Դատավորներն ընդդեմ ԲԴԽ-ի. ովքեր և ինչու են հանվում առաջխաղացման ցուցակներից
Հասարակություն
07.11.2024 | 13:00Դատական օրենսգրքում երկու տարի առաջ արված փոփոխությունները Բարձրագույն դատական խորհրդին դատավորների առաջխաղացման հարցում կամայականություն դրսևորելու լայն հնարավորություն են տալիս, և Խորհուրդն օգտվում է այդ հնարավորությունից:
Խորհրդի կամայականության հետևանքով դատական համակարգում թափուր հաստիքներ լինելու դեպքում առաջխաղացման ցուցակում ընդգրկված դատավորներին առանց համապատասխան հիմնավորումների ոչ միայն առաջխաղացման չեն ներկայացնում, այլև նրանց անունները հանում են առաջխաղացման ցուցակներից։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանն, օրինակ, այս փոփոխություններից հետո արդեն երկրորդ անգամ հանվում է Վերաքննիչ քրեական դատարանում առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակից, մեկական անգամ ցուցակից հանվել են նաև նույն դատարանի դատավորներ Տաթևիկ Գրիգորյանը, Գնել Գասպարյանը և Երևանի քաղաքացիական դատարանի դատավորներ Գոռ Մինասյանն ու Դավիթ Թադևոսյանը։
Խնդիրը հասկանալու համար նախ ուսումնասիրենք ներկա և նախկին օրենսդրական կարգավորումները։
Փոփոխություններ՝ առանց հանրային քննարկման
Դատական գործող օրենսգրքի համաձայն՝ Վերաքննիչ դատարանում առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակում ընդգրկվելու համար դատավորը դիմում է ներկայացնում Բարձրագույն դատական խորհուրդ՝ մինչ այդ անցնելով բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն։
Առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում համապատասխան մասնագիտացմամբ թափուր հաստիք առաջանալու դեպքում Դատական դեպարտամենտը դատավորին առաջարկություն է ներկայացնում նրան դատավոր նշանակելու վերաբերյալ, և միայն այն դեպքում, երբ դատավորը տալիս է իր գրավոր համաձայնությունը, ԲԴԽ-ն դիմում է նախագահին՝ դատավորին նշանակելու համար։ Այս կարգավորումն առկա է եղել ինչպես նախկինում, այնպես էլ հիմա:
Սակայն 2022 թվականի տերեվերջին Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ դրեց Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ:
Այս նախագծում լրացումներից մեկն այն էր, որ «Դատական դեպարտամենտը առաջխաղացման ենթակա դատավորի թեկնածուին առաջարկություն չի ներկայացնում, եթե Բարձրագույն դատական խորհուրդը համապատասխան թեկնածուի մասով որոշում է կայացրել տվյալ թեկնածուին առաջարկություն չներկայացնելու մասին»։ Բացի այդ՝ օրենքում նաև լրացում կատարվեց, համաձայն որի՝ ԲԴԽ-ի կողմից թեկնածուին առաջարկություն չներկայացնելու որոշումը հանգեցնում է այդ թեկնածուին դատավորների թեկնածուների ցուցակից հանելուն։ Այս փոփոխությունը հրատապ և առանց հանրային քննարկման դնելու 2022 թվականի դեկտեմբերին ընդունվեց և ուժի մեջ մտավ 2023 թվականի հունվարի 7-ից։
Փոփոխությունների ընդունումից 5 ամիս անց ԲԴԽ-ն արդեն սկսեց առաջխաղացման ցուցակում ընդգրկված դատավորներին հանել ցուցակներից։
Առաջխաղացման ցուցակից հանված դատավորները
2023-ին Վերաքննիչ քրեական և քաղաքացիական դատարաններում թափուր հաստիքներ առաջացան, որոնք պետք էր համալրել: Դատական դեպարտամենտը, սակայն, Երևանի քրեական դատարանի դատավորներ Արման Հովհաննիսյանին, Տաթևիկ Գրիգորյանին և Գնել Գասպարյանին, ինչպես նաև Երևանի քաղաքացիական դատարանի դատավորներ Գոռ Մինասյանին ու Դավիթ Թադևոսյանին առաջարկություն չներկայացրեց։ Պարզեց՝ ԲԴԽ-ն որոշել էր նրանցից և ոչ մեկին չտեղափոխել Վերաքննիչ դատարան, որից հետո դատավորները հանվել էին առաջխաղացման ցուցակից։ Կարևոր է այն հանգամանքը, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը առաջխաղացման ցուցակից հանված դատավորների վերաբերյալ դրական եզրակացություն էր տվել:
Factor TV-ն «Ովքեր են դատում. Հայաստանում կան քրեական գործերով անցած և քաղաքականությամբ զբաղված դատավորներ» հոդվածում անդրադարձել էր այն հարցին, որ բացասական եզրակացությամբ անձինք ԲԴԽ-ի կողմից ընտրվում են դատավոր: Փաստորեն հակառակ գործընթացը ևս տեղի է ունենում. բարեվարք անձինք ԲԴԽ-ի կամայական որոշումներով զրկվում են առաջխաղացումից, ընդ որում՝ առանց հիմնավորումների:
Վարչական ակտ՝ առանց հիմնավորումների․ դատավորները դիմել են վարչական դատարան
Դատավորներին առաջխաղացման ներկայացնելու հարցը Բարձրագույն դատական խորհրդում քննվում է դռնփակ: Դատավորին առաջարկություն չի ներկայացվում, եթե խորհրդի անդամների կեսից ավելին դեմ է լինում նրա թեկնածությանը: Իսկ թե ինչի հիման վրա է խորհրդի յուրաքանչյուր անդամ քվեարկում կամ ինչպես է քվեարկում, հանրությանը հայտնի չի դառնում: Ավելին, այս հանգամանքը պարզ չի դառնում նաև այն դատավորի համար, որի վերաբերյալ որոշում է կայացվում։
Դատավորին առաջխաղացման ցուցակից հանելը նրա վերաբերյալ վարչական ակտ է։ Ստացվում է՝ կայացվում է մի վարչական ակտ, որը չունի հիմնավորումներ, մինչդեռ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի» համաձայն՝ վարչական ակտում պետք է նշվեն բոլոր այն փաստական և իրավաբանական հանգամանքները, որոնք վարչական մարմնին հիմք են տվել ընդունելու համապատասխան որոշումը:
Հենց այս հանգամանքը մատնանշելով՝ դատավորներ Գնել Գասպարյանը և Արման Հովհաննիսյանն իրենց անունն առաջխաղացման ցուցակից հանելու ԲԴԽ-ի որոշումները վիճարկում են վարչական դատարանում. պահանջում են ԲԴԽ-ին պարտավորեցնել իրենց անունները վերականգնել առաջխաղացման ցուցակում ու Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր նշանակելու առաջարկություն ներկայացնել:
Բողոքներից մեկուկես տարի անց դեռևս դատարանները որոշում չեն կայացրել։ Ավելին, Արման Հովհաննիսյանի բողոքի քննությունը 2024-ի ամռանը վերսկսվել է, քանի որ այն քննող դատավորն ինքնաբացարկ է հայտնել։ Ի սկզբանե Հովհաննիսյանի հայցադիմումը մակագրվել էր Վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանին, որը 2024 թվականի ամռանը դարձել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արման Հովհաննիսյանի հայցադիմումը ԲԴԽ-ի դեմ է, այսինքն՝ մի մարմնի, որի անդամ է այժմ նաև Մերի Համբարձումյանը, նա ինքնաբացարկ է հայտնել։ Գործը մակագրվել է այլ դատավորի, և քննությունը սկսվել է նորից։
ԲԴԽ-ի այս որոշումից հետո Արման Հովհաննիսյանն ու Տաթևիկ Գրիգորյանն իրենց անունն առաջխաղացման ցուցակում կրկին ընդգրկելու դիմումներ են ներկայացրել։ Կրկին ընդգրկվել են ցուցակում, սակայն 2024 թվականի սեպտեմբերին ԲԴԽ-ն Արման Հովհաննիսյանի անունը նորից է հանել առաջխաղացման ցուցակից, այսինքն՝ կրկնել է այն վարքագիծը, որի համար Հովհաննիսյանը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ-ի դեմ։ Ինչ վերաբերում է Տաթևիկ Գրիգորյանին, Արման Հովհաննիսյանի անունը առաջխաղացման ցանկից հանելուց հետո ԲԴԽ-ն նրան Վերաքննիչ քրեական դատարան տեղափոխվելու առաջարկություն է արել ու նախագահ Վահագն Խաչատուրյանի 2024 թվականի հոկտեմբերի 31-ի հրամանագրով նա դարձել է Վերաքննիչ դատարանի դատավոր, սակայն այս նշանակմանը ինտրիգային իրադարձություններ են նախորդել:
Տաթևիկ Գրիգորյանը Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի գործն է քննել: 4.5 տարի տարի քննությունից հետո 2024-ի օգոստոսի վերջից սկսած՝ Գրիգորյանը կտրուկ արագացրել է Թովմասյանի գործի քննության տեմպը՝ մինչ այդ արձանագրելով, որ Թովմասյանի պաշտպանական կողմը չարաշահում է իր դատավարական իրավունքներն ու ձգձգում գործի քննությունը:
Գրիգորյանն օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 13-ը գրեթե ամենօրյա ռեժիմով ու ամբողջ օրով նիստեր անցկացրեց Թովմասյանի գործով:
Այս ընթացքում մամուլում հրապարակումներ եղան, որ Տաթևիկ Գրիգորյանին ԲԴԽ-ից խոստացել են`եթե Թովմասյանին մեղավոր ճանաչի, կտեղափոխվի Վերաքննիչ դատարան: Այն օրը, երբ Տաթևիկ Գրիգորյանը Հրայր Թովմասյանի գործով հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, ԲԴԽ-ն հրապարակեց նրանից առաջ առաջխաղացման ցուցակում ընդգրկված դատավոր Արման Հովհաննիսյանին ցուցակից հանելու որոշումը:
Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ Տաթևիկ Գրիգորյանը մեղավոր ճանաչեց Հրայր Թովմասյանին:
Փորձեցինք մամուլի հրապարակումների վերաբերյալ պարզաբանում ստանալ նաև դատավոր Տաթևիկ Գրիգորյանից, սակայն դատավորը չցանկացավ մեկնաբանություն տալ։
Թափուր հաստիքները չեն լրացվել ռեզերվային դատավորներով
Բարձրագույն դատական խորհուրդը ոչ միայն առաջխաղացման ցուցակում գտնվող անձանց առաջարկություն չի ներկայացրել, այլև ռեզերվային դատավորներին:
Այս դատավորների հարցին Factor TV-ն անդրադարձել է իր մի քանի հրապարակումներում: Նրանք պետության կողմից իրականացված օրենսդրական փոփոխությունների հետևանքով մոտ մեկ տարի առանց աշխատելու աշխատավարձ են ստացել, ապա 2024 թվականի հունվարին ԲԴԽ-ն որոշել է նրանց մի մասին վերանշանակել դատավորի պաշտոնում, իսկ մի մասին՝ գործուղել ՀՀ ընդհանուր իրավասության դատարաններ՝ ավելի անբարենպաստ աշխատանքային պայմաններով: Այս դատավորներից 4-ը՝ Գևորգ Պողոսյանը, Վարդան Սուղյանը, Արմեն Վարոսյանը և Կարինե Դավթյանը մինչև վերջերս աշխատում էին մյուս դատավորներին հավասար, սակայն վարձատրվում նրանցից անհամեմատ ցածր, քանի որ ԲԴԽ-ն նրանց վերանշանակելու առաջարկություն չէր ներկայացնում՝ չնայած դատական համակարգում առաջանում էին թափուր հաստիքներ:
ԲԴԽ ուղարկված հարցումներով փորձել ենք պարզել, թե այս դատավորներն ինչո՞ւ չէին նշանակվում թափուր հաստիքներում:
Օրինակ՝ 2024 թվականի հունիսին քրեական մասնագիտացմամբ դատավորի թափուր հաստիք է առաջացել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։
Հունիսի 28-ին Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է այս թափուր հաստիքում Հանրապետության նախագահին առաջարկել Գոռ Գասպարյանի թեկնածությունը, որը հատուկ կարգով որակավորման ստուգում անցած դատավորի թեկնածու էր, այսինքն՝ դատավորի թեկնածու էր դարձել ոչ թե Արդարադատության ակադեմիայիում սովորելով, այլ ավելի արագ ընթացակարգով՝ միանգամից բարդ քննություններ հանձնելով։ Այս ընթացակարգը ևս Դատական օրենսգրքի 2022 թվականի դեկտեմբերյան փոփոխությունների փաթեթում է եղել, որն առանց հանրային քննարկումների ընդունվել ու հասարակական կազմակերպությունների ու դատավորների կողմից քննադատության է արժանացել։
«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 115-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից Հանրապետության նախագահի նշանակմանն առաջարկելու նպատակով թեկնածու ընտրելիս առաջին հերթին առաջարկություն է ներկայացվում այլ դատարանի ռեզերվային դատավորին և միայն չորրորդ հերթին՝ հատուկ որակավորման ստուգում անցած դատավորի թեկնածուին։
Նախագահին Գոռ Գասպարյանի թեկնածությունն առաջադրելու օրվա դրությամբ՝ քրեական մասնագիտացմամբ 4 ռեզերվային դատավոր է եղել՝ Գևորգ Պողոսյան, Վարդան Սուղյան, Կարինե Դավթյան և Արմեն Վարոսյան:
Դատական օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ վերը նշված 4 դատավորներին առաջնահերթության կարգով պետք է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր նշանակելու առաջարկություն ներկայացվեր։ Սակայն ԲԴԽ-ն առաջարկություն է ներկայացրել այն թեկնածուին, որին կարող էր 4-րդ հերթին առաջարկություն ներկայացնել՝ փաստացի տալով առաջնահերթություն։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին ուղարկված գրավոր հարցմամբ, օրենքի կարգավորումներին հղում կատարելով, խնդրել ենք հայտնել, թե արդյո՞ք մինչև Գոռ Գասպարյանին առաջարկ ներկայացնելը առաջարկ ներկայացվել է ռեզերվային 4 դատավորներին։
Կարեն Անդրեասյանին ուղարկված գրավոր հարցմանը պատասխանել է Դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանը:
«Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմինը խորհրդին է ներկայացրել այդ պահի դրությամբ ռեզերվային բոլոր 4 դատավորների՝ Արմեն Վարոսյանի, Գևորգ Պողոսյանի, Կարինե Դավթյանի և Վարդան Մուդյանի տվյալները, ովքեր ունեցել են նույն ժամկետային փորձառությունը»,- հայտնում են Դեպարտամենտից:
Այս կառույցից, թեև ուղիղ չեն հայտնում ռեզերվային դատավորներից որևէ մեկին թափուր տեղի համար առաջարկություն ներկայացնելու հարցով Խորհրդի քվերակության արդյունքների մասին, բայց պատասխանից կարելի է եզրահանգել, որ Խուրհուրդը որոշել է ռեզերվային դատավորներին առաջարկություն չներկայացնել, որից հետո արդեն որոշվել է առաջարկություն ներկայացնել Գոռ Գասպարյանին:
Այս դատավորին առաջարկություն ներկայացնելուց մոտ մեկ ամիս անց Գևորգ Պողոսյանի ռեզերվային կարգավիճակը ԲԴԽ որոշմամբ դադարեցվել է, ու նա արդեն պաշտոնավարել է՝ որպես Երևանի քրեական դատարանի դատավոր, բայց մյուս երեք դատավորները շարունակել են համարվել ռեզերվային:
2024 թվականի հոկտեմբերի 24-ին Դատական դեպարտամենտի ղեկավարին ուղարկված գրավոր դիմումով խնդրել ենք դատավորների առաջխաղացման և նշանակման վերաբերյալ ԲԴԽ որոշումների թեմայով հարցազրույց կազմակերպել ԲԴԽ որևէ անդամի հետ, սակայն ստացել ենք պատասխան այն մասին, որ մեր հարցերին արդեն իսկ տրվել են սպառիչ պատասխաններ և նպատակահարմար չեն համարում հարցազրույց կազմակերպել:
Սակայն մեր հարցումից հետո ԲԴԽ կայքում հրապարակվել է 3 որոշում, համաձայն որոնց՝ դատավորներ Արմեն Վարոսյանի և Վարդան Սուղյանի ռեզերվային կարգավիճակը համարվում է դադարած, և նրանք շարունակում են պաշտոնավարել որպես ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ, իսկ Կարինե Դավթյանին առաջարկում են նշանակել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Կարինե Դավթյան ընդդեմ ԲԴԽ-ի դատական հայց է ներկայացրել
Դատավոր Կարինե Դավթյանը, որը մյուս դատավորներից ավելի ցածր աշխատավարձով է աշխատել, ընդդեմ ԲԴԽ-ի դիմել է վարչական դատարան: 2024 թվականի հունվարի 1-ից սկսած՝ դատավորները ստանում են իրենց պաշտոնային դրույքի 60 %-ի չափով հավելում, սակայն ռեզերվային դատավորներին այս հավելումը չի տրամադրվել և Կարինե Դավթյանը դատարան ներկայացված հայցադիմումով պահանջում է ԲԴԽ-ին պարտավորեցնել վճարել հավելումը՝ հաշվարկը սկսելով 2024-ի հունվարի 1-ից:
Դատավորները զրկվել են ԲԴԽ անդամ դառնալու իրավունքից
Դատավորների առաջխաղացման ձևերից մեկն էլ Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալն է: Բարձրագույն դատական խորուրդը և դրա աշխատակազմ Դատական դեպարտամենտը այս հարցում ևս խոչընդոտներ են ստեղծում դատավորների համար:
2023 թվականի ապրիլի 9-ին դադարելու էին ԲԴԽ անդամներ Անի Մխիթարյանի և Սերգեյ Չիչոյանի լիազորությունները: Անի Մխիթարյանը ԲԴԽ անդամ է դարձել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից, իսկ Սերգեյ Չիչոյանը՝ Վերաքննիչ դատարանից: Բարձրագույն դատական խորհրդի պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ ԲԴԽ-ում դատավոր անդամի թափուր հաստիք առաջանալիս այն համալրվում է այն ատյանի դատարանի դատավորով, որի լիազորությունները դադարել են ԲԴԽ-ում, սակայն այս անգամ Խորհուրդը շեղվել է իր իսկ ձևավորած պրակտիկայից և առաջին ատյանի դատարանի թափուր տեղը համալրելու համար միայն Սնանկության դատարանի դատավորներին է առաջարկություն ներկայացրել:
Արդյունքում ԲԴԽ անդամի միակ թեկնածուն եղել է Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանը, որը ընտրվել է ԲԴԽ անդամ:
Նշենք, որ Արթուր Աթաբեկյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտերիմ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի ազգականն է, և Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո կարիերայի կտրուկ աճ է ունեցել՝ նախ Լոռու մարզից տեղափոխվելով Երևան, ապա դառնալով Սնանկության դատարանի նախագահ, ԲԴԽ անդամ, ապա՝ Վճռաբեկ դատարանի դատավոր:
Ամիսներ անց՝ հունիսի 16-ին, ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել դատավոր Մեսրոպ Մակյանը: Այս դատավորն էլ ԲԴԽ անդամ էր ընտրվել Երևանի քրեական դատարանից, ապա դարձել Վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, ուստի՝ հուլիսին անհրաժեշտություն է առաջացել ԲԴԽ այս դատավոր անդամի թափուր հաստիքը ևս համալրելու:
Դատական դեպարտամենտն այս անգամ էլ միայն մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորներին է ներառել ԲԴԽ անդամի ընտրության քվեաթերթիկներում՝ շրջանցելով Երևանի քրեական դատարանի դատավորներին: Դատական դեպարտամենտը պարզաբանել է, որ ԲԴԽ-ում մարզերի դատարանից դատավորի ներկայացվածություն է անհրաժեշտ ապահովել՝ թեև հրաժարական էր տվել Երևանի քրեական դատարանից ընտրված դատավորը: Այս ընտրության արդյունքներով էլ ԲԴԽ անդամ է դարձել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը, որը Արթուր Աթաբեկյանի մտերիմ ընկերն է:
Նշենք, որ ԲԴԽ-ում, ըստ դատական օրենսգրքի կարգավորումների, պետք է ապահովել դատավոր անդամների ներկայացվածության այնպիսի համամասնություն, որ Խորհրդում ապահովվի բոլոր մասնագիտացումների, բոլոր ատյանի դատարանների ու սեռերի ներկայացվածությունը, սակայն ԲԴԽ-ն ընդամենը 5 դատավոր անդամ ունի, ուստի այսօր գործող դատական համակարգի պայմաններում այս պահանջը կատարել հնարավոր չէ:
Դավիթ Բալայանն ընդդեմ Դատական դեպարտամենտի
Երևանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանն իր անունը քվեաթերթիկում չներառելու հանգամանքը վիճարկել է դատական կարգով:
Դավիթ Բալայանի ներկայացուցիչ Հեղինե Մանուկյանը Factor TV-ին պարզաբանում է. միայն Սնանկության դատարանի դատավորներին ծանուցում ուղարկելու հանգամանքը Դատական դեպարտամենտը հիմնավորել է նրանով, որ Սնանկության դատարանը սպասարկում է ՀՀ ամբողջ տարածքը, այսինքն՝ այդ դատարանի դատավորի ընտրությամբ ԲԴԽ-ում ապահովվում է նաև մարզերի դատարանների ներկայացվածությունը։ Ըստ դատավորի ներկայացուցչի՝ Դատական դեպարտամենտի ղեկավարը, շրջանցելով այն հանգամանքը, որ ԲԴԽ կազմում արդեն իսկ ապահովված է առաջին ատյանի մարզերի դատարանների ներկայացվածությունը՝ ի դեմս Սնանկության դատարանից ընտրված դատավորի, այս անգամ ևս ծանուցումներ ուղարկել է միայն մարզային դատարանների դատավորներին՝ ծանուցումներ չուղարկելով Երևան քաղաքի և մասնագիտացված դատարանի դատավորներին:
Փաստաբանը, կոնկրետ օրինակներ բերելով, նշել է, որ Դատական դեպարտամենտի ղեկավարն ընդամենը մի քանի ամիս առաջ ծանուցումներ ուղարկելիս առաջնորդվում էր այն սկզբունքով, որ եթե դատարանից ընտրված ԲԴԽ անդամի լիազորությունները որևէ հիմքով ավարտվում էին, պետք է նրա փոխարեն Խորհրդի կազմը համալրվեր նույն դատարանի դատավորով։ Մինչդեռ այս դեպքում, փաստորեն, տրամագծորեն հակառակ մոտեցումն է ցուցաբերվել։
Դավիթ Բալայանի հայցադիմումը մեկուկես տարի է՝ քննվում էր վարչական դատարանում և սեպտեմբերին մերժվել է։
Վերը նշված հանգամանքները նկատի ունենալով՝ հարց է ծագում. ընդդեմ ԲԴԽ-ի ի՞նչ դատական ակտեր կարող են կայացնել այս գործերը քննող դատավորները, եթե նրանց առաջխաղացումը ևս ԲԴԽ-ի և նրա աշխատակազմ Դատական դեպարտամենտի ձեռքերում է:
Արաքս Մամուլյան