«Ազատության» հրապարակում հանրահավաք է հանուն Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության

Լուրեր

01.04.2025 | 23:14
Ապրիլ ամսվա եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
01.04.2025 | 22:59
Արդարադատության նախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր
01.04.2025 | 22:45
Գյումրիում 2-ից 5 տեղը պրոկրեմլյան ուժերը գրավեցին՝ շուրջ 25 000 ձայնով․ իշխանությունը իր մեղքի բաժինն ունի․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2025 | 22:29
Հուսամ՝ բանտում իմ մահը կօգնի ճնշում գործադրել Ալիևի հանցավոր ռեժիմի վրա․ ադրբեջանցի ընդդիմադիր գործիչը հացադուլ է հայտարարել
01.04.2025 | 22:16
Հայաստան է ժամանել Վիետնամի ԱԺ նախագահը
01.04.2025 | 22:06
ՀՀ ՄԻՊ-ը խիստ մտահոգված է վերջին օրերի խտրական, այդ թվում՝ կանանց թիրախավորող խոսույթով
01.04.2025 | 21:48
Վթար՝ հրդեհի բռնկմամբ․ վարորդը հոսպիտալացվել է
01.04.2025 | 21:35
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.04.2025 | 21:21
PKK-ի որոշ խմբեր դիմադրում են զինաթափման և լուծարման Օջալանի կոչին. Hurriyet
01.04.2025 | 21:07
Բաքվում Ռուբեն Վարդանյանի շինծու գործով դատական նիստին «տուժողներ» են ցուցմունք տվել
01.04.2025 | 21:00
Ադրբեջանը լարում է իրավիճակը․ եթե Իրանին հարվածներ հասցվեն, ինքը ՀՀ-ի դեմ ռազմական ագրեսիայի գնա․ Արման Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2025 | 20:46
Ալիևի օգնականը Իրանի նախագահի խորհրդականի հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել
01.04.2025 | 20:33
Արյունալի անցյալը և լուռ սպասումը. ինչ ելք է սպասվում Գյումրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2025 | 20:23
Վարդան Ղուկասյանին վերագրվող հայհոյախառն ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
01.04.2025 | 20:15
Չնայած Թրամփի վերջնագրերին՝ Իրանի հետ մեծ պատերազմը քիչ հավանական է․ Հայկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանուն արցախցիների իրավունքների պաշտպանության Երևանի «Ազատության» հրապարակում հանրահավաք է կազմակերպվել: Հանրահավաքի կազմակերպիչները հայտարարում են, որ իրենց նպատակն է Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցի առաջմղումը, Հայաստանում արցախցիների իրավունքների պաշտպանությունը, նրանց սոցիալական խնդիրները, ինչպես նաև գերիների ազատ արձակման խնդիրը:

«Ազատության» հրապարակում են նաև Արցախի նախկին պաշտոնյաներ:

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությանը երկու շաբաթ ժամանակ ունի:

«Կա հետագա քայլերի 2 տարբերակ. առաջին՝ կառավարությունն ունի 2 շաբաթ ժամանակ փոխելու իր որոշումները, հակառակ դեպքում հավաքվելու ենք այստեղ՝ իրականացնելու հետագա անելիքները, և 2-րդ տարբերակ՝ նախաձեռնող խումբը մնալու է Ազատության հրապարակում, ձևավորելու է շտաբ, իրականացնելու է ամենօրյա իրազեկման ակցիաներ»,- հայտարարել է նա:

Հանրահավաքի մասնակիցների պահանջագիրը կներկայացվի կառավարությանը

Պահանջագրի ամբողջական տեքստը ներկայացվում է ստորև.

«Մենք՝ մեր պատմական հողից բռնի տեղահանված և բռնազավթման ու ցեղասպանության զոհ դարձած Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության բնակիչներս և Արցախի արժեքը գիտակցող հայերս, համախմբված Մայր հայրենիքում՝ Հայաստանի Հանրապետությունում, բարձրացնում ենք մեր ձայնը՝ ի պաշտպանություն մեր իրավունքների, արժանապատվության և ապագայի։ Մեր պահանջները հիմնված են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մարդու իրավունքների համընդհանուր նորմերի, ազգերի ինքնորոշման անօտարելի իրավունքի, պատմական արդարության և համազգային արժանապատվության վրա։

ՀՀ իշխանություններին և միջազգային հանրության տարբեր դերակատարների ուղղված մեր պահանջներն են՝

Նախաձեռնողական, հետևողական և պատասխանատու կերպով իրականացնել իրավական, քաղաքական և դիվանագիտական բոլոր հնարավոր քայլերը՝ ապահովելու Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի հող և այնտեղ անվտանգ, արժանապատիվ, կայուն ու ինքնորոշված կյանքը: Այս առումով, հարկ է կատարել 2023թ. նոյեմբերի 17-ի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և Ադրբեջանի հետ բանակցություններում առաջ քաշել այդ իրավունքի պատշաճ իրացման հարցը:
Մինչ այդ՝ պահանջում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կայուն և արժանապատիվ կյանքի պայմանների ապահովում Արցախի ժողովրդի համար, ներառյալ՝
Բնակվարձի աջակցության ծրագրի անվերապահ շարունակություն՝ մինչև տվյալ ընտանիքի բնակարանային կարիքի պատշաճ բավարարումը.

Նոր, արդար և արդյունավետ բնակարանային ծրագրի մեկնարկ, որը հիմնված կլինի ընտանիքների կարիքների համապարփակ հաշվառման, համայնքային բնակության խթանման, բնակարանաշինության խրախուսման, արտագաղթի կանխման և այլ առանցքային սկզբունքների վրա.

Զբաղվածության արդյունավետ ծրագրերի իրականացում, որոնք բնակարանային կարիքների ապահովման հետ ներդաշնակ կերպով կապահովեն բռնի տեղահանված արցախցիների շրջանում գերիշխող աղքատության հաղթահարումը, կայուն ու արժանապատիվ եկամտի ձևավորումը և եղած ներուժի իրացումն ու զարգացումը:

Կազմակերպել միջազգային դոնոր համաժողով՝ նշված և այլ մարդասիրական ու զարգացման բնույթի հիմնարար ծրագրերի իրականացման նպատակով ներգրավելու արտաքին մեծածավալ միջոցներ և խուսափելու ՀՀ ժողովրդի ուսերին ծանրացող երկարաժամկետ ֆինանսական բեռի ավելացումից:

Հրաժարվել ՀՀ քաղաքացիության հարկադրման արհեստական քաղաքականությունից և վերադարձնել արցախցիներին իրենց ՀՀ քաղաքացիությունը՝ հնարավորություն տալով բոլորին օգտվելու քաղաքացու իրավունքներից և ստանձնելու դրանից բխող պարտավորությունները:

5. Վերանայել արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների վերաբերյալ ՀՀ կառավարության հակասահմանադրական որոշումը՝ հնարավորություն տալով յուրաքանչյուր անձի ինքնուրույն կերպով տնօրինել իր կուտակած միջոցները:

Զերծ մնալ հայ ժողովրդի ներսում և հատկապես արցախցիների հանդեպ նաև իշխանական շրջանակներից վարվող ատելության քարոզից և անխտիր կերպով պատժել բոլոր նման դրսևորումների հեղինակներին:

Առավելագույնը կատարել Ադրբեջանում պատանդառված ու խոշտանգվող հայերի պաշտպանության և հրատապ ազատ արձակման ուղղությամբ, այդ թվում՝ Ադրբեջանի հետ համապատասխան բանակցությունների վարման, միջազգային իրավական ու քաղաքական մեխանիզմների կիրառման, ալիևյան ռեժիմի դեմ միջազգային պատժամիջոցների առաջմղման և այլ ճնշման գործիքակազմերով: Ուշադրության կենտրոնում պահել նաև անհետ կորած հայերի ճակատագրերի պարզման պարտավորության իրականացումը:

Հետևողական ու հրապարակային կերպով բարձրացնել Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության և հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանության հարցը միջազգային ատյաններում՝ հետամուտ լինելով հենց ՀՀ հայցերի հիման վրա ընդունված միջազգային դատական ակտերի կատարմանը։ Այդ առումով խիստ կարևոր է համակարգված կերպով միջազգային հանրությանը ներկայացնել ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող մշակութային ժառանգության և մասնավոր ու հանրային գույքի ոչնչացման ու յուրացման համակարգային ու շարունակական դեպքերը՝ պահանջելով մշտադիտարկման միջազգային մեխանիզմների ակտիվացում և պատժամիջոցների կիրառում:
Ապահովել Հայաստանի և/կամ գործընկեր պետությունների կողմից Միջազգային քրեական դատարան պետական դիմումների ներկայացումը՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանման և այլ միջազգային հանցագործությունների հետաքննման ու պատժման խնդրանքով:

Զերծ մնալ միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ ներկայացված գանգատներից հրաժարվելու խիստ վտանգավոր մոտեցումից, ինչը մեծապես և ուղղակիորեն կխախտի Արցախի ժողովրդի և բազմաթիվ այլ հայերի իրավունքները՝ առանց դրանց պաշտպանության և վերականգնման որևէ այլընտրանքային ու համարժեք մեխանիզմի առկայության:
Խուսափել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային ճանաչված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման որևէ քայլից, ինչպես նաև վերսկսել Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունները Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ու վերականգնման համար:

Արցախի ժողովրդի վերաբերյալ ներպետական և արտաքին քաղաքական բոլոր որոշումների կայացման գործընթացներում ապահովել նրա լեգիտիմ ներկայացուցիչների պատշաճ ներգրավումը և հաշվի առնել Արցախի ժողովրդի ձայնը՝ բացառելով ապօրինի ու ինքնակոչ որոշումների ընդունումը։

Մենք՝ Արցախի բռնագաղթած քաղաքացիներս ու Արցախի արժեքը գիտակցող հայերս, այս պահանջագրով ոչ միայն արտահայտում ենք մեր կորստի ցավն ու ծանրագույն կացությունը, այլ նաև՝ մեր վճռականությունը՝ պաշտպանելու մեր իրավունքները՝ թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային հարթակներում։

Սա կոչ է արդարության, հանուն լուսավոր ապագայի, հանուն մեր համազգային արժանապատվության, հանուն տարածաշրջանի կայուն, արդար ու արժանապատիվ խաղաղության, հանուն Հայաստանի Հանրապետության և Հայոց Հայրենիքի հարատևման…

Պահանջագրի ընթերցումից հետո հանրահավաքն ավարտվեց։

Պահանջագիրը ՀՀ կառավարությանը կներկայացնի արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչը»։