Ոստիկանությունը չի ձեռնարկել բոլոր պատշաճ քայլերը քաղաքացիների հետ բախումից խուսափելու համար․ հայտարարություն

Լուրեր

07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մի շարք hասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ խոր անհանգստություն  հայտնելով 2024 թ. հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ցուցարար քաղաքացիների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախման առթիվ, որի արդյունքում շուրջ 100 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ:

Հայտարարությունը՝ ստորև

«Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, վերլուծելով բախմանը նախորդած ժամանակահատվածում ցույցերը կազմակերպած գործիչների հռետորաբանությունը, գործողությունները, ելույթները և կոչերը, ինչպես նաև բախման տեսագրություններն ու առկա օբյեկտիվ այլ տվյալները, արձանագրում ենք՝

1. Ոստիկանությունը, ընդհանուր առմամբ կատարելով իր օրինական գործառույթները, մի շարք դրվագներում պատշաճ մասնագիտական հմտություն չի դրսևորել: Մասնավորաբար, Ազգային ժողովի շենքի պաշտպանության համար կենդանի պատնեշ կամ շղթա չի կազմել Սիրահարների այգու թևում, ինչը թույլ է տվել ցուցարարների մի մասին այգի մուտք գործել և խարխլել ոստիկանական պաշտպանությունը, որին հետևել է ոստիկանների կողմից հատուկ միջոցների կիրառումը: Նման սցենարից խուսափելու համար ոստիկանությունը կարող էր ուժեղացնել պասիվ պաշտպանությունը Սիրահարների այգու թևում (այդ թվում՝ փշալարերով):

2. Ստեղծված իրավիճակում հիմնավոր և անհրաժեշտ են եղել Սիրահարների այգում առաջին երեք նռնակների և Դեմիրճյան փողոցում մի քանի լուսաձայնային նռնակների կիրառումը, որոնցից հետո ցուցարարների ագրեսիան կտրուկ նվազել է: Դրանից հետո առանձին ագրեսիվ ցուցարարներին կարելի էր մեկուսացնել՝ առանց լայն խոցում ապահովող հատուկ միջոցների կիրառման, այնինչ ոստիկանությունը շարունակել է կիրառել լուսաձայնային նռնակներ:

3. Մյուս շուրջ 20 նռնակները փաստացի կիրառվել են գերակշռապես նահանջող, փախչող և վիրավորներին աջակցություն ցուցաբերող քաղաքացիների նկատմամբ: Արձանագրվել են դեպքեր, որտեղ լուսաձայնային նռնակը կիրառվել է արդեն կիրառված նռնակից վիրավորում ստացած ու գետին ընկած քաղաքացիների և նրանց օգնության հասնողների ուղղությամբ:

4. Լուսաձայնային նռնակները կիրառվել են ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի 90-Ն հրամանով սահմանված կարգի խախտմամբ՝ չի պահպանվել կիրառելու՝ մարդկանցից նվազագույն (2,5 մետր) հեռավորությունը, որի հետևանքով քաղաքացիները ստացել են մարմնական վնասվածքներ: Հետևապես, ցուցարարների նման խտության պարագայում ձեռքի բեկորային լուսաձայնային նռնակի ընտրությունը՝ որպես հատուկ միջոց, լուրջ ռիսկեր է պարունակել հավաքի մասնակիցների առողջության և կյանքի համար:

5. Դաստակի էական վիրավորում ստացած քաղաքացին այն ստացել է իր ոտքերի տակ ընկած (դեռևս չպայթած) նռնակը անհասկանալի նպատակով վերցնելու հետևանքով: Անկախ քաղաքացու մտադրությունից, այդ իրավիճակը չէր ստեղծվի, եթե ոստիկանությունը հետևեր նախորդ կետում նկարագրված կարգին:

6. Արձանագրվել են դեպքեր, երբ ոստիկանությունը քաղաքացիների նկատմամբ կիրառել է անհամաչափ ֆիզիկական ուժ՝ բռնություն և ահաբեկիչ խոսք, այդ թվում՝ ոստիկանական մեքենաների մեջ դիմադրություն ցույց չտվող քաղաքացիների նկատմամբ: Այդ դրվագներում ոստիկանության առանձին աշխատակիցներ անցել են իրենց օրինական լիազորությունների սահմանները:

7. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավարները և խորհրդարանական ընդդիմության այլ ներկայացուցիչները իրենց ելույթներում մոտավորապես 3 ամիս զարգացնում էին ծայրահեղացող, ապա նաև բռնի գործողությունների դրդող հռետորաբանություն:

8. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բախումներից շատ ժամանակ չանցած, գնահատականներ տվեց տեղի ունեցողի վերաբերյալ՝ համարելով ոստիկանության գործողություններն իրավաչափ, համաչափ և պրոֆեսիոնալ: Այսպիսի կանխակալ դիրքորոշումն ակնհայտորեն կարող է կաշկանդել վերոհիշյալ դեպքերի և իրադարձությունների անկողմնակալ, լիարժեք, համապարփակ և մանրակրկիտ քննությունը:

9. ՆԳՆ-ում նախաձեռնվել է մոտ 40 ծառայողական վարույթ ոստիկանության ծառայողների գործողությունների կապակցությամբ, այդուհանդերձ չկան տեղեկություններ այն մասին, թե արդյո՞ք քննվում են ցուցարարների նկատմամբ ոստիկանական անհամաչափ ուժի գործադրման և քաղաքացիներին մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերը: Երկու կողմերի գործողություններին էլ իրավական գնահատական տալը կարևոր է իրավունքի գերակայության և հնարավոր քաղաքական շահարկումներից խուսափելու համար։

Ամփոփելով՝ արձանագրում ենք, որ ոստիկանությունը չի ձեռնարկել բոլոր պատշաճ քայլերը քաղաքացիների հետ բախումից խուսափելու համար, իսկ բախումից հետո ոստիկանությունը հատել է համաչափության սահմանը և լուսաձայնային նռնակների կիրառման սահմանափակումները, որի հետևանքով խախտվել են մի քանի տասնյակ անձանց հիմնարար իրավունքներ:

Հիմք ընդունելով վերոգրյալը.

1. ՀՀ իշխանություններից պահանջում ենք իրականացնել դեպքերի լիարժեք և առավելագույնս թափանցիկ քննություն: Մասնավորաբար՝ քննության առնել և իրավական գնահատական տալ ոստիկանության ծառայողների և ցույցի մասնակիցների գործողություններին, ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցների ընտրության հիմնավորվածությանը, կիրառված հատուկ միջոցների քանակի հիմնավորվածությանը, բերման ենթարկված չդիմադրող ցուցարարների նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառման դեպքերին և այլ խախտումներին:

2. Կոչ ենք անում ՀՀ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներին և վարչապետ Փաշինյանին ընդդիմադիրների նկատմամբ կիրառված ոստիկանական գործողություններին իրավական գնահատական չտալ և չխոչընդոտել ցուցարարների ու ոստիկանների գործողությունների օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը:

3. Պահանջում ենք ՀՀ իշխանություններից իրականացնել ոստիկանական ու դատաիրավական այնպիսի բարեփոխումներ, որոնք կավելացնեն զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկանական միջամտությունների արդյունավետությունը, հնարավոր վնասը կհասցնեն նվազագույնի և իրավապահ համակարգում հնարավորություն կստեղծեն իրականացնել օբյեկտիվ քննություններ՝ անկախ իշխանության համար քաղաքական նպատակահարմարություններից ու ցանկություններից:

4. Դատապարտում ենք ցուցարարների հարձակմանն ի պատասխան ոստիկանության կողմից համաչափության սահմանազանցումը, ինչպես նաև դատապարտում ենք ցույցերի ղեկավարների կողմից ծայրահեղացող և ագրեսիվ հռետորաբանությունը ու բախումների դրդումն ու ցուցարարների կողմից խաղաղ հավաքի ձևաչափից դուրս գալը:

5. Կոչ ենք անում բոլոր քաղաքական կուսակցություններին և շարժումներին պատասխանատվություն ցուցաբերել իրենց հռետորաբանության և գործողությունների մեջ՝ բացառելով ատելության խոսքն ու բռնության կոչերը, որոնք հրահրում են հասարակական անկարգություններ և բախումներ իրավապահների հետ»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
«Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամ
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ