Վիրավորանքը զսպելու փո՞րձ, թե՞ ազատ խոսքի դեմ գործիք․ օրենքի փոփոխության առաջարկ ԱՆ-ից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
06.06.2025 | 20:40Արդարադատության նախարարությունն առաջարկում է ԶԼՄ-ներում տեղ գտած վիրավորանք և զրպարտություն համարվող տեղեկությունների հեռացման գործիքակազմ ստեղծել։ Վիրավորանքի և զրպարտության թիրախում հայտնված անձը կարող է պատասխանի, հերքման և տեղեկության հեռացման պահանջ ներկայացնել նաև ԶԼՄ չհանդիսացող անձին։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը բացատրում է՝ որպեսզի ֆիզիկական անձը պատասխանատվության ենթարկվի, պետք է նրա խոսքը տարածված լինի զանգվածային լրատվության միջոցով։
«Ստացվում է, որ ֆիզիկական անձը սոցիալական ցանցում ինչ էլ գրի, պատասխանատվության չի կարող ենթարկվել։ Դա այսօրվա իրավիճակին այնքան էլ չի համապատասխանում, քանի որ մարդը սոցիալական մեդիայում կարող է ունենալ մեծ լսարան, որոշ դեպքերում՝ ավելի մեծ, քան որոշ ԶԼՄ-ներ, և ինքն այդ էջով վիրավորանք տարածի ու պատասխանատվություն չկրի»,- ասում է Աշոտ Մելիքյանը։
Վիրավորանքը կամ զրպարտությունը հեռացնելու օրենսդրական հնարավորություն առհասարակ սահմանված չէ թե՛ ԶԼՄ-ների, թե՛ ֆիզիկական անձանց հրապարակումների դեպքում, այսինքն՝ սա միանգամայն նոր ինստիտուտ է։
Համաձայն նախագծի՝ անձը կարող է պահանջել, որ հրապարակումը կամ դրա առանձին արտահայտություններ կամ բառեր հեռացվեն։
Մելիքյանի խոսքով՝ սա բխում է համաչափության սկզբունքից, որպեսզի չստեղծվի իրավիճակ, որ մեկ բառի, նախադասության պատճառով ամբողջ բովանդակությունը հեռացվի։
«Անձը կունենա իրավունք կա՛մ հերքելու, կա՛մ պատասխանի իրավունք ստանալու, կամ հեռացնելու պահանջ ներկայացնելու։ Ինչո՞ւ կամ-կամ, քանի որ եթե դիմել ես հերքման համար և հերքումը տեղադրվել է, դու այլևս չես կարող պահանջել, որ նյութը հեռացվի»,- նշում է Աշոտ Մելիքյանը։
Փոփոխությունների առիթը Հանրապետություն կուսակցության արդեն նախկին անդամ, այժմ՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Արտակ Զեյնալյանի գործով ՍԴ որոշումն է։
Զեյնալյանի մտերիմներից մեկը համացանցում նրա հասցեին մեկնաբանություն է գրել, որը Զեյնալյանը համարել է զրպարտություն ու դիմել ընդհանուր իրավասության դատարան, սակայն դատարանն արձանագրել է, որ ԶԼՄ չհանդիսացող անձին զրպարտություն համար պատասխանատվության ենթարկելու, այդ թվում՝ հրապարակումը հեռացնելու գործիքակազմ չկա, եթե այն չի հրապարակվել ԶԼՄ-ում։ Զեյնալյանն էլ դիմել է Սահմանադրական դատարան։
Ժուռնալիստների միության նախագահ, 168․am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը դիտարկմամբ՝ Զեյնալյանը հանրային, քաղաքական գործունեությամբ է զբաղվում, և նրա հասցեին կարող է հնչել անցանկալի խոսք, բայց դա անմիջապես օրենսդրական նախաձեռնության առիթ չպետք է դառնա։
«Սա մամուլի դեմ է, սա ազատ խոսքի դեմ է, սա կարծիքի արտահայտման դեմ է։ Արտակ Զեյնալյան, հարց ես ունեցել, վիրավորվել ես մտերիմիցդ, սրանից դրդված՝ օրե՞նք։ Դե եկեք՝ բոլորս վիրավորվենք ու օրենքի նախագիծ ներկայացնենք»,- հարց է տալիս Սաթիկ Սեյրանյանը։
Օրենսդրական այս փոփոխությունները նախաձեռնվել են մի շրջանում, երբ համացանցում գռեհիկ ու էթիկական նորմերի խախտմամբ հրապարակային խոսքի պակաս չկա։ Այսպիսի խոսքի տարածումից զերծ չեն մնում անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը՝ Աննա Հակոբյանը։
«Պատիվ, արժանապատվություն ունե՞ն։ Երկրի խնդիրները թողած՝ մտել են ուրիշի անկողինը: Ի՞նչ պատիվ, արժանապատվություն»,- ասում է Սեյրանյանը։
Օրենքի ընդունումը կնպաստի հարգալից միջավայր ձևավորելո՞ւն, թե՞ կդառնա լծակ՝ լրատվամիջոցների և քաղաքացիների ազատ խոսքի դեմ։ Աշոտ Մելիքյանը հենց վարչապետի՝ կաթողիկոսի և այլ հոգևորականների վերաբերյալ գրառումների օրինակն է բերում։
«Վիրավորանքի հասցեատերը պետք է դիմի, ասի՝ հեռացրու։ Եթե վարչապետը որոշում է, որ չի հեռացնում, ապա կարող է դիմել դատարան, դատարանը պետք է որոշում կայացնի, պետք է դատարանի որոշումն իրականացնել»,- օրինակ է բերում Մելիքյանը։
Քաղաքական վերլուծաբան, Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, սակայն, համոզված է՝ եթե միտում կա վիրավորանք և զրպարտություն տարածելու, դա անելու ելքը կգտնվի։
«Եթե այս կամ այն լրատվամիջոցը միտումնավոր է տարածում զրպարտություն կամ վիրավորանք, ապա ինքը կգտնի լուծումներ՝ ինչպես դա տարածել՝ անկախ այդ օրենքի ընդունումից։ Այսինքն՝ ՀՀ-ի իրավազորությունից դուրս կլինեն բազմաթիվ հարթակներ, որտեղ կարելի է այդ նույնը կրկնել՝ առանց որևէ պատասխանատվություն կրելու և հեռացման պահանջը կատարելու»,- նշում է Նավասարդյանը։
Նրա կարծիքով՝ այն անձինք, ովքեր լրատվամիջոցների դեմ դատական հայցեր են ներկայացնում, այս դեպքում էլ կձգտեն առավելագույնին, և եթե հերքման և պատասխանի հնարավորությունից բացի, ընտրություն ունենան պահանջել նաև հեռացումը, ապա կօգտվեն այդ հնարավորությունից՝ անկախ նրանից, թե որքանով է դա նպատակահարմար։
Սաթիկ Սեյրանյանը խնդիր է մատնանշում՝ հեռացման ինստիտուտի ներդրումը զրկում է տեղեկատվության հետքերով գնալու և ճշմարտացիությունդ ապացուցելու հնարավորությունից։
«եթե ես, որպես քաղաքացի, ճիշտ եմ գրել այս փաստը, ես հնարավորություն չեմ ունենալու դա բացահայտելու ուղղությամբ աշխատել, ավելին, եթե ես չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի sms-ով աշխատող դատական համակարգին, և վաղն ուզում եմ դիմել ՄԻԵԴ, եթե ինձ ստիպում են, որ ես հեռացնեմ իմ գրառումը, ինչի՞ վրա հիմնվեմ։ Ես Եվրոպական դատարանում պետք է հանդես գամ, չէ՞»,- ասում է Սեյրանյանը։
Մինչդեռ, Աշոտ Մելիքյանը կարծում է, որ դատական սխալներ և ոչ օբյեկտիվ մոտեցումներ արձանագրվում են նաև հիմա, երբ առկա է միայն հերքման և պատասխանի ինստիտուտը։
«Շատ ավելի կարևոր է, որ հասարակության մեջ անհանդուրժողականության, ատելության պարագայում, հատկապես՝ սոցիալական մեդիայում, որ ամեն մի անձ պատասխանատու մոտենա այն խոսքին, որը հրապարակում է, և իմանա, որ կարող են պարտադրել հայհոյախոսությունը հեռացնել»,- կարծում է Մելիքյանը։
Ընդունենք, որ դատարանի որոշմամբ՝ սկզբնաղբյուր կայքից հեռացվել է գրառումը։ Իսկ ինչպե՞ս են պայքարելու այն ինֆորմացիայի դեմ, որը սկզբնաղբյուրից տարածվել է այլ աղբյուրներում։
«Դու կարող են սկզբնաղբյուրից պահանջել, որ հեռացնի, բայց արդեն մի շլեյֆ է գնացել այդ նույն տեղեկության տարածման, դրան հետևող տարբեր բանավեճեր, քննարկումներ, որը կարող է տարածվել Հայաստանի կամ արդարադատության համակարգի իրավազորությունից դուրս, և այդ ամենին հետևել ու հեռացնել ուղղակի անհնարին է»,- համոզված է Նավասարդյանը։
Սաթիկ Սեյրանյանն էլ կանխատեսում է, որ այս օրենքը դառնալու է մարդու և ԶԼՄ-ների դեմ ուղղված գործիք։
«Իհարկե, իմ գործընկերներից կան, որ ուզում են դիրքորոշում հայտնել նախագծի հետ կապված, բայց ես կարծում եմ, որ պետք է մերժել ընդհանրապես։ Այս իշխանություններին չպետք է թողնել մոտ գալ ոչ միայն մեր դաշտին, այլ առհասարակ որևէ օրենքի, որովհետև ոչ թե բարելավում են, այլ ծառայեցում իրենց նպատակներին»,- ասում է նա։
Նախագծի հանրային քննարկումն e-draft-ում արդեն ավարտվել է։ Ներկայացվել է երեք առաջարկ, որոնք մերժվել են։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արաքս Մամուլյան