Մանկության ընկերոջից մինչև Փաշինյանի նկարով ոգեշնչվողներ․ ովքեր 2024-ին հրաժեշտ տվեցին իրենց աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
03.01.2025 | 20:002024 թվականը բարի չէր իրավապահ ոլորտի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների համար։ Վարչապետի մանկության ընկերոջից մինչև նրա նկարով ոգեշնչվող պաշտոնյա ստիպված եղան թողնել իրենց աթոռը։ Ովքեր և ինչու հեռացան պաշտոններից․ Factor TV-ն ամփոփել է ոլորտի բարձրաաստիճան ներկայացուցիչների հրաժարականները։
Հրաժարականների շարքը բացեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը 2024 թվականի հոկտեմբերի 1-ին։ Դրանից շուրջ մեկ ամիս առաջ՝ Մինասյանը իր տեղակալ էր նշանակել Սիրվարդ Գևորգյանին, ինչը քննադատության ալիք էր բարձրացրել․ համացանցում տարածվել էր մի լուսանկար, որում Գևորգյանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դստեր հետ է, ձեռքին էլ ՝ Քոչարյանի հեղինակած գիրքը:
«Թե ինչու է տվյալ ընկերուհին Ռոբերտ Քոչարյանի գիրքը գրկած ապրել կյանքի որոշակի հատված, դա խնդիր է, որն ունի քաղաքական նշանակություն և նախարարն առաջարկություն անելիս պետք է հաշվի առներ սրա քաղաքական հետևանքները»,- Factor TV-ի հետ զրույցում հայտարարել էր ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Սեպտեմբերի 26-ին նորանշանակ Սիրվարդ Գևորգյանը հրաժարականի դիմում ներկայացրեց: Չուշացավ նաև նախարար Գրիգոր Մինասյանի հրաժարականը:
Նրան փոխարինեց մինչ այդ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Սրբուհի Գալյանը: Արդադարադատության նորանշանակ նախարարին ներկայացնելիս վարչապետը գոհունակություն հայտնեց Գրիգոր Մինասյանի աշխատանքից:
«Ես ուզում եմ պարոն Մինասյանին շնորհակալություն հայտնել և տրամաբանական հարց է ծագում. եթե մարդն այդքան լավ էր աշխատում, ինչո՞ւ աշխատանքից ազատեցիք: Իհարկե պետք է ասեմ, որ մեծ հաշվով Արդարադատության նախարարի պաշտոնը լքելու որոշումը պարոն Մինասյանն ինքն է կայացրել. իհարկե, պայմանավորված որոշակի քաղաքական և մերձքաղաքական իրադրություններով, բայց մեծ հաշվով այդ բոլոր իրադարձությունները կապված են մի ավելի խոշոր իրադարձության հետ: Հայաստանի Հանրապետությունում կա արդարության և արդարադատության զգացումի պակասություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
2024-ի նոյեմբերի 17-ի գիշերը բարի չէր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի համար, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Գնել Սանոսյանի համար։ Այս 6 բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարականի դիմում ներկայացրին նոյեմբերի 18-ին։
Մամուլում անմիջապես լուրեր շրջանառվեցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն է նրանց սմս-ով է խնդրել հրաժարական տալ: Այն որ հրաժարականները եղել են Փաշինյանի հորդորով՝ հենց ինքը՝ վարչապետը, հաստատեց Ֆեյսբուքի իր էջում գրառմամբ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով մամուլում եւ սոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները, հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։ Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ։ Միեւնույն ժամանակ չեմ կարող ուրանալ մեր նշված գործընկերների վաստակը մեր պետականության զարգացման գործում եւ շնորհակալ եմ բոլորին իրենց ներդրման եւ իմ խնդրանքի ըմբռնման համար»։
Թե ինչ էր հրապարակային խոսել Փաշինյանը դեռ կանդրադառնանք: Այժմ հիշենք, թե ինչ ճանապարհ էին անցել պաշտոնը լքած պաշտոնյաները:
Վահե Ղազարյան
Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Փաշինյանի մանկության ընկեր Վահե Ղազարյանը կարիերիայի կտրուկ աճ ունեցավ՝ Իջևանի ոստիկանապետի պաշտոնից հասնելով Հայաստանի ոստիկանապետի պաշտոնին։ Ղազարյանը ոստիկանապետ նշանակվեց 2020 թվականին․ պաշտոնավարման 3 տարիերի ընթացքում սուր քննադատության էր ենթարկվում քաղաքացիական հասարակության կողմից՝ ցույցերի ժամանակ քաղաքացիների նկատմամբ ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառման համար։ Ղազարյանի պաշտոնավարման շրջանում նաև Փաստաբանների նկատմամբ ոստիկանության բաժնում ենթադրյալ խոշտանգման դեպքեր գրանցվեցին։ 2023-ին Ղազարյանը նշանակվեց նոր ձևավորված նախարարության՝ Ներքին գործերի նախարար՝ չնայած քաղաքացիական հասարակության պահանջներին, որ նախարար պետք է նշանակվի քաղաքացիական անձ։
Մանկության ընկերոջ փոխարեն Փաշինյանը նախարար նշանակեց նրա տեղակալ Արփինե Սարգսյանին։
Արգիշտի Քյարամյան
Պաշտոնից ազատված Արգիշտի Քյարամյանը ևս 2018-ից հետո է կարիերայի կտրում աճ ունեցել՝ Պետական վերահսկողական ծառայության պետ, ԱԱԾ տնօրեն, ապա՝ Քննչական կոմիտեի նախագահ: Քյարամյանի հրաժարականին նախորդել էր Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպը նրա և ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյան միջև։
Քյարամյանը հայտարարեց, թե Աղազարյանի որդուն առնչվող քրեական գործով իրեն դիմել են, որպեսզի մեքենաները հանի գրավից: Այս հայտարարության առթիվ այժմ քրեական վարույթ կա նախաձեռնված, որի քննությունը շարունակվում է։ ՔԿ նախագահի պաշտոնում Քյարամյանին փոխարինեց գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը։
Աղմկահարույց միջադեպից շատ չանցած իշխանությունը ազատվեց նաև Հովիկ Աղազարյանից։ Նա հեռացվեց խմբակցությունից և կուսակցությունից։
Ռուստամ Բադասյան
2018 թվականի փողոցային պայքարի օրերին Փաշինյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբան Ռուստամ Բադասյանը իշխանափոխությունից շատ չանցած դարձավ ՊԵԿ նախագահի տեղակալ, իսկ 2019-ին՝ Արդարադատության նախարար:
Այս պաշտոնում Բադասանը օրենսդրական նախաձեռնություններով հանդես եկավ, որոնք պետք է ծառայեին դատական համակարգում վեթինգ իրականացնելուն: Սակայն, ինչպես շուտով պարզվեց, վեթինգն առանց սահմանադրական փոփոխությունների հնարավոր չէ իրականացնել:
Երբեմնի լրագրող, ապա Հայաստանի վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանին տված հարցազրույցում Բադասյանը բացատրություններ ներկայացրեց:
«Համատարած վեթինգ իրականացնելու համար միանշանակ պետք են սահմանադրական փոփոխություններ, այսինքն՝ առանց փոփոխելու սահմանդրությունը հնարավոր չէ իրականացնել նման տեաակի վեթինգ, պայմանական անվանենք համատարած վեթինգ:
Այս արձանագրումից հետո Բադասյանը ձեռնամուխ եղավ Դատական օրենսգրքում այնպիսի փոփոխությունների, որոնք հնարավորություն կտային կարգապահական վարույթների միջոցով ազատվել դատավորներից: Վեթինգը չիրագործած Բադասյանին Փաշինյանը 2021-ին նշանակեց ՊԵԿ նախագահ․ ազատումից հետո այդ պաշտոնը զբաղեցնում է մինչ այդ ֆինանսների փոխնախարար աշխատած Էդուարդ Հակոբյանը։
Կարեն Անդրեասյան
Բադասյանին Արդարադատության նախարարի պաշտոնում փոխարինել էր Կարեն Անդրեասյանը, որը շարունակեց դատավորներին այսպես ասած զտելու գործընթացը՝ նախ նախարարի, ապա՝ ավելի ուշ ԲԴԽ նախագահի պաշտոնում:
Նախարար, այդ ժամանակ դեռևս անկուսակցական Անդրեասյանը, պատասխանելով հարցին, թե ինչու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը փակցրել իր աշխատասենյակում, հայտարարել էր.
«Այո, լինում է, երբ աշխատանքային գործունեության ժամանակ, նայելով լուսանկարին, հիշում եմ, որ պետք է լինել ազնիվ, անաչառ և պահպանել այն բոլոր պահանջները, որ մեր առաջ դրել է վարչապետը»:
ԲԴԽ նախագահի պաշտոնում, սակայն Անդրեասյանը վարչապետի նկարը սենյակում փակցնել, դրան նայել և հիշել, որ պետք է ազնիվ ու անաչառ լինել, չէր կարող:
Վարչապետի խնդրանքով պաշտոնը լքելու շքերթում առավել ուշագրավը հենց Անդրեասյանի հրաժարականն էր: Ստացվում է՝ գործադիր իշխանության ղեկավարի խնդրանքով դատական իշխանության անկախության երաշխավոր ԲԴԽ-ի նախագահը հրաժարական է տալիս: Ավելի ուշ Անդրեասյանը հայտնեց, թե դեռ 2024-ի գարնանն էր պատրաստվում հրաժարական տալ, բայց փաստ է, որ դա արել է միայն Փաշինյանի նամակից հետո:
Հատկանշական է, որ ավելի վաղ՝ Գրիգոր Մինասյանի հրաժարականից հետո, ԲԴԽ-ն հերքել էր մամուլում շրջանառվող տեղեկությունները՝ Անդրեասյանի սպասվող հրաժարականի մասին:
«Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարումը որևէ առնչություն չունի Կառավարության որևէ անդամի պաշտոնավարման կամ քաղաքական գործընթացների հետ: Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու: Նա վստահաբար կշարունակի աշխատել մինչև իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը՝ 2027 թվականի հոկտեմբերի 6-ը»,- ասված էր ԲԴԽ-ի հայտարարության մեջ։
Ի պատասխան դատական համակարգի վրա ճնշում գործադրելու շուրջ քննադատությունների՝ Փաշինյանը հայտարարեց, որ իր կողմից հրաժարականի հորդոր չի եղել, եղել է խնդրանք, քանի որ դատաիրավական համակարգում բարեփոխումների քաղաքական պատասխանատուն ինքն է։
Կարեն Անդրեասյանի հեռանալուց հետո ԲԴԽ նախագահ ընտրվեց Արթուր Աթաբեկյանը, որը Նիկոլ Փաշինյանի մտերիմ, պատգամավոր Վահե Ղալումյանի ազգականն է։
Սասուն Խաչատրյան
2018 թվականի իշխանափոխությունից կարճ ժամանակ անց՝ հունիսի 7-ին Դատախազության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետի տեղակալ Սասուն Խաչատրյանը դարձավ Հատուկ քննչական ծառայության պետը։ Պաշտոնը ստանձնելուց հետո նրա առաջին գործը եղավ 2008-ի մարտի 1-ի իրադարձությունները քննելը։
2018-ին Խաչատրյանի ղեկավարած կառույցը քրեական հետապնդում հարուցեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և այդ ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովի նկատմամբ։ Միայն թե Խաչատուրովին ազատությունից զրկելու մասով պարզվում է «մի փոքրիկ» խնդիր կար․ ՀԱՊԿ-ը կհեղիազրկվեր։
Ինչպես պարզվեց՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Քոչարյանի ու Խաչատուրովի կալանքի գործերի քննության ընթացքում քննարկել են նրանց կալանավորել չկալանավորելու հարցը, որի լիազորությունը միայն դատարանն ուներ։ Խաչատուրովը դատարանի որոշմամբ՝ չկալանավորեց, իսկ գաղտնալսման փաստով հարուցված քրեական գործը կարճվեց:
Սասուն Խաչատրյանը 2021 թվականին նշանակվեց նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։ Կոմիտեի կազմավորման օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամեն տարի այցելում էր Կոմիտե, ելույթներ ունեմ՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ 2023-ի հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․
«Մենք արդեն մի քանի տարի, ինչպես ասում են, այս ոլորտում ցանել ենք և ժամանակն է եկել բերքը հնձելու, այսինքն՝ ժամանակն է եկել պտուղները տեսնելու, և շատ կարևոր է, որ, կներեք, ինչքան էլ կոպիտ լինի, այդ բերքը լինի առատ»։
Այս ելույթից մեկ տարի անց, սակայն, բերքահավաք չէր եղել, Փաշինյանն արձանագրեց, որ դատաիրավական համակարգից հանրության շրջանում դժգոհություն կա։
«Կառավարությունը և ես անձամբ դատաիրավական համակարգի առաջ հարց եմ դրել և այդ հարցը հետևյալն է․ ասել եմ՝ ինչ ՝ ձեզ հարկավոր՝ մաքսիմալ աշխատելու համար և դատաիրավական համակարգից ստացվել են պատասխաններ, որ մեզ պետք է սա, սա սա սա, ես այդ բոլոր պահանջները դրել եմ իմ աշխատանքային սեղանին, և ըստ էության կարող եմ արձանագրել, որ ինչ իրավապահ համակարգն ակնկալել է կառավարությունից, կառավարությունն ապահովել է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
2016-ին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այն ժամանակվա իշխանություններին քննադատել էր՝ բյուջեի կատարողականում ամեն տարի նույն ծրագիրը ներկայացնելու համար՝ հիշեցնելով «Կարգին հողորդում»-ից մի մանրապատում։ Այժմ ինքն է հայտնվել նույն իրավիճակում:
Կառավարության նոյեմբերի 15-ի նիստում Փաշինյանը իրավապահների աշխատանքի վերաբերյալ ավելի կոշտ հայտարարություններ արեց:
«Դատական, իրավական, ուժային կառույցների հարգելի՛ ներկայացուցիչներ, իմ համբերության բաժակը լցվել է: Ոնց որ քյասիբի ռադիո լինեմ. ամեն տարի գալիս եմ ձեր միջոցառումներին, ելույթ ունենում, ծափ եք տալիս, թողնում գնում եմ, հաջորդ տարի գալիս եմ, ավելի ուժեղ եք ծափ տալիս, էլի թողում գնում եմ, սրա վերջը եկել ա, ես ձեզ ուղիղ եմ ասում, սրա վերջը եկել ա»,- ասաց Փաշինյանը։
Սրա վերջը եկել է թե ոչ, պարզ կլինի առաջիկայում, բայց, փաստորեն այս ելույթից երեք օր անց եկավ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնավարման վերջը:
Իրապահ կառույցների ղեկավարներից իրենց պաշտոնավարումն այժմ շարունակում են միայն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ու Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Ընդ որում՝ Դատախազությունն այն կառույցն է, որը հսկողություն է իրականացնում մյուս իրավապահ կառույցների քննած գործերի նկատմամբ: Այս դեպքում հարց է ծագում, թե ինչպես է վարչապետը քննչական մարմինների աշխատանքից դժգոհ, իսկ նրանց նկատմամբ հսկողություն իրականացնող Դատախազությունից՝ ոչ:
Մանրամասները՝ տեսանյութում։
Արաքս Մամուլյան