Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը խորհրդարան է ներկայացրել փոփոխությունների փաթեթ՝ «անօրինական միգրացիայի դեմ պայքարը ուժեղացնելու և միջազգային պաշտպանություն տրամադրելու կանոնները բարելավելու» մասին, գրում է Current time-ը։
Մասնավորապես, առաջարկվում է օրենսդրությունում ներառել օտարերկրյա քաղաքացուն Վրաստանից վտարելու և որոշակի ժամկետով երկիր մուտք գործելու արգելքի վերաբերյալ դրույթներ, բարձրացնել երկրում գտնվելու կանոնները խախտող օտարերկրացիների համար նախատեսված տուգանքները, պարզեցնել Վրաստանում անօրինական բնակվող օտարերկրյա քաղաքացիների արտաքսման ընթացակարգը։
Բացի այդ, «ապաստանի ընթացակարգի չարաշահումը կանխելու համար» ներդրվում է ապաստանի դիմումների քննարկման արագացված ընթացակարգ այն օտարերկրացիների համար, ովքեր դիմում չեն ներկայացրել երկիր մուտք գործելուց հետո մեկ ամսվա ընթացքում։ Վրաստանի սահմանին ապաստան տրամադրելու հարցը կքննարկվի առանց օտարերկրացու տարածք մուտք գործելու թույլտվության, եթե նրա մուտքը սպառնալիք է ներկայացնում պետական անվտանգության համար։
Փոփոխություններով նաև առաջարկվում է կրճատել ապաստանի դիմումների քննարկման և բողոքարկման ժամկետները, ինչպես նաև սահմանափակել բնակության թույլտվության տրամադրումը այն օտարերկրացու համար, որի արտաքսմանհարցն է քննարկվում, կամ ով արդեն արտաքսվել է երկրից։
Ներքին գործերի նախարարությունը, որը պատասխանատու է սահմանային վերահսկողության համար, չի հրապարակում վիճակագրություն այն մասին, թե քանի մարդու և որ երկրների քաղաքացիներին է մերժվել մուտքը Վրաստան։ Միաժամանակ, պաշտոնական տվյալների համաձայն, միայն այս տարվա մարտին երկրից արտաքսվել է 97 օտարերկրյա քաղաքացի։
Վրաստանի ՆԳՆ-ն պնդում է, որ օրինագծերի նշված փաթեթը պատրաստվել է ԵՄ չափորոշիչներին համապատասխան։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի