Ժողովրդավարությունը՝ հակագենդերային խմբերի թիրախում․ ո՞ւմ է հավատում հանրությունն ու որքանով է պատրաստ դիմակայել ապատեղեկատվությանը

Լուրեր

23.03.2025 | 20:20
Լարսը բաց է միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար
23.03.2025 | 20:13
Արթուր Դավթյանը՝ Աշխարհի գավաթի երրորդ փուլի ոսկե մեդալակիր
23.03.2025 | 20:01
Վրաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց 6:1 հաշվով
23.03.2025 | 19:45
Հռոմի Պապը հույս է հայտնել, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը շուտ կստորագրվի
23.03.2025 | 19:04
Փաշինյանը ՊՆ, ՏԿԵ, ԱՆ նախարարների հետ հետևում է Վրաստան-Հայաստան ֆուտբոլային խաղին
23.03.2025 | 18:48
Ավարտվեց առաջին խաղակեսը․ Վրաստանի հավաքականը 5:0 հաշվով հաղթում է
23.03.2025 | 17:32
Բողոքի ակցիայի մասնակիցները երթով հասան ՆԳՆ. պահանջում են պատժել Տիգրան Ուլուբաբյանին խnշտանգած ոստիկաններին
23.03.2025 | 16:40
Թբիլիսիում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.03.2025 | 16:20
Թումանյան փողոցից հանվել է կենսունակությունը կորցրած 80 թեղի ծառ․ քաղաքապետարան
23.03.2025 | 15:39
Փաշինյանն աշխատանքային այցով Վրաստանում է
23.03.2025 | 15:15
Ըստ ադրբեջանական ԿԲ-ի՝ Ֆրանսիան 25 անգամ ավելացրել է ուղիղ ներդրումները Ադրբեջանում
23.03.2025 | 14:41
Ռուբեն Վարդանյանի կինը հրապարակել է կադրեր ամուսնու պարաշյուտով թռիչքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.03.2025 | 14:15
Առաջիկայում օդի ջերմաստիճանը կբարձրանա 11-14 աստիճանով
23.03.2025 | 13:46
Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Վանաձորում և Շիրակի մարզի որոշ բնակավայրերում
23.03.2025 | 13:26
Հայ շախմատիստների արդյունքները՝ Եվրոպայի անհատական առաջնության 7 խաղափուլից հետո
Բոլորը

«Ես լուրերին չեմ հետևում»,- վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախ ենք լսում այս նախադասությունը։ Շատերը դժգոհում են բացասական լուրերի առատությունից, որոշները՝ ապատեղեկատվության մեծ հոսքից, մյուսներն էլ պարզապես կորցրել են վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։

«Ես անկեղծ ձեզ ասեմ, պատերազմից հետո ընդհանրապես հեռուստացույց չեմ միացնում, մոռացել եմ ՝ ինչ ալիքներ կան։ Եվ իմ սոցցանցերից ջնջել եմ բոլոր լուրերը։ Որովհետև, իրոք, արդեն հասել էինք այնտեղ, որ զգում էի, որ հոգեբանական լուրջ խնդիր եմ ունենում լուրերը լսելուց, քոմենթները կարդալուց»։

Սա մեջբերում է«Ապատեղեկատվությունը Հայաստանում․ հանրային ընկալումների ուսումնասիրություն» հետազոտության ընթացքում Աբովյան քաղաքում արված ֆոկուս խմբային քննարկումների մասնակից միջին տարիքի մի կնոջ խոսքից։
Հետազոտությունն իրականացվել է «Սոցիոսկոպ» ՀԿ-ի կողմից 2024 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին։ Հետազոտության համահեղինակ, սոցիոլոգ Մարիամ Խալաթյանը նկատում է՝ պատերազմից հետո մարդիկ օտարված են մեդիայից։

«Մարդիկ իրենց համար կարծես վակուում են ստեղծում և դրա մեջ են ապրում։ Պատերազմից հետո հիասթափությունը, հուսալքվածությունը շատ է, այն խաթարել է մարդկանց ներկան և հուզական աշխարհը։ Բայց հետաքրքիր է, որ ինչքան էլ պատերազմից հետո են սկսել մեդիային վերապահումներով վերաբերվել, չվստահել, ամեն դեպքում նույնիսկ հիմա շատերը շարունակում են մնալ այն կարծիքին, որ այդ ապատեղեկատվությունը պետք էր պատերազմի օրերին, քանի որ դա բարձրացնում էր ազգի ոգին։ Ու թեև նշում են, որ պատերազմի ժամանակ հիմնականում պետական, պաշտոնական աղբյուրներով էր այդ ապատեղեկատվությունը տարածվում, այնուամենայնիվ, մարդիկ շարունակում են պնդել, որ իրենց համար ապատեղեկատվությունը ստուգելու հիմնական աղբյուրը պաշտոնական տեղեկատվությունն է։ Օրինակ՝ ռազմական հարցերով ՊՆ-ի տրամադրած տեղեկատվությանն են շարունակում վստահել»,- նշում է Խալաթյանը։

Հայաստանում որքանո՞վ են մարդիկ կարողանում տարբերակել ապատեղեկատվությունը, արդյոք կարողանո՞ւմ են ճիշտ դիմակայել դրան ու ո՞ր հարցերի շուրջ է ամենից հաճախ ապատեղեկատվություն տարածվում․ հենց այս հարցերի պատասխանները ստանալուն է միտված եղել հետազոտությունը։

Մեդիափորձագետների հետ իրականացված հարցազրույցների շարքից հետո անցկացվել են ֆոկուսխմբային քննարկումներ Հայաստանի բոլոր մարզերի քաղաքային և գյուղական բնակավայրերում և Երևանում՝ 19-35 և 36-50 տարեկան անձանց հետ։

«Հետազոտությունը ցույց տվեց, որ իրականում մարդիկ ավելի մեդիագրագետ են տեսական մակարդակում, իսկ երբ հասնում ենք գործնական դաշտ, այդ բոլոր գիտելիքները, կարծես, այլևս կիրառելի չեն»,- նշում է «Սոցիոսկոպ»-ի ավագ հետազոտողը։ Նրա խոսքով՝ 19-24 տարիքային խումբն օտարված է քաղաքական դաշտից, ինչը վտանգավոր է ապատեղեկատվությանը տրվելու տեսանկյունից։

«Հետազոտությունը ցույց տվեց, որ այս տարիքային խմբի ասոցիացիաները վերաբերում էին հայտնիների, ինֆլյուենսերների, բլոգերների կյանքին։ Երտասարդների այդ խումբն ավելի օտարված ու դուրս է այն գործընթացներից, որոնք մեր հասարակությունում տեղի են ունենում, ինչը վտանգավոր միտում է, քանի որ շատ ավելի հեշտ է նրանց մանիպուլացնելը։ Ինչքան էլ իրենք ավելի մեդիագրագետ են, բայց քաղաքական թեմայով ապատեղեկատվությունը կարող է ավելի աշխատող լինել այդ թիրախային խմբի համար»,- ընդգծում է Խալաթյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ ապատեղեկատվության շուրջ քննարկումների ժամանակ մարդիկ առավել հաճախ մատնանշել էին ներքաղաքական թեմաներով ապատեղեկատվությունը։

«Ոչ շատ հստակորեն, բայց հետազոտության մասնակիցները կարողանում էին սահմանումներ տալ, թե ինչ է ապատեղեկատվությունը։ Սակայն հաճախ որպես ապատեղեկատվություն սահմանում էին նաև այն տեղեկատվությունը, որը չէր համապատասխանում իրենց պատկերացումներին, քաղաքական նախասիրություններին»։

Ապատեղեկատվության տարածման հարցում թե՛ հետազոտությանը մասնակցած փորձագետները, թե՛ քննարկումներում ընդգրկված քաղաքացիները նշել են օտար պետությունների ազդեցությունն ու դերը․

«Փորձագետներն ընդգծում էին Ռուսաստանի դերը որպես ապատեղեկատվություն տարածող, իսկ քննարկումների ժամանակ նաև խոսվում էր Ադրբեջանի կողմից հայերի միջոցով ապատեղեկատվություն տարածելու մասին։ Հետաքրքիր է, որ փորձագետները նշում էին, որ մարդիկ ավելի շատ կարիք ունեն ինֆորմացիայի մեկնաբանման, վերլուծությունների, մինչդեռ մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ մարդիկ շատ ավելի ուղիղ ու ճշգրիտ ինֆորմացիայի կարիք ունեն, քան թե ամեն մեկի՝ իր շահերից բխող մեկնաբանությունների։ Պատերազմից հետո այդ ռեֆլեքսիան ունենալով՝ մարդիկ շատ լավ տարբերում են, թե որ մեդիայի հետևում ինչ քաղաքական շահեր կան թաքնված։ Մարդկանց մանիպուլացնելն այդ իմաստով ավելի բարդ է դարձել»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ ճշգրիտ ինֆորմացիայի պակասն ու մեդիայի հանդեպ անվստահությունը բերել է նրան, որ մարդիկ ավելի շատ սկսել են հավատալ մարդուց մարդ փոխանցվող ինֆորմացիային, քան լրատվամիջոցներին։

«Մարդիկ հետևում են նաև այնպիսի մեկնաբանների, լրատվամիջոցների, որոնք հստակ հակաժողովրադավարական արժեքներ են քարոզում։ Հատկապես 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, ես կարծում եմ, որ հակաժողովրդավարական արժեքները, խոսույթը, որոնք թիրախավորելու են մարդու իրավունքները, իրավապաշտպան համայնքին, շատ ավելի ակտիվանալու են ու պետք է պատրաստ լինել՝ հնարավորինս դիմակայելու այս միտումներին»,- նշում է Խալաթյանը։

Տարածվող ապատեղեկատվությունը հաճախ առնչվում է մարդկանց համար շատ զգայուն թեմաների, որոնցից է սեռականության ու գենդերի հարցը․

«Հակագենդերային խմբերի զարթոնքը, կարելի է ասել, սկսվեց 2013 թվականից՝ ոչ միայն Հայաստանում, այլև հետխորհրդային երկրներում, Եվրոպայում, նաև՝ ԱՄՆ-ում։ Այդտեղ քաղաքական հիմքն էր կարևոր․ դա այն ժամանակահատվածն էր, երբ Հայաստանը պետք է ընտրություն կատարեր Մաքսային միությանը անդամակցելու և Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման միջև։ 2018թ-ին Հայաստանում այդ շարժումներն ավելի ակտիվացան։ Թիրախում առաջին հերթին քաղհասարակությունն էր՝ մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունները, իրավապաշտպանները, ակտիվիստները, ում միջոցով հակագենդերային շարժման ներկայացուցիչները փորձում էին անուղղակիորեն թիրախավորել իշխանություններին, կառավարող ուժերին»,- նշում է սոցիոլոգը։

«Ապատեղեկատվությունը Հայաստանում․ հանրային ընկալումների ուսումնասիրություն» հետազոտության մեջ ևս «Սոցիոսկոպ»-ն անդրադարձել է գենդերային հարցերով ապատեղեկատվությանն ու հանրության կողմից դրանց ընկալումներին։

«Քննարկումների ժամանակ մենք չէինք սահմանում, չէինք մեկնաբանում, թե ինչ է գենդերը կամ գենդերային ապատեղեկատվությունը, ուղղակի մարդկանց հարցնում էինք՝ գենդերային հարցերով ինչ ապատեղեկատվական թեզեր են տարածված, ու իրենց մոտ հարց էր առաջանում՝ գենդեր ասելով ի՞նչ նկատի ունենք։ Մենք թողնում էինք դաշտը ազատ, որ մարդիկ իրենք տան այդ սահմանումը, թե իրենք ինչպես են ընկալում, ապատեղեկատվության ինչ դրսևորումներ են նկատում։ Ուսումնասիրության շրջանում այդ հարցը այդքան չէր քննարկվում, մարդիկ դժվարանում էին մեդիայից գենդերային ապատեղեկատվության օրինակներ հիշել, բայց ավելի շատ խոսում էին կին-տղամարդ իրավահավասարության մասին։ Օրինակ՝ քննարկում կար, որ դեռևս քաղաքականության մեջ կա կանանց հանդեպ խտրականություն, կարծրատիպ, որ կանայք չեն կարող քաղաքականությամբ զբաղվել կամ քաղաքականության մեջ եղած կանանց բարոյականության հարցն է անընդհատ շահարկվում։ Գենդերային ապատեղեկատվության տակ նաև առանձնացնում էին ֆեմինիզմի՝ որպես գաղափար, աղավաղված ընկալումը, այն, որ մեր հասարակության մեջ ֆեմինիզմն ասոցացվում էր տղամարդատյացության հետ»։
Հետազոտության մասնակիցների մի մասն էլ գենդերային, սեռականության հարցերը կապել է հեղափոխության հետ․
«Երևի թե այստեղ հակագենդերային շարժումներն իրենց հետքը վատ իմաստով թողել են․ մարդիկ խոսում էին, որ 2018 թ․ հեղափոխության ժամանակ լսել են իբրև դրսից՝ ԼԳԲՏ համայնքի միջոցով է ֆինանսավորվել հեղափոխությունը։ Հետաքրքիրն այն է, որ մարդիկ ոչ թե քննադատում էին իրենց արած հեղափոխության՝ արտաքին ուժերի կողմից ֆինանսավորված լինելու հարցը, այլ քննարկում էին դրանում ԼԳԲՏ համայնքի ներգրավված լինելը»,- նկատում է մեր զրուցակիցը։

Հետազոտությանը մասնակցած փորձագետները նշել են, որ հակագենդերային ուժերն ու հակագենդերային խոսույթ տարածող խմբավորումները ժողովրդավարությունը թիրախավորել են նաև պատերազմից հետո․

«Արդեն պատերազմից հետո այդ նույն ուժերի համար ժողովրդավարությունը դարձավ թուլության հետ ասոցացվող մի բան, ուղիղ հակադրության մեջ դրվեց անվտանգություն հասկացության հետ։ Փորձագետներն առանձնացնում են մեդիայում տարածված գենդերային ապատեղեկատվության հետևյալ նարատիվը՝ ժողովրդավարության արդյունքում եվրոպական արժեքների ներթափանցմամբ խրախուսվում է նույնասեռականությունը, նույնասեռականները չեն ծառայում բանակում, հետևաբար՝ ո՞վ է մեզ պաշտպանելու պատերազմական այս երկրում։ Թերևս, սա է ժողովրդավարության, անվտանգության և գենդերային թեմայով ամենատարածված ապատեղեկատվական թեզը, որը քննարկվում էր փորձագիտական համայնքի կողմից»,- ամփոփում է Խալաթյանը։
Հարցին, թե ովքե՞ր են ապատեղեկատվություն տարածողներն ու որն է նրանց թիրախը՝ Խալաթյանն արձագանքում է՝ բոլորս․

«Ապատեղեկատվությունը տարածվում է թե՛ լրատվամիջոցների, թե՛ անհատների միջոցով։ Հիմա այնքան լղոզված է այդ սահմանը, թե ովքեր են տարածողները, որովհետև բաց համացանցային հարթակում ամեն մարդ, կարծես, լրատվամիջոց դարձած լինի։ Իսկ թիրախը հանրության լայն շերտերն են։ Շատ ավելի խոցելի են միջին ու միջինից բարձր տարիքի մարդիկ։ Եթե երիտասարդներն ինչ-որ իմաստով ավելի մեդիագրագետ են, ապա մեր ծնողների սերունդը շատ խոցելի է ապատեղեկատվության նկատմամբ»:

Ինչ վերաբերում է ապատեղեկատվության դեմ պայքարին, հետազոտությանը մասնակցած փորձագետների մեծ մասը շեշտում է․ ապատեղեկատվության ծավալներն այնքան շատ են, որ հնարավոր չի լինելու բացահայտել և հերքել դրանցից յուրաքանչյուրը, անհրաժեշտ է որդեգրել ներքևից վերև մոտեցումը՝ մեդիագրագիտության և կրթական միջոցառում­ների միջոցով բարձրացնելու ապատեղեկատվությունը զանազանելու՝ հանրության կարողությունը։

Կրթական միջոցառում­ներն ու մեդիագրագիտության բարձրացումը փորձագետները պատկերացնում են ինչպես ֆորմալ կրթության՝ հանրակրթության, այնպես էլ՝ ոչ ֆորմալ կրթական միջոցառում­ների միջոցով։ Ավելին՝ փորձագետները նաև շեշտում են մեդիայի, հատկապես հանրային ռեսուրսներից ֆինանսավորվող մեդիայի դերը մեդիագրագիտության բարձրացման գործում։

Իսկ անհատական մակարդակում հետազոտության մասնակիցները կարծում են, որ ապատեղեկատվության դեմ պայքարի համար իրենք և հանրությունը պետք է լինեն «մեդիագրագետ», «առանց ստուգելու չտարածեն որևէ տեղեկատվություն»։

«Առաջինը մենք մեզ վրա պետք է աշխատենք, պահի տակ մենք էլ ենք արտաբերում, ավտոմատ մենք էլ ենք ապատեղեկատվություն տարածում։ Ասում ես՝ այսպիսի բան եմ լսել, չեմ հավատում, բայց արդեն ավտոմատ տարածում ես»,- նշել է ֆոկուսխմբային քննարկման մասնակցիցներից գյումրեցի մի երիտասարդ։
Ոմանք էլ ընգծել են պետական մակարդակով խիստ վերահսկողության անհրաժեշտությունը․ «Տույժ, տուգանք սահմանեն։ Այնքան մեծ տուգանքի առաջ կանգնեցնեն, որ վախենան նման բան անել»։

Անժելա Պողոսյան