Համաձայնագիրը կարող է հեշտությամբ հանգեցնել պատերազմի․ Լեմկինի ինստիտուտը մտահոգված է Վաշինգտոնում ստորագրված հռչակագրից
Քաղաքականություն
03.09.2025 | 11:15
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման և մարդկային անվտանգության ինստիտուտն աճող հիասթափություն և շարունակական մտահոգություն է հայտնում Հարավային Կովկասի տարածաշրջանում հայերի դեմ ցեղասպանության սպառնալիքի վերաբերյալ՝ այն բանից հետո, երբ ամբողջ աշխարհում Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններն անվերապահորեն ներկայացվում են որպես «խաղաղության համաձայնագիր» Հայաստանի և Ադրբեջանի միջև։
«Թեև մենք ողջունում ենք տարածաշրջանում զինված հակամարտության վերսկսման ռիսկը նվազեցնող ցանկացած դիվանագիտական քայլ, այդ քայլերը պետք է լինեն իրական և ունենան արդար ու կայուն խաղաղության հասնելու հեռանկար»,- ասվում է Լեմկինի ինստիտուտի հայտարարության մեջ։
Նշվում է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կնքված համատեղ հռչակագրի նկատմամբ լրատվամիջոցների և դիվանագիտական ներկայիս արձագանքը խաղաղության վաղաժամ տոնակատարություն է, մինչդեռ վերջին շրջանում Ադրբեջանի զանգվածային վայրագությունները և շարունակական ագրեսիան մնում են անպատասխան։ Ավելին, հայտարարված համաձայնագիրը կարող է հեշտությամբ հանգեցնել նոր պատերազմի և ավերածությունների ու հիմք դնել Ադրբեջանի կողմից հայերի դեմ հետագա ցեղասպանական գործողությունների համար։
Ընդգծվում է, որ հայկական ինքնիշխանությունը պաշտպանելու կոնկրետ մեխանիզմները պետք է ներառվեն համաձայնագրի տեքստում և դրսևորվեն նյութական աշխարհում՝ նախքան այս խաղաղության համաձայնագիրը կարողանա իսկապես երաշխավորել խաղաղությունը:
Հայտարարության մեջ նշվում է, որ Լեմկինի ինստիտուտը և այլ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ բազմիցս զգուշացրել են՝ Ադրբեջանը ցեղասպան պետություն է, որը 2020-2023 թվականներին ցեղասպանություն է իրականացրել Արցախի (Լեռնային Ղարաբաղ) հայերի նկատմամբ՝ կիրառելով սպանությունների, շրջափակման, սովի, հարկադիր տեղահանության և մշակութային ոչնչացման քաղաքականություն։ 2023 թվականի սեպտեմբերին այն ընդամենը մի քանի օրվա ընթացքում ոչնչացրել է ավելի քան 3000-ամյա արցախյան հայ համայնքի ամբողջությունը։
«Ադրբեջանի դաժան ռազմական հարձակումները հայերի վրա, որոնք ներառել են ԻԼԻՊ-ի ոճով գլխատումներ, դաժան խոշտանգումներ և ցեղասպանական նվաստացումներ, որոնք բոլորը գովաբանվել են սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում, աջակցվել են Թուրքիայի կողմից, որը երբեք պատասխանատվություն չի կրել Առաջին համաշխարհային պատերազմում հայերի դեմ իրականացված ցեղասպանության համար, և ցեղասպանական Իսրայել պետության կողմից, որն օգտագործում է Ադրբեջանը նավթի, Մերձավոր Արևելքում դիվանագիտական քողարկման և իր թշնամի Իրանի դեմ ռազմական գործողությունների համար»,- ասվում է հայտարարությունում։
Ըստ ինստիտուտի՝ Ադրբեջանի հետ ցանկացած գործարք, որը չի լուծում այս ակնհայտ ցեղասպանական սպառնալիքները, ի վերջո, կհանգեցնի դրանց իրականացմանը։ Ամենավատ դեպքում Հայաստանը «կարող է դադարել գոյություն ունենալ որպես ինքնիշխան պետություն», մտահոգություն է հայտնում ինստիտուտը։
Հիշեցվում է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Սպիտակ տանը, որտեղ ստորագրել են համատեղ հռչակագիր և, առանց պաշտոնապես ստորագրելու, նախաձեռնել Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։ Հանդիպումը կազմակերպվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ։ Իր ներկայիս տեսքով՝ համաձայնագիրը պարտադիր խաղաղության պայմանագիր չէ, այլ նախնական հուշագիր, որն ուրվագծում է մտադրությունները և ներկայացվում է, թե ինչ է ենթադրում փաստաթուղթը։
Ինստիտուտը նշում է, որ համաձայնագրում չեն քննարկվում «Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիևի բռնապետության շարունակական ցեղասպանական բնույթը, Ադրբեջանի կողմից հայկական տարածքների շարունակական օկուպացիան, հայկական մշակութային ժառանգության ճակատագիրը, Արցախի/ԼՂՀ կարգավիճակը, Արցախից/Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի իրավունքները, ադրբեջանական բանտերում գտնվող հայ ռազմագերիների և Արցախի նախկին քաղաքական ղեկավարության ճակատագիրը կամ անցյալում մարդու իրավունքների խախտումները լուծելու մեխանիզմները»։
Շեշտվում է, որ համատեղ հռչակագիրն ուղղակիորեն խաթարում է անցյալում մարդու իրավունքների խախտումները լուծելու ջանքերը՝ ստիպելով Հայաստանին հետ վերցնել իր ներկայիս դատական գործերը Ադրբեջանի դեմ միջազգային դատարաններում: Ներկայում և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը քննության տակ ունեն դատական գործեր Արդարադատության միջազգային դատարանում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին ներկայացված Հայաստանի դատական գործը մեղադրում էր Ադրբեջանին Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի (ICERD) խախտման մեջ։ Ի պատասխան հայկական գործի՝ Ադրբեջանը 2021 թվականի սեպտեմբերի 23-ին ներկայացրել է իր սեփական հայցը Արդարադատության միջազգային դատարան։
Ըստ ինստիտուտի՝ այս դատական գործերը կարևոր են տարածաշրջանում խաղաղության համար։
«Հայաստանը՝ որպես ադրբեջանական ագրեսիայի և ատելության զոհ, շատ ավելի ամուր իրավական դիրքում է։ Ահա թե ինչու Ադրբեջանն այդքան ձգտում էր ապահովել, որ գործերը կարճվեն այս «խաղաղության» համաձայնագրի շրջանակում։ Եթե Հայաստանը հետ վերցնի իր դատական հայցերն Ադրբեջանի հետ միասին, դա նաև կնշանակի Ադրբեջանին Արցախի հայերի ցեղասպանության համար պատասխանատվության ենթարկելու և 2023 թվականին իրենց հայրենիքից վտարված ավելի քան 100,000 արցախահայերի համար արդարություն փնտրելու ջանքերի ավարտ։ Արդարադատության մեխանիզմը, որը կարող է բավարարել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի պահանջները, կարևոր է երկարաժամկետ խաղաղության համար։ Թրամփի վարչակազմի կողմից առաջարկվող ցանկացած խաղաղության համաձայնագիր պետք է ներառի ճշմարտության և հաշտեցման մեխանիզմի պլանավորում»,- ասվում է հայտարարությունում։
Նշվում է, որ «Ադրբեջանի համար խաղաղության համաձայնագիրը ծառայում է որպես իր ծավալապաշտական և հակաթուրքական օրակարգն առաջ մղելու գործիք, այլ ոչ թե որպես հաշտեցման իրական ուղի։ Օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համար քարոզարշավ իրականացնելով՝ Ադրբեջանը ձգտում է ամրապնդել և նորմալացնել Արցախում/Լեռնային Ղարաբաղում իր ցեղասպանության արդյունքը»։
Ավելին, պահանջելով կասեցնել ԱՄՆ-ի «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բաժինը, որը նախկինում ԱՄՆ-ին արգելում էր օգնություն ցուցաբերել Ադրբեջանին՝ որպես մարդու իրավունքների կոպիտ խախտող, Ադրբեջանն ապահովել է Միացյալ Նահանգներից ուղղակի օգնության հոսքը, այդ թվում՝ ուղղակի ռազմական օգնությունը։
Ինստիտուտը հիշեցնում է, որ Թրամփի վարչակազմի խաղաղության բանակցություններում Ադրբեջանի ռազմավարությունը հիմնված է հայերի դեմ ագրեսիայի պատմության վրա։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարություններ է արել՝ մերժելով Հայաստանի գոյության իրավունքը, այն անվանելով «ֆաշիստական պետություն» և պնդելով, որ Հայաստանի ամբողջ տարածքը պատկանում է Ադրբեջանին՝ հայերի դեմ ցեղասպանական հռետորաբանություն օգտագործելով։ Դժվար է պատկերացնել, թե ինչու պետք է այս խաղաղության համաձայնագիրը տարբեր լինի։
Ադրբեջանն արդեն իսկ ցույց է տվել իր մտադրությունը՝ օգտագործելու գործարքը հայկական պետությունը թուլացնելու և հայկական ինքնիշխանությունը թիրախավորելու համար: Օրինակ՝ Ալիևը պահանջում է, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը՝ պնդելով, որ նախաբանը տարածքային պահանջներ է ներկայացնում։
ՀՀ Սահմանադրական դատարանն արդեն որոշել է, որ միայն ՀՀ Սահմանադրության հստակ բովանդակությունն է ուժ կրում, և Արցախը Սահմանադրության տեքստում չի հիշատակվում: Նշվում է, որ Հայաստանից սահմանադրական փոփոխությունների պահանջը որպես Ադրբեջանի կողմից առաջարկվող խաղաղության համաձայնագրի ստորագրման պահանջ հավասարազոր է Հայաստանի ներքին գործերին միջամտելուն, որը ծանր քաղաքական բեռ է դնում Փաշինյանի կառավարության վրա, որը ժողովրդական չէ երկրի ներսում, հետևաբար, դժվար կլինի երկիրը տանել սահմանադրական բարեփոխումների գործընթացով։ Ադրբեջանի պահանջն անորոշ ժամանակով ձգձգում է խաղաղության գործընթացը, քանի որ պարզ չէ, թե երբ կարող է սահմանադրական հանրաքվե տեղի ունենալ Հայաստանում: Փաշինյանի կառավարությունն արդեն կոչ է արել սահմանադրական բարեփոխումների, սակայն նման գործընթացը ժամանակ կպահանջի։
Ինստիտուտը շեշտում է, որ Հայաստանը երկկողմ համաձայնագիր է ստորագրել Թրամփի վարչակազմի հետ նախատեսվող միջանցքի վերաբերյալ, և ԱՄՆ-ն ակնհայտորեն կշահի այս համաձայնագրից: Ոչինչ չպետք է խանգարի Հայաստանին հրապարակայնորեն ներկայացնել իր սեփական պահանջները հիմա։ Կարևոր հարցերը, այդ թվում՝ ռազմագերիների և քաղաքական կալանավորների անհապաղ և անվերապահ վերադարձը, 2020 և 2023 թվականներին Ադրբեջանի հարձակումների հետևանքով պատճառված հսկայական մարդկային, տարածքային և նյութական կորուստների փոխհատուցումը, հայերի վերադարձը Արցախ, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության և ավերված պատմական վայրերի անհապաղ պաշտպանությունն ու վերականգնումը պետք է լինեն բանակցային սեղանին։
Անդրադարձ է կատարվում նաև նրան, որ խաղաղության համաձայնագիրը կվերացնի երրորդ կողմի զորքերի տեղակայումը փոխադարձ սահմանների երկայնքով (հոդված VII), ինչը կվնասի Հայաստանի շահերին և կաշխատի Ադրբեջանի օգտին։ Այս դրույթը, ենթադրաբար, կառնչվի Ռուսաստանի ուժերին Հայաստանի և Իրանի սահմանի երկայնքով, ինչպես նաև ԵՄ դիտորդական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում։ Ընդգծվում է, որ 2023 թվականից գործող ԵՄ առաքելությունը կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի պահպանման և քաղաքացիական բնակչության կյանքի պաշտպանության գործում: Ըստ ինստիտուտի՝ առաքելության դուրսբերումը ևս մեկ զիջում է, որը կթուլացնի Հայաստանի անվտանգության դիրքերը՝ փոխարենը քիչ բան առաջարկելով:
Հայտարարության մեջ ասվում է նաև, թե Հայաստանի անվտանգության արմատական վերակողմնորոշումը դեպի ԱՄՆ, ինչպես նախատեսված է խաղաղության համաձայնագրով, ինքնին խնդրահարույց է։ Չնայած պայմանագրի ազդեցությունը նվազագույնի հասցնելու դիվանագիտական ջանքերին՝ այն սպառնում է Ռուսաստանի և Իրանի շահերին։ ԱՄՆ շահերը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից անվանված «Զանգեզուրի միջանցքում», որը խաղաղության համաձայնագրով կվերանվանվի «Թրամփի երթուղի» (TRIPP), և՛ տնտեսական, և՛ ռազմավարական են: ԱՄՆ-ը երկարաժամկետ շահագրգռվածություն ունի Կենտրոնական Ասիայում՝ ապահովելով, որ ոչ մի մրցակցող մեծ տերություն չստանա տարածաշրջանի վերահսկողությունը։
Ըստ ինստտուտի՝ նախատեսվող միջանցքի նկատմամբ ԱՄՆ-ի ակնհայտ բացառիկ վերահսկողությունը կարող է Հարավային Կովկասը դարձնել քաոսի և զանգվածային վայրագությունների ևս մեկ թատերաբեմ, որն այսօրվա մեծ տերությունների միջև վեճերն առաջացնում են ամբողջ աշխարհում։ Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները հսկայական պատասխանատվություն է ստանձնել՝ պաշտպանելու Հայաստանն ադրբեջանական ագրեսիայից և ապահովելու հայկական ինքնիշխանությունը: Հստակ չէ՝ արդյո՞ք Թրամփի վարչակազմը, առավել ևս՝ ԱՄՆ արտաքին քաղաքականության վերնախավը, լիովին հասկանում և լուրջ են վերաբերվում Ադրբեջանից եկող սպառնալիքներին։
«Լեմկինի ինստիտուտը մտահոգված է, որ այս «խաղաղության» գործընթացը կարող է ծառայել ավելի ավերիչ շահերի, որոնք ոչ մի կապ չունեն խաղաղության հետ: Առաջարկվող խաղաղության համաձայնագրի անորոշ լեզուն և տեղում առկա իրականության հետ իմաստալից կերպով չներգրավվելու նրա անկարողությունը կարող են ենթադրել, որ համատեղ հռչակագիրը նախատեսված չէ իրական խաղաղության համաձայնագրի հասնելու, այլ ստեղծել բոլորովին այլ բանի համար իրավական շրջանակ»,-ասվում է հայտարարության մեջ։ Ըստ ինստիտուտի ենթադրության՝ Ռուսաստանի և Իրանի հավանական դիմադրության, ինչպես նաև Չինաստանի մտահոգությունների պայմաններում, միջանցքի հռչակագիրը կարող է լինել ոչ այլ ինչ, քան Իրանի հյուսիսային սահմանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի ավելի մեծ վերահսկողություն ապահովելու ջանք, ր հերթին, Ադրբեջանն էլ կարող է օգտագործել հռչակագիրը որպես միջոց՝ արդարացնելու Հայաստանի դեմ վերսկսված ռազմական գործողությունները։
Առանց այս խնդիրների լուծման, Հարավային Կովկասում իրական խաղաղություն հնարավոր չէ կերտել: Իրական խաղաղությունը կպահանջի լուրջ փոփոխություններ Ադրբեջանի ներսում, որը ներկայումս մի պետություն է, որի ղեկավարությունը բազմիցս կիրառել է ցեղասպանական հռետորաբանություն հայերի դեմ և վարել է տարածաշրջանում հայկական ներկայությունը վերացնելուն ուղղված քաղաքականություն:
«Լեմկինի ինստիտուտը կոչ է անում նախագահ Թրամփին կիրառել ագրեսիվ դիվանագիտության ձև՝ ստիպելու նախագահ Ալիևին ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ ստեղծելու քաղաքական միջավայր, որտեղ կարելի է վստահ լինել, որ Ադրբեջանը կհարգի հայերի և հայկական պետության իրավունքները։ Ճիշտ ուղղությամբ կարևորագույն քայլերից մեկը կլինի Բաքվում պահվող բոլոր հայ բանտարկյալների և պատանդների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը»,- ասվում է հայտարարության մեջ։
Վստահության և բարի կամքի բարձրացման այլ ջանքերը կներառեն Ադրբեջանի հակահայատյաց կրթական համակարգի բարեփոխումը, կառավարությունում ցեղասպան հակահայատյաց լեզվի արգելումը, ամբողջ «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարախոսության քանդումը և Արցախի/Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ բանակցությունների համաձայնությունը։
Նշվում է, թե «այս պահին առաջարկվող խաղաղության պայմանագիրը, կարծես, Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ցեղասպանական նպատակների պարտադրումն է Հարավային Կովկասի նկատմամբ ԱՄՆ դիվանագիտական շրջանակին»։ Լեմկինի ինստիտուտը համոզված չէ, որ ամերիկյան արտաքին քաղաքականության վերնախավը բավարար չափով հասկանում է Ալիևի ռեժիմի ցեղասպանական բնույթը։
Լեմկինի ինստիտուտը շարունակում է պնդել, որ խաղաղությունը չի կարող ձեռք բերվել ցեղասպանության միջոցով։ Ինքնության խմբերին անհրաժեշտ են իրենց նախնիների հողերը՝ իրենց մշակույթն ու ինքնությունը կենդանի պահելու համար: Դա վերաբերում է 1990-ականներին իրենց տները կորցրած ադրբեջանցիներին, բայց դա վերաբերում է նաև հայերին, որոնք Առաջին համաշխարհային պատերազմից ի վեր բախվում են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրագործված ցեղասպանությանը և շարունակում են տարածքներ կորցնել։
«Մենք շարունակում ենք հանձնառու մնալ ազատ և անկախ Արցախի Հանրապետության վերականգնմանը՝ զուգընթաց այնպիսի աշխարհի ստեղծմանը, որտեղ հայկական ինքնությունը կարող է ծաղկել անվտանգության և պաշտպանվածության մեջ՝ ՀՀ-ում, Արցախի Հանրապետությունում, Արևելյան Երուսաղեմում և Սփյուռքում»,- հայտարարում է Լեմկինի ինստիտուտը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի