4 տարի բանտում՝ չկատարած սպանության համար. սխալ արդարադատության պատճառով ՀՀ-ն 300 մլն է փոխհատուցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
11.12.2024 | 20:00
«Թեկուզ պոլի փետ, բայց մերը»․ Փաշինյանը փոխե՞լ է բարձր պաշտոններում կադրերի ընտրության սկզբունքը. Փա՞ստ, թե փուստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 19:55
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են համագործակցության հեռանկարները
11.12.2024 | 19:36
Թուրքական TRT-ի լրագրողները սիրիական Մանբիջում քրդերի կողմից ԱԹՍ-ի հարձակման են ենթարկվել
Բոլորը

11 տարի առաջ՝ 2013 թվականի հոկտեմբերի 12-ին, Վանաձորի Կայարանի այգում դանակահարվեց 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանը, ինչից հետո հիվանդանոցում մահացավ։ Դեպքից ժամեր անց՝ գիշերը, սպանություն կատարելու կասկածանքով աշխատավայրից բռնի ուժով ոստիկանության բաժին տարվեց 20-ամյա Կարեն Կունգուրցևը, որը դժբախտություն էր ունեցել այդ պահին այգով անցնելու։ Ըստ Կարենի՝ իրեն բաժնում խոշտանգում են և ստիպում մեղքն իր վրա վերցնել: Նա կտրուկ հրաժարվում է, ինչից հետո՝ կալանավորվում։ Նրա դեմ 4 պատանի է ցուցմունք տվել, որոնցից 2-ը հետագայում դատարանում նշել են՝ ոստիկանությունում իրենց ուղղորդել են և ճնշել։

Կունգուրցևն այս գործով երեք անգամ արդարացվել է, ընդհանուր անազատության մեջ անցկացնելով 41 ամիս։ Այսօր Կարենը կրկին դատարանում պայքարում է, այս անգամ՝ տարիների զրկանքների դիմաց փոխհատուցման պահանջով։

Ինչպե՞ս և ո՞ւմ մեղքով է դեպքից երկու ամիս առաջ բանակից վերադարձած տղայի կյանքը 9 տարի շարունակ խաթարվել, ո՞ւմ սխալի կամ թերի քննած գործի հետևանքով է պետությունը հարկատուների հաշվից փոխհատուցում տրամադրելու Կարեն Կունգուրցևին։

Factor TV-ն հետաքննել է, թե վերջին 10 տարվա ընթացքում քանի՞ մարդ է արդարացվել, պետբյուջեի միջոցներից նրանց որքա՞ն գումար է վճարվել որպես փոխհատուցում և որտե՞ղ են այն պաշտոնյանները, որոնց որոշումների կամ դատավճիռների պատճառով ճաղերի հետևում հայտնվել են անմեղ մարդիկ։

Ի՞նչ պատահեց 2013 թվականի հոկտեմբերի 12-ին

2013 թվականի հոկտեմբերի 12-ին որպես առաքիչ աշխատող Կարեն Կունգուրցևը հերթական անգամ հատում է Վանաձորի Կայարանի այգին, որը նրա մշտական ճանապարհն էր՝ գործի բերումով։ Ճանապարհին նրա ուղղությանը հակառակ պատանիների մի ամբոխ է վազում, որի պատճառն այդ ժամանակ չի հետաքրքրում տղային, այնինչ, ժամեր անց այդ դիպվածը 20-ամյա երիտասարդի կյանքը պետք է կտրուկ փոխեր։

«Աշխատանքիս վայրում եմ եղել գիշերը 01։00-01։30-ի սահմաններում, մոտավոր 6-7 ոստիկանության աշխատողներ մտել են ներս, գցել են ինձ գետնին, «կանդալները» գցել թևերս, խփելով նստեցրել ավտոն։ Շոկի մեջ էի ես, չհասկացա՝ ոնց եղավ, որ մտան, միանգամից խփելով գցեցին գետնին ու «կանդալներով» տարան ոստիկանություն»,- պատմում է Կունգուրցևը։

Շոկի մեջ գտնվող տղային դաժան իրականություն է վերադարձնում այդ ժամանակ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբաղ Համբարյանը, որը, Կունգուրցևի խոսքով, սկսում է բռնություն գործադրել։

«Վարչության պետը՝ Անուբաղ Համբարյանը, ինձ թե բա՝ էդ այգու միջով, որ գնացել ես, էդտեղ գնացել վիճաբանություն ես արել, կռիվ ես արել, երեխուն դանակով խփել ես, սպանել ես։ Ասում եմ՝ ես այգու միջով անցել եմ, չեմ կարող հրաժարվեմ, որ չեմ անցել, բայց ես ո՛չ կռիվ եմ տեսել, ո՛չ էլ կռվի մասնակից եմ եղել, չեմ էլ լսել, որ կռիվ ա եղել»,- հիշում է նա։

Կունգուրցևի պատմելով՝ Անուբաղ Համբարյանը, տեսնելով, որ ինքը չի համաձայնվում իր վրա վերցնել դեռահասի սպանությունը, առաջարկում է քննիչի տրամադրած դատարկ թղթերը ստորագրել, որտեղ հետո կգրեն, թե, իբր, 15-ամյա տղան հարձակվել է Կունգուրցևի վրա, ինքն էլ փորձել է ինքնապաշտպանության նպատակով դանակը վերցնել, բայց կպել է դեռահասին։ Կարենը կտրուկ հրաժարվում է ստորագրել դատարկ թղթերը, ինչից հետո նրան շարունակում են ծեծել, ապա ձեռնաշղթաներ են հագցնում և տանում քննչական գործողության՝ ճանաչման, որպեսզի դանակահարված դեռահասի ընկերները երեք հոգու միջից մատնացույց անեն ենթադրյալ դանակահարողին: Ուշագրավն այն է, որ ճանաչման ներկայացված մյուս երկու երիտասարդներն առանց ձեռնաշղթաների են եղել՝ ի տարբերություն Կունգուրցևի, ինչն ակնհայտ ուղղորդել է երիտասարդներին, թե ում պետք է նշեն որպես դանակահարողի, քանի որ հենց նրա ձեռքերին են եղել ձեռնաշղթաները:

«Մի հատ երեխու են բերում, մտնում ա ներս, սենց նայում ա ու միանգամից ասում՝ հա, ինքն ա խփել։ Ձեն չեմ հանում, ասում եմ՝ դե երեխա ա, հիմա կարող ա՝ վախենում ա, կարող ա՝ ճնշում են։ Երկրորդ երեխան եկավ մտավ, սկի դուռը չբացած, կիսաբաց վիճակում միանգամից գլուխն առաջ բերեց, թե բա՝ էն «կանդալով» տղեն ա»,- պատմում է Կունգուրցևը։

Այս անգամ Կարենը վրդովվում է, ինչին ի պատասխան ճանաչման գործընթացն ավարտված համարելով՝ Կարենին տանում են Վանաձորի ձերբակալվածների պահման վայր։ Հաջորդ օրը Կարենին արդեն երկու ամսով կալանավորում են։ Մի քանի ամիս անց սկսվում է դատաքննությունը: Մեղադրանքը պաշտպանում է դատախազ Պետրոս Մարտիրոսյանը: Դատարանում արդեն  բացվում է անարդարության կծիկը, Կարենի դեմ ցուցմունք տված անձինք խոստովանում են՝ ուղղորդված են եղել։

Շուրջ երկու տարի տևած դատաքննությունից հետո, այդ ժամանակ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը, որն այժմ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է, հռչակում է Կունգուրցևի անմեղությունը և հենց դատարանի դահլիճից ազատ արձակում 31 ամիս կալանքի տակ գտնվող Կարենին։

Ավելին, իր իսկ նախաձեռնությամբ, դատարանը դատավճռին կից լրացուցիչ որոշում է կայացնում՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի ուշադրությունը հրավիրելով իրեն ենթակա պաշտոնատար անձի կողմից թույլ տրված խախտումների վրա։

Կունգուրցևի ու նրա պաշտպանական թիմի՝ արդարության հասնելու ուրախությունը կարճ է տևում։ Այդ ժամանակ գործով մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացնում, որը քննում են դատավորներ Մհեր Արղամանյանը, Մանուշակ Պետրոսյանը և Մխիթար Պապոյանը։ Ավելի քան 1 տարվա դատաքննությունից հետո 3 դատավորները Կունգուրցևին մեղավոր են ճանաչում, այս անգամ՝ ոչ թե սպանության, այլ ծանր մանրմնական վնասվածք պատճառելու համար, որն առաջացրել է մահ, և դատապարտում 7 տարվա ազատազրկման։ Կարենը կրկին կալանավորվում է հենց դատարանի դահլիճում:

2019 թվականին գործը հասնում է Վճռաբեկ դատարան․ բողոք են ներկայացնում ինչպես պաշտպանական, այնպես էլ տուժող կողմը։ Մոտ երկու տարի քննելուց հետո, Վճռաբեկ դատարանը բողոքները բավարարում է մասնակիորեն՝ գործն ուղարկելով նոր քննության, իսկ Կունգուրցևի խափանման միջոց կալանքը փոխում է սեփական նախաձեռնությամբ՝ սահմանելով 500 հազար դրամ գրավ։

Բայց այստեղ էլ իրավաբանական կոպիտ սխալ էր թույլ տրվել․ Վճռաբեկ դատարանը բեկանել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավճիռը, սակայն գործն ուղարկել էր քննության առաջին ատյան։

Վճռաբեկ դատարանը 6 ամիս անց շտկում է սխալը և որոշում կայացնում բեկանել նաև առաջին ատյանի որոշումը։ Նոր քննությունը սկսում է դատավոր Մուշեղ Հարությունյանը, որը 2 տարվա դատաքննությունից հետո կրկին արդարացման դատավճիռ է կայացնում։ Սակայն դատախազությունը չի ընկրկում և կրկին վերաքննիչ բողոք է ներկայացնում: Դատավորներ Վազգեն Ռշտունու, Արսեն Նիկողոսյանի և Մնացական Հարությունյանի դատական կազմով դատարանն այս անգամ մերժում է բողոքը․ Կունգուրցևի արդարացման վճիռը թողնվում է անփոփոխ։

Ո՞վ կամ ովքե՞ր են պատասխանատու

Փաստացի, սպանության դեպքից 9 տարի անց՝ երրորդ անգամ և արդեն վերջնական հռչակվեց Կարեն Կունգուրցևի անմեղությունը։ Դեռահասի սպանության խարանով երիտասարդն անազատության մեջ անցկացրեց գրեթե 4 տարի՝ կրելով դաժան զրկանքներ։

Այս գործը քննած, իսկ դրանից հետո պաշտոնի բարձրացում կամ առաջխաղացում ստացած դերակատարների թիվը փոքր չէ։ Այսպես՝ Անուբաղ Համբարյանը, որը, Կուրգունցևի վկայությամբ, իրեն խոշտանգողն է եղել ոստիկանական բաժնում, այդ ժամանակ զբաղեցնում էր ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի պաշտոնը։ Կունգուրցևին մեղսագրված սպանության գործը, այսպես ասած, «բացահայտելուց» 4 օր անց նա պաշտոնի բարձրացում ունեցավ։

«Անուբաղ Համբարյանը, որը, այսպես ասած, ժամերի ընթացքում «բացահայտել» Կարեն Կունգուրցևի «սպանության» գործը, մի քանի օրից դարձավ ոստիկանապետ Վովա Գասպարյանի տեղակալը՝ ընդամենը մի քանի օրվա ընթացքում»,- նշում է Կունգուրցևի պաշտպան Արայիկ Պապիկյանը։

Այսօր Համբարյանն այլևս համակարգում չէ: Մեզ չհաջողվեց նրա հետ կապ հաստատել և պարզաբանում ստանալ գործի մասին։

Գործով քննիչը Տարոն Թադևոսյանն է, որն այս պահին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է։ Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ նախկին քննիչը նշել է, թե նախաքննությունն իրականացվել է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ։ Անդրադառնալով Կունգուրցևի խոշտանգմանը՝ դատավորը հայտնել է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում դրա վերաբերյալ հարուցվել է քրեական գործ և կատարվել նախաքննություն։ Գործի ընթացքի և արդյունքների մասին, սակայն, նա տեղեկություն չունի։ Պաշտպան Արայիկ Պապիկյանը փոխանցեց, որ խոշտանգման մասով քրեական վարույթը կասեցված է, և որևէ քննություն չի կատարվում:

Առաջին դատախազը, որը գործի նկատմամբ վերահսկողություն է իրականացրել, Պետրոս Մարտիրոսյանն է։ Նրան այսօր վստահվել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնը։ Ավելի վաղ նա նշանակվել էր Սյունիզի մարզի դատախազ, իսկ դրանից հետո՝ Երևանի 4 վարչական շրջանների դատախազ։ Factor TV-ի հարցին ի պատասխան՝ Մարտիրոսյանը չցանկացավ մեկնաբանություն տալ՝ պատճառաբանելով, թե դա վերաբերում է իր նախկին պաշտոնին։

Մարտիրոսյանի՝ այլ պաշտոնում նշանակվելուց հետո մեղադրանքի մասով գործը շարունակել է Վահե Դոլմազյանը, որն այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր է։ Դոլմազյանի և պաշտպանական կողմի միջև մի քանի անգամ ընդհարումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով Կունգուրցևի պաշտպան Պապիկյանը նրան բացարկ է հայտնել։ Factor TV-ն փորձեց միջադեպի և գործի մասին Դոլմազյանի հետ խոսել, սակայն վերջինս հրաժարվեց՝ դատարանի խոսնակի միջոցով փոխանցելով, թե գերծանրաբեռնված է, ժամանակ չունի։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ դատավորը միայն նշել է՝ «մեղադրյալի և նրա մոր կողմից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար հարուցված գործով դատախազ Դոլմազյանը տուժող էր ճանաչվել»։

Գործով դատախազ Դոլմազյանին փոխարինել է Արմեն Պողոսյանը, նա այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է։ Ավելին, Պողոսյանը 2017 թվականին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով պարգևատրվել է «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով։ Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Պողոսյանը միայն նշել է՝ կատարվել է օբյեկտիվ քննություն։

Նրան փոխարինել է Ռուդիկ Մինասյանը, որը հենց գործի քննության ընթացքում առաջխաղացում է ունեցել և նշանակվել Լոռու մարզի դատախազի տեղակալ:

«Քննիչը, դատախազը, որոնք այս գործը, ըստ էության, տապալելով՝ ոչ միայն անձանց էին վնաս հասցրել, այլև հսկայածավալ պետական միջոցներ են ծախսել, աննկարագրելի ռեսուրս է ծախսվել։ Ոչ ոք պատասխան չի տվել, նույնիսկ արդարացման ակտից հետո, ավելին, այդ մարդկանց պաշտոններ են տրվել դատարաններում, ԲԴԽ-ում կամ Դատախազությունում ու Քննչականում։ Այն կառուցվածքային ստորաբաժանումները, որոնք զբաղվում են անձանց առաջխաղացումներով կամ նշանակումներով, պետք է ընդամենը սրան նայեն։ Սա այսօրվա իշխանության պատասխանատվությունն է, մեղավորությունը, որովհետև այդ բոլոր անձինք այսօր են պաշտոնը ստացել»,- ընդգծում է Պապիկյանը։

Վերաքննիչ քրեական դատարանի՝ մեղադրական դատավճիռ կայացրած նախագահող դատավոր Մանուշակ Պետրոսյանն թոշակի է անցել և ստանում է հարկատուների կողմից տրվող բարձր թոշակ։ Մհեր Արղամանյանը հանրության շրջանում առավել հայտնի է իրեն մակագրված աղմկահարույց քաղաքական գործերով և որոշումներով։ Իսկ Մխիթար Պապոյանն այսօր Վերաքննիչ քրեական դատարանի նախագահն է։ Ի դեպ՝ պաշտպան Պապիկյանին առավել շատ զարմացրել է Պապոյանի կողմից

Factor TV-ն կապ հաստատեց Մխիթար Պապոյանի հետ, վերջինը սակայն, նշեց, որ նմանօրինակ բազմաթիվ գործեր է քննել, այս պահին Կունգուրցևի գործով մանրամասներ չի մտաբերում։

101 մարդ․ վերջին 10 տարում հայաստանյան դատաիրավական համակարգի սխալ, թերի կամ ոչ պատշաճ քննության պատճառով ահա այսքան քաղաքացի է արդարացվել իրեն մեղսագրվող արարքում։ Նրանց մեծ մասը դիմել է Քաղաքացիական դատարան և պետությունից պահանջել փոխհատուցում տրամադրել իրենց հոգեկան տառապանքների և անազատության մեջ անցկացրած դժվար օրերի համար։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը հսկայական գումարներ է վճարում այդ դատավճիռների համար։ Միայն վերջին 10 տարում Հայաստանի պետբյուջեից 300 միլիոն դրամից ավելի փոխհատուցում է վճարվել։

Քրեական դատավարության օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդարացված մեղադրյալն իրավունք ունի պահանջելու անօրինական քրեական հետապնդում հարուցելու, հարկադրանքի միջոցներ կիրառելու, դատապարտելու, ինչպես նաև իրավունքների կամ ազատությունների անօրինական այլ սահմանափակումների հետևանքով իրեն պատճառված վնասի հատուցում։ ՀՀ-ն այդ վնասները տարանջատել է՝ նյութական և ոչ նյութական։

«Նյութական վնասները, ըստ էության, իր եկամտի կամ գույքի կորուստներն են, որոնք ինքը կրել է անարդարացի դատապարտման հետևանքով։ Խոսքը, մասնավորապես, կարող է վերաբերել կորցրած աշխատավարձին, որ անձը չի ստացել անազատության մեջ գտնվելու պատճառով կամ իր կողմից կատարված այն ծախսերին, որ անհրաժեշտաբար կատարել է իր խախտված իրավունքը վերականգնելու համար։ Եվ ոչ նյութական վնասներ, որ դրսևորվում է իր պատվին, արժանապատվությանը, համբավին պատճառված վնասով»,- մանրամասնում են Ֆինանսների նախարարությունից։

Ոչ նյութական վնասի փոխհատուցման մասով մոտեցումը խիստ սուբյեկտիվ է․ չկան ճշտգրիտ հաշվարկներ, որոնք թույլ կտան դատարանին հաշվարկել անձի զրկանքները՝ անազատության և մեղսագրվող արարքի անարդարության համար։

Factor TV-ն ուսումնասիրել է փոխհատուցումներ տրամադրելու պահանջով արդարացվածների հայցերը, որտեղ բախվել են խնդրի: Դեպքերի մեծ մասում Ֆինանսների նախարարությունը վերադաս ատյաններ է բողոքարկել առաջին ատյանի կողմից սահմանած փոխհատուցման չափը։ Ըստ գերատեսչության ներկայացուցչի՝ պատճառը կրկին օրենքի բացն է։

41 ամիս անարդարացիորեն անազատության մեջ հայտնված Կարեն Կունգուրցևը ևս դիմել է Քաղաքացիական դատարան՝ փոխհատուցում ստանալու պահանջով։ Առաջին ատյանի դատարանի վճռով հայցը բավարարվել է մասնակի՝ վերջնական փոխհատուցման չափը որոշելով 9 միլիոն դրամ։ Ֆինանսների նախարարության կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելուց հետո Կունգուրցևը նույնպես բողոքարկել է։ Այս դեպքում երկու կողմի բողոքը մասնակի բավարարելով՝ Վերաքննիչը որոշել է փոխհատուցման չափ սահմանել 11 միլիոն դրամ։ Գործն այս պահին գերատեսչության բողոքի հետևանքով Վճռաբեկ դատարանում է։

Ի վերջո, որևէ գումար երբևէ չի կարող փոխհատուցել այն տառապանքն ու զրկանքները, որոնք ամիսներ կամ տարիներ շարունակ կրել են անմեղ անձինք և նրանց հարազատները։ Ո՞վ է մեղավոր Կունգուրցևի տառապանքների, տուժող կողմի՝ դեռահաս որդու կորստի, 9 տարի թերի կամ սխալ արդարադատության և մինչ օրս իրական մարդասպանին չբացահայտելու համար։ Սրանք հարցեր են, որոնք ինչպես այս, այնպես էլ վերջին 10 տարվա ընթացքում 100-ից ավելի այլ դեպքերում մնում են անպատասխան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան