդ անգամ է մաս դառնում այս կարևոր իրադարձությանը, և մեզ համար, իսկապես, մեծ պատիվ է մասնակցել Համաշխարհային ցուցահանդեսին այստեղ՝ Օսակայում, որը լավ հնարավորություն է միմյանց հաղորդակից դարձնելու տնտեսության, տեխնոլոգիաների, առողջապահության, արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում աշխարհում տեղի ունեցող զարգացումներին և նորարարություններին։

Հարգելի՛ բարեկամներ,

Մենք ժամանել ենք Օսակա՝ կիսվելու մեր հարուստ պատմության և մշակույթի վրա հիմնված ներկայիս Հայաստանի ձեռքբերումներով և տնտեսական ու տեխնոլոգիական առաջընթացի ու նորարարական կրթության փիլիսոփայության վրա հիմնված խաղաղ և բարեկեցիկ ապագայի տեսլականով։

«Այսօրվա և վաղվա սյուները» խորագիրը կրող Հայաստանի տաղավարում սյուներից չորսը խորհրդանշում են Հայաստանի «այսօրը»` պատմությունը, մշակույթը, նորարարությունը և տարածաշրջանային հնարավորությունները։ Հայաստանի ապագան խորհրդանշող մյուս չորս սյուները ներկայացնում են տեխնոլոգիական, նորարարական կրթության փիլիսոփայությունը, Հայաստանի տեսլականն ուսուցման և կրթության ապագայի վերաբերյալ, ինչի համատեքստում ներկայացվում են հայկական՝ ապագային միտված կրթական նախաձեռնությունները՝ Թումոն, ՔՈԱՖ-ը, Արմաթը, Հայաստանի կողմից առաջ քաշված նոր նախագծերը՝ «Ակադեմիական քաղաք»-ը, «Ինժեներական քաղաք»-ը:

Այս համատեքստում հպարտությամբ եմ նշում, որ ընթացիկ տարվա հունիսի 1-ին Ճապոնիայում պաշտոնապես բացվեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Գունմա մասնաճյուղը, որը հասանելի կլինի պրեֆեկտուրայի համայնքներում բնակվող 1500 պատանիների համար։ Թումոյի յուրահատուկ հեղինակային կրթական մոդելով այստեղ կդասավանդվեն ծրագրավորում, անիմացիա, ֆիլմերի ստեղծում, խաղերի ստեղծում, 3D մոդելավորում, նկարչություն և շարժական գրաֆիկա ոլորտները։

Հարգելի՛ ներկաներ,

Մասնակցությունն Օսակայում ընթացող տնտեսական աշխարհի այս խոշորագույն միջոցառմանը բացառիկ հնարավորություն է ընձեռում ոչ միայն ճապոնացի ժողովրդին, այլև աշխարհին ներկայացնելու Հայաստանի տնտեսական, մշակութային, տեխնոլոգիական, կրթական և զբոսաշրջային գրավչությունը՝ նոր հեռանկարներ ստեղծելով այդ ոլորտներում համագործակցության հետագա զարգացման և խորացման համար:

Տաղավարում առանձնակի ուշադրություն է հատկացված նաև Հայաստանի ապագային միտված խաղաղության տեսլականին` «Խաղաղության խաչմերուկ»-ի իրագործմանը, որը մենք տեսնում ենք ինչպես մի իրավիճակ, երբ երկրներն ապրում են բաց սահմաններով, կապված են ակտիվ տնտեսական, քաղաքական և մշակութային կապերով և բոլոր հարցերը դիվանագիտության և երկխոսության միջոցով լուծելու հանձնառությամբ։

Մեկ անգամ ևս ողջունելով բոլոր ներկաներին՝ ցանկանում եմ հրավիրել բոլորին այցելելու Հայաստանի տաղավար՝ հաղորդակից լինելու դեպի բարեկեցիկ և խաղաղ ապագա տանող Հայաստանի տեսլականին:

Շնորհակալություն»:

EXPO 2025 ցուցահանդեսի շրջանակում հայկական տաղավարը գործելու է մինչև հոկտեմբերի 13-ը: