«Էսքանը, որ ցույց ա տվել, բա ինչքա՞նը ցույց չի տվել»․ ինչու են դատավորներն իրենց փողերը կանխիկ պահում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
07.10.2024 | 20:00Կանխիկ գործարքները սահմանափակող պետությունում տանը՝ բարձի տակ կամ չհրկիզվող պահարանում փող պահելը որևէ կերպ սահմանափակված չէ։ Եվ Հայաստանի բազմաթիվ պաշտոնյաներ ավելի շատ վստահում են իրենց պահարաններին, քան բանկային համակարգին։ Այդպիսիք քիչ չեն նաև դատական իշխանության կազմում։ Ինչո՞ւ են դատավորներն իրենց հարյուր հազարավոր դոլարները գերադասում պահել կանխիկ, ի՞նչ ռիսկեր է պարունակում կանխիկը և արդյո՞ք հնարավոր է այն վերահսկել։ Factor TV-ն ուսումնասիրել է 200 դատավորների ու նրանց ընտանիքի անդամների գույքի և եկամուտների հայտարարագրերն ու առանձնացրել կանխիկով առավել մեծ գումարներ պահողներին։
Դատավորների կանխիկ փողերը
«X պահի մեր երկրում կանխիկ գումար ընդհանրապես պետք ա չլինի։ Եթե կանխիկ չլինի, կանխիկ գումարի շրջանառությունն ընդհանրապես զրոյանա դրանով կոռուպցիայի դեմ պայքարի հարցն ենք լուծում առանց աղմուկ աղաղակների»,- 2019 թ-ի դեկտեմբերի 5-ի կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մինչ կգա այդ X պահը, արդարադատություն կերտողներից շատերն իրենց ֆինանսական միջոցների մեծ մասը կանխիկ են պահում։ Ներկայացնենք առձեռն գումար պահողների թոփ քսանյակը։ Ընդհանուր ծավալային համեմատություն իրականացնելու նպատակով դատավորների հայտարարագրած արտարժույթը վերածել ենք դրամի և դոլարի՝ Կենտրոնական բանկի հաշվարկային փոխարժեքով (05.09.2024թ․ դրությամբ)։
Արտուշ Գաբրիելյան՝ 2003 թ-ից մինչ օրս Երևանում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է։ 2023 թ-ի տարեկան հայտարարագրում նշել է 17 մլն դրամ և 55 հազար դոլար կանխիկ գումար, կինը՝ Լիլիթ Գաբրիելյանն ունեցել է 33 մլն դրամ և 4500 դոլար։ Նույն հասցեում գրանցված մայրը՝ Դիանա Գաբրիելյանը, 70 մլն դրամ կանխիկ գումար է հայտարարագրել, տղան՝ Էդիկ Գաբրիելյանը, որն, ի դեպ, Քննչական կոմիտեում քննիչ է, նշել է 8․8 մլն դրամ և 33 հազար դոլար , վերջինիս կինը՝ Անահիտ Բադալյանը՝ 6 մլն դրամ և 41 հազար դոլար։ Գաբրիելյանների ընտանեկան կանխիկը ստացվում է մոտ 186․6 մլն դրամ կամ մոտ 481 հազար դոլար։
Տաթևիկ Ստեփանյան՝ դատավոր է 2014 թ-ից՝ Երևանի առաջին ատյանում։ 2023 թ-ի համար հայտարարագրել է 55 մլն դրամ և 21 հազար դոլար։ Ամուսինը՝ Արման Հովսեփյանը, թեև անցած տարիներին աշխատավարձ չի հայտարարագրել, սակայն զգալի նվիրատվություններ է ստացել և ավելացրել է իր կանխիկ միջոցները․ 2020 թ-ին ունեցել է 3․5 մլն դրամ և 157 հազար դոլար, իսկ 2023-ին՝ 15 մլն դրամ և 278 հազար դոլար (2022 թ-ին գումարն ավելի մեծ էր՝ 24․1 մլն դրամ և 289 հազար դոլար): Դատավորի ամուսինն այս տարիներին զգալի միջոցներ է ստացել որպես նվիրատվություն՝ 5 տարբեր անձանցից ընդհանուր 81300 դոլար, և 2 արտասահմանյան ընկերություններից՝ «Էյ Թու Զի» և «Փետլոքս»՝ ընդհանուր գրեթե 100 հազար դոլար։ Նվիրատվությունների առիթը հայտարարագրում չի երևում և հասանելի չէ շարքային քաղաքացիներին։ Այսպիսով՝ Տաթևիկ Ստեփանյանի ընտանեկան կանխիկն ընդհանուր շուրջ 186 մլն դրամ է կամ մոտ 479 հազար դոլար։
Մարինա Տաշչյան՝ 2019 թ-ից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է։ 2023 թ-ի համար նա հայտարարագրել է 14 մլն դրամ, 235 հազար դոլար և 9 հազար եվրո կանխիկ գումար։ Դատավորի ամուսինը՝ Արմեն Սարգսյանը, որ ՃՈ հաշվառման-քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի պետն է, կանխիկ ունի 22 մլն դրամ։ Այսինքն՝ Մարինա Տաշչյանի ընտանեկան կանխիկը մոտ 131 մլն դրամ է կամ մոտ 338 հազար դոլար։
Գրիգորի Վարդանյան՝ դատավոր է 2016 թ-ից։ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել 2018-ի հունիսին։ Կանխիկ հայտարարաագրել է 76․1 մլն դրամ, 60 հազար դոլար և 40 հազար եվրո։ Վարդանյանի կինը՝ Մարիամ Սեդրակյանը, կանխիկ ունեցել է 4․5 մլն դրամ, 11 հազար դոլար և 4 հազար եվրո։ Այսպիսով՝ Գրիգորի Վարդանյանի ընտանեկան կանխիկը մոտ 127 մլն դրամ է կամ մոտ 327․3 հազար դոլար։
Աշոտ Հովհաննիսյան՝ դատավոր է 2021 թ-ի սեպտեմբերից (Սյունիքում), իսկ 2 ամիս անց՝ նոյեմբերից, տեղափոխվել է պաշտոնավարելու Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ 2023 թ-ի համար նա հայտարարագրել է 22 մլն դրամ, 108 հազար դոլար և 16․3 հազար եվրո կանխիկ գումար։ Կինը՝ Սյուզաննա Հովհաննիսյանը, նույնպես զգալի կանխիկ է ունեցել՝ 17․5 մլն դրամ, 60․5 հազար դոլար և 1 մլն ռուբլի։ Այսինքն՝ Հովհաննիսյանների ընտանեկան կանխիկը գրեթե 116 մլն դրամ է կամ մոտ 299 հազար դոլար։
Կարեն Գևորգյան՝ դատավոր է դարձել 2021թ-ին և մինչ օրս աշխատում է Վերաքննիչ վարչական դատարանում։ 2023 թ-ին կանխիկ ունեցել է 28․5 մլն դրամ, 160 հազար դոլար և 9000 եվրո։ Կինը՝ Լուսինե Սարգսյանը, թեև չի աշխատում, կանխիկ ունեցել է 9․4 մլն դրամ, 11․5 հազար դոլար և 4200 եվրո։ Այսինքն՝ Կարեն Գևորգյանի ընտանեկան կանխիկը մոտ 110 մլն դրամ է կամ մոտ 283․5 հազար դոլար։
Կարեն Ավետիսյան՝ դատավոր է 2009 թ-ից։ 2018-ի հունվարից Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր է։ 2023-ին ունեցել է 33.5 մլն դրամ և 121 հազար դոլար, որից 113 հազար դոլարը նվեր է ստացել Մհեր Դավիթի Թամրազյանից։ Ըստ ընտրողների ռեգիստրի՝ ներկայում Հայաստանում նման անունով 1 անձ կա և նա այդ նվիրատվության ժամանակ 24 տարեկան է եղել։ Հայտարարագրում նվիրատվության առիթը նշված չէ։ Ավետիսյանի կինը՝ Դիանա Թամրազյանը, 2020-ին հայտարարագրել է 125 հազար դոլար կանխիկ, իսկ 2021-2023 թթ-ին նշել է միայն 50 հազար դոլար, թեև եկամուտ այդ ընթացքում չի հայտարարագրել։ 2021 թ-ին ամուսիները 76 մլն դրամ են ծախսել Արաբկիրում և Վահագնի թաղամասում հողամասեր ձեռք բերելու համար։ Այսպիսով՝ Կարեն Ավետիսյանի ընտանեկան կանխիկը մոտ 99․8 մլն դրամ է կամ մոտ 257 հազար դոլար։
Արգիշտի Ղազարյան՝ դատավոր է 2005 թ-ից։ 2023 թ-ին նշանակվել է վարչական դատարանի նախագահ։ 2023-ի տարեսկզբի դրությամբ ունեցել է 300 հազար դոլար կանխիկ գումար, որը տարեվերջին դարձել է 250 հազար դոլար։ Տարվա ընթացքում դատավորը որևէ խոշոր ծախս չի կատարել։ Ղազարյանի կինը՝ Աստղիկ Մազմանյանը, նոտար է, վերջին 3 տարիներին կանխիկ որևէ գումար չի հայտարարագրել։ Ստացվում է՝ դատավոր Ղազարյանի ընտանեկան կանխիկը մոտ 97 մլն դրամ է կամ 250 հազար դոլար։
Ռուբեն Բունիաթյան՝ դատավոր է 2011 թ-ից՝ Երևանի առաջին ատյանում։ 2023 թ-ի հայտարարագրում նշել է մոտ 49․4 մլն դրամ և 55 հազար դոլար կանխիկ։ Բունիաթյանի կինը՝ Նադեժդա Բաղրամյանը, ունեցել է 4 մլն դրամ և 34 հազար դոլար կանխիկ։ Այսինքն՝ դատավոր Բունիաթյանի ընտանեկան կանխիկը մոտ 88 մլն դրամ է կամ մոտ 227 հազար դոլար։
Սամվել Գրիգորյան՝ դատավոր է 2006 թ-ից։ 2021-ից Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր է։ 2023 թ-ի համար հայտարարագրել է 25 հազար դոլար և մոտ 65 977 եվրո կանխիկ։ Կինը՝ Քրիստինե Գրիգորյանը, ունեցել է 41 մլն դրամ կանխիկ։ Այսպիսով՝ Գրիգորյանների ընտանեկան կանխիկը գրեթե 79 մլն դրամ է կամ մոտ 204 հազար դոլար։
Վազգեն Ռշտունի՝ դատավոր է 2008 թ-ից։ 2014 թ-ից վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է։ 2023-ին հայտարարագրել է 54 մլն դրամ և 44 հազար դոլար կանխիկ։ Ընդհանուր ստացվում է՝ 71 մլն դրամ կամ մոտ 183 հազար դոլար։
Ռաֆիկ Խանդանյան՝ դատավոր է 2013 թ-ից։ 2022-ի նոյեմբերից Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր է։ Խանդանյանը Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի փեսան է։ 2023-ին կանխիկ ունեցել է 35 մլն դրամ, 67 հազար դոլար և 21 հազար եվրո։ Կինը՝ Նատելլա Բեգլարյանը, կանխիկ դրամ չունի։ Ընդհանուր ստացվում է՝ մոտ 70 մլն դրամ կամ մոտ 180.4 հազար դոլար։
Արման Օհանյան՝ դատավոր է 2016 թ-ից։ 2022-ի նոյեմբերից Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է։ 2023-ի համար նա հայտարարագրել է 15 մլն դրամ, 44 հազար դոլար և 40 հազար եվրո կանխիկ։ Ի դեպ, 2020 թ-ից հետո նա արագ տեմպերով նվազեցնում է իր հայտարարագրած կանխիկի ծավալները (ավելի վաղ տարիների հայտարարագրերն անորոշ ժամանակով անհասանելի են ԿԿՀ-ի կայքի խնդիրների պատճառով), մասնավորապես՝ 2020 թ-ին նա նշել է 47․5 մլն դրամ, 85 հազար դոլար և 85 հազար եվրո կանխիկ գումար։ Դատավորի կինը՝ Արմինե Օհանյանը, վերջին տարիներին գրեթե նույն ծավալի կանխիկ է հայտարարագրել՝ 7․5-8 մլն դրամ և 31 հազար դոլար։ Այսինքն՝ Օհանյանների ընտանեկան կանխիկը մոտ 69․3 մլն դրամ է կամ մոտ 178.6 հազար դոլար։
Արման Թովմասյան՝ դատավոր է 2008 թ-ից։ 2022-ի դեկտեմբերից Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր է: 2023-ին ունեցել է 38 մլն դրամ և 44 հազար դոլար կանխիկ։ Կինը՝ Աննա Գուլումյանը, հայտարարագրել է 4 մլն դրամ և 15 հազար դոլար կանխիկ։ Այսինքն՝ Արման Թովմասյանի ընտանեկան կանխիկը մոտ 65 մլն դրամ է կամ մոտ 167.5 հազար դոլար։
Ավագ Գաբրիելյան՝ դատավոր է 2009 թ-ից, 2018 թ․ նոյեմբերից աշխատում է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ 2023-ին հայտարարագրել է 2 մլն դրամ, 150 հազար դոլար և 10 հազար եվրո կանխիկ։ Ընդհանուր ստացվում է՝ 64․5 մլն դրամ կամ մոտ 166․2 հազար դոլար։
Էդգար Սեդրակյան՝ դատավոր Գրիգորի Վարդանյանի կնոջ հայրն է՝ դատավոր է 2011 թ-ից։ 2018-ի սեպտեմբերին նշանակվել է Վճռաբեկ դատարանի դատավոր: 2023 թ-ի համար հայտարարագրել է 9․5 մլն դրամ, 73 հազար դոլար և 17․5 հազար եվրո կանխիկ Ընդ որում՝ Սեդրակյանի հայտարարագրում կանխիկի բաժնում 2 տող պաշտպանված է, այսինքն՝ հրապարակային չէ։ Դատավորի կինը՝ Լեյլա Խեչումյանը (ԱՆ ՔԿԱԳ պետ է), նշել է 6․3 մլն դրամ, 14․5 հազար դոլար և 9500 եվրո կանխիկ։ Այսինքն՝ դատավոր Սեդրակյանի ընտանեկան կանխիկը մոտ 61․4 մլն դրամ է կամ մոտ 158․2 հազար դոլար։
Սարգիս Երիցյան՝ դատավոր է 2011 թ-ից, իսկ 2016 թ-ից աշխատում է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ 2023-ին հայտարարագրել է 14․3 մլն դրամ, 3500 դոլար և 1100 եվրո կանխիկ գումար, նաև՝ այլ անձի պատկանող 85 հազար դոլար կանխիկ, որից փաստացի օգտվում է դատավորը։ Կինը՝ Իրինա Հովհաննեսյանը, նշել է 3 մլն դրամ և 4180 դոլար կանխիկ։ Այսինքն՝ Սարգիս Երիցյանի ընտանեկան կանխիկը մոտ 53․7 մլն դրամ է կամ մոտ 138․4 հազար դոլար։
Ռուստամ Մախմուդյան՝ դատավոր է 2020 թ-ից, իսկ 2021-ից տեղափոխվել է Վերաքննիչ վարչական դատարան։ Նա 2023-ի տարեվերջին ունեցել է 26 մլն դրամ, 30 հազար դոլար և 5000 եվրո կանխիկ։ Կինը՝ Մարինե Մախմուդյանը, հայտարարագրել է 20 հազար դոլար կանխիկ։ Այսպիսով՝ Մախմուդյանների ընտանեկան կանխիկը գրեթե 47․5 մլն դրամ է կամ մոտ 122․4 հազար դոլար։
Անի Մխիթարյան՝ դատավոր է 2005 թ-ից, 2018-ի մարտից Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր է։ 2023-ին կանխիկ հայտարարագրել է 11 մլն դրամ և 77 հազար դոլար։ Ընդհանուր ստացվում է՝ մոտ 41 մլն դրամ կամ մոտ 105․7 հազար դոլար։
Արմեն Դանիելյան՝ դատավոր է նշանակվել 2002 թ-ին, իսկ արդեն 2003-ից Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է (2024-ի մայիսին ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ)։ 2021թ-ից ի վեր նրա հայտարարագրերում կանխիկ գումարի ծավալն անփոփոխ է՝ 12․5 մլն դրամ և 22 հազար դոլար։ Դատավորի կինը՝ Մառա Մարգարյանը, նշել է 4․9 մլն դրամ և 31 հազար դոլար կանխիկ։ Այսինքն՝ Արմեն Դանիելյանի ընտանեկան կանխիկը մոտ 38 մլն դրամ է կամ մոտ 98 հազար դոլար։
Դատավորներից փորձել ենք պարզել՝ ո՞րն է այս ծավալի կանխիկ գումարների ծագման աղբյուրը և ինչո՞ւ են այդքան փողը կանխիկ պահում։ Վերը թվարկված 2 տասնյակ դատավորներից Factor TV-ի հարցումներին պատասխանել է միայն 7 դատավոր՝ Արման Օհանյանը, Կարեն Գևորգյանը, Ավագ Գաբրիելյանը, Արման Թովմասյանը, Կարեն Ավետիսյանը, Ռաֆիկ Խանդանյանը և Սամվել Գրիգորյանը։ Նրանք գրեթե միաբերան նշել են, որ հայտարարագրված դրամական միջոցների ծագման աղբյուրները նշված են հայտարարագրերում, դրանց վերաբերյալ հիմնավորումները և իրավահաստատող փաստաթղթերը ներկայացվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, իսկ կանխիկ են պահում, քանզի՝ իրենց սեփականությունն է և իրենց կամքն է ինչպես տնօրինել այն։ Սակայն նկատենք, որ հայտարարագրերում ծագման աղբյուրների մասին տեղեկությունները հրապարակային չեն։
Ավագ Գաբրիելյանն իր պատասխանում նաև նշել է, որ մինչ դատավոր նշանակվելն է տիրապետել դրամական միջոցների գերակշիռ մասին, որոնք առաջացել են իր խնայողությունների և ընտանիքի անդամների կողմից նվիրատվությունների արդյունքում: Մասնավորապես, հայրը՝ Արտուշ Գաբրիելյանը, «Ավտոբեռնիչ» ԲԲԸ-ի խոշոր բաժնետեր է եղել, 2004 թ-ին իր բաժնեմասը վաճառել է Արարատ Գրիգորյանին, իսկ ստացված դրամական միջոցներից նվիրել է նաև իրեն, բացի այդ Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում մինչև 2004 թվականն ունեցել են ընտանեկան բիզնես ու բնակարան, որոնք վաճառվել են 2004 թվականին, և ստացված դրամական միջոցներից հայրը կրկին նվիրել է նաև իրեն:
Արման Թովմասյանն էլ նշել է, որ այդ գումարները հիմնականում ունեցել է մինչ դատավորի պաշտոն ստանձնելը։
ԲԴԽ-ին դատավորների կանխիկ միջոցների ծավալները, ըստ էության, չի հետաքրքրում։ Factor TV-ի հարցմանը, թե կառույցն ի՞նչ դիրքորոշում ունի դատավորների կողմից մեծածավալ (օրինակ՝ տասնյակ հազարավոր դոլարներ) կանխիկ հայտարարագրելու կապակցությամբ, ԲԴԽ-ից պատասխանել են․ «ԲԴԽ-ն կարևորում է դրանց՝ օրենքով սահմանված պարտադիր ընթացակարգին և պայմաններին համապատասխան լինելու հանգամանքը»։
Դատավորների հայտարարագրած դրամական միջոցների, այդ թվում՝ կանխիկի տվյալները վերլուծում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Factor TV-ի հարցմանն ի պատասխան՝ Հանձնաժողովից հայտնել են, որ անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում պարզաբանումներ են հայցում հայտարարատուներից․ «Հանձնաժողովը հատուկ ուշադրություն է դարձնում կանխիկ դրամական միջոցների հայտարարագրման և տնօրինման դեպքերին և դրամական միջոցների ծագման առաջնային աղբյուրներին: Միաժամանակ, դրամական միջոցների կանխիկ տնօրինումը՝ համադրված դրանց ծագման աղբյուրի կամ այլ տվյալների հետ, Հանձնաժողովի կողմից դիտարկվում է որպես ռիսկային ցուցիչ, և Հանձնաժողովը հայտարարատուներին առաջարկում է տնօրինել անկանխիկ եղանակով»:
Չնայած հանձնաժողովի այս առաջարկին՝ դատավորների գերակշիռ մասը խնայողությունների մեծ մասը կանխիկ է պահում։
«Ես կարծում եմ խելամիտ է ինչ-որ չափով կանխիկ ունենալը, պորտֆելի կառավարման տեսանկյունից, որովհետև ինքը հնարավորություն ա տալիս որոշակի դիվերսիֆիկացնել ռիսկերը։ Բայց եթե քո խնայողությունների գերակշիռ մասը կանխիկ ա, դա իմ ասած թեմային չի վերաբերում, ուրիշ բաների ա վերաբերում»,- Factor TV-ին ասել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանի դիտարկմամբ՝ պաշտոնյաների դեպքում կանխիկի առկայություն ինքնին պետք է հարցականի տակ դրվի և պետք է գնալ դրա հետքերով՝ հասկանալու՝ որտեղից է այն գոյացել․ «Կանխիկ գումարը համարվում է բավականին խոցելի կոռուպցիայի տեսանկյունից։ Կաշառքների փոխանցման ամենահարմար և ամենաընդունված տարբերակը դա հենց կանխիկի փոխանցումն է, բնականաբար այդպիսի կասկածներ կարող են ծագել։ Ճիշտ կլինի այդ կանխիկի արգելումն ու հայտարարագրերում դրանց բացառումը։ Երբեմն լինում է, որ այդ գումարները պարզապես գրվում են որպես այդպիսին, որպեսզի հետագայում ինչ-որ գործարքներ արվեն և դրանով արդարացվի, կամ միգուցե ինչ-որ ժամանակ ստացել են ինչ-ինչ եղանակով և ֆիքսում են, որ վաղը մյուս օրը գույք գնեն հասկանալի լինի, թե այդ գումարը որտեղից է գոյացել։ Մեծ չափով կանխիկի գոյությունը պետք է իրավապահ համակարգի ուշադրության առարկա դառնա բոլոր պաշտոնյաների դեպքում»։
Factor TV-ն դատախազությունից հետաքրքրվել է՝ Հայաստանի իրավապահ մարմինները երբևէ քննե՞լ կամ քննո՞ւմ են դատավորների ունեցած խոշոր կանխիկ գումարների հետ կապված գործեր։ Պատասխանը հակիրճ էր․ «Դատախազությունում դատավորների ունեցած կանխիկ գումարների հետ կապված քրեական վարույթների վերաբերյալ առանձին մշակված տեղեկատվություն առկա չէ»։
Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցի կարծիքով՝ կանխիկը միշտ ռիսկ է պարունակում․ «Հայկական հարց կա՝ էսքանը որ ցույց ա տվել, բա ինչքա՞նը ցույց չի տվել։ Որովհետև կանխիկը շատ ավելի հեշտ ա ծախսելը՝ ցույց չտալով։ Կանխիկը հնարավորություն ա տալիս շատ բաներ շրջանցել։ Հիմա կրիպտովալյուտայի խնդիրը կա, որը ընդհանրապես վերահսկելի չի, ու դա շատ վտանագվոր է կոռուպցիայի տեսանկյունից»։
Ինչպե՞ս վերահսկել աներևույթը
Ինչպես կանխիկ գումարներն, այնպես էլ կրիպտոարժույթները գրեթե անվերահսկելի են։ Վիրտուալ փողերով «հրապուրված» դատավորները դեռևս շատ չեն․ մեր դիտարկած 200 դատավորներից միայն 3-ն են կրիպտոարժույթ հայտարարագրել․
Դավիթ Արղամանյան՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի որդին է, դատավոր է 2021 թ-ից, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ Հայտարարագրել է 4 տեսակի կրիպտոարժույթ՝ Clover Finance XXX 117, Terra Classic XXX 173,098.9, Waves XXX 14.1 և Moonriver XXX 11.83։
Սամվել Յուզբաշյան՝ դատավոր է նշանակվել 2022 թ-ի հունիսին Գեղարքունիքի մարզում, նույն տարվա նոյեմբերից տեղափոխվել է Երևանի առաջին ատյան։ Հայտարարագրել է 12 տեսակի կրիպտոարժույթ՝ Smooth Love Potion 12․5 հազար դրամ, Stellar Lumens 12 հազար դրամ, EOS 12․5 հազար դրամ, Algorand 12․5 հազար դրամ, Solana 7500 դրամ, Polygon 7500 դրամ, VeChain 10 հազար դրամ, Hedera Hashgraph 15 հազար դրամ, Cardano 27 հազար դրամ, Shiba Inu 28 հազար դրամ, Dogecoin 25 հազար դրամ, Ripple 25 հազար դրամ։
Անի Հարությունյան՝ դատավոր է նշանակվել 2013 թ-ին Վարչական դատարանում և մինչ օրս էլ զբաղեցնում է այդ պաշտոնը։ Հայտարարագրել է ETH, MBL, KEY, BTTC, WIN, DOGE 6 տեսակի կրիպտոարժույթ՝ 3801 դոլար արժողության։ Հարությունյանը նաև 40 մլն դրամ կանխիկ գումար ունի։
Կրիպտոարժույթ ունի նաև Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դիանա Հովհաննիսյանի ամուսինը՝ Էդգար Պետրոսյանը, որը Կենտրոնի համատիրությունում էլեկտրոմեխանիկ է աշխատում։ Նա հայտարարագրել է 1 տեսակի կրիպտոարժույթ՝ DOGE 1258 դոլար արժեքով։
Աշխարհում կրիպտոարժույթներն անվերահսկելի են։ Հայաստանում ևս պաշտոնյաների կողմից կրիպտոարժույթով գործարքներ իրականացնելու վերաբերյալ օրենսդրական կարգավորումներ չկան։ Այսինքն՝ անձն ունի կրիպտոարժույթ, թե չունի, դրանով որևէ գործարք կատարել է, թե ոչ, դա հայտարարագրելը միայն նրա բարի կամքն է։ Նման պայմաններում, ըստ ԿԿՀ-ի, այն դիտարկվում է մյուս դրամական միջոցների վերաբերյալ կարգավորումների համատեքստում՝ անհրաժեշտության դեպքում հայտարարատուից պահանջելով կրիպտոարժույթով տնօրինվող դրամական միջոցները կամ գործարքները հավաստող նյութեր, օրինակ՝ էլեկտրոնային պլատֆորմների արտապատկերներ և այլն։
«Այսօր երկրներն առերեսվում են մի փաստի հետ, երբ կրիպտոարժույթները օգտագործվում են անօրինական նպատակներով, փողերի լվացման համար են ծառայում, հարկերից խուսափելու համար են ծառայում, և ներկայում տարբեր երկրներ փորձում են ձեռնարկել միջոցներ կրիպտոարժույթները վերահսկելի դարձնելու։ Իրավապահների կարողությունների զարգացումը և կարգավորման համակարգ ստեղծելը առաջնահերթ քայլեր են, որ ՀՀ կառավարությունը պետք է անի»,- Factor TV-ին ասել է ԹԻՀԿ տնօրեն Սոնա Այվազյանը։
Ինչո՞ւ են Հայաստանի դատավորներն այսքան խոշոր գումարները կանխիկ պահում։ Թեև օրենքը դա չի արգելում, բայց խոշոր կանխիկի ծագման աղբյուրը միշտ լինելու է կասկածելի, իսկ այդպիսի փողերը` կոռուպցիոն ռիսկ պարունակող։
Գայանե Խաչատրյան