Ժամանակ՝ ՌԴ-ի մեծ հարձակման համար․ ինչպիսին կարող են լինել Թրամփի վերջնագրի՝ «պատերազմի վերջին 50 օրերը»
Քաղաքականություն
16.07.2025 | 20:47
Հուլիսի 14-ի երեկոյան ԱՄՆ նախագահը հայտարարություն արեց՝ պահանջելով խաղաղություն Ուկրաինայում։ Դրան հասնելու համար նա Ռուսաստանին տվել է 50 օր։ Դոնալդ Թրամփի խոսքերը խառը զգացողություններ են առաջացրել Ուկրաինայում, ասվում է BBC-ի ռուսական ծառայության անդրադարձում։
Մի կողմից՝ Թրամփը հստակ փոխել է իր հռետորաբանությունը Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի նկատմամբ. այն դարձել է շատ ավելի կոշտ։ Մյուս կողմից՝ Թրամփը փաստացի Պուտինին տվել է գրեթե ևս երկու ամիս ռազմական գործողություններ իրականացնելու համար, և Ուկրաինան կանխատեսում է, որ ռուսական բանակը կփորձի առավելագույնս օգտագործել այս ժամանակը։ Իսկ սա նշանակում է պատերազմի հավանական սրացում մինչև «X» օրը՝ սեպտեմբերի 2-ը (երբ կավարտվի 50-օրյա ժամկետը)։
Դոնալդ Թրամփի վերջնագրի համաձայն՝ Ռուսաստանը կենթարկվի խիստ երկրորդական պատժամիջոցների, եթե 50 օրվա ընթացքում չկարողանա Ուկրաինայում խաղաղության համաձայնագիր կնքել։
Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ նման համաձայնագիրն արդեն մի քանի անգամ ձախողվել է հենց Կրեմլի գործողությունների պատճառով։ Սակայն այժմ ամերիկացի նախագահը 100% երաշխիքներ է տալիս, որ «կավարտի այս պատերազմը»։ Մասնագետները, սակայն, կասկածում են։
Իրավիճակը մարտի դաշտում
Վերջնագրի հետաձգումը շատերին է զարմացրել, և ոչ միայն Ուկրաինայում։ ԵՄ արտաքին գործերի ղեկավար Կայա Կալլասն ասել է, որ 50 օրը «շատ երկար ժամանակ է», երբ բոլորը տեսնում են, որ «Ռուսաստանն ամեն օր սպանում է խաղաղ բնակիչների»։ Այս համատեքստում անմիջապես հիշվում է ամերիկյան Axios-ի կողմից տարածված տեղեկատվությունը, որ Պուտինը, իբր, հուլիսի սկզբին Թրամփին ասել է Ուկրաինայի չորս շրջանները (Լուգանսկը, Դոնեցկը, Խերսոնը և Զապորոժիեն) 60 օրում, այսինքն՝ մինչև սեպտեմբերի սկիզբը, ամբողջությամբ օկուպացնելու իր մտադրության մասին։
Հուլիսի կեսերի դրությամբ՝ այս խնդիրը, կարծես, հեռու է ավարտից։
Չնայած ռուսական բանակն այս գարնանն ակտիվացրել է իր հարձակումը արևելքում, նաև գրավել Սումիի մարզի պլացդարմներից մեկը, ռուսական զորքերի ընդհանուր առաջխաղացումը մարտադաշտում տպավորիչ չի թվում։ Չորս մասնակիորեն գրավված շրջաններից ոչ մեկը լիովին ռուսական վերահսկողության տակ չէ։ Սակայն դա չի խանգարել Մոսկվային երկու անգամ հայտարարել Լուգանսկի մարզի տարածքի 100% գրավման մասին։
Ռուսաստանի իշխանությունները «ԼԺՀ-ի լիակատար ազատագրման» մասին առաջին անգամ հայտարարել էին 2022 թվականի հուլիսի սկզբին: Երեք տարի տևած մարտերից հետո անհրաժեշտ եղավ նոր հայտարարություն անել: Անջատողական կազմավորման ղեկավար Լեոնիդ Պասեչնիկն այս տարվա հուլիսի 1-ին հայտարարել էր, որ տարածաշրջանի տարածքը «կրկին 100%-ով ազատագրված է»:
Ուկրաինական DeepState վերլուծական նախագիծն իր առցանց քարտեզում ցույց է տալիս, որ այս հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը. Լուգանսկի մարզի Նովոյեգորովկա և Նադեժդա գյուղերի մոտ գտնվող մի փոքր հողակտոր մնում է Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ:
Ուկրաինայի ԶՈՒ-ն վերահսկում է շատ ավելի մեծ տարածքներ Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում: Վերջին երկուսում ուկրաինացիները վերահսկում են տարածքի մոտ 30%-ը, Դոնեցկի մարզում՝ մոտ 25%-ը: Ավելին, Խերսոնը գրավելու համար ռուսական զորքերը պետք է հաղթահարեն մեծ ջրային արգելապատնեշ՝ Դնեպր գետը, իսկ Զապորոժիեն գրավելու համար, որը ներկայում գտնվում է առաջնագծից 30-40 կմ հեռավորության վրա, նրանք պետք է հաղթահարեն քաղաքի շուրջը գտնվող մի շարք պաշտպանական ամրություններ:
Դոնեցկի մարզում իրավիճակը շատ ավելի բարդ է։ Հուլիսի կեսերի դրությամբ՝ ռուսական զինվորականներին հաջողվել է զգալի առաջընթաց գրանցել երկու կարևոր քաղաքների՝ Պոկրովսկի և Կոնստանտինովկայի մոտ։ Դրանք գործնականում կիսաշրջանառության մեջ են։ Առայժմ ռուսական բանակը փորձում է շրջանցել նրանց և վերահսկողություն հաստատել Ուկրաինայի զինված ուժերի լոգիստիկ ուղիների նկատմամբ։ Նրանք արդեն գտնվում են հրետանու և կամիկաձե անօդաչու թռչող սարքերի կրակի տակ։
Այս քաղաքներից դեպի հարավ ռուսական զորքերը գրեթե դուրս են մղել ուկրաինական զորքերը Դոնբասի վարչական սահմաններից՝ Վելիկա Նովոսիլկա գյուղի տարածքում, և փորձում են մտնել հարևան Դնեպրոպետրովսկի մարզ։ Եթե Ռուսաստանը շարունակի իր հարձակումը Դոնբասում նույն տեմպերով, ինչ հունիսին և հուլիսի սկզբին, ապա, հավանաբար, կկարողանա հասնել Պոկրովսկից հարավ գտնվող Դոնեցկի մարզի վարչական սահմանին։
Պոկրովսկի և Կոնստանտինովկայի օկուպացիան ինքնին հնարավոր է, եթե ռուսական բանակի շարժումն այս քաղաքների թևերով չկարողանա կանգնեցվել: Առանց լոգիստիկայի ուկրաինական զինվորականները երկար ժամանակ չեն կարողանա կայազորներ պահել այս պաշտպանական հանգույցներում։ Սակայն շրջանի ամբողջ գրավումը, մասնավորապես, Սլավյանսկ-Կրամատորսկի և Լիման ու Սևերսկ քաղաքների մեծ ագլոմերացիայի, դեռևս անհավանական է թվում՝ առանց ռուսական նոր լայնածավալ հարձակման։
Ժամանակ վերջնական հարձակման համար
Կան անուղղակի նշաններ, որ Ռուսաստանը մոտ ապագայում ռազմաճակատում պատրաստվում է նման մասշտաբային հարձակման՝ զրահատեխնիկայի օգտագործմամբ, BBC-ին ասել է ուկրաինացի ռազմական վերլուծաբան Միխայիլ Ժիրոխովը։ Նրա խոսքով՝ վերջին ամիսներին ռուս զինվորականները գրեթե չեն օգտագործել զրահատեխնիկա՝ ոտքով կամ մոտոցիկլետներով հարձակվելով Ուկրաինայի զինված ուժերի դիրքերի վրա։
«Հարցը կարող է լինել այն, որ նրանք կուտակում են դրանք՝ ճակատը ճեղքելու համար։ Ինձ թվում է՝ ռուսները դրա համար հավաքել են 100-120 հազար մարդ և որոշակի քանակությամբ տանկեր»,- ասել է փորձագետը։
Նրա կարծիքով՝ անսպասելի զրահատեխնիկայի հարվածը, որը զուգահեռաբար կուղղվի ճակատի մեկ այլ հատվածի վրա լրացուցիչ շեղող հարձակման հետ, կարող է Կրեմլին հնարավորություն տալ ճեղքել Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանական գծերը։
Ռուսաստանը պետք է այս գործողությունն իրականացնի մինչև աշնան սկիզբը, երբ Ուկրաինայի հարավում և արևելքում եղանակը կարող է վատթարանալ, և կսկսվեն անձրևներ և մառախուղ։ Այս հարձակումը կարող է լինել Ռուսաստանի «մեծ հարձակման» վերջին ակորդը, որը սկսվել է դեռևս 2023 թվականի հոկտեմբերին Ավդեևկայի մոտ և շարունակվում է կարճատև ընդմիջումներով մինչ օրս։
«Եթե հարձակման բացասական արդյունք լինի, նրանք ստիպված կլինեն դիմել մեծ զորահավաքի»,- ամփոփել է Ժիրոխովը։
Նրա կարծիքով՝ Ուկրաինայի գլխավոր շտաբի գլխավոր խնդիրն այժմ թշնամու այս հարձակման պահը բաց չթողնելն ու այն զսպելն է։
Արևմտյան վերլուծաբանները նույնպես չեն տեսնում որևէ նշան, որ Պուտինը խաղաղություն է փնտրում Ուկրաինայում: Ավստրալիայի պաշտոնաթող գեներալ և ռազմական մեկնաբան Միք Ռայանը նշում է, որ Ռուսաստանի իշխանություններն իրական քայլեր չեն ձեռնարկում խաղաղ կարգավորման ուղղությամբ։
«Պուտինը 2022 թվականի փետրվարին լայնածավալ ներխուժման մեկնարկից ի վեր չի ցուցաբերել որևէ հակում նահանջելու իր մաքսիմալիստական պատերազմական նպատակներից: Նրա նպատակները մնացել են անփոփոխ այդ ժամանակվանից ի վեր»,- գրել է նա իր բլոգում՝ նշելով, որ «շատ անսովոր կլիներ, եթե Պուտինը հիմա փոխեր իր ուղղությունը։ Նույնիսկ այն ժամանակ, երբ 2022 թվականին Կիևի վրա իրենց սկզբնական հարձակման ձախողումից հետո ռուսների համար իրավիճակը բավականին մռայլ էր թվում, Պուտինը շարունակեց առաջ շարժվել։ Նա, հավանաբար, նույնը կանի նաև հիմա»։
Նա կասկածում է, որ Թրամփի հայտարարած երկրորդական պատժամիջոցները կկարողանան խաթարել Կրեմլի ռազմական մեքենան, մասնավորապես, Հյուսիսային Կորեայից զինամթերքի և զորքերի զգալի աջակցության պատճառով, որը սովոր է ապրել խիստ պատժամիջոցների ներքո։
Փորձագետը կարծում է, որ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրական ազդեցություն կունենան, եթե դրանք ուղեկցվեն գործնական գործողություններով:
Նույնիսկ Պուտինի դեմ իր կոշտ ելույթից հետո Թրամփը դեռևս վստահ է, որ Ռուսաստանը առավելություն ունի մարտադաշտում, գրում է ամերիկյան Politico-ն։
«Նախագահի տեսակետն այն է, որ Ռուսաստանը հաղթանակի ճանապարհին է, պարզապես հարց է, թե որքան ժամանակ կպահանջվի»,- լրագրողներին ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան՝ նշելով․ «Ռուսաստանն ունի մեծ տնտեսություն, ունի մեծ բանակ, ունի ավելի քան բավարար թվով մարդիկ՝ մսաղացի մեջ նետելու համար, և նրան պարզապես ոչինչ չի հետաքրքրում։ Եվ չնայած նրանք դանդաղ առաջընթաց են գրանցում՝ դա նույնպես առաջընթաց է։ Նախագահը պարզապես ցանկանում է դադարեցնել սպանությունները»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի