Ակադեմիական միջավայրում առաջխաղացումը պետք է հիմնված լինի բացառապես արժանիքների վրա․ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կին գիտնականներին

Լուրեր

27.06.2026 | 15:00
Ուկրաինան հարվածել է Մոսկվային վառելիք մատակարարող «Վտորովո» նավթամղիչ կայանին. meduza
27.06.2026 | 14:41
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ
27.06.2026 | 14:14
Կարելի է քայլուղի բացել. Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի շինաշխատանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 13:58
Սյունիք բնակավայրից Նորաշենիկ տանող ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ վարորդը հոսպիտալացվել է
27.06.2026 | 13:33
Ռուբիոն հայտարարել է Իսրայել–Լիբանան նոր համաձայնագրի մասին. Իրանը դուրս է մնում, «Հեզբոլլահը»՝ նույնպես
27.06.2026 | 13:14
Տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա․ ԿԸՀ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 12:48
Գտնում եմ, որ ողջ ՀՀ-ում պետք է վերաքվեարկություն նշանակվի, անվավեր ճանաչվի այս ընտրությունը․ Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 12:34
ՀՀ ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
27.06.2026 | 12:03
«Բարգավաճ Հայաստան»-ը միջնորդություն ներկայացրեց ծրարների թափանցիկության հարցի վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 11:42
Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել «Օրեշնիկ» արտադրող գործարանին
27.06.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 27-ի դրությամբ
27.06.2026 | 11:13
84 տարեկանում մահացել է երգչուհի Ռաիսա Մկրտչյանը
27.06.2026 | 11:00
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը․ ՈՒՂԻՂ
27.06.2026 | 10:57
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
27.06.2026 | 10:30
Մհեր Գրիգորյանը և Իրանի փոխնախագահը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
Բոլորը

Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը այսօր հանդիպել է «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024» մրցույթի շահառու խմբերի շուրջ երեք տասնյակ ղեկավարներին:

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Ողջունելով հյուրերին և շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել ներդրած ջանքերի համար: Նա ընդգծել է՝ Կառավարությունը խթանում է կանանց ներգրավվածությունը հետբուհական կրթության մակարդակում՝ կարևորելով նաև հետագայում կանանց գիտական և հետազոտական գործունեությունը: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ պետությունը շարունակելու է ապահովել այնպիսի պայմաններ, որոնցով գիտությամբ և հետազոտությամբ հետաքրքրված յուրաքանչյուր ոք կկարողանա իրացնել իր ներուժը, ստեղծագործել, փորձարկել, բացահայտել և առաջնորդել նորարարության ոլորտում:

«Գիտությունն, իհարկե, սեռ չի ճանաչում, բայց վստահ եմ՝ յուրաքանչյուրս իր անձնական փորձառությունից կարող է դրվագներ նշել, որոնք կփաստեն, թե ինչպես է այս կամ այն պարագայում կին լինելու հանգամանքը որոշակի բարդություն կամ հարցադրում առաջացրել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ կին հետազոտողներին մաղթելով նորանոր գիտական նվաճումներ, հաջողություններ և անսպառ ներշնչանք:

Հայաստանում գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպություններում աշխատողների կեսից ավելին՝ 52 տոկոսը, կանայք են, մինչդեռ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ աշխարհում այդ ցուցանիշը միջինում կազմում է 33,3 տոկոս: Այդուհանդերձ՝ թեև հայաստանյան գիտական համայնքում կին ու տղամարդ գիտաշխատողների մասնաբաժինը գրեթե հավասար է, գիտության ոլորտում ղեկավար պաշտոն զբաղեցնողներից միայն մեկ քառորդն են կանայք։ Գիտության մեջ կին ղեկավարների ներգրավվածությունը խթանելու նպատակով վերջին 4 տարիների ընթացքում գիտության ոլորտի ղեկավար պաշտոններում կանանց կարողությունների զարգացմանն ուղղված 2 դրամաշնորհային մրցույթ է անցկացվել։

Դրամաշնորհային երկու մրցույթների արդյունքում կին գիտնականների ղեկավարությամբ ֆինանսավորման է երաշխավորվել համապատասխանաբար 15 և 31 նախագիծ, որոնցից 27-ը՝ ԲՏՃՄ մասնագիտություններով։ Դրամաշնորհները տրվում են 36 ամիս տևողությամբ՝ 4-5 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերին։ Առավելագույն բյուջեն 1-ին մրցույթի դեպքում կազմել է 36, իսկ երկրորդի դեպքում՝ 45 մլն դրամ։ Դրամաշնորհային ծրագրի կարևոր պայմաններից է գործունեությունը Հայաստանում ծավալելու պահանջը։

Անդրադառնալով գիտության ոլորտում որդեգրած պետական քաղաքականությանը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ գիտության ոլորտում պետական քաղաքականության նոր մոտեցումը, որի կարևոր բաղադրիչներից է նաև գիտական կադրերի ատեստավորումը, լրացնելու է բազմաթիվ բացեր՝ խրախուսելով գիտական և հետազոտական գործունեության ակտիվությունը։

«Պետք է հետևողական լինենք, որ ակադեմիական միջավայրում առաջխաղացումը հիմնված լինի բացառապես գիտական արժանիքների վրա՝ բացառելով այլ գործոններ»,- ասել է նախարարը։

ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ևս շնորհավորել է կին գիտնականներին՝ նշելով, որ կարևոր է նաև սերնդափոխության խնդիրը, ինչն առաջիկա 5-10 տարիների ընթացքում անհրաժեշտ է ապահովել ամբողջ համակարգում, հատկապես՝ ղեկավար պաշտոններում։

Հանդիպման մասնակիցները հակիրճ ներկայացրել են իրենց գիտական գործունեությունը՝ հետազոտության թեմաները, ձեռքբերումները, ինչպես նաև գործունեության ընթացքում հաճախ հանդիպող խնդիրները։ Նրանք հատկապես կարևորել են ուսանողներին գիտական ոլորտը գայթակղիչ դարձնելու, մոտիվացիան բարձրացնելու, գիտական դրամաշնորհների տրամադրման ժամկետները և ողջ գործընթացն առավել ճկուն կազմակերպելու հարցերը։ Գիտնականները նշել են, որ գիտության մրցունակության բարձրացմանը և ոլորտի հանդեպ երիտասարդների հետաքրքրության աճին էապես նպաստում է ժամանակակից լաբորատորիաների ստեղծումը, ինչը նպաստում է նաև միջազգային գործընկերների հետաքրքրության բարձրացմանը: Նրանք վստահեցրել են, որ իրենց գործունեության ընթացքում շարունակաբար խրախուսում են ուսանողներին զբաղվել գիտությամբ՝ այն հաստատակամությամբ, որ իրենք պետք է հարստացնեն գիտությունը սեփական նորարար մտքերով և ներդրմամբ։

Ամփոփելով հանդիպումը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առաջնային է համարել կին գիտնականների գործունեության հանրային տեսանելիության բարձրացումը՝ ընդգծելով, որ նրանք լավ օրինակ կարող են համարվել. «Ձեզնից յուրաքանչյուրն իր կերպարով և անձնական օրինակով հաջողության պատմություն է կերտել՝ փաստելով, որ բոլոր դժվարությունները հաղթահարելի են, իսկ հանգամանքներն ու խոչընդոտները՝ պայմանական»:

Հանդիպման ընթացքում ծավալվել է շահագրգիռ քննարկում գիտության ոլորտի զարգացման, գիտական արդյունքի կիրառելիության, առկա խնդիրների, պետական ֆինանսավորման ծավալների և այլ հարցերի շուրջ։

Նշենք, որ Միացյալ ազգերի կազմակերպությունը փետրվարի 11-ը հռչակել է որպես Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օր 2015 թվականին: Որոշումն ընդունվել է՝ կարևորելով կանանց նշանակալի դերը գիտության ոլորտում և նպատակ ունենալով խրախուսելու նրանց հետագա ակտիվ ներգրավվածությունը գիտական և գիտատեխնիկական գործունեության ասպարեզում: