Եվրախորհրդարանի լիագումար նիստում կքննարկվի Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումների, Հայաստանի հետ հարաբերությունների մասին բանաձև

Լուրեր

30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
30.04.2026 | 22:02
Բելգիայում ՀՀ դեսպանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
30.04.2026 | 21:46
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները
30.04.2026 | 21:29
Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին. Պապոյան
30.04.2026 | 21:13
Cloudflare-ը ռուսական MAX մեսենջերը լրտեսական հավելված է ճանաչել
30.04.2026 | 21:00
ՔՊ-ն տապալել է բարեփոխումները, «Ուժեղ Հայաստանը» մաքուր ռուսական ուժ է. մենք այլընտրանք ենք առաջարկում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 20:48
Մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը France 24-ին
30.04.2026 | 20:39
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.04.2026 | 20:27
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
30.04.2026 | 20:13
Գեղամ Գևորգյանը` հեղուկ գազի դեֆիցիտի մասին
30.04.2026 | 20:00
Ադրբեջանը ոչնչացնում, յուրացնում է հայկական հետքը․ սա թույլ չի տալիս լիարժեք հավատալ խաղաղությանը․ Դիաննա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 19:47
Չեմպիոնների լիգայում հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
Բոլորը

Եվրոպական խորհրդարանի առաջիկա լիագումար նիստում քննարկվելու և քվեարկվելու է բանաձև Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների, միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ այդ երկրի հարաբերությունների վերաբերյալ։

«Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդարանի կիպրացի պատգամավոր Կոստաս Մավրիդեսը։

Եվրախորհրդարանի պատգամավորը հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, այդ համատեքստում Ադրբեջանի ապակառուցողական և ագրեսիվ պահվածքին, ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հասցեին Բաքվից հնչող կեղծ մեղադրանքներին և այլ թեմաների։

-ԼԵռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտում, ռազմական ագրեսիա, պատերազմական հանցագործություններ։ Թվում է, թե Ադրբեջանն ամեն ինչ մարսել է և այսօր հենց ինքն է համարձակվում քննադատել ԵՄ-ին, վերջինիս օժանդակությունը Հայաստանին։ ԵՄ-ն լսում է այդ քննադատությունները, երբեմն նույնիսկ սպառնալիքները ու ի պատասխան նշում է, որ պատրաստ է աջակցել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։ Ինչպիսի՞ աջակցություն եք Դուք պատկերացնում, որն իսկապես շոշափելի արդյունք կտա։ 

-Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին արդյունավետ կերպով աջակցելու համար ԵՄ-ն պետք է առավել լուրջ քննադատության ենթարկի Ադրբեջանին՝  էթնիկ զտումների և Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի համար։ Իրադարձությունները, որոնք Ալիևի վարչակարգի կողմից հստակ մշակված ռազմավարությամբ իրականացվեցին Լեռնային Ղարաբաղում, նպատակաուղղված էին էթնիկ հայ բնակչության տեղահանմանը։ Դա հանցագործություն է մարդկության դեմ և արտահայտում է ներկայիս մոտեցումների ձախողումը։ Ինչ վերաբերում է ներկա իրավիճակին, ԵՄ-ն ոչ միայն միջնորդությամբ պիտի արձագանքի, այլ նաև պետք է  հանդես գա Հայաստանի ինքնիշխանության լիարժեք հարգանքի պահանջով, նաև միաժամանակ պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին, եթե այն չդադարեցնի ագրեսիվ գործունեությունը։

Հայերի էթնիկ զտումները դատապարտող Եվրախորհրդարանի բանաձևը ճիշտ ուղղությամբ արված քայլ է, սակայն ավելին է պահանջվում։ ԵՄ-ի կիրառած պատժամիջոցները, որոնք ուղղված են ընդդեմ Պուտինի, չպետք է նպաստեն Ալիևի՝ որպես մեկ այլ հանցագործի գործունեության ծավալմանը։ ԵՄ-ն պետք է վերագնահատի իր հարաբերությունները Ադրբեջանի հետ՝ մասնավորապես հաշվի առնելով մարդու իրավունքների շարունակական խախտումները: Այն կարող է ներառել առևտրային համաձայնագրերի կամ գործընկերության վերանայումը, հատկապես Ադրբեջանի համար կարևոր նշանակություն ունեցող էներգետիկ համագործակցությունը։ Եթե ​​ԵՄ-ն իրականում արժևորում է մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը, ապա պիտի կարողանա ապացուցել, որ կարճաժամկետ տնտեսական շահերը չեն կարող գերազանցել սկզբունքային մոտեցումներին։

Ակտիվների սառեցման, ճամփորդությունների սահմանափակման և որոշ տնտեսական համաձայնագրերի կասեցմանն ուղղված պատժամիջոցների սահմանումն Ադրբեջանի դեմ հստակ ուղերձ կլինի, որ Եվրոպան չի հանդուրժում նման գործողություններ: Ավելին, ԵՄ-ն Հայաստանին տնտեսապես աջակցելով և երկրի համար անվտանգության երաշխիքներ ապահովելով, կարող է տարածաշրջանում հավասարակշռել ուժային դինամիկան և իրականում նպաստել խաղաղության շուրջ երկխոսությանը:

-Հայաստանը վերջին շրջանում պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է հենց հիմա ստորագրել խաղաղության պայմանագիրը, իսկ Ադրբեջանը դրան զուգահեռ նորանոր պահանջներ է ներկայացնում խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Արդյոք սա չի՞ վկայում այն մասին, որ այդ երկիրը չի ցանկանում խաղաղության հասնել, ու ի՞նչ անելիք ունի ԵՄ-֊ն Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու առումով։

-Ես անմիջական փորձ ունեմ, թե ինչ է նշանակում բռնությամբ արմատախիլ լինել սեփական հայրենիքից: Ես հասկանում եմ նաև այն մարտահրավերները, որոնց բախվում են այն ժողովուրդները, որոնք հանդուրժում և ընդունում են նահանջի դիրքորոշում, ինչն ակնհայտ է Կիպրոսի և Հունաստանի դեպքում՝ Թուրքիայի հետ կապված:

Ճիշտ այնպես, ինչպես մենք Կիպրոսում և Հունաստանում մշտապես բախվում ենք Էրդողանի նեո-օսմանյան ռեժիմի աճող պահանջներին և անօրինական խախտումներին, նույն կերպ Ադրբեջանը շարունակում է նոր պահանջներ ներկայացնել։ Ինչպես արդեն նշել եմ, նպատակային պատժամիջոցներն են, որ իրականում անհրաժեշտ է կիրառել թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի նկատմամբ՝ նրանց կառուցողական հարթություն բերելու համար։ Սա է այն նպատակը, որի համար մենք պետք է ձգտենք և աշխատենք։

Նման պատժամիջոցներով ոչ միայն կպատժվի վարչակարգն իր գործողությունների համար, այլ նաև կկանխվեն հետագա սրացումները, որով և պարզ կլինի, որ Եվրոպան հանձնառու է միջազգային իրավունքի արժեքներին՝ խաղաղությանը, այլ ոչ թե ագրեսիային։ Սակայն խաղաղության համար երկու կողմերի համաձայնությունն է պետք, և այստեղ էլ ակնհայտ է դառնում, թե որ կողմը խաղաղության նպատակ չունի։

-Ադրբեջանը Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական առաքելությունը որպես անօրինական և խաղաղության գործընթացին վնաս հասցնող գործոն է որակում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ադրբեջանական ռեժիմի նման հայտարարությունները։ 

-Ես բազմիցս քննադատել եմ Ադրբեջանի կառավարությանը վերջին մի քանի տարիների ընթացքում իր ագրեսիվ և երբեմն հանցավոր գործողությունների համար, և ԵՄ-ի առաքելության օրինականության մասին նման հայտարարությունները մեկնաբանում եմ որպես տարածաշրջանում նրանց կողմից առավել լայն աշխարհաքաղաքական հավակնությունների արտացոլում։ Ավելի կոնկրետ՝ նման հայտարարություններով, որոնք չեն համապատասխանում իրենց շահերին, նրանք փորձում են ապալեգիտիմացնել և խաթարել միջազգային ջանքերը։ Սակայն ԵՄ-ն ձգտում է նպաստել տարածաշրջանի դեէսկալացիային, կայունությանը, խաղաղությանը և օրենքի գերակայությանը: Ավելին, նման հայտարարությունները կարող են ամրապնդել ներքին նարատիվներն Ադրբեջանի ներքին գործերին արտաքին միջամտության վերաբերյալ, կարող են ամրապնդել Ադրբեջանի՝ զոհ լինելու քարոզչությունը և այդպիսով նպաստել այդ երկրում ազգայնական տրամադրությունների ձևավորմանը։

Չնայած Ադրբեջանի պնդումներին՝ Հայաստանում ԵՄ-ի առաքելությունը միանգամայն լեգիտիմ է, քանի որ այն գործում է Հայաստանի կառավարության համաձայնությամբ՝ միջազգային նորմերին և օրենքներին համապատասխան։

Ավելին, չնայած ներկայիս միջազգային դժվարություններին՝ ԵՄ-ի համար շատ կարևոր է հավատարիմ մնալ տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության սկզբունքներին, այլապես այն կկորցնի իր արժեքները, ինչն էլ ցավալի հարված կհասցնի ԵՄ-ի հանդեպ վստահությանը համաշխարհային ասպարեզում:

-Մեկ ամիս հետո Բաքուն կհյուրընկալի COP29-ը, որին ընդառաջ բազմաթիվ միջազգային, մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող կազմակերպություններ ահազանգում են երկրում առկա բնապահպանական, օրենքի գերակայության, մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրների մասին։ Ադրբեջանն այս մտահոգությունները որակում է որպես սև քարոզչություն հայկական լոբբիի կողմից։ Որքանո՞վ են ԵԽ-ում ականջալուր այս հարցերին։ 

-Եվրոպական խորհրդարանը լրջորեն է արձագանքում  միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից բարձրացված մտահոգություններին։ Թեև հնարավոր է, որ խորհրդարանը ուշ է պատասխանում, և թեև խորհրդարանի տարբեր քաղաքական խմբերի միջև միշտ կան տարաձայնություններ Ադրբեջանին վերաբերող քննարկումների շուրջ, ամեն դեպքում, շրջակա միջավայրի դեգրադացիայի, օրենքի գերակայության բացակայության և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ կարևորագույն հարցերը Եվրախորհրդարանը հետևողականորեն վերահսկում և լուծումներ է առաջարկում իր տարբեր հանձնաժողովների և բանաձևերի միջոցով:

Փաստացի 2021 թվականից ի վեր Եվրախորհրդարանն ութ բանաձև է ընդունել ընդդեմ Ադրբեջանի։ Իսկ վերջերս ադրբեջանցի այլախոհ և ներկայում քաղբանտարկյալ Գուբադ Իբադօղլուն առաջադրվել է Սախարովի անվան մրցանակի՝ կոռուպցիայի դեմ պայքարում իր գործունեության համար: Ես՝ ի թիվս այլ համախոհ գործընկերների, հնարավորության դեպքում բարձրաձայնում եմ վերոհիշյալ խնդիրները խմբային հանդիպումների ընթացքում, ինչպես նաև գրավոր հարցերի և հայտարարությունների տեսքով՝ լիագումար նիստերի և հանձնաժողովի նիստերի ժամանակ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից հնչող մեղադրանքներին հայկական լոբբիի հասցեին, դա ցինիկ փորձ է օրինական քննադատություններից ուշադրությունը շեղելու և բոլոր նրանց վստահությունը խաթարելու համար, որոնք բարձրացնում են այդ խնդիրները։

Խորհրդարանը միշտ ապահովում է երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ համապարփակ ընկալում՝ իրականացնելով իր սեփական հետազոտությունները, ինչպես նաև հաշվի առնելով իր փոխգործակցությունը շահագրգիռ կողմերի հետ, ինչպիսիք են քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, իրավապաշտպանները և տարբեր միջազգային կառույցներ:

Վերոնշյալ բոլոր զարգացումների լույսի ներքո Եվրախորհրդարանն այս շաբաթ Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստում կքննարկի և կքվեարկի «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների մասին» բանաձևը։