«Գազպրոմ»-ն ուզում է` 6 միլիոնանոց սարք տեղադրեմ․ ջերմոցատերերը խնդրի առաջ են կանգնած. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
Բոլորը

Արարատի մարզի Մխչյան համայնքում տուն չես գտնի, որ ջերմոց չունենա։ Համայնքի բնակիչներն ասում են՝ այստեղ 90 տոկոսն ապրում է ջերմոցներից ստացած եկամուտով։ Նրանցից շատերը, սակայն, չգիտեն՝ հաջորդ սեզոնին ինչպես են ջեռուցելու ջերմատները։

Ձմռան սկզբին՝ նախորդ տարվա դեկտեմբերին, «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արտաշատի գրասենյակի տեսուչները եկել են գյուղ և փորձել ներտնային հաշվիչների վրա փականներ դնել։ Քանի որ ջերմատան համար առանձին հաշվիչ չունեն և ներտնային համակարգից են կապույտ վառելիքը ջերմատուն հասցնում, հիմա խնդրի առաջ են կանգնել։

«Գազպրոմ»-ի նոր որոշումից տուժողներից մեկն էլ Գագիկ Ղազարյանն է։ Ասում է՝ բազմանդամ ընտանիքի ապրուստի միակ միջոցը 500 քառակուսի մետր մակերեսով ջերմոցն է։ Տարեվերջին համագյուղացիների հետ այդ որոշման դեմ բողոքով ճանապարհ էին փակել։

«Մուտքի խողովակն ուզում էին ավելի նեղացնել, գազը քիչ մտներ հաշվիչ, արդյունքում մենք չէինք կարողանալու ջերմատանը գազ վառել»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց ջերմոցատերը։

Նրա խոսքով՝ «Գազպրոմ»-ի աշխատակիցները պատճառաբանել են, թե ներտնային գազի համակարգը նախատեսված չէ մեծ ծավալով սպառման համար, ընկերության այս վարկածին, սակայն, Գագիկ Ղազարյանը չի հավատում։

«Իրենք ասում են, որ այս հաշվիչները նախատեսված չեն մեծ ծավալով գազ օգտագործելու համար։ Ասում են՝ եթե շատ ես օգտագործում, հաշվիչը  չի հասցնում ֆիքսել այդ թվերը, բայց դա աբսուրդ է, այդպես չի կարող լինել։ Եթե գործարանային արտադրանք է և նախատեսված է էդ չափի խողովակի համար, ուրեմն ի վիճակի է նաև ֆիսքսելու մտած գազը»,- նշեց նա։

Մի քանի ժամ Երևան-Արտաշատ ճանապարհը փակ մնալուց հետո «Գազպրոմ»-ը զիջումների է գնացել և ջերմոցային տնտեսությամբ զբաղվողներին թույլ է տվել մինչև այս սեզոնի ավարտը ջեռուցումն իրականացնել այդ տարբերակով: Հարցը, սակայն, առկախված է, և Մխչյանի բնակիչները սպասում են ընկերության վերջնական որոշմանը: Գագիկ Ղազարյանի կարծիքով՝ «Գազպրոմ»-ից պահանջելու են գազի ճնշումը կարգավորող սարք տեղադրել, որըն, ըստ նրա, ծախսատար է։

«Նենց են ուզում անել, որ ջերմոց վառելու համար գերպեներ դնենք, իսկ դա 500 քառակուսի ջերմոցի համար աբսուրդ է, 5-6 մլն դրամի ծախս պետք է անեմ։ Էդ 5-6 միլիոն դրամը տալու համար նվազագույնը չորս տարի պետք է աշխատեմ, իմ տնտեսությունը պետք է չորս-հինգ անգամ մեծ լինի ներկայիս տնտեսությունից, որ էդ գերպեն տեղադրելն ինձ համար իմաստ ունենա»,- դժգոհեց Գագիկ Ղազարյանը։

Մխչյանի գրեթե բոլոր խոշոր ջերմոցային տնտեսությունները տեղադրել են գազի ճնշումը կարգավորող սարքերը։ Ֆերմեր Արտյոմ Հովհաննիսյանը խելացի ջերմատունը ջեռուցելու համար ձմռան սեզոնին յուրաքանչյուր ամիս սպառում է 30,000 խորանարդ մետր գազ։ Նա դժգոհում է, որ գազի սպառման ծավալներով պայմանավորված՝ ճնշումը հաճախ թուլանում է, իսկ նոր գազատար ավելացնել չի թույլատրվում։

«Գազպրոմ Արմենիա»-ից արձագանքում են՝ խոշորամասշտաբ բնույթ կրող նոր օբյեկտների կառուցման արդյունքում տվյալ տարածքում առկա է անհրաժեշտ ռեժիմով գազամատակարարման ապահովման խնդիրների առաջացման ռիսկ։ Հետևաբար, ըստ ընկերության, արդեն իսկ բաժանորդ հանդիսացող սպառողներին անխափան գազամատակարարում իրականացնելու նպատակով նոր համակարգերի միացումները կարող են առաջարկվել միայն համապատասխան հզորություններն ապահովող կետերից։

«Գազպրոմ Արմենիա»-ն պարզաբանում է՝ Մխչյան և հարակից համայնքներում բնակչության շրջանում ներտնային գազասպառման համակարգերում նախագծով նախատեսված սպառումից բացի՝ իրականացվում է նաև ջերմոցային տնտեսությունների ջեռուցում՝ անվտանգության պահանջների խախտմամբ։ Ընկերությունից նշում են նաև, որ այս ամենի հետևանքով գերազանցվում են նախագծով նախատեսված գազի կենցաղային հաշվառման հանգույցների գազասպառման ծավալների թույլատրելի սահմանաչափերը:

«Գազպրոմ»-ի փոխանցմամբ՝ ընկերության մասնաճյուղի մասնագետները ձեռնամուխ են եղել ինքնակամ, ապօրինի փոփոխությունների վերացման և սպառման փաստացի ծավալները նախագծով նախատեսված ծավալներին համապատասխանեցնելու աշխատանքներ, սակայն բնակչության շրջանում ի հայտ են եկել դժգոհություններ, ինչի արդյունքում խոչընդոտվել է այդ գործառույթների իրականացումը:

Ընկերությունը ջերմոցատերերին առաջարկում է խնդրահարույց հարցի կարգավորման և նախագծերում համապատասխան փոփոխություններ իրականացնելու նպատակով դիմել ընկերության տարածքային տեղամասեր:

Ջերմատների հետագա ջեռուցման հարցում անորոշ վիճակում հայտնված ֆերմերներին «Գազպրոմ»-ից հիշեցնում են՝ համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված գազի սակագների՝ ջերմոցային տնտեսությունների համար գործում է արտոնյալ սակագին:

Նշենք, որ ջեռուցման սեզոնին՝ նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը, ջերմոցային տնտեսությունների համար գազի սակագինը հազար խորանարդի դիմաց, առանց ավելացված արժեքի հարկի, կազմում է 194,92 դոլար, իսկ ավելացված արժեքի հարկը ներառյալ՝ 233.90 դոլար։ Ջեռուցման սեզոնի ավարտից հետո մինչև 10,000 խորանարդ մետրի շրջանակում սպառված գազի դիմաց ջերմոցատերերն առանց ավելացված արժեքի վճարում են 119,750 հազար դրամ, 10,000 խորանարդը գերացանցելու դեպքում՝ 221,51 հազար դրամ։

Այդուհանդերձ, չնայած «Գազպրոմ Արմենիա»-ի այս հիմնավորումներին՝ ջերմոցատերերը պնդում են, որ գազի ճնշումը կարգավորող սարք տեղադրելը ծախսատար է, և նման ծախս իրենց չեն կարող թույլ տալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան