«Մենք Հայաստանին խորհուրդ չենք տալիս խզել հարաբերությունները որևէ երկրի հետ»․ դեսպան Քվին

Լուրեր

23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
Բոլորը

«Ազատության»-ը տված հարցազրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը նշել է, որ ԱՄՆ-ը Հայաստանին խորհուրդ չի տալիս խզել հարաբերությունները որևէ երկրի հետ, այլ փորձում է Հայաստանի հետ աշխատել այն ոլորտներում, որոնք Հայաստանն է մատնանշել, որպեսզի օգնի նրան դիվերսիֆիկացնել իր շփումները։

-Ակնհայտ է, որ Հայաստանին վտանգ է սպառնում ոչ միայն հարևաններից, այլև Ռուսաստանից, որը ցանկացած փոփոխություն իր ազդեցության գոտում ընկալում է որպես գոյութենաբանական վտանգ՝ դրանից բխող ծանր հետևանքներով, որոնց ականատես եղանք Վրաստանում, հիմա էլ՝ Ուկրաինայում։ Հիմա, երբ Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին, արդեն իսկ Մոսկվայից լսում ենք նախազգուշացումներ։ Եթե Ռուսաստանն անցնի կոշտ քայլերի, Միացյալ Նահանգները կոնկրետ ի՞նչ քայլերի կարող է դիմել՝ պաշտպանելու Հայաստանը։

Քրիստինա Քվին․ – Ես չեմ ուզում քննարկել հիպոթետիկ բաներ, որոնք կարող են տեղի ունենալ։ Միգուցե այն, ինչ ես կարող եմ անել, մի փոքր խոսելն է այն մասին, թե ինչ ենք մենք հիմա անում, որպեսզի օգնենք Հայաստանին լինել ավելի ուժեղ և անկախ: Մենք Հայաստանին խորհուրդ չենք տալիս խզել հարաբերությունները որևէ երկրի հետ։ Մեր տեսակետը, իմ անձնական տեսակետը, որպես դիվանագետի, ով ծառայել է նախկին Խորհրդային Միության տարածքում, հետևյալն է՝ որքան շատ ընկերներ, դաշնակիցներ ունենաք, որքան ավելի շատ առևտրային գործընկերներ ունենաք, որքան ավելի շատ արտահանման շուկաներ ունենաք, այնքան ավելի ուժեղ կլինեք, որովհետեւ ոչ մի երկիր չի կարող այդ հարաբերությունների պատանդը դարձնել ձեզ: Ուստի, մենք փորձում ենք Հայաստանի հետ աշխատել այն ոլորտներում, որոնք Հայաստանն է մատնանշել, որպեսզի օգնենք նրան դիվերսիֆիկացնել իր շփումները։ Ոչ թե կտրել մեկը կամ մյուսը, այլ՝ դիվերսիֆիկացնել: Մենք մի քանի բան ենք անում այդ ոլորտում: Մեկն այն է, որ ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն աշխատել են օգնելու Հայաստանին բարելավել սեփական բերքատվությունը, որպեսզի այդքան շատ ստիպված չլինեք հիմնական ապրանքներ ներմուծել: Օգտակար է նաև բերքի պահեստավորումը, քանի որ կարող եք գնել պարենային ապրանքներ, երբ դրանք ավելի էժան են, և պահել այնքան, մինչև դրանց կարիքը ունենաք, գուցե երբ դրանք ավելի թանկ կլինեն: Սրանք հիմնական բաներն են, որոնք օգնում են երկրին պարենի տեսանկյունից ավելի անկախ դառնալ ու ստիպված չլինել հույսը դնել այս կամ այն վրա: Մենք նաև փորձում ենք օգնել Հայաստանին էներգետիկ բալանսի առումով։ Օրինակ, Հայաստանը սկսում է ավելին անել վերականգնվող էներգետիկայի ոլորտում, և մենք փորձում ենք աշխատել՝ օգնելու այդ ճանապարհին: Մենք նաև փորձում ենք օգնել Հայաստանին մտածել, թե ինչ կարող է լինել Մեծամորի ատոմակայանի փակումից հետո՝ մոտ մեկ տասնամյակ անց: Մենք փորձում ենք ուղիներ փնտրել՝ Հայաստանը դարձնելու ավելի ուժեղ, ավելի անկախ և ունենալ տարբեր աղբյուրներ և առևտրային գործընկերներ, որոնք Հայաստանին թույլ կտան ունենալ ճկունություն և ազատություն՝ հույսը մեկի վրա չդնելու և ինչ-որ մեկի թելադրանքի տակ չլինելու համար:

Անցած նոյեմբերին փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայանը Կոնգրեսում ասաց, որ պետքարտուղարը հանձնարարել է անկախ հետաքննություն անցկացնել Ղարաբաղում տեղի ունեցածի շուրջ։ Մոտ վեց ամիս է անցել, արդյո՞ք փաստահավաք այդ առաքելությունն ավարտվել է, եթե այո՝ ինչ է պարզվել։

Քրիստինա Քվին․ – Մենք աշխատում ենք այդ փաստահավաք առաքելության վրա, ստացված տեղեկատվությունը դեռ զեկույց չի դարձել, ուստի ես ոչինչ չունեմ այդ մասին հայտնելու։ Բայց կարող եմ ասել, որ մինչ այդ մենք աջակցում ենք Ղարաբաղից տեղահանվածներին: Մենք շատ մտահոգված էինք այն մարդկանց անվտանգությամբ և բարեկեցությամբ, ովքեր ստիպված են եղել Լեռնային Ղարաբաղից Հայաստան փախչել: Եվ անձամբ ես իսկապես տպավորված եմ այն անհավանական աջակցությունից, որ ստացել է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը Հայաստանի ժողովրդից ընդհանրապես, ու նաև ակնհայտորեն Հայաստանի կառավարությունից: Ես ճամփորդում եմ ամբողջ Հայաստանով, և սեպտեմբերից ի վեր միշտ զրուցել եմ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հետ, որպեսզի տեսնեմ, թե ինչ կարիքներ ունեն, ապա զեկուցեմ դրա մասին: Ու ես լսում էի , որ թեև, իհարկե, դժվար է, ու ես չեմ պատրաստվում ձևացնել, որ դա հեշտ է, բայց նաև լսել եմ աջակցության անհավանական պատմություններ մարզերից, նույնիսկ Հայաստանի հեռավոր շրջաններից: Մարդիկ բացում են իրենց սրտերը, իրենց դպրոցները և փորձում են ամեն կերպ աջակցել մարդկանց: Այնուհանդերձ, կան որոշ մարտահրավերներ, և մենք շարունակում ենք միջոցներ տրամադրել այդ մարտահրավերներին դիմակայելու համար: Պետքարտուղար Բլինքենը Բրյուսելում հանդիպման ժամանակ նշեց, որ սեպտեմբերից ի վեր մենք մոտ 7.5 միլիոն դոլար ենք հատկացրել տեղահանվածներին աջակցելու համար, և մենք դիտարկում ենք մի շարք քայլեր: Առաջինը հոգեբանա-սոցիալական աջակցություն է։ Երբ ես զրուցում էի Լեռնային Ղարաբաղից եկածների հետ, նրանք՝ հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչները, պատմում էին, որ տառապում են անորոշությունից, անհանգստությունից։ Նրանք կարող են օգտվել հոգեբանական աջակցությունից։ Այստեղ ենք մենք ներդնում մեր ռեսուրսների մի մասը, հատկապես ավագ սերունդների համար, ովքեր ակնհայտորեն բավականին մեծ տրավմայի են ենթարկվել: Նաև փորձում ենք աջակցել երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին: Ես հանդիպեցի մի քանի երիտասարդ տեղահանվածների, ովքեր ասացին, որ իրականում կցանկանային անգլերեն սովորել, և մենք փորձում ենք օգտագործել որոշ ռեսուրսներ Միացյալ Նահանգների մեր շատ ակտիվ և առատաձեռն սփյուռքի համայնքից, որն իսկապես ցանկանում է օգնել: Մենք փորձում ենք գտնել ուղիներ, որոնցով կարող ենք աջակցել անգլերենի ինտենսիվ դասընթացներ կազմակերպելուն երիտասարդ տեղահանվածների համար, ովքեր հնարավոր է ցանկանան աշխատել սպասարկման ոլորտում, զբոսաշրջության ոլորտում և դրա համար անգլերենի իմացության կարիք ունեն: Դա ընդամենը մեկ օրինակ է: Մյուս ոլորտը, որի վրա փորձում ենք կենտրոնանալ, և ես գիտեմ, որ ԵՄ-ն, ինչպես նաև մեր մյուս դոնորները, բավականին շատ բան են անում այս ոլորտում, կացարանների հարցն է։ Բնակարանային խնդիրը Հայաստանում երկարաժամկետ և բարդ խնդիր է,քանի որ շատ վայրերում բնակֆոնդը արդեն բավական սուղ է։ Ուստի,մենք աշխատում ենք ՝ աջակցելու բնակարանային այլընտրանքների զարգացմանը, որպեսզի տեղահանվածները կարող են ավելի երկար մնալ իրենց կացարաններում: Ժամանակավոր կացարաններում տեղավորվելը շատ կարևոր էր նրանց՝ այստեղ գտնվելու սկզբնական շրջանում, բայց նրանք պետք է փորձեն ավելի մշտական բնակավայրեր գտնել, և դա մի բան է, որով մենք փորձում ենք օգնել Հայաստանի կառավարությանը և սոցիալական մյուս ծառայություններին: Սրանք ընդամենը մի քանի հարցեր են, որոնց վրա մենք աշխատել ենք սեպտեմբերից:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։