Թրամփի նախագահության 100 օրը. ի՞նչ է փոխվել այս ընթացքում ԱՄՆ-ում և աշխարհում

Լուրեր

15.12.2025 | 23:44
Ադրբեջանը պետք է դադարեցնի անձանց հսկողության MIRAS համակարգի ներդրումը. HRW
15.12.2025 | 23:30
Պինոչետի բռնապետությունից ի վեր առաջին անգամ Չիլիի նախագահական ընտրություններում ծայրահեղ աջերի թեկնածուն հաղթել է
15.12.2025 | 23:18
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանցի գործարարների նկատմամբ՝ ռուսական նավթի առևտրի համար
15.12.2025 | 23:05
ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է արձանագրվել. ՀՎԿԱԿ
15.12.2025 | 22:53
Իրանում ձերբակալվել է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադին
15.12.2025 | 22:39
Էրդողանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ «երկրի թշնամիները Թուրքիային մեղադրում էին Ադրբեջանին աջակցելու մեջ»
15.12.2025 | 22:25
Հայաստանում կանցկացվի միջազգային խմբային հեծանվաերթ՝ ընդգրկելով ՀՀ տարբեր մարզեր
15.12.2025 | 22:14
Նախիջևանում պայմանագրայիններն ահազանգում են, որ իրենց աշխատավարձը չեն վճարում
15.12.2025 | 22:00
Գարեգին Բ-ի՝ գործակալ լինելու մասին պնդման հետքերով. ինչ է ասում դատախազությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 21:51
Ռուսաստանում Pussy Riot խումբը հայտարարվել է «ծայրահեղական կազմակերպություն»
15.12.2025 | 21:40
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հիբրիդային հարձակումների պատճառով
15.12.2025 | 21:26
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.12.2025 | 21:13
Ալիևը համաներում է նախաձեռնում. այն կվերաբերի ավելի քան 20,000 մարդու
15.12.2025 | 21:00
Սամվել Կարապետյանի սիրտը չցավա՞ց՝ ՌԴ-ի զենքն Ադրբեջանը ՀՀ-ի դեմ կիրառեց, թե՞ Կրեմլից չուներ հանձնարարություն․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 20:49
Ավտոբուսը յուղ էր վառում․ վարորդը մեքենան վարել է անսարք վիճակում և չի զեկուցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դոնալդ Թրամփը երկրորդ անգամ դարձավ Միացյալ Նահանգների նախագահ՝ պաշտոնը ստանձնելով 2025 թվականի հունվարի 20-ին։ Այդ ժամանակից ի վեր այնքան շատ բան է փոխվել, որ 100 օրը թվում է գրեթե անհնարին կարճ ժամանակ՝  180 աստիճանով երկրի շրջվելու համար։ Անկախ նրանից՝ արտաքին քաղաքականության ուղղությունների փոփոխություն է, թե՞ աշխարհի տարբեր երկրներից ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերի սահմանում, գրեթե ոչ մի օր չի անցնում, որ Սպիտակ տնից ստացված վերջին լուրերը չհայտնվեն հանրության ուշադրության կենտրոնում։ Այս մասին ասվում է DW-ի անդրադարձում։

«Անկախ նրանից, թե որ կողմում եք, մարդկանց մեծ մասը կհամաձայնի, որ շատ բան է տեղի ունեցել»,- DW-ին ասել է Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի կառավարման և քաղաքականության պրոֆեսոր Պատրիկ Մելոունը։

Ըստ նրա՝ դրա հետևում կա որոշակի ռազմավարություն։ Ծայրահեղ միջոցառումների մասին նոր հաղորդագրությունների անընդհատ հոսքը, որոնցից շատերն ուղղված են Միացյալ Նահանգների ժողովրդավարական էությանը, նախատեսված են քաղաքական հակառակորդներին «շոկի» ենթարկելու և կաթվածահար անելու համար։ Իսկ ԱՄՆ քաղաքացիները, որոնք համաձայն չեն նոր կուրսի հետ, չգիտեն, թե ինչի դեմ բողոքեն, առաջին հերթին՝ Թրամփի կողմից կլիմայի փոփոխության նկատմամբ լիակատար անտեսման և նավթի հորատման ծավալները մեծացնելու նրա ծրագրերի՞: Խնդիր է իշխանությունների տարանջատման խաթարումը, երբ կառավարությունն արտաքսում է միգրանտներին՝ չնայած դաշնային դատավորների հստակ հրամաններին։ Նաև մամուլի ազատության և խոսքի ազատության սահմանափակումները, երբ անցանկալի լրատվամիջոցներին արգելվում է մուտք գործել Սպիտակ տուն, իսկ անցանկալի հետազոտողներին, նույնիսկ ամբողջ համալսարաններին, զրկում են ֆինանսավորումից։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ Թրամփի երկրորդ ժամկետը բաժանել է երկիրն առավել, քան երբևէ։

Մինչ այդ, սակայն, 2024 թվականի նոյեմբերի ընտրություններից առաջ իր կողմնակիցներին տված խոստումներից ո՞րն է կատարել ԱՄՆ նախագահը առաջին 100 օրվա ընթացքում։

Պատերազմ Ուկրաինայում. խաղաղության հասնել 24 ժամվա ընթացքում

Նյու Հեմփշիրում կայացած միջոցառման ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ եթե ընտրվի, կարճ ժամանակում կդադարեցնի պատերազմն Ուկրաինայում։

«Նրանք մահանում են՝ ռուսներն ու ուկրաինացիները։ Ես ուզում եմ, որ նրանք դադարեն մահանալ։ Եվ ես դա կանեմ, ես դա կանեմ 24 ժամվա ընթացքում»,- ասել էր նա։

Այնուամենայնիվ, պատերազմը դեռ մոլեգնում է։ Time-ին տված հարցազրույցում էլ, որը նվիրված է պաշտոնավարման առաջին 100 օրերին, Թրամփն այդ հարցի վերաբերյալ ասել է, որ իր խոսքերը չափազանցություն են։

«Ակնհայտ է՝ մարդիկ գիտեն, որ երբ ես դա ասացի, դա կատակով էր ասված, բայց նաև ասվել է, որ այն կավարտվի»,- ասել է նա։

Ակնհայտ է, որ Թրամփը ստիպված է եղել գիտակցել, որ չի կարող մեկ օրում վերջ դնել հակամարտությանը։ ԱՄՆ-ն աշխատում է խաղաղության հասնելու ուղղությամբ՝ առանց իր դաշնակիցների հետ մեծ համակարգման, և ավելի մոտ է ռուսական կողմին, քան ուկրաինականին։ Թրամփը Վլադիմիր Պուտինի հետ իր առաջին հեռախոսազրույցի ժամանակ հեռուն գնացող զիջումներ էր արել

Ի հակադրություն՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սպիտակ տանը քննադատության էր ենթարկվել Թրամփի և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կողմից, ենթադրաբար, անշնորհակալ լինելու համար։ Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցվել էր։ Վերջերս էլ Թրամփը քննադատել էր Կիևին Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու դիրքորոշման համար՝ խաղաղության հասնելու անվան տակ այն թշնամուն հանձնելու փոխարեն։

ԱՄՆ-ի արևմտյան գործընկերները նույնպես մտահոգության առիթ ունեն։ Թրամփը բազմիցս կասկածի տակ է դրել ԱՄՆ-ՆԱՏՕ հարաբերությունները։ Նա նույնիսկ ասել է, որ չի պաշտպանի Պուտինի հարձակումից ՆԱՏՕ-ի անդամ այն երկրներին, որոնք, իր կարծիքով, բավարար գումար չեն ծախսում պաշտպանության վրա։ Չնայած նա հետագայում հետ է վերցրել իր խոսքերը, պարզ է դարձել, որ եվրոպական երկրներն այլևս չեն կարող հույսը դնել Ամերիկայի վրա։

Միգրացիա․ «Վտարել արյունարբու հանցագործներին»

Միգրացիոն քաղաքականությունը Թրամփի ուժեղ կողմերից էր նախընտրական քարոզարշավի ժամանակ։ 2024 թվականի հոկտեմբերին Նյու Յորքում կայացած միջոցառման ժամանակ նա խոստացել էր մեկնարկել ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ արտաքսման ծրագիրը, եթե հաղթի ընտրություններում։ Թրամփը հայտարարել էր, որ «արյունարբու հանցագործներին բանտ կնստեցնի, ապա հնարավորինս արագ կվտարի երկրից»։

Փետրվարին՝ Թրամփի պաշտոնավարման առաջին լիարժեք ամսում, ԱՄՆ կառավարությունն արտաքսել է գրեթե 11,000 ներգաղթյալի։ 2021 թվականի փետրվարին՝ Ջո Բայդենի վարչակազմի առաջին ամսվա ընթացքում, մոտ 12,000 մարդ է արտաքսվել, սակայն Թրամփի օրոք Մեքսիկայի սահմանով Միացյալ Նահանգներ մուտքը նվազել է։ Մելոունն ասել է, որ Թրամփը, անկասկած, դժվարացրել է ներգաղթը։

«Ոմանք սա կանվանեն հաջողություն, մյուսները՝ անհամատեղելի ամերիկյան արժեքների հետ»,- նշել է նա։

Տնտեսություն. «Ամերիկան ​​վերադարձել է»

Թրամփը վստահեցնում էր, որ իր ղեկավարության ներքո ԱՄՆ տնտեսությունը կաճի։ Նրա խոստումներից մեկն էր «Ամերիկան ​​կրկին մատչելի դարձնելը». նրա պաշտոնավարման օրոք գները կնվազեն։ Որոշ ոլորտներում դա հաջողվել է։ Օրինակ՝ բենզինի գների հարցում։ Ավիատոմսերի և հյուրանոցների գները նույնպես նվազել են, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, գնաճը։ Հիմնական գները, որոնք չեն ներառում բենզինի և սննդի լայնորեն տատանվող գները, մարտին 2,8 տոկոսով ավելի բարձր էին, քան նախորդ տարի, ինչը գրեթե չորս տարվա ընթացքում ամենափոքր աճն է։

«Նախագահի քաղաքականությունը զսպում է գնաճը»,- CNBC-ին ասել է Դոնալդ Թրամփի գլխավոր տնտեսական խորհրդական Սթիվեն Միրանը։

Սակայն շատ ամերիկացիների համար սուպերմարկետ գնալը դեռևս նույնքան թանկ է, որքան Թրամփի նախագահության սկզբում։ Երկու հոգանոց ընտանիքի համար մեկ շաբաթվա մթերքների գնումը կարող է արժենալ ավելի քան 150 դոլար։

Մաքսատուրքեր․ Վերջ դնել «անհեթեթորեն բաց սահմանների» քաղաքականությանը

Ընտրվելուց հետո Թրամփը հայտարարել էր, որ կդադարեցնի «անհեթեթորեն բաց սահմանների» քաղաքականությունը և ԱՄՆ առևտրային դեֆիցիտը։ Նա ծրագրում էր սահմանել մաքսատուրքեր, որոնք հավասար էին ամերիկյան ապրանքների համար համապատասխան գործընկերոջ կողմից գանձվող սակագնին։ Խոստումը կատարվեց ապրիլին։ Շատ դեպքերում ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերը նույնիսկ ավելի բարձր էին։

Սակայն սա որոշ ապրանքներ ավելի թանկացրել է ամերիկացի սպառողների համար և վտանգի տակ դրել հաստատված առևտրային հարաբերությունները։ Pewinion Research Institute-ի անցկացրած հարցման համաձայն՝ ամերիկացիներն այսօր ավելի քննադատաբար են տրամադրված իրենց երկրի տնտեսական իրավիճակի և ապագայի նկատմամբ, քան փետրվարին՝ Թրամփի երդմնակալությունից կարճ ժամանակ անց և մինչև նրա կողմից մաքսատուրքերի սահմանումը։

Ավելի վաղ հարցվածների 40 տոկոսը նշել էր, որ ակնկալում է ԱՄՆ տնտեսության բարելավում հաջորդ տարվա փետրվարին։ 37 տոկոսը կարծում էր, որ իրավիճակը կվատանա։ Ապրիլին միայն 36 տոկոսն էր կարծում, որ ԱՄՆ տնտեսությունը կբարելավվի մեկ տարվա ընթացքում։ Մյուս կողմից՝ 45 տոկոսը կարծում էր, որ իրավիճակը կվատանա։

Կառավարությանը պակասում է կայունությունը

«Առաջին 100 օրը փոթորիկ էր, բայց դա ամբողջությամբ առաջընթաց չէր»,- նշում է Ամերիկյան համալսարանից Մելոունը։

Լրատվամիջոցը ընդգծում է, որ Թրամփի վարչակազմը ներկայացրել, ապա չեղարկել է շատ բաներ։ Սա արտացոլվել է մաքսատուրքերի, ինչպես նաև շատ նախարարություններում աշխատակազմի կրճատումների հարցում։ Սկզբում հազարավոր մարդիկ ազատվեցին աշխատանքից։ Երբ ավելի ուշ պարզ դարձավ, որ այս աշխատակիցներից մի քանիսը, օրինակ՝ ավիացիայի կամ միջուկային անվտանգության ոլորտում, այնուամենայնիվ, անփոխարինելի են, նրանք վերականգնվեցին աշխատանքի։

«Այդպես կառավարելը շատ դժվար է», – ասել է Մելոունը՝ հավելելով, որ «բոլոր կառավարություններին անհրաժեշտ է հետևողականություն, կանխատեսելիություն և կայունություն, ինչը հիմա չունեն»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի