Գլխատում, խոշտանգում, դիակների անարգանք, էթնիկ զտում. Ադրբեջանի դեմ ի՞նչ հայցերից հրաժարվելու հարց է քննարկում Հայաստանը

Լուրեր

17.03.2025 | 23:53
Երկու ոսկե մեդալ՝ հատուկ օլիմպիադաների աշխարհի ձմեռային խաղերից
17.03.2025 | 23:45
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.03.2025 | 23:37
ԱՄՆ-ն դիտարկում է ուկրաինական Ղրիմը ռուսական տարածք ճանաչելու հնարավորությունը. ԶԼՄ-ներ
17.03.2025 | 23:26
Ադրբեջանի իշխանությունները հետախուզում են հայտարարել արտերկրում բնակվող Ալիևի քննադատ ադրբեջանցի բլոգերների նկատմամբ
17.03.2025 | 23:23
Գևորգ Քոչարյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ
17.03.2025 | 23:14
Լիտվայի իշխանությունները ՌԴ հետախուզությանը մեղադրում են Վիլնյուսում IKEA խանութի պահեստի հրկիզումը կազմակերպելու մեջ
17.03.2025 | 23:02
«Երևան-Սևան Մ4» ճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում
17.03.2025 | 22:53
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
17.03.2025 | 22:29
Թուրքիան 2 տարում ավելի քան 1000 զրահամեքենա է մատակարարել տարբեր երկրներ, այդ թվում՝ Ադրբեջան․ ՄԱԿ-ի զեկույց
17.03.2025 | 22:14
Մհեր Գրիգորյանը «Վիզ էյր»-ի ներկայացուցիչների հետ քննարկել է ընկերության գործունեության ընդլայնման հնարավորությունները
17.03.2025 | 22:00
Մի ընտանիքից 4 տղամարդ է սպանվել․ Փաշինյանը ո՞նց է միջազգային հայցերից հրաժարվում առանց տուժողների համաձայնության․ Ժաննա Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.03.2025 | 21:47
Սթարմերը պատրաստ է բրիտանական զորքեր տեղակայել Ուկրաինայում «այնքան ժամանակ, որքան կպահանջվի»
17.03.2025 | 21:35
Բաքվում շինծու գործերով հերթական նիստում Լևոն Մնացականյանը խոսել է Ռուբեն Վարդանյանից, Գյանջայի և Բարդայի հրթիռակոծությունից
17.03.2025 | 21:28
Հանցավոր խումբը զենքի գործադրմամբ և բռնություն կիրառելով կատարել է բնակարանային հափշտակություններ. ՔԿ
17.03.2025 | 21:13
Ադրբեջանական SOCAR-ն Իսրայելի ջրերում բնական գազի հետախուզման արտոնագիր է ստացել
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերից մեկը միջազգային դատական ատյաններում երկու երկրների՝ միմյանց դեմ ներկայացված հայցերից փոխադարձաբար հրաժարվելն է: Այս պայմանը առաջ է քաշել ադրբեջանական կողմը:

Չնայած հայտարարություններին, որ հայցերի վերադարձի շուրջ երկու երկրներն այս պահին  համաձայնության չեն եկել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայցերից փոխադարձաբար հրաժարվելու սցենարը չի բացառել:

«Իմ մոտեցումը հետևյալն է․ եթե մենք տեսնենք, որ ռեալ հասնում ենք խաղաղության, կնքում ենք պայմանագիր, կարելի է գնալ նման գործարքի, ինչը նշանակում է՝ ո՛չ իրենք՝ մեր նկատմամբ, ո՛չ մենք՝ իրենց նկատմամբ հայցեր՝ նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ պետք է չներկայացնենք և պետք է հրաժարվենք հայցերից»,- 2024  թվականի նոյեմբերի 22-ին  հայտարարել է Փաշինյանը:

Ի՞նչ հայցեր ունեն Ադրբեջանն ու Հայաստանը միմյանց դեմ և ի՞նչ նշանակություն ու հետևանք կարող է առաջացնել հայցերի հետկանչումը կողմերից յուրաքանչյուրի համար։ Արդյոք Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից հրաժարումը չի՞ նշանակում օրինականացնել Ադրբեջանի կողմից Արցախյան պատերազմի ձեռքբերումները, և ինչո՞ւ չի քննարկվում գոնե միջազգային դատական ատյաններում հաշտության համաձայնության գալու հարցը՝ որպես երաշխիք, որ քաղաքական պայմանավորվածությունների հետևանքով արդարադատությանը ծայրահեղ դեմ գործարքներ չեն կնքվի:

Հայաստանի ու Ադրբեջանի հայցերը միմյանց դեմ

Այս պահին կա երեք միջազգային դատական հարթակ, որտեղ հայ- ադրբեջանական միջպետական հայցեր կան:

Հաագայի միջազգային աարդարադատության դատարանում Հայաստանն ու Ադրբեջանը մեկական հայցեր ունեն միմյանց դեմ, ընդ որում՝ առաջինը Հայաստանն է դիմել ընդդեմ Ադրբեջանի։ Միջազգային արդարադատության  դատարանում գործերը քննարկվում են  «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին»  ՄԱԿ-ի կոնվենցիայի հիմքով:

Առավել  ծանրաբեռնված դատական ատյանն այս պահին Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է։ ՄԻԵԴ-ում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ունի 4 հայց, իսկ Ադրբեջանն՝ ընդդեմ Հայաստանի՝ 2 հայց: Բացի այդ, 1 հայց Հայաստանը ներկայացրել է  ընդդեմ Թուրքիայի: Այս հայցերի շրջանակներում ՄԻԵԴ-ը բացառապես անդրադառնում է Մարդու իրավունքների եվրոպական  կոնվենցիայիով  և կից արձանագրություններով  նախատեսված իրավունքների խախտումներին: Այս Կոնվենցիայով պետությունները վերահսկում են  մարդու իրավունքների պահպանումը և  հարգանքը:

Երրորդ ատյանը Հաագայի Արբիտրաժային դատարանն է, որտեղ Հայաստանը Ադրբեջանի դեմ որևէ հայց չի ներկայացրել, բայց փոխարենը Ադրբեջանը Հայաստանի դեմ ներկայացրել է 2 հայց: Այս հայցերը ներկայացվել են «Եվրոպական վայրի բնության և բնական միջավայրերի պաշտպանության Բեռնի կոնվենցիայի» և  «Էներգետիկ խարտիայի համաձայնագրի» հիմքերով:

Առավել մանրամասն  անդրադառնանք հարցին, թե ինչ են պահանջում կողմերը միմյանց դեմ ներկայացված հայցերով:


Միջազգային  արդարադատության դատարանի գործեր

 


Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գանգատի բովանդակությունը

Միջազգային արդարադատության դատարանում Հայաստանի Հանրապետությունը պնդում է, որ Ադրբեջանը նախորդող 30 տարվա ընթացքում վարել է խտրական քաղաքականություն հայերի նկատմամբ:

Հատկապես՝ սկսած այն ժամանակահատվածից, երբ երկու երկրները վավերացրել են «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման» ՄԱԿ-ի կոնվենցիան։

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը բացատրում է. այս գանգատում քննարկման առարկա է դառնում ոչ թե Հայաստանում կամ Արցախում ապրող հայերի նկատմամբ Ադրբեջանի խտրական քաղաքականությունը, այլ ցանկացած հայի՝ անկախ նրա բնակության վայրից և քաղաքացիությունից:

Հայաստանն այս գանգատում  պնդել է, որ Ադրբեջանի այդ քաղաքականությունը պետության մակարդակով հովանավորվող է, ներկայացրել բոլոր այն ոլորտները, որտեղ խտրական դրսևորումներ կան և դրանց ազդեցությունը՝ մարդու իրավունքների վրա։

«Օրինակ՝ գանգատում քննարկման առարկա է դարձվում էթնիկ պատկանելության հիմքով հայերի սպանությունները, էթնիկ հողի վրա կատարված հանցագործությունների համար անպատժելիության քաղաքականությունը, ընդհանուր պետական քարոզչամեքենայի միջոցով հայերի նկատմամբ ատելության տարածումը, ադրբեջանական կրթական համակարգում հայերի ինքնության միտումնավոր խեղման քաղաքականությունը, հայկական մշակութային կրոնական կոթողների վերացման և տարածաշրջանից հետքերի ջնջման քաղաքականությունը»,- նշում է Սահակյանը:

Այս գանգատի շրջանակներում նաև քննարկման առարկա է դարձել հայերին ապօրինի ազատության մեջ պահելը՝ կրկին կապված նրանց էթնիկ պատկանելության հետ:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ Արաքս Մեքոնյանը դիտարկում է. Ադրբեջանն այժմ  որևէ ապացույց չի ներկայացնում այն մասին, որ զղջում է այդ հանցագործությունների համար. ո՛չ ընդունել է դրանց կատարումը, ո՛չ ներողություն է խնդրել դրանց համար,  ո՛չ դադարեցրել է դրանք:

«Հայատյացությունը շարունակում է մնալ Ադրբեջանում պետական քաղաքականություն՝ ամենաբարձր՝ նախագահի մակարդակով: Բաքվի ամբողջ դատավարությունները, այդ թվում՝ Արցախի ղեկավարության դեմ դատավարությունների մասին կցկտուր ինֆորմացիան, ցույց է տալիս, որ Ադրբեջանը ցանկանում է հիմնավորել Հայաստանի կողմից հանցագործությունների կատարումը և հերքել Արցախի ինքնորոշման իրավունքը, իսկ Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը ծագել էր, քանի որ այնտեղ մարդու իրավունքների խախտումներ էին տեղի ունենում»,- դիտարկում է Արաքս Մելքոնյանը:

Ինչո՞ւ են Ադրբեջանի կողմից վարվող խտրականության քաղաքականության վերաբերյալ փաստարկները կարևոր

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ հենց դրանք են օգնելու միջազգային հանրությանը հասկանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ակունքները և իրական դրդապատճառները, պատկերացնելու, որ այդ հակամարտությունը երբեք  չի եղել տարածքային վեճ, և ադրբեջանական թեզը, թե Հայաստանը  խամաճիկային պետության միջոցով զավթել է օկուպացված տարածքների մի մասը, ուղղակի կենսունակ չէ:

«Որքան էլ Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը  ներկայացնել որպես տարածքային վեճ, այն կապված է եղել ազգերի ինքնորոշման իրավունքի հետ և ուղիղ առնչություն ունի հայերի իրավունքների սահմանափակումների, բռնաճնշումների և նրանց նկատմամբ հատուկ ատելության  քաղաքականության վարման հետ, ինչն էլ հայերին ստիպել է պայքարել հանուն ինքնորոշման իրավունքի ավելի բարձր իրացման, այսինքն՝ ինքնավարության աստիճանից զատ նաև լիարժեք  անկախության հռչակման, առանց որի հնարավոր չէր լինի ապահովել  հայերի իրավունքների պաշտպանությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում»։ 

Ադրբեջանի գանգատի բովանդակությունը

Ադրբեջանը փորձել է հայելային կերպով համանման մեղադրանքներ ներկայացնել այն մասին, որ Հայաստանը խտրական քաղաքականություն է վարում ադրբեջանցիների նկատմամբ:

Մինչդեռ Արաքս Մելքոնյանը դիտարկում է, որ Հայաստանի Հանրապետությունը ատելության կամ ռասիզմի վրա հիմնված պետական քաղաքականություն չի ունեցել և չունի, ինչը նաև համոզիչ է համարվել Դատարանի կողմից կայացված որոշումներով։

Ինչի՞ կհանգեցնի Հայաստանի կողմից ներկայացված հայցերից հրաժարումը 

Արաքս Մելքոնյանը նշում է, որ Հայաստանը այսպիսով կխախտի իր ստանձնած միջազգային պարտավորությունները: Մելքոնյանի խոսքով՝ Հայաստանը հանձն է առել պաշտպանելու ռասայական խտրականության չենթարկվելու հայերի իրավունքը, որը jus cogens (իմպերատիվ) նորմ է, ուստի պետությունը պարտավոր է իրականացնել Կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները։


Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործեր 

 


Հայաստանի կողմից ներկայացված հայցերը

ՄԻԵԴ-ում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 հայցերից առաջինը վերաբերում է 2020 թվականի պատերազմի ընթացքում թույլ տրված խախտումներին, բայց նաև նախկինում տեղ գտած այն խախտումներին, որոնք ունեցել են շարունակական բնույթ։ Օրինակ՝ անձանց անհետացման դեպքերը, որոնք թեև տեղի են ունեցել 90-ական թվականներին, բայց շարունակական են եղել,  ուստի հայտնվել են ՄԻԵԴ-ի իրավազորության ներքո:

Երկրորդ  գանգատը կապված է գերիների դատավարությունների հետ՝ այն քաղաքացիական կամ զինվորական անձանց, որոնք,  որպես գերիներ հայտնվելով Ադրբեջանում, ենթարկվել են ապօրինի դատավարությունների և դատապարտվել են ինչ-որ հանցագործությունների համար: ՄԻԵԴ-ում նրանց  արդար դատաքննության, անձնական ազատության իրավունքների խախտման հարցերն են բարձրացվել:

Երրորդ գանգատն առնչվում է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային և դրա հետևանքով տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումներին, այսինքն՝ 2021 թվականին՝ Գեղարքունիքում,  այնուհետև՝ Ջերմուկում,  Սյունիքում սահմանային վեճերին, ադրբեջանական հարձակումներին, որոնց հետևանքով  ադրբեջանական զորքերն առաջխաղացում են ունեցել  ՀՀ-ի տարածք,  և դրանց  հետևանքով խախտվել են մարդու իրավունքներ:

4-րդ գանգատն ամբողջությամբ կապված է Լաչինի միջանցքի արգելափակման և դրան հաջորդած զարգացումների հետ, այդ թվում՝ բռնի տեղահանում, 2023 թվականի ագրեսիա, շրջափակման ընթացքում  տեղ գտած խախտումներ՝ քաղաքացիական անձանց  տեղաշարժի սահմանափակումներ կամ նրանց՝ հարկադրական սովի մատնում և այլ վնասներ:

Ինչ վերաբերում է Թուրքիայի դեմ ներկայացված գանգատին, ապա սա կապված է 2020 թվականի իրադարձությունների հետ. Հայաստանը պնդում է, որ  Թուրքիան  ներգրավվածություն է ունեցել կոնֆլիկտում մի քանի ճանապարհով, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից վարվող պատերազմի ժամանակ հրամանատարական ղեկավարումը ստանձնելով, օդուժը ղեկավարելով, ինչպես նաև վարձկաններ ներգրավելով։


Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գանգատները

Ադրբեջանական կողմի՝ Հայաստանի դեմ ներկայացված առաջին գանգատում մեծամասամբ  քննարկվում է 90-ականների պատերազմը և դրա ընթացքում տեղ գտած խախտումները: Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշում է որ Եվրոպական դատարանը չի կարող իրավազորություն ունենալ 90-ական թվականների  իրադարձությունների վրա՝ բացառությամբ, երբ դրանք ունեն շարունակական բնույթ, իսկ Ադրբեջանը փորձել է իր գանգատում ներառել  թե՛ շարունակական, թե ոչ շարունակական բնույթ ունեցող ենթադրյալ խախտումներ:

Ադրբեջանի երկրորդ գանգատը կապված է 2020 թվականի  պատերազմի հետ։ Այստեղ ադրբեջանական կողմը Հայաստանին ներկայացնում է որպես նախահարձակ կողմ, մեղադրում  բնակավայրերի ոչնչացման, սպանությունների, գերեվարումների մեջ պնդում, որ պատերազմի ընթացքում թիրախավորվել են քաղաքացիական անձինք:

Այժմ անդրադառնանք հարցին թե այս համատեքստում հայցերից հրաժարումը ինչ է նշանակում Հայաստանի, և ինչ՝ Ադրբեջանի համար:

Սիրանուշ Սահակյանը նշում է, որ թեև պատերազմի  ընթացքում երկու երկրներն էլ  անխուսափելիորեն ունեցել են գույքային վնասներ և մարդկային կորուստներ՝ պատերազմի փաստացի արդյունքն այն է, որ Ադրբեջանը բռնի տեղահանել է Արցախի  ողջ բնակչությանը և այժմ էլ իր մոտ պահում է հայերի, որոնց դատապարտել և դատապարտում է ցմահ ազատազրկումների և խախտում է ոչ միայն նրանց անձնական ազատության իրավունքը, այլ նաև փորձում է նրանց հետագա ճակատագրերի համար սպառնալիքներ ստեղծել։

«Մենք ունենք բնակավայրեր անարգել վերադառնալու անհնարինություն, որը դարձյալ Ադրբեջանն է արհեստականորեն ստեղծել, ունենք չլուծված անհետ կորած անձանց ու բռնի անհետացածների ճակատագրեր, և Ադրբեջանն այս հարցում որևէ համագործակցություն չի ցուցաբերում։ Մինչդեռ հայկական կողմը Ադրբեջանի հետ հարաբերություններում բոլոր մարդասիրական խնդիրները լուծել է կամ դրանց լուծման ուղղությամբ մեծագույն ջանքեր է գործադրում»,- նշում է Սիրանուշ Սահակյանը՝ ընդգծելով, որ  Հայաստանն այս պահի դրությամբ գերու կարգավիճակով որևէ անձի չի պահում, ավելին, Ադրբեջանին է վերադարձրել անգամ հանցագործի կարգավիճակ ունեցող անձանց:

«Ինչ վերաբերում է  անհետ կորածների  խնդրին, ապա ողջ տարածքը, որտեղ կարելի է որոնողական  աշխատանքներ իրականացնել՝ ճակատագրեր պարզելու համար, այժմ գտնվում է ադրբեջանական պետության ներքո։ Փախստականների խնդիրը կրկին լուծվել է պատերազմի արդյունքներով, քանի որ նույն 7 շրջաններում կամ ԼՂՀ-ի տարածքում բնակվող սահմանափակ թվով ադրբեջանցիներն այս պահին հնարավորություն ունեն վերադառնալու իրենց բնակավայրեր»,- նկատում է Սահակյանը:

Ըստ իրավապաշտպանի` հրաժարվելով հայցերից` Հայաստանը  զրկվում է նախկին դրությունը շտկելու գործիքներից և փոխարենը լեգիտիմացնում է Ադրբեջանի՝ հայերի իրավունքները խախտող ձեռքբերումները: Իսկ Ադրբեջանը հրաժարման դեպքում ոչնչից չի զրկվում, այսինքն՝ այս հրաժարումը փաստացի որևէ բացասական հետևանք Ադրբեջանի համար չի առաջացնում:

Արաքս Մելքոնյանն էլ դիտարկում է, որ «Հայցերից հրաժարումը նախ նշանակում է՝ Հայաստանը խախտում է կոնվենցիայի պարտավորությունները, այդ թվում՝ ապահովելու արդյունավետ պաշտպանության միջոցի իրավունքը՝ մարդու իրավունքների ծանրագույն խախտումներից․ գլխատումներ, զինվորների, ռազմագերիների սպանություններ, խոշտանգումներ, դիակների անարգանք, էթնիկ զտում, բլոկադա, արդար դատաքննության իրավունքի կոպիտ խախտումներ, որոնք տեղի են ունեցել։ Այսինքն՝ մեր պետությունը մեզ ազդակ է ուղարկում, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում մեզ չի պաշտպանելու»,- նշում է Մելքոնյանը: Նրա խոսքով՝ սա քաղաքացի-պետություն կապի շատ լուրջ խզում է, որը խոր հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ։

Բացի այդ՝ Մելքոնյանը դիտարկում է, որ  պետությունը փաստացի տուժողներին զրկում է արդարությունը վերականգնելու հետագա հնարավորությունից, մինչդեռ տուժողներն ապավինել էին պետությանը, որը սահմանված ժամկետներում իրենց գործերով հայցեր էր ներկայացել դատարան:


Հաագայի արբիտրաժային  դատարանում  հայցերը

 

Ինչպես արդեն վերը նշել ենք, Հայաստանն այս դատարանում Ադրբեջանի դեմ հայցեր չունի, իսկ Ադրբեջանն ունի երկու հայց:

«Էներգետիկ խարտիայի համաձայնագրի» հիմքով ներկայացված հայցով Ադրբեջանը պնդում է որ Հայաստանը Արցախի տարածքում գտնվող  ՀԷԿ-երն է շահագործել և այլ ռեսուրսներ օգտագործել, որի արդյունքում ստեղծվել  է էներգիա, մինչդեռ այդ տարածքները ադրբեջանական էին և պետք է սանկցավորված լինեին Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Ինչ վերաբերում է «Բեռնի կոնվենցիայի» հիմքով հայցին, այս դեպքում էլ Ադրբեջանի պնդումն այն է, որ Հայաստանը  Լեռնային Ղարաբաղի տարածքում ապօրինի հանքեր է շահագործել: Արբիտրաժային դատարան ներկայացված հայցերով Ադրբեջանը փորձել է հաշվարկել  նախորդ տասնամյակների ընթացքում ՀԷԿ-երի, հանքերի շահագործման արդյունքում տնտեսական գործունեության օգուտները, որը կարող էր ստանալ: Մասնավորապես՝ մի կողմից Ադրբեջանը պնդում է, որ ինքը զրկված է եղել այդ ռեսուրսերն օգտագործելու հնարավորությունից, մյուս կողմից էլ, որ ինքը զրկված է եղել տնտեսական օգուտ ստանալուց, որը  դիտարկում է որպես բաց թողնված օգուտ։

Այստեղ, ըստ Սիրանուշ Սահակյանի, հարց  է առաջանում, թե  Հայաստանի Հանրապետությունն  ի՞նչ կապ ունի ԼՂՀ-ում տեղի ունեցող գործունեության հետ: Չէ՞ որ Արցախը  ունեցել է թեև չճանաչված, բայց պետականություն և  բնակչության կողմից ձևավորված լեգիտիմ մարմիններն իրացրել են այդ ինքնիշխանությունը։

Արցախի Հանրապետության ինքնահռչակման դեպքում ՄԱԿ-ը կոլեկտիվ չճանաչման պահանջ չի ներկայացրել 

«Պետք է նկատի ունենալ նաև, որ Արցախի դեպքը տարանջատելի է այս պահին միջազգային հանրությանը հայտնի անկախության ինքնահռչակման չճանաչված մյուս պետությունների փորձից: Հիմնական տարբերակիչ հատկանիշն այն է, որ Արցախի կողմից անկախության հռչակմամբ պայմանավորված հակամարտությունը դարձել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկման առարկա և ՄԱԿ-ը, գնահատելով իրավիճակը, չի հանգել այն եզրակացության, որ  այդ պետականությունը ձևավորվել է միջազգային իրավունքի խախտմամբ և այդ պետականության կոլեկտիվ չճանաչման պահանջ չի ներկայացրել»,- շեշտադրում է Սիրանուշ Սահակյանը:

Նշենք, որ կոլեկտիվ չճանաչման պահանջը գործիք է, որը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ստեղծել է՝ ապօրինի ձևավորվող պետությունների գործընթացը խափանելու նպատակով։

Սիրանուշ Սահակյանը նշում է, որ, օրինակ, Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության պարագայում  ՄԱԿ-ը կոլեկտիվ չճանաչման պահանջ է ներկայացրել բոլոր անդամ պետություններին՝ նշելով, որ եթե քաղաքական, դիվանագիտական շփումների արդյունքում ճանաչեն Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը, ապա կխախտեն Կիպրոսի սուվերենությունը, միջազգային իրավունքը և բացասական հետևանքներ առաջ կգան հենց ՄԱԿ-ի մեխանիզմներով:

«Մինչդեռ Արցախի Հանրապետության ինքնահռչակման դեպքում ՄԱԿ-ը նման կոչ չի արել, ինչը նշանակում է, որ անկախության  ձեռքբերումը համապատասխանել է միջազգային իրավունքին և ցանկացած պետություն լիարժեք իրավունք է ունեցել ճանաչելու Արցախի Հանրապետությունը: Այսինքն՝ չճանաչումը ոչ թե արդյունք է եղել իրավունք խախտելու մտավախության, այլ բացառապես քաղաքականության և վատ դիվանագիտության։ Հետևաբար այստեղ հարց է առաջ գալիս, թե Հայաստանը որքանո՞վ կարող է պատասխանատու լինել իր տարածքներից դուրս շահագործված ռեսուրսների համար։ Հասկանալի է, որ Հայաստանը չի կարող նման  պատասխանատվության կրողը լինել»,- նշում է Սիրանուշ Սահակյանը:

Այսինքն՝ ըստ Սահակյանի, Հայաստանը չի կարող  պատշաճ պատասխանող լինել Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող տնտեսական գործունեության համար: Նա  նաև ընդգծում է, որ անգամ չճանաչված պետություններում միջազգային իրավունքը թույլատրում է տնտեսական գործունեությունը, որն անհրաժեշտ է տվյալ ժողովրդի հետագա գոյության համար։ Ադրբեջանը պետք է կարողանա հիմնավորել, որ այստեղ արգելված չափով գործունեության ինստիտուտի հետ գործ ունենք:

«Առայժմ որևէ մեկին չի հաջողվել հաշվել շրջակա միջավայրին պատճառված վնասի չափ՝ դրամային արտահայտությամբ: Վնասի կարևոր տարր է հանդիսանում նաև պատճառահետևանքային կապը։ Այսինքն՝ բավարար չէ միայն վնասի հիմնավորումը. ադրբեջանական կողմը նաև պետք է կարողանա ցույց տալ, որ այդ վնասը պատճառահետևանքային ուղիղ կապի մեջ է գտնվում բնութագրվող խախտման հետ, ինչը, կարծում եմ, նույնպես  հիմնավորելի չէ»,- ասաց Սահակյանը:

Նշենք, որ Ադրբեջանը Արբիտրաժային դատարան ներկայացված հայցերով Հայաստանի Հանրապետությունից միլիարդավոր դոլարների գումար է պահանջում, և հասարակական- փորձագիտական շրջանակներում քննարկում կա, որ եթե Արբիտրաժային դատարանը Հայաստանի դեմ վճիռներ կայացնի, ապա Հայաստանը չի կարողանա վճարել այդ գումարները: Հենց այս հանգամանքը վկայակոչելով՝ քննարկվում է այն հարցը, որ գուցե խելամիտ է փոխադարձաբար հայցերից հրաժարումը:

«Եթե որոշ ժամանակ առաջ Ադրբեջանը Հայաստանի համար ռազմական և  արտաքին քաղաքական սպառնալիքներ  էր ստեղծում,  փորձում էր հարկադրել որոշակի  գործողություններ, ապա այժմ   իշխանություններին և բնակչությանը ճնշելու նպատակով նաև տնտեսական սպառնալիքներ է ձևավորում,  և, ընդհանուր առմամբ,  այս սպառնալիքներով, իմ  գնահատմամբ, փորձում է հասնել նրան, որ Հայաստանին ստիպեն հրաժարվել այն գործընթացներից, որոնք կարող են վնասել Ադրբեջանի պետական շահերը»,- կարծիք է հայտնում Սիրանուշ Սահակյանը:

Արաքս Մելքոնյանն էլ  ընդգծում է՝ դատական ատյաններում պետության շահերը պետք է պատշաճ ներկայացնել, բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի և՛ Հայաստանի  դեմ գործերով ունենանք հաջողություններ, և ՛ Հայաստանի ներկայացրած հայցերով:

«Մի բան է հրաժարվելը, մեկ այլ  բան է չհրաժարվելը, բայց նաև ջանքեր չգործադրելը»,- նշում է Մելքոնյանը՝ կարևորելով այս գործերի վրա թե՛ ֆինանսական, թե մարդկային և այլ ռեսուրսների ներդրումը և կարծիք հայտնելով, որ եթե պետությունը  պատշաճ ներկայանա դատարաններում, ապա մենք  շատ լուրջ հիմքեր ունենք հաղթելու բոլոր միջազգային ատյաններում:

Ի՞նչ են տալու Ադրբեջանի դեմ դատական ակտերը, եթե  դրանք չեն  կատարվում

Փորձագիտական մակարդակում խոսվում է այն մասին, որ Ադրբեջանը միևնույն է, չի կատարում միջազգային ատյանների՝ իր դեմ կայացված դատական ակտերը, հետևաբար՝ ի՞նչ կարիք կա ունենալ Ադրբեջանի դեմ դատական ակտեր:

Արաքս Մելքոնյանը, սակայն, դիտարկում է, որ նույնիսկ եթե չեն կատարվում այս պահին, դրանք էական գործիք են, որոնք կարող են օգտագործվել քաղաքականությունում և դիվանագիտական հարաբերություններում, ինչը Հայաստանի կողմից պատշաճ երբեք չի օգտագործվել։

Օրինակ՝ Գուրգեն Մարգարյանի սպանության դեպքի առթիվ Եվրոպական դատարանի  վճռով արձանագրվել  է Ադրբեջանի կողմից  խտրականության քաղաքականությունը: Ալիևի  կողմից Սաֆարովին հերոսացնելը, բանտում գտնվելու ընթացքում կրած զրկանքների համար հատուցումն ու այլ պարգևները հաշվի առնելով՝ Եվրոպական դատարանը փաստել էր, որ առկա է խտրականության քաղաքականություն ամենաբարձր մակարդակով։

«Այսինքն՝ եթե պետությունն իր քաղաքականության մեջ պատշաճ չի օգտագործում դատական ատյանների որոշումներն ու վճիռները, դրանք հետևանք չեն ունենալու»,- ասում է Մելքոնյանը:

Սիրանուշ Սահակյանը շեշտադրում է, որ եթե որոշում չկա, որևէ մեկը չի կարող պնդում կատարել, որ  խախտումները եղել են, քանի որ խախտման գոյությունը հավաստող պատշաճ ձևը  դատական ատյանների իրավական  դիրքորոշումն է:

«Դատական ակտը պատմության համար է արձանագրում եղելությունը և փակում դրա շուրջ պատմական  կամ այլ վեճերի հնարավորությունը։ Եթե ակտը կա,  և դա չի կատարվում, մենք  ավելի բարվոք վիճակում ենք, քան երբ խախտումը կա, բայց դա արձանագրող ակտ գոյություն չունի,  և այդ խախտումը  կարող է մոռացության տրվել, այդ թվում՝ ապացույցների վերացման ճանապարհով։ Բացի այդ՝  դատական ակտը չկատարելով՝ Ադրբեջանը վտանգի  տակ է դնում  ոչ միայն հայ-ադրբեջանական երկկողմ փոխհարաբերությունները, այլ նաև ձևավորվում է նոր փոխհարաբերություն Ադրբեջան և այն  դատական համակարգ, որը դատական ակտ է կայացրել: Այս դեպքում դատական ակտի չկատարումը ոչ այնքան ոտնձգում է հայ զոհերի, որքան  այդ համակարգի հեղինակության նկատմամբ: Այսինքն՝ այստեղ մենք փոխում ենք հարթությունը, և Հայաստան- Ադրբեջան երկկողմ փոխհարաբերությունները վերաճում են  Ադրբեջան- միջազգային կառույց փոխհարաբերությունների»,- ասում է Սիրանուշ Սահակյանը:

Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի կնքմամբ կխաղաղվի

Այդյոք խաղաղության պայմանագրի կնքումը չի՞ ենթադրում, որ այլևս նոր հանցագործություններ չեն լինի: Այդ դեպքում ո՞րն է  փորձագիտական, իրավական ու քաղաքական հանրության մտավախությունը, որ Հայաստանը, հրաժարվելով Ադրբեջանի դեմ հայցերից, հետագայում ևս իր քաղաքացիներին չի պաշտպանելու Ադրբեջանի հնարավոր ագրեսիայից:

Այս հարցին Արաքս Մելքոնյանը հռետորական հարցով է պատասխանում․ «Մենք ունե՞նք երաշխիք, որ Ադրբեջանը չի խախտի այն միջազգային պայմանագիրը, որը կկնքվի Հայաստանի և Ադրբեջանի միջև, եթե նա  խախտում է իր կողմից վավերացված մարդու իրավունքների կոնվենցիաները, որոնք ևս պայմանագրեր են»:

Մելքոնյանը նաև վստահ է, որ առանց մարդու իրավունքների պաշտպանության և արդարության վերականգնման երկարատև խաղաղություն լինել չի կարող:

«Երկարատև խաղաղությունը ենթադրում է իրավունքների նկատմամբ հարգանք, և եթե մի կողմը պահանջում է հրաժարվել իրավունքներից նշանակում է, որ այդ  խաղաղությունը չի լինելու կայուն, երկարատև և իրական։ Մարդու իրավունքների համար անպատժելիությունը ծնելու է նոր խախտումներ և հանցագործություններ»,- համոզված է Մելքոնյանը:

Ինչո՞ւ չի քննարկվում միջազգային ատյաններում հաշտության համաձայնություն կնքելու հարց

Սիրանուշ Սահակյանն ընդգծում է, որ հայցերից հրաժարումը նշանակում է, որ գործը կարճվում է, ընդ որում՝ նույն դեպքով հնարավոր չէ երկրորդ անգամ դիմել դատարաններ:

Իրավապաշտպանը հարց է բարձրացնում. եթե կողմերը փորձում են հաշտվել, ինչո՞ւ են գնում արտադատական պայմանավորվածությունների և հրաժարվում  դատական գործընթացներից, այլ ոչ թե կնքում հաշտության  համաձայնություն, որը կհաստատվի դատարանի կողմից և վերահսկելի կլինի դատական համակարգի կողմից:

Նշենք, որ միջազգային ատյաններում կա հաշտության համաձայնության  գործընթաց, որն ավարտվում է հաշտության համաձայնությունը հաստատող դատական ակտի կայացմամբ։ Սահակյանը բացատրում է, որ տվյալ պարագայում  ևս հարցը լուծվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ, դատարանը հավաստիանում է, որ արդարադատության շահերին վնասող ծայրահեղ մոտեցումներ չկան,  և եթե հավանության է արժանացնում, հաշտության համաձայնությունը կայացվում է դատական ակտով։

«Այս դեպքում, նաև եթե կողմերից մեկը խախտումներ թույլ դա, դատական վերահսկողություն ենք ունենում, իսկ արտադատական համաձայնության դեպքում դատարանը դուրս է մնում այս օղակից»,- նշում է Սիրանուշ Սահակյանը։

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք նաև «Միջազգային գործընկերությունը հանուն մարդու իրավունքների» (IPHR) կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով տնօրեն Սիմոն Պապուաշվիլիի հետ։

Մեր հարցին` արդյոք միայն քաղաքական պայմանավորվածությունների հիման վրա հայցերի հետկանչը կարող է խելամիտ որոշում լինել, թե՞ առավել արդյունավետ է դատարաններում հասնել հնարավոր համաձայնության, Պապուաշվիլին պատասխանել է.

«Կարծում եմ, որ այս որոշման առնչությամբ առկա են բարդ գործոններ։ Հայկական կառավարությունը, ըստ ամենայնի, առաջնահերթություն է տալիս Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Նման համաձայնագրի հասնելը  կարևոր նշանակություն ունի Հայաստանի քաղաքական կայունության և եվրաատլանտյան ինտեգրման համար։ Այնուամենայնիվ, պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանը նախկինում ցույց է տվել, որ կարող է անտեսել նման համաձայնագրերը և տարածաշրջանային ու  աշխարհաքաղաքական գործոններից ելնելով՝ կրկին գնալ ռիսկային քայլերի։

Նաև կարևոր է հաշվի առնել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) և Միջազգային դատարանում (ՄԴ)  դատական գործընթացների բնույթն այնպիսին է, որ դրանք չեն կարգավորում այն խնդիրները, որոնք սովորաբար ներառվում են խաղաղության համաձայնագրերում։ Հետևաբար, նման համաձայնագիր անհրաժեշտ է, և կարծես թե, Ադրբեջանն այն նախապայման է դիտարկում, որպեսզի Հայաստանը հրաժարվի իր հայցերից ՄԻԵԴ-ում և ՄԴ-ում։

Ամփոփելով՝ Հայաստանի կառավարությունը ունի ինքնիշխան իրավունք՝ նախաձեռնելու կամ դադարեցնելու ցանկացած միջազգային դատական վեճ։ Հաշվի առնելով այս որոշումների վրա ազդող բարդ գործոնները՝ հենց Հայաստանի կառավարությունն է ամենապատրաստվածը նման որոշումներ կայացնելու համար»:


Իշխանությունը հրաժարվում է պատասխանել հայցերի հետկանչման վերաբերյալ հարցերին

 

Թե, ի վերջո,  ինչ է որոշելու Հայաստանի կառավարությունը, դեռևս հստակ չէ, այս թեմայով իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները հրաժարվում են մեկնաբանություններ տալ: Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնել է միայն, որ հայցերի հետկանչի հարցը քննարկվելու է խաղաղության պայմանագրի շրջանակներում։ Իսկ հարցին,  թե ինչ  օգուտ և ինչ վնաս կարող է տալ հայցերից հրաժարումը երկու երկրներին, Վարդանյանը հրաժարվել է պատասխանել:

Հայցերից հրաժարման թեմայով մեկնաբանություն չի տվել նաև Միջազգային իրավական  հարցերով Հայաստանի ՝ արդեն նախկին ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Մարտի 5-ին նա  հրաժարականի դիմում է ներկայացրել, ու թեև հրաժարականի մասին տեքստում հայցերից հրաժարման թեմայով չի խոսել՝ փորձագիտական շրջանակներում քննարկվում է այն հարցը, որ Կիրակոսյանի հրաժարականի պատճառն այն է, որ չի համաձայնել միջազգային դատական ատյաններից հետ կանչել Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցերը։

Արաքս Մամուլյան