Սաշիկ Սարգսյանի ինքնախոստովանությունը. ինչու են Սերժ Սարգսյանի եղբորը կանչել դատախազություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.03.2026 | 23:28
Իրանի սպորտի նախարարը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը
11.03.2026 | 23:12
Ըմբիշ Խաչատուր Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել. Մ23 ԵԱ
11.03.2026 | 23:06
Գերմանիան և այլ երկրներ կազատեն իրենց նավթի պահուստարանների մի մասը, քանի որ պատերազմը սահմանափակում է մատակարարումները․ նախարար
11.03.2026 | 22:47
ՌԴ-ն կորցնում է «արտերկրում քարոզչական աշխատանքի» գործիքները. Պեսկովը կոչ է արել օգտագործել Max մեսենջերը
11.03.2026 | 22:33
Որոշակի կատեգորիայի անձինք կազատվեն ՀՀ մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից
11.03.2026 | 22:18
Հերքման հերքում կամ ինչի մասին է լռում ՊՆ-ն. Փա՞ստ, թե՞ փուստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 22:10
Ըմբիշ Լևիկ Միքայելյանը՝ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր
11.03.2026 | 21:58
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
11.03.2026 | 21:43
Պատերազմը պետք է դադարեցվի՝ «նախքան այն ամբողջ տարածաշրջանը կրակի մեջ կառնի». Էրդողան
11.03.2026 | 21:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.03.2026 | 21:15
Թրամփը հայտարարել է, որ Իրանում «գործնականում ոչինչ չի մնացել» թիրախավորելու համար
11.03.2026 | 21:02
Հայտնի է՝ ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ում
11.03.2026 | 20:50
Իրանը հայտարարել է, որ «ոչ մի լիտր» նավթ չի անցնի Հորմուզի նեղուցով
11.03.2026 | 20:39
Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի շենքի հարակից տարածքում բացվել է Հայոց այբուբենի հուշարձանը
11.03.2026 | 20:30
ՀՀ-ի ազգային անվտանգությանը հարված հասցնելու նշաններ են տեսել․ ԱՀԾ-ի ուղերձն այդ պատճառով է․ Լիլիթ Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թավշյա հեղափոխությունից ավելի քան 6 տարի անց Սերժ Սարգյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին պատկանող գույքերը բռնագանձելու գործընթաց է սկսվել։ Factor TV-ն պաշտոնական հայտարարությունների azdarar.am կայքից տեղեկանում է, որ հանրությանն առավելապես Սաշիկ Սարգսյան անունով հայտնի Ալեքսանդր Սարգսյանը, կինը՝ Ավրիգա Սարգսյանը, որդիները՝ Հայկ և Նարեկ Սարգսյանները, ինչպես նաև ընտանիքի հետ փոխկապակցված Սոնա Սարգսյանը օգոստոսի 13-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգյանի և նրա եղբայրների ու այլ մերձավորների ունեցվածքի մասին հայտարարությունից միայն հինգ տարի անց է Գլխավոր դատախազությունը հայտարարում, որ ուսումնասիրում է Սաշիկ Սարգսյանի ունեցվածքի ծագումնաբանությունը։

Ինքը՝ Սաշիկ Սարգսյանը, չի հերքում, որ կոռումպացված է։ 2021 թվականին պատասխանելով Factor TV-ի հարցին՝ նա անուղղակի հաստատել էր այս փաստը, միայն թե նշելով՝ Փաշինյանն իրենից ավելի կոռումպացված է։

Իրավապահ կառույցը դեռևս չի հստակեցնում, թե այս ինքնատիպ խոստովանության հեղինակից ու տղաներից ի՞նչ գույք և ի՞նչ ծավալի դրամական միջոցներ են պետությանը վերադարձման ենթակա։ Գլխավոր դատախազությունը գույքերի ցանկի վերաբերյալ տեղեկություն չի տրամադրում՝ այն հիմնավորմամբ, որ շահագրգիռ անձինք դեռ կարող են ներկայացնել ապացույցներ, որոնցով, հնարավոր է, հիմնավորվի գույքի օրինականությունը, հետևաբար՝ բռնագանձման ենթակա գույքի նախնական ցանկից կարող են դուրս գալ: Ենթադրյալ ապօրինի գույքերի, բաժնետոմսերի և դրամական միջոցների մասին  հանրությանը կտեղեկացնեն հայցադիմումով դատարան դիմելուց հետո։

Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին նրա եղբոր՝ արագ տեմպերով հարստանալու վերաբերյալ հանրային խոսույթում շատ տարածված էր դարձել «Սաշիկի 50-50»-ները արտահայտությունը։ Ալեքսանդր Սարգսյանին վերագրվում էր ճնշումների միջոցով Հայաստանի գրեթե բոլոր խոշոր ընկերություններում, այսպես ասած, 50 տոկոս փայ մտնելը։

Հեղափոխությանը հաջորդած վեց տարիների ընթացքում այդպես էլ նման գեթ մեկ դեպք չբացահայտվեց։ Փաշինյանի կողմից ԱԱԾ տնօրեն նշանակված Արթուր Վանեցյանը, որն այժմ Սերժ Սարգսյանի թիմակիցն է, Factor TV-ի հարցին ի պատասխան՝ հաստատել էր Ալեքսանդր Սարգսյանի՝ այլ անձանց կայացած բիզնեսներում փայ մտնելու մասին տեղեկությունը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն էր 2019-ին հայտարարել, որ Սաշիկ Սարգսյանի միայն մեկ հաշվին երեսուն միլիոն դոլար կա։ Այս հայտարարությունից հետո եղբոր նախագահության տասը տարիների ընթացքում պետությանը հրապարակավ գեթ մեկ լումա չնվիրաբերած Սաշիկ Սարգսյանը, առանց որևէ պատճառաբանության, Արցախի բանակին 20,5 մլն դոլար նվիրեց, իսկ որպես չկատարած հարկային պարտավորություն՝ պետբյուջե վերադարձրեց շուրջ 7 մլն դոլար: Որտեղի՞ց գազային տնտեսատեխնիկի մասնագիտություն ունեցող և ԱԳԼՃԿ պետ աշխատած Սաշիկ Սարգսյանին այս հսկայական գումարները։

2018 թվականի հուլիսի 4-ին Ազգային անվտանգության ծառայությունը շուրջ 9 ժամ խուզարկել էր Երևանի Թումանյան 11 հասցեում գտնվող Սարգսյանների բնակարանը, ինչից հետո Ալեքսանդր Սարգսյանը բերման ենթարկվեց ԱԱԾ։ Հատուկ ծառայությունը նշեց, որ Ալեքսանդր Սարգսյանը հարցաքննվել է որդու՝ Նարեկ Սարգսյանի կողմից Մարտիրոս Սարյանի 14 գծանկարների հափշտակության մասին մեղադրանքների առնչությամբ: Այդ խուզարկության տպավորիչ կադրերից մեկն էլ Սարգսյանի որդիներից Նարեկ Սարգսյանի անունը կրող այս ոսկեգույն ցուցանակն էր։ Հետո, սակայն, նա հանրությանը ներկայացավ Ֆրանկլին Գոնսալես անունով։

Հիշեցնենք, որ բացի ապօրինի հարստանալու մեղադրանքերից՝ Սարգսյաններին նաև այլ մեղադրանքներ են առաջադրվել։ Նարեկ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրված քաղաքացու առևանգելու, ինչպես նաև զենքի և թմրանյութի ապօրինի շրջանառության համար։ Իրավապահները նրան հայտնաբերել էին Պրահայում Գվատեմալայի անձնագրով՝ Ֆրանկլին Գոնսալես կեղծանվամբ։ Նարեկ Սարգսյանն ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքը։ Նա դատապարտվեց 5 ու կես տարվա ազատազրկման։ Իսկ ահա Սաշիկ Սարգսյանի մյուս որդին՝ Հայկ Սարգսյանը, որը մեղադրվում էր ապօրինի զենք պահելու և սպանության փորձի մեջ, մի դրվագով արդարացվել է, իսկ մյուսով քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետի հիմքով։

Ի՞նչ կլինի Ալեքսանդր Սարգսյանի և նրա ընտանիքի ենթադրյալ ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործընթացը։ Դիզելի հայտնի գործով Սերժ Սարգսյանի արդարացվելուց հետո այս հարցի պատասխանն ավելի մշուշոտ է դառնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան