Թուրքիայի համար կարո՞ղ է Թյուրքական պետությունների կազմակերպությունը ԵՄ-ին և ԲՐԻԿՍ-ին այլընտրանք լինել․ անդրադարձ
Քաղաքականություն
02.12.2024 | 23:16Թյուրքական պետությունների կազմակերպությունն ուշադրություն է գրավում միջազգային հարցերում, սակայն նրա հեռանկարները՝ որպես համաշխարհային ուժի, կախված կլինեն անդամ երկրների կարողությունից՝ օգտագործելու իրենց յուրահատուկ ուժերը՝ չհրաժարվելով ավանդական կապերից և չվրդովեցնելով տարածաշրջանային և համաշխարհային տերություններին, հատկապես՝ Ռուսաստանին և Չինաստանին։ Այս մասին ասվում է Al Monitor-ի անդադարձում։
Կազմակերպությունը, որի լիիրավ անդամներն են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը, ինչպես նաև Թուրքմենստանը, Հունգարիան և Թուրքական Կիպրոսը՝ դիտորդներ, 11-րդ գագաթնաժողովն անցկացրել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում նոյեմբերի 6-ին: Գագաթնաժողովի թեման էր՝ «Թյուրքական աշխարհի հզորացում. տնտեսական ինտեգրում, կայուն զարգացում, թվային ապագա և անվտանգություն բոլորի համար», այն կենտրոնացած էր հատկապես կլիմայի նկատմամբ կայուն գյուղատնտեսության և տնտեսական աճի ֆինանսավորման վրա:
Լրատվամիջոցի հետ զրույցում փորձագետները նշել են, որ կազմակերպության անդամներն ունեն եզակի առավելություններ՝ եվրասիական առևտրային և լոգիստիկ երթուղիներում իրենց կենտրոնական դիրքի, հարուստ բնական ռեսուրսների, ընդհանուր մշակութային ժառանգության և աշխարհաքաղաքական համագործակցության մեծացման շնորհիվ։ Բայց նրանք նաև զգուշացրել են, որ Թուրքիան չպետք է կառույցը դիտարկի որպես այլընտրանք իր արևմտյան կապերին:
Անկարայի TOBB տնտեսագիտության և տեխնոլոգիայի համալսարանի միջազգային հարաբերությունների դոցենտ Ալի Օգուզ Դիրիոզը լրատվամիջոցին ասել է, որ աստիճանական մոտեցումը կարող է լինել կազմակերպության ուժի առանցքը:
«Խիստ ինստիտուցիոնալացված և պաշտոնական ԵՄ-ի հետ համեմատելու փոխարեն՝ այն պետք է գնահատվի որպես ավելի ճկուն և պրագմատիկ մոդել, ինչպիսին Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան է»,- ասել է նա՝ նշելով, որ կառույցի անդամները նստած են հանքային հարուստ պաշարների, ինչպես նաև հին ու նոր առևտրային և լոգիստիկ ուղիների վրա:
Շանհայի համալսարանի Գլոբալ հետազոտությունների ինստիտուտից Մերվե Էրքան Այդինը նաև կարևորել է կազմակերպության արագ ընդլայնումը քաղաքական և ռազմավարական համագործակցության, ինչպես նաև առևտրի և տնտեսության ոլորտներում: Որպես օրինակ՝ նա բերել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև առևտրի աճը ոչ միայն ածխաջրածինների և պաշտպանության, այլ նաև էլեկտրոնային առևտրի ոլորտում։
Թուրք-ադրբեջանական առևտուրը 2023 թվականին կազմել է մոտ 8 միլիարդ դոլար։ Թուրքիայի ԱԳՆ-ն նշում է, որ երկրները միմյանց տնտեսություններում ներդրել են ավելի քան 30 միլիարդ դոլար․ 12 միլիարդ դոլար՝ Թուրքիայից Ադրբեջան և 19 մլրդ դոլար՝ Ադրբեջանից Թուրքիա։
«Եթե նման ներգրավվածություններ լինեն այլ թյուրքական պետությունների հետ, սա կարող է նշանակալի շուկայի բացման բերել։ Սրան հասնելու համար պետք է լուրջ քայլեր արվեն, ինչպիսին է բիզնեսի, ներդրողների և ձեռնարկատերերի հետ հանդիպումներ և խորհրդատվություններ կազմակերպելը՝ տնտեսական հարթակ ստեղծելու համար»,- ասել է Այդինը։
Լրատվամիջոցն ընդգծում է, որ կազմակերպության անդամ երկրների ընդհանուր ցամաքային տարածքը գրեթե նույնն է, ինչ ԵՄ-ինը, մինչդեռ նրանց ընդհանուր համախառն ներքին արդյունքը կազմում է Եվրոպական միության միայն մեկ տասներորդը: Թյուրքական պետություններն ունեն 160 միլիոն բնակչություն՝ ԵՄ-ի 450 միլիոնի դիմաց:
Այդինն ու Դիրիոզը նաև նշել են՝ վտանգ կա, որ միլիոնավոր թյուրքական ժողովուրդներ կհակադրվեն Ռուսաստանին և Չինաստանին, որոնք իրենց հերթին ունեն միլիոնավոր թուրք ու մահմեդական փոքրամասնություն։ Այս մտահոգությունները փարատելու համար Այդինը հիշեցրել է Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմի հայտարարությունը, որ Մոսկվան և Պեկինը Թյուրքական պետությունների կազմակերպության «բնական անդամներ» են:
Al Monitor-ը շեշտում է, որ կազմակերպության անդամներն ունեն յուրահատուկ կարիքներ ու շահեր։ Օրինակ՝, Թուրքմենստանը, ամենայն հավանականությամբ, տեսանելի ապագայում կմնա դիտորդ՝ «մշտական չեզոքության» վերաբերյալ իր սահմանադրական դրույթների պատճառով։ Հունգարիան խմբի անդամ է դարձել 2018 թվականին՝ հիմնականում թյուրքական երկրների հետ արագ աճող առևտրի, ինչպես նաև այն համոզմունքի պատճառով, որ հունգարացիները թյուրքական ընտանիքի ճյուղն են: Ամեն դեպքում, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը բաց քննադատում է այն, ինչը նա անվանում է «Եվրոպայի իսլամացում» մահմեդական ներգաղթի և ծնելիության միջոցով:
Կարևոր է նաև Ղազախստանը, որն ունի մեծ ռուսալեզու փոքրամասնություն, և նրա ամենամեծ առևտրային գործընկերները Ռուսաստանն ու Չինաստանն են, ոչ թե կազմակերպության երկրները։
«Կազմակերպությունն առաջարկում է ընդլայնել և դիվերսիֆիկացնել Թուրքիայի արտաքին քաղաքականության շրջանակը՝ դուրս գալով արևմուտքակենտրոն արտաքին քաղաքականության մոտեցումից։ Այնուամենայնիվ, չնայած մշակութային ամուր կապերին՝ Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի պետությունների միջև կան նկատելի պատմական և քաղաքական տարբերություններ, որոնք կարող են մարտահրավերներ ստեղծել ընդհանուր ինքնության ձևավորման և համագործակցության խորացման հարցում»,- ասել է Այդինը։
Դիրիոզն էլ նշել է, որ «կառույցն այլընտրանք չի ծառայում Արևմուտքի հետ հարաբերություններին՝ ՆԱՏՕ-ին, ԵՄ-ին, Եվրոպայի Խորհրդին և այլն, այլ ավելի շուտ լրացնում է նրանց: Թուրքիայի արևմտյան կապերը նրան դարձնում են ավելի գրավիչ գործընկեր թյուրքական պետությունների համար»:
Կազմակերպության գրավչությունը կարող է աճել նոր հաջողությունների միջոցով: Տնտեսական աճը, եթե զուգորդվի բարելավված տարածաշրջանային և համաշխարհային առևտրի հետ, լոգիստիկ ուղիների ընդլայնումը և բնակչության աճը կծառայեն այդ նպատակին: Դրա պատճառով երկու փորձագետներն էլ ընդգծում են թյուրքական աշխարհում շարունակվող միտումները՝ տրանսպորտային և մաքսային համագործակցությունը, ինչպես նաև ֆինանսական կապերի բարելավումն այնպիսի մեխանիզմների միջոցով, ինչպիսիք են Թյուրքական ներդրումային հիմնադրամը և Թուրքական համաշխարհային ֆինանսական կենտրոնը:
Դիրիոզն էլ առաջարկում է բազմաբնույթ գործընկերային կառույց։ Նա նշել է, որ Վրաստանը, Տաջիկստանը և Մոնղոլիան դիտորդի կարգավիճակի հավանական թեկնածուներ են: Ֆինլանդիան նույնպես, Հունգարիայի հետ իր ընդհանուր ուրալյան մշակութային ժառանգության պատճառով, մի օր կարող է մտածել կազմակերպության հետ համագործակցելու մասին: Պակիստանը և Իրանը, Տնտեսական համագործակցության կազմակերպության միջոցով, որը դիտորդ կազմակերպություն է, կարող են դառնալ դիտորդներ կամ գործընկերներ։ Ըստ նրա՝ ամենահետաքրքիր գործընկերը կլիներ Հայաստանը, եթե խաղաղություն կնքի Ադրբեջանի հետ և վերականգնի Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները:
Այդինը նաև ընդգծել է քաղաքական-ռազմական համագործակցության կարևորությունը, ներառյալ՝ սահմանային անվտանգությունը և ահաբեկչության դեմ պայքարը, որը Թուրքիան կարող է հատկապես արդյունավետ օգտագործել՝ հաշվի առնելով իր արագ զարգացող պաշտպանական արդյունաբերությունը։ Կառույցի անդամները ներկայում կազմում են Թուրքիայի պաշտպանական և օդատիեզերական արտահանման փոքր մասը, որը 2023 թվականին կազմել է 5,5 միլիարդ դոլար: Ըստ թուրքական աղբյուրների՝ երկրի պաշտպանական և օդատիեզերական արտադրանքի արտահանումն Ադրբեջան տատանվել է 123 միլիոն դոլարից՝ 2020 թվականին, մինչև 160 միլիոն դոլարի՝ 2021 թվականին, իսկ 2022 թվականին իջել է 134 միլիոն դոլարի։
Այդընն ընդգծել է նաև մշակութային ճակատի հզորացման անհրաժեշտությունը․ սեպտեմբերին կազմակերպության անդամներն արդեն ընդունել են ընդհանուր՝ 34 տառանոց այբուբենը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի