Կանխատեսելի կալանքներ` ձեռքով մակագրմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Քաղաքական լարված իրավիճակներում, երբ անձանց կալանավորելու միջնորդություններ են ներկայացվում դատարաններ, փաստաբանները կանխատեսում են՝ գործը մակագրվելու է այս կամ այն դատավորին և, որպես կանոն, այդ կանխատեսումներն իրականանում են։ Արդյո՞ք «մոգական ուժերն» են փաստաբաններին օգնում, թե՞ ամեն ինչ այդքան կանխատեսելի է։ Factor TV-ն ուումնասիրել է վերջին տարիներին կալանքների մակագրման պրակտիկան՝ պարզելու, թե որքանով են հիմնավորված փաստաբանների պնդումները, որ այդ գործերը միտումնավոր են մակագրվում կոնկրետ դատավորների՝ ցանկալի որոշումներ ստանալու համար։

2020 թվականի փետրվարի 6-ի Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Այս գիշեր Բավրայի մաքսատանը բացահայտվել է մաքսանենգության խոշոր դեպք, որում ներգրավված են մաքսային ծառայության մի շարք աշխատողներ, այսինքն՝ այդ մարդիկ ապրանքներ են ներկրել կամ աջակցել են ներկրել առանց մաքսային ձևակերպման, այսինքն՝ մեքենաներն ուղղակի եկել ու անցել են մաքսային սահմանով։ Ուզում եմ կրկնել, որ մենք անխուսափելիորեն կոռուպցիան արմատախիլ ենք անելու Հայաստանի Հանրապետությունից, և մեր այս կամքին որևէ մեկը չկասկածի։ Բոլոր նրանք, որոնք կկասկածեն, կարծում եմ՝ կճաշակեն այդ կասկածների ամենադառը պտուղները»։

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի դատավոր Հարություն Մանուկյանը մերժել էր Բավրայի անցակետի հերթափոխի պետին կալանավորելու միջնորդությունը, սակայն նա ազատ չէր արձակվել այնքան ժամանակ, մինչև ԱԱԾ-ն նրան կալանավորելու նոր միջնորդություն էր ներկայացրել։ Այս անգամ գործը մակագրվել էր Կենտրոնի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին, թեև այդ օրը հերթապահ դատարանը ոչ թե Կենտրոնի, այլ Նոր Նորքի նստավայրն էր: Մարտիրոսյանը հերթափոխի պետին կալանավորել էր:

Սա կասկածելի հանգամանքներում կալանքի միակ դեպքը չէ։ 2022 թվականին մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործը: Երբ այն ուղարկվեց դատարան՝ բուն քննության, առաջին ատյանի դատարանը որոշեց Հովսեփյանի նկատմամբ ընտրված կալանավորում խափանման միջոցն անփոփոխ թողնել: Այս որոշման դեմ բողոք ներկայացվեց Վերաքննիչ դատարան, որը համակարգչով մակագրվեց դատավոր Արշակ Վարդանյանին։ Այս դատավորը դեռևս չէր հասցրել քննել գործը, երբ այն ձեռքով վերամակագրվեց այլ դատավորի՝ Ռուբիկ Մխիթարյանին։

Ռուբիկ Մխիթարյանը Վերաքննիչ դատարանում առանձնացված, այսպես ասած, կալանքի դատարանի դատավորներից էր, որոնք միայն նախաքննության ընթացքում գտնվող գործով կալանքի բողոքներ էին քննում։ Բայց, ինչպես պարզվեց, Բարձրագույն դատական խորհուրդն Աղվան Հովսեփյանի գործով բողոքը Վերաքննիչ դատարան ուղարկելու օրը որոշում էր կայացրել, որ դատարան ուղարկված գործերով մեղադրյալների նկատմամբ առաջին անգամ խափանման միջոց ընտրելու որոշումների դեմ բողոքները նույնպես պետք է քննեն կալանքի դատարանի դատավորները։ Մխիթարյանը Հովսեփյանի կալանքի որոշումը թողեց անփոփոխ։

Հովսեփյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը համոզված է՝ այնպես են արել, որ բողոքը քննի այնպիսի դատավոր, որը միշտ պատրաստ է իշխանությունների կամքը կատարել։

Հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ այժմ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի գործով։ Նա ձերբակալվեց 2023 թվականի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանման օրերին Կառավարության դիմաց մեկնարկած բողոքի ակցիաների ժամանակ։ Քոչարյանի պաշտպանական թիմը բողոքարկեց ձերբակալման որոշումը, այն մակագրվեց դատավոր Մասիս Մելքոնյանին, որը մինչ դատավոր դառնալը «Հանրապետություն» կուսակցության անդամ էր: Պաշտպանները հրաժարվեցին բողոքից՝ նշելով, թե այս դատավորից արդարադատության ակնկալիք չունեն։ Դրանից հետո Քոչարյանին կալանավորելու միջնորդություն ներկայացվեց դատարան։

Այս գործը ևս մակագրվեց Մելքոնյանին, թեև այս օրերին հերթապահում էր մոտ 30 դատավոր։ Մասիս Մելքոնյանը կալանավորեց Քոչարյանին։

Լևոն Քոչարյանի կալանքի դեմ Վերաքննիչ դատարանի բողոքի մակագրման օրերին այս դատարանի համակարգչային ծրագրի հետ խնդիր առաջացավ, և Քոչարյանի գործով բողոքը ձեռքով մակագրվեց դատավոր Մհեր Արղամանյանին, որն էլ անփոփոխ թողեց Քոչարյանի կալանքի որոշումը։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ավելի թարմ դեպքեր է հիշեցնում. 2024 թվականի հունիսի 12-ին՝ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման ցույցերի ժամանակ, նռնակներ կիրառվեցին քաղաքացիների նկատմամբ, մեծ թվով անձինք տարվեցին կալանքի։ Այդ օրերին, հետաքրքիր զուգադիպությամբ, հերթապահը կրկին Նոր Նորքի նստավայրն էր, և այս դատարանի որոշ դատավորների կալանքի միջնորդություններ չմակագրվեցին։ Այս դատավորներից մեկը, օրինակ, Արման Հովհաննիսյանն էր։

«Ավելի կարևոր բան ասեմ. երբ դատավորները չբավականացրեցին, օրինակ մակագրվեց Շենգավիթ նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանին՝ դատավոր, որը հայտնի է իր կողմից կայացված որոշումների քննադատությամբ, այսինքն՝ ընտրվեց դատավոր, որն այդ նստավայրի դատավոր չէր, որը հանրության շրջանում ուներ որոշակի ընկալում՝ կապված իր ոչ անկողմնակալության հետ»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։

Փաստաբանը հիշեցրեց, որ այս օրերին տնային կալանք կամ կալանք է կիրառվել նաև շարժմանն աջակցող Ասկերանի, Մարտակերտի և Ստեփանակերտի քաղաքապետերի նկատմամբ։ Այս գործերով դատավորներից մեկը եղել է Դավիթ Արղամանյանը, մյուսը՝ կրկին Մասիս Մելքոնյանը։

2023 թվականի հունվարին Բարձրագույն դատական խորհուրդը որոշմամբ սահմանեց, որ Հակակոռուպցիոն դատարանում քննության ենթակա կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ մինչդատական վարույթի գործերը քննելու են Հակակոռուպցիոն դատարանի դատավորները։ Այս հարցին անդրադարձան իրավաբանական գիտությունների թեկնածու Արտակ Ղազարյանն ու իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը՝ նշելով, որ նման կանոն կարող էր սահմանվել ոչ թե ԲԴԽ որոշմամբ, այլ օրենքով։ Այնուամենայնիվ, ԲԴԽ որոշումից հետո այս գործերը, այդ թվում՝ կալանքի միջնորդությունները, քննեցին Հակակոռուպցիոն դատարանի դատավորները, և միայն 2024 թվականի հունվարին այս կանոնը սահմանվեց Քրեական դատավարության օրենսգրքում։

Ստացվում է՝ մոտ մեկ տարի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ դատական երաշխիքների վարույթներն ու բողոքները, առանց համապատասխան օրենքի առկայության, քննել են Հակակոռուպցիոն դատարանի դատավորները։

Մինչ փաստաբանները պնդում են, թե ընդդիմադիրներին կալանավորելու միտում կա, իշխանությունները հավատացնում են՝ մակագրման գործընթացին միջամտելու միտում չունեն, դատավորների նկատմամբ ազդեցություն՝ ևս:

Մեկ օրինակով փորձել ենք պարզել՝ որքանով է թափանցիկ նախնական կալանքների մակագրման գործընթացը։

2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախից բռնի տեղահանման օրերին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքական հուզումներ ու բողոքի ակցիաներ սկսվեցին կառավարության շենքի դիմաց։ Բազմաթիվ քրեական վարույթներ նախաձեռնվեցին ու մեծ թվով քաղաքացիներ կալանավորվեցին՝ զանգվածային անկարգությունների մասնակցելուց մինչև բռնության հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքներով:

Եվ կրկին՝ այդ օրերին հերթապահում էր դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրը։ Սա նշանակում է, որ դատարան ներկայացված կալանքի բոլոր միջնորդությունները պետք է հենց այդ դատարանը քններ, սակայն կալանքի բերված անձանց թիվն այնքան մեծ էր, որ հերթապահության գրաֆիկում ընդգրկվեցին նաև մյուս դատարանների դատավորները։

Այս օրերին մամուլում հրապարակում եղավ, որ Երևանի քրեական դատարանի բոլոր դատավորներին ցույցերի հետ կապված կալանքի միջնորդություններ են մակագրվել՝ բացի Արման Հովհաննիսյանից և Դավիթ Բալայանից, քանի որ իշխանությունների համար պարզ է՝ նրանք կալանավորելու հրահանգ չեն կատարելու։

Իսկ ովքե՞ր են դատավորներ Արմեն Հովհաննիսյանն ու Դավիթ Բալայանը և ինչո՞ւ պետք է նրանց կալանքի միջնորդություններ չմակագրվեին։

2020 թվականի մայիսի 20-ին Հայաստանի քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջով փակել էին Հայաստանի դատարանների ելքերն ու մուտքերը։ Դատավոր Դավիթ Բալայանն այդ օրը փորձեց պատուհանից մուտք գործել աշխատանքի, բայց չստացվեց։

Արման Հովհաննիսյանին էլ մեկ տարի առաջ ԲԴԽ-ն հանել էր առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակից, և դատավորն այս որոշումը բողոքարկել էր Վարչական դատարան։ Բացի այդ՝ Դավիթ Բալայանն ու Արման Հովհաննիսյանը նաև այն դատավորներից են, որոնք պարբերաբար հայտարարություններ են տարածել դատական համակարգի խնդիրների, դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման օրենսդրական ու այլ խնդիրների վերաբերյալ։

Որոշեցինք ստուգել Բալայանին ու Հովհաննիսյանին միտումնավոր ցույցերի հետ կապված կալանքի միջնորդություններ չմակագրելու տեղեկության իսկությունը։

Այս տեղեկությունը ստուգելու համար 2023 թվականի նոյեմբերից գրություններ ուղարկեցինք Բարձրագույն դատական խորհրդի հնարավոր բոլոր սուբյեկտներին:

2023 թվականի նոյեմբերին Երևանի ընդհանուր իրավասության ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարին ուղարկված գրավոր հարցմամբ խնդրել ենք հայտնել հետևյալ տեղեկությունները.

  1. Երևանի քրեական դատարանի 33 դատավորներից յուրաքանչյուրը սեպտեմբերի 19-ից 29-ն ընկած ժամանակահատվածում քանի՞ քրեական և քանի՞ դատական երաշխիքների վարույթի գործ է քննել։
  2. Յուրաքանչյուր դատավորի վարույթում քննված դատական երաշխիքների վարույթի գործերից քանի՞սն են եղել կալանքի միջնորդություններ և ի՞նչ հոդվածի/հոդվածների են վերաբերվել դրանք։
  3. Սեպտեմբերի 19-ից մինչև սեպտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր դատավոր կալանքի քանի՞ միջնորդություն է բավարարել և Քրեական օրենսգրքի ի՞նչ հոդվածներով նախատեսված արարք կատարելու մեջ մեղադրվող անձանց նկատմամբ։

Նկատենք, որ մենք հարցմամբ մեղադրյալ անձանց նույնացնող տվյալ, նախաքննական գաղտնիք համարվող տեղեկություններ չենք հայցել, այս տեղեկությունը հավաքելու համար պարզապես անհրաժեշտ էր Դատական համակարգ համակարգչային ծրագրից դուրս բերել սեպտեմբերի 19-ից 29-ն ընկած ժամանակահատվածում դատավորների քննած գործերը և, եթե ոչ հնգօրյա, ապա գոնե օրենքով սահմանված առավելագույն՝ մեկամսյա ժամկետում պատասխանել հարցմանը:

Մինչդեռ Երևանի դատարանի աշխատակազմից հայտնել են, որ իրենք իրավասու չեն նման տեղեկություն տրամադրել։ Հաջորդ հարցումն ուղարկել ենք Դատական դեպարտամենտին՝ հաշվի առնելով, որ դեպարտամենտը դատավորների վարույթներում քննվող գործերի վերաբերյալ վիճակագրություն է վարում։

Դեպարտամենտը ևս տեղեկություն չի տրամադրել:

Հարցում ենք ուղարկել նաև Երևանի դատարանի նախագահ Մնացական Մարտիրոսյանին: Նա դիրքորոշում է հայտնել, որ գրությունը պետք է ուղարկել վիճակագրություն վարող իրավասու մարմնին, ստացվում է՝ Դատական դեպարտամենտին, այն նույն դեպարտամենտին, որը չի պատասխանել մեր հարցմանը: Ստիպված ենք եղել Երևանի քրեական դատարանի 33 դատավորներին ևս առանձին գրություններով խնդրել տեղեկություններ տրամադրել իրենց քննած գործերի վերաբերյալ։ Դատավորներից միայն մի քանիսն են արձագանքել, սակայն ամբողջական պատկեր ստանալ հնարավոր չէ:

Իսկ ո՞րն է Դատական դեպարտամենտի՝ տեղեկությունը մերժելու հիմնավորումը: Մեր բազմաթիվ գրություններին ի պատասխան՝ դեպարտամենտից հայտնում են հետևյալը. «Դատական դեպարտամենտը վարում է կիսամյակային ու տարեկան հաշվետվություններ, որոնք, եթե գաղտնի չեն, հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքում։ Ձեր հարցման հիման վրա մշտադիտարկում և ուսումնասիրություն անցկացնելու կանոնադրական պարտականություն դեպարտամենտի դատական պրակտիկայի մշտադիտարկման և վերլուծության վարչությունը չունի»։

Մեր կողմից հայցվող տեղեկությունը, սակայն, տարեկան և կիսամյակային հաշվետվությունների ուսումնասիրության միջոցով հնարավոր չէ պարզել։ Դրանցում 10 օրվա կտրվածքով տվյալներ չկան։

Բացի այդ, Դատական դեպարտամենտի վրա օրենքով դրված պարտականությունը՝ տարեկան և կիսամյակային հաշվետվություն ներկայանելու վերաբերյալ, չի հակասում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի շրջանակում մեր կողմից հայցվող տեղեկությունը տրամադրելուն։

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն՝ քաղաքացիների գրավոր հարցումներին պարտավոր են պատասխանել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների և դրանց պաշտոնատար անձինք:

Դատական դեպարտամենտը պետական կառավարչական հիմնարկի կարգավիճակ ունի, ուստի օրենքի գործողությունը տարածվում է նաև դեպարտամենտի վրա։ Այսինքն՝ եթե նույնիսկ դեպարտամենտը չունի մեր կողմից հայցվող տեղեկությունը, ապա պարտավոր է մեկամսյա ժամկետում հավաքել այն և տրամադրել։ Այս մասին մեր դիրքորոշումը հայտնել ենք նաև ԲԴԽ-ին՝ նամակ հասցեագրելով Խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին, դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանին, Երևանի դատարանի աշխատակազմի ղեկավարին, մշտադիտարկման վարչության պետին։

Ի պատասխան՝ ստացել ենք մի գրություն այն մասին, որ հայցվող տեղեկության տրամադրումը կծանրաբեռնի դատական համակարգը։

Այսպիսով, ստիպված ենք արձանագրել, որ միջազգային կառույցների հետ դատարան-ԶԼՄ համագործակցությունները բարելավելու ծրագրեր իրականացնող և այս նպատակի համար ընդհուպ խոսնակների ցանց ստեղծած ԲԴԽ-ն այնքան էլ թափանցիկ չի աշխատում։ Խորհրդի աշխատակազմ Դատական դեպարտամենտը, որը հազարավոր գործերով մշտադիտարկում է իրականացնում և վիճակագրություն վարում, չի տրամադրում մեկ դատարանում քննված ընդամենը 10 օրվա գործերի վերաբերյալ տեղեկություններ, որը հնարավորություն կտա պարզելու, թե որ դատավորներն են քննել ցույցերի հետ կապված կալանքի միջնորդություններ և որոնք՝ ոչ։ Այս հարցերն անպատասխան թողնելը հիմք է տալիս եզրակացնելու, որ կալանքների մակագրման գործընթացում իսկապես ամեն ինչ չէ, որ արդար և թափանցիկ է։

Առհասարակ, ինչո՞ւ են տասնամյակներ շարունակ կալանքի, անձանց, այսպես ասած, գաղտնալսելու և նրանց նկատմամբ այլ օպերատիվ միջոցառումներ իրականացնելու միջնորդությունները ձեռքով մակագրվում: Եվ, ի վերջո, ե՞րբ է գալու ժամանակը, երբ այս միջնորդությունները համակարգչով կմակագրվեն դատավորներին։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը համոզված է՝ համակարգչային մակագրմանն անցնելու քաղաքական կամք չկա:

«Լինում են դեպքեր՝ քաղաքական իշխանությանը պետք է երաշխիք, որ անձի նկատմամբ կկիրառվի կալանք։ Այս համակարգի չներդնելն այդ երաշխիքն է»,- վստահ է Մելիքյանը։

Բուն խնդիրը երաշխավորված կալանքներն են: Դատական դեպարտամենտը, սակայն, պնդում է՝ իրենք արդեն իսկ քայլեր են ձեռնարկում համակարգչային մակագրմանն անցնելու ուղղությամբ:

«Հիմա ծրագրավորողների հետ այդ մասով աշխատանքներ են տարվում, աշխատում ենք, տեսնում ենք՝ ինչ լուծումներ կարելի է տալ, ինչ ալգորիթմներ պետք է մշակվեն»,- մեզ հետ զրույցում ամիսներ առաջ ասել է Դատական դեպարտամենտի համակարգչային ծառայության պետ Խորեն Պետրոսյանը։

Վերջինիս հետ մեր հարցազրույցից արդեն 4 ամիս է անցել: Դեպարտամենտ ուղարկված հարցմամբ խնդրել ենք հայտնել, թե ե՞րբ հնարավոր կլինի անցնել կալանքների համակարգչային մակագրմանը։ Հայտնել են, որ վերը նշված միջնորդությունները մինչև 2024 թվականի դեկտեմբեր կմակագրվեն համակարգչային եղանակով: Համակարգն իսկապես կներդրվի՞, այսպիսով, փաստաբանների դժգոհությունները կդադարե՞ն, թե՝ ոչ, պարզ կլինի հենց այդ ժամանակ։

Արաքս Մամուլյան