Թրամփը համաձայն է Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չկայացնել՝ առանց Կիևի անմիջական մասնակցության
Քաղաքականություն
20.11.2026 | 10:58
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 19-ի երեկոյան ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ համաձայն է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, որ Վաշինգտոնը չպետք է Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմի վերաբերյալ որոշումներ կայացնի առանց Կիևի մասնակցության։
«Ես համաձայն եմ նրա հետ։ Ես ոչինչ չէի ձեռնարկի առանց նրա, քանի որ նա այդ երկրի նախագահն է, ուստի ես դա չէի անի»,- Սպիտակ տան ղեկավարի խոսքերը X սոցիալական ցանցում մեջբերել է NBC-ի լրագրող Գեյբ Գուտիերեսը։
Թրամփը հավելել է, որ Շենժենում կայացած եռակողմ հանդիպման ուշադրության կենտրոնում եղել է Ուկրաինան, սակայն քննարկվել է նաև «Իրանի շուրջ հակամարտությունը»։
«Առաջնորդները ցանկանում են, որ Իրանի շուրջ իրավիճակը նույնպես կարգավորվի, և այդ մասին ամենավճռական ձևով հասկացնում են Իրանին»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդների պատմության մեջ առաջին եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել նախօրեին՝ չինական Շենժեն քաղաքում անցկացված Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում։
Հանդիպումից առաջ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ այն «կմտնի պատմության մեջ»։ Սի Ցզինպինի խոսքով՝ այդ իրադարձությունը «պատմական նշանակություն ունի»։ Իր հերթին, Վլադիմիր Պուտինը նշել է, որ երեք երկրներն ունեն «բազմաթիվ համընկնող շահեր տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցում, այդ թվում՝ Ուկրաինայի հակամարտության»։
Հանդիպումը տևել է շուրջ մեկուկես ժամ։ Դրանից հետո բոլոր մասնակիցները հեռացել են՝ մամուլի համար համատեղ հայտարարություն չանելով։ Չինաստանի նախագահը բանակցությունները բնութագրել է որպես «դրական և կառուցողական», իսկ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ շփումների մթնոլորտը «լավն էր»։
Եռակողմ գագաթնաժողովի արդյունքներով հրապարակվել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների համատեղ «Խաղաղության հռչակագիրը»։ Դրա հիմնական դրույթներից են՝ ՄԱԿ-ի բարեփոխմանն աջակցությունը, համաձայնությունը, որ Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) «չչարաշահի իր լիազորությունները», ինչպես նաև միջուկային ռիսկերի նվազեցման և միջուկային զենքի տարածումը կանխելու շուրջ երկխոսության շարունակումը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

