ԱԳՆ-ն 1 ամիս «աշխատել է» խաղաղության պայմանագրի վերաբերյալ Factor TV-ի հարցմանը 2 նախադասությամբ պատասխանելու համար
Քաղաքականություն
20.06.2025 | 13:30
Արտաքին գործերի նախարարությունից 1 ամիս է պահանջվել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ Factor TV-ի հարցմանը 2 նախադասությամբ պատասխանելու համար, ընդ որում՝ այս պատասխանն ուղարկելու գործընթացում նախարարությունը խախտել է թե՛ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, թե՛ Կառավարության որոշումը՝ տեղեկություն տրամադրելու կարգը սահմանելու մասին։
Հիշեցնենք, որ մարտին 13-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, ապա՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, մարտի 14-ին էլ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել են, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է։
Factor TV-ն ավելի վաղ գրել է այն մասին, որ պայմանավորվող կողմերի միջև միջազգային պայմանագիրը փոխհամաձայնեցնելու փուլին նախորդում են ներպետական համաձայնեցման ընթացակարգեր, որոնց, սակայն, խաղաղության պայմանագիրը չի անցել։
Մասնավորապես՝ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանվում է, որ «Միջազգային պայմանագրի կնքման (դրան միանալու) առաջարկությունը վարչապետին է ներկայացնում իրավասու մարմինը՝ հիմնավորելով դրա կնքման (դրան միանալու) նպատակահարմարությունը և կցելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եզրակացությունը միջազգային պայմանագրի կնքման (դրան միանալու) արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին կամ կարգավորման ենթակա հարաբերությունները իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի այլ փաստաթղթով կնքելու նպատակահարմարության մասին»:
Նույն օրենքի 5-րդ մասով սահմանվում է միջազգային պայմանագրի նախագծի ներպետական համաձայնեցման ընթացակարգը։ Ներպետական համաձայնեցման ընթացակարգը օրենքի 2-րդ հոդվածով բացատրվում է որպես միջազգային պայմանագրի կնքմանն ուղղված, այսինքն՝ դրան նախորդող գործընթաց։ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Միջազգային պայմանագրի կնքման առաջարկության կապակցությամբ վարչապետի հանձնարարականի հիման վրա այդ հանձնարարականով այլ ժամկետ սահմանված չլինելու դեպքում, իրավասու մարմինը 15 աշխատանքային օրվա ընթացքում միջազգային պայմանագրի նախագծի հայերեն և օտար լեզուներով տեքստը ներկայացնում է Արտաքին գործերի նախարարության, Արդարադատության նախարարության, Ֆինանսների նախարարության և շահագրգիռ այլ մարմինների քննարկմանը՝ կցելով միջազգային պայմանագրի կնքման (դրան միանալու) հիմնավորում»: 5-րդ հոդվածով սահմանվում է նաև, թե նախարարություններից յուրաքանչյուրն ինչ հարցերի վերաբերյալ պետք է եզրակացություն ներկայացնի։
Մինչդեռ, Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Արդարադատության և Ֆինանսների նախարարությունները հայտնել են, որ նախագիծն իրենց չի ներկայացվել եզրակացության համար։ Այս երկու նախարարությունների պատասխանները հիմք էին տվել կասկածելու, որ խաղաղության պայմանագիրը, որն, ըստ պաշտոնական հայտարարությունների արդեն համաձայնեցված է Ադրբեջանի հետ ու պատրաստ ստորագրման, չի անցել մինչ այդ սահմանված պարտադիր ընթացակարգերով, որը պարզելու համար հարցումներ էինք ուղարկել ԱԳՆ և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Առաջին հարցմամբ, որն ուղարկել ենք վարչապետի աշխատակազմ և ԱԳՆ, խնդրել ենք հայտնել՝ արդյո՞ք նախարարությունները տվել են իրենց իրավասությանը վերապահված եզրակացությունները։ Վարչապետի աշխատակազմից հայտնել են, թե հարցումը վերահասցեագրել են ԱԳՆ-ին, իսկ ԱԳՆ-ն պատասխանել է, թե նախագիծը կանցնի ներպետական ընթացակարգերով։
Ստիպված ենք եղել երկրորդ հարցումն ուղարկել երկու մարմիններին էլ։ Վարչապետի աշխատակազմից կրկին հարցումը վերահասցեագրել են ԱԳՆ, իսկ ԱԳՆ-ն 1 ամիս աշխատելուց հետո 2 նախադասություն է գրել, ընդ որում՝ օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում տեղյակ չի պահել, որ հարցմանը պատասխանելու համար անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ։
ԱԳՆ ուղարկված գրավոր հարցմամբ, հղում կատարելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենի 4-րդ և 5-րդ հոդվածներին, հարցրել ենք․
1․Մայիսի 13-ին ԱԳՆ-ի կողմից տարածված հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է և պատրաստ ստորագրման, նշանակո՞ւմ է, արդյոք, որ հայտարարությունն անելու պահի դրությամբ՝ համաձայնագրի տեքստը «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի իմաստով փոխհամաձայնեցված էր Ադրբեջանի հետ։
2․Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման առաջարկությունը վարչապետին ներկայացնող իրավասու մարմինն արդյո՞ք Արտաքին գործերի նախարարությունն է։
3․Եթե իրավասու մարմինն Արտաքին գործերի նախարարությունն է, ապա խնդրել ենք հայտնել, թե ե՞րբ է վարչապետին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկություն ներկայացվել, առաջարկության հետ մեկտեղ ներկայացվե՞լ է ԱԳՆ-ի եզրակացությունը՝ խաղաղության համաձայնագրի կնքման (դրան միանալու) արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին, ինչպես նախատեսված է «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով։
4․Խնդրել ենք տրամադրել ԱԳՆ-ի՝ վերը նշված եզրակացությունը։
5․Միևնույն ժամանակ, հիշեցրել ենք, որ Factor TV-ին ուղարկված գրությամբ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը պատշաճ ժամկետում կանցնի ներպետական ընթացակարգերով։ Խնդրել ենք հայտնել, թե ի՞նչ նկատի ունի ԱԳՆ-ն «ներպետական ընթացակարգ» և ի՞նչ՝ «պատշաճ ժամկետ» ասելով, ո՞րն է պատշաճ ժամկետը։
6․Նշել ենք նաև, որ Factor TV-ն, հղում անելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածին, ԱԳՆ-ից խնդրել էր տեղեկություններ տրամադրել՝ արդյո՞ք նախագիծն անցել է ներպետական համաձայնեցման ընթացակարգերով, ինչը նշանակում է իրավասու մարմնի կողմից միջազգային պայմանագրի կնքմանն ուղղված՝ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված ընթացակարգերի իրականացում՝ 15-օրյա ժամկետում, եթե այլ ժամկետ սահմանված չէ։ Ուստի, ևս մեկ անգամ խնդրել ենք հայտնել՝ արդյո՞ք նախագծի վերաբերյալ Արտաքին գործերի, Ֆինանսների, Արդարադատության նախարարությունները տվել են 5-րդ հոդվածով սահմանված եզրակացությունները։
7.Բացասական պատասխանի դեպքում խնդրել ենք հայտնել՝ արդյո՞ք սահմանվե՞լ է այլ ժամկետ, ինչպես նաև նշել, թե ինչ ժամկետ է սահմանվել։
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի բանակցման և համաձայնեցման գործընթացում եղել են ներառական քննարկումներ, գործընթացին ըստ անհրաժեշտության ներգրավված են եղել համապատասխան մասնագետներ:
Համաձայնագրի բանակցման և համաձայնեցման գործընթացն իրականացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, և ինչպես հայտնել ենք ԱԳՆ նախորդ` 1112/23856-25 թվակիր պատասխանում, համաձայնագիրը պատշաճ ժամկետում՝ մինչև դրա ստորագրումը, կներկայացվի, կանցնի «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքով սահմանված ֆորմալ ներպետական ընթացակարգերը, այդ թվում՝ եզրակացությունների տրամադրումը»,- հայտնել են ԱԳՆ-ից։
Այսինքն՝ նախարարությունը շրջանցել է օրենքն ու համաձայնագրի տեքստը համապատասխան փուլերով անցկացնելու փոխարեն մասնագետների հետ ներառական քննարկումներ իրականացրել, և այժմ էլ հայտարարում է, որ տեքստը համաձանեցված է ու պատրաստ ստորագրման։
Նշենք, որ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների ու կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը» սահմանելու մասին Կառավարության որոշման համաձայն՝ հարցման պատասխանը պետք է լինի հավաստի և լրիվ` պարունակելով բոլոր առաջադրված հարցերի հիմնավոր պատասխանները: Դիմողի կողմից մեկից ավելի հարցերի առաջադրման դեպքում պետական մարմինը հերթական համարակալման միջոցով տրամադրում է բոլոր հարցերի հավաստի և լրիվ պատասխանները:
Սա նշանակում է, որ ԱԳՆ-ն ոչ թե պետք է երկու նախադասությամբ պատասխաներ մեր գրավոր հարցմանը, այլ՝ ըստ հարցման կետերի։
Այս կարգով սահմանվում է նաև, որ եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա հարցումը ստացած մարմինը պետք է հնգօրյա ժամկետում գրավոր տեղյակ պահի այդ մասին՝ նշելով ոչ միայն հետաձգման պատճառները, այլ նաև տեղեկություն տրամադրելու վերջնական ժամկետը:
Արաքս Մամուլյան