Զինված ուժերն օգտագործվել է քաղաքական հարցերում․ ըստ մեղադրանքի՝ Գևորգյանն օժանդակել է Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և մյուսների գործով հանրային մեղադրողներն այսօր ընթերցեցին Արմեն Գևորգյանի մեղադրանքը։
Ըստ մեղադրանքի՝ 2008 թվականի փետրվարի 19-ին անցկացվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունը, որի նախապատրաստումը և անցկացումը մեծ դժգոհություններ են առաջացրել բազմաթիվ քաղաքացիների մոտ: Տարբեր հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպան կառույցներ, որոնց թվում՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, Եվրոպայի խորհրդի՝ Մարդու իրավունքների հանձնակատարը և բազմահազար քաղաքացիներ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները վերագրել են Հայաստանի Հանրապետության այդ ժամանակ գործող Նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նույն ժամանակ գործող վարչապետ, Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմնակիցներին: Ըստ նրանց՝ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած ապօրինությունները խախտել են Հայաստանի Հանրապետության այդ ժամանակ գործող Սահմանադրության 4-րդ հոդվածում ամրագրված՝ ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները, որի արդյունքում ժողովուրդը զրկվել է ազատ ընտրությունների միջոցով իր իշխանությունն իրականացնելու հնարավորությունից, ինչով պայմանավորված, 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած, Երևանի Ազատության հրապարակում կազմակերպվել և անցկացվել են քաղաքացիների՝ այդ ժամանակ գործող ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով երաշխավորված խաղաղ, առանց զենքի հավաքներ:
Հավաքների դուրս եկած բազմահազար քաղաքացիները պահանջել են անվավեր ճանաչել, իրենց կարծիքով՝ կեղծված ընտրությունները, չեղարկել ընտրական տեղամասերից ստացված արդյունքները: Միաժամանակ, ՀՀ գործող իշխանություններից ակնկալել են, որ կպահպանվի սահմանադրական կարգը, այն է՝ կապահովվի մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների իրացման հնարավորությունը և պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք կգործեն ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան:
Հասարակության լայն շրջանակներում աճող դժգոհությունը և խաղաղ հավաքներին մարդկանց նոր զանգվածների ներգրավումը լուրջ անհանգստություն է պատճառել գործող իշխանություններին: Այն բանից հետո, երբ հավաքների թվացյալ ոչ իրավաչափ լինելու մասին ոստիկանության հայտարարություններով և կոչերով հնարավոր չի եղել խոչընդոտել շուրջօրյա խաղաղ հավաքների անցկացումը, ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցանկալի իշխանական համակարգը պահելու համար՝ իշխանությունն իր մտերիմ Սերժ Սարգսյանին ցանկացած եղանակով հանձնելու, ընթացող իրավական, քաղաքական գործընթացների վրա բազմամարդ հավաքների ազդեցության՝ իր համար անցանկալի հետևանքները ցանկացած եղանակով կանխելու, ընտրության արդյունքների վիճարկման իրավական գործընթացներն ապօրինի վերահսկելու նպատակով, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի և այլ անձանց հետ, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի օժանդակությամբ իրականացրել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ՝ զինված ուժերի, ապօրինի զինված քաղաքացիական անձանց հետընտրական քաղաքական հարցերում հանցավոր ներգրավմամբ, ինչպես նաև ակնհայտորեն իրենց լիազորությունների շրջանակից դուրս դիտավորյալ այլ գործողություններով, քաղաքացիների հիմնական իրավունքների անհիմն և ապօրինի խախտմամբ և սահմանափակմամբ երկրում փաստացի վերացրել են սահմանադրական կարգի համապատասխան հիմնադրույթները՝ յուրացնելով իշխանությունը:
Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողությունները հանգեցրել են 2008 թվականին գործող Սահմանադրության 1-ին հոդվածով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական և իրավական պետություն է, 2-րդ հոդվածով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, 3-րդ հոդվածով նախատեսված՝ պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան, 5-րդ հոդվածով նախատեսված՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով և 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն, նորմերը փաստացի վերացնելով, այդ ժամանակահատվածում իրավական համակարգում դրանց գործողության դադարեցմամբ, որն արտահայտվել է ՀՀ Նախագահի ընտրություններին հաջորդող՝ 2008թ. փետրվարի 23-ից մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում ժողովրդավարական և իրավական պետությունում ժողովրդին պատկանող իշխանության իրացման միջոցներ հանդիսացող՝ ՀՀ-ում քաղաքացու՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան երաշխավորված՝ իր կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատության, խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու, իրավական և դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները՝ վերը նշված պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունների սահմանազանցմամբ խախտելով:
Այսպես.
ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի և այլ անձանց հետ հանցակցությամբ, խախտելով 2008 թվականին գործող ՀՀ Սահմանադրության 8.2-րդ հոդվածն այն մասին, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը, զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո», ինչպես նաև Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետն այն մասին, որ Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում կարող է ՀՀ Նախագահը հայտարարել ռազմական դրություն և որոշում ընդունել զինված ուժերի օգտագործման մասին, զինված ուժերն օգտագործել է քաղաքական հարցերում՝ խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ:
Մանրամասները՝ տեսանյութում