Վիգեն Սարգսյանի գործն ուղարկվել է դատարան․ ըստ մեղադրանքի՝ կարգի խախտմամբ բնակարաններ են հատկացվել Միքայել Արզումանյանին, ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդին
Հասարակություն
05.12.2023 | 13:12Պաշտպանությա նախկին նախարար Վիգեն Սարգսյանի գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Սարգսյանը հետախուզման մեջ է։ Նրա նկատմամբ վարույթը հեռակա է իրականացվում։
Վիգեն Սարգսյանն, ըստ մեղադրանքի, լինելով Պաշտպանության նախարար և պարտականություն ունենալով հանրապետական գործադիր մարմնի պետական գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու պարտականություն, պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների շրջանակներում իրականացնելով պաշտպանության նախարարության և զինված ուժերի ղեկավարումը, իրավասու լինելով կազմակերպել և վերահսկել զինված ուժերի ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի մեջ մտնող այլ մարմինների և կազմակերպությունների գործունեությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում և միջնաժամկետ ծախսային ծրագրերում պաշտպանության ծախսերի, պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների ծախսման կարգի վերաբերյալ, պատվիրել և ֆինանսավորել զինված ուժերի համար սպառազինության ու ռազմական տեխնիկայի, պարենային, իրային և այլ ունեցվածքի, ինչպես նաև նյութական պաշարների արտադրությունն ու գնումները, հսկողություն իրականացնել զինված ուժերի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի այլ մարմինների կողմից ֆինանսական միջոցների ծախսման և նյութատեխնիկական միջոցների ու ունեցվածքի օգտագործման նկատմամբ, ունենալով զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև զինծառայողներին հավասարեցված անձանց սոցիալական պաշտպանության ապահովման գործունեությունը կազմակերպելու և վերահսկելու իրավասություն, ՀՀ պաշտպանության նախարարի՝ 2013թ. մարտի 19-ի թիվ 287 հրամանի 12-րդ կետի պահանջների համաձայն՝ շահառուներին սեփականության իրավունքով բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ տնամերձ հողամաս, ՀՀ կառավարության՝ 2007թ. մարտի 7-ի թիվ 384-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետում նշված բնակելի տարածությունների (ծառայողական) ցանկում չընդգրկված բնակելի տարածություններն անհատույց օգտագործման իրավունքով կենտրոնական բնակարանային հանձնաժողովի ընդունած որոշումների հիման վրա իր հրամանով հատկացնելու իրավունք, 2018թ. հունվարին ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող, Երևան քաղաքի Գ.Հասրաթյան փողոցի թիվ 25/6 հասցեի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում.
Այսպես․ ՀՀ պաշտպանության նախարարի՝ 2013թ. մարտի 19-ի թիվ 287 հրամանով հաստատվել է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվել են նախարարության աշխատակազմի ղեկավարը, ՀՀ ԶՈւ ԳՇ վարչական ապարատի ղեկավարը, ՀՀ ԶՈւ ԳՇ ԱՀՏԱ վարչության պետը, ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչության պետը, ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետը, ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետը, ՀՀ ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության պետը, ՀՀ ՊՆ ՖԲ և Պ վարչության պետը, ՀՀ ԶՈւ ԳՇ կադրերի վարչության պետը, ՀՀ ԶՈւ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետը: Նույն հրամանով հաստատվել է նաև հանձնաժողովի աշխատակարգը, որի համաձայն, ի թիվս մի շարք այլ գործառույթների, բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող շահառուներին՝ զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին անհատույց օգտագործման կամ սեփականության իրավունքով ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բնակարանները տրամադրելու հարցերի քննարկումն ու համապատասխան որոշումներ ընդունելու իրավասությունը վերապահվել է հանձնաժողովին:
ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում ընդգրկված, Երևան քաղաքի Հասրաթյան 25/6 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքից բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով 71 բնակարան հատկացնելու նպատակով 2018թ. հունվարի 18-ին կայանալիք նիստին ընդառաջ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր աշխատասենյակ է հրավիրել նախարարության աշխատակազմի ղեկավար, կենտրոնական բնակարանային հանձնաժողովի նախագահ Գառնիկ Հայրապետյանին ու ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչության պետ, հանձնաժողովի անդամ Սերժ Առուշանյանին և պահանջել ներկայացնել բնակարանային բարելավման նպատակով մի շարք զինծառայողների կողմից մինչ այդ ներկայացված զեկուցագրերն ու բնակարանային բարելավման կարիք ունեցող անձանց վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունում նախապես կազմված ցուցակները:
Այնուհետև, Վիգեն Սարգսյանը, ծանոթանալով բնակարանային բարելավման կարիք ունեցող անձանց վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունում կազմված ցուցակներին և ի պաշտոնե տիրապետելով «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովման մասին» ՀՀ կառավարության՝ 2007թ. մարտի 7-ի թիվ 384-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բնակելի տարածություններն անհատույց օգտագործման տրամադրելու պայմաններին, ընթացակարգերին ու առաջնահերթություններին, անտեսելով որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի պահանջները, այն է՝
ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող և սույն կարգի 3-րդ կետի համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարի հաստատած ցանկում չընդգրկված բնակելի տարածություններն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում են բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին` հաշվի առնելով բնակարանային հաշվառման մեջ գտնվելու ամսաթիվը` առաջնահերթությունը տալով`
1). Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրամանատարական կազմին (մինչև առանձին գումարտակի հրամանատարը, շտաբի պետը և հրամանատարի տեղակալը ներառյալ),
2). 10 տարի և ավելի ծառայության ժամկետ ունեցող զինծառայողներին,
3). Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից զինծառայողներին,
4). Ազգային հերոսներին և «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանների շքանշանակիր զինծառայողներին,
5). 5 տարի և ավելի ծառայության ժամկետ ունեցող և պաշտոնի առաջխաղացման հեռանկար ունեցող զինծառայողներին,
6). բազմանդամ ընտանիք կամ հաշմանդամ` ընտանիքի անդամ ունեցող զինծառողներին,
7). երկվորյակ, եռյակ և ավելի երեխաներ ունեցող զինծառայողներին,
հանձնարարել է առաջիկա նիստում քննարկել և բնակարաններ հատկացնել ցուցակներում ավելի ուշ ընդգրկված, իր կողմից նախընտրած 26 զինծառայողներին, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայող չհանդիսացող 3 անձանց։
Ապա, ըստ մեղադրանքի,Սարգսյանը, իրագործելով իր մտադրությունը, օգտագործելով զբաղեցրած դիրքը և ազդեցությունը, անտեսելով ինչպես վերոնկարագրյալ իրավական ակտերի, այնպես էլ ՀՀ կառավարության՝ 2007թ. մարտի 7-ի թիվ 384-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները, դիտավորությամբ կատարել է այնպիսի արարքներ, որոնք ակնհայտորեն դուրս են իր լիազորությունների շրջանակներից, այն է՝ սահմանել է հիշատակված իրավական ակտով չնախատեսված նոր առաջնահերթություն՝ «հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողներ», այնուհետև՝ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի նախագահ Գառնիկ Հայրապետյանին և ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչության պետ, հանձնաժողովի անդամ Սերժ Առուշանյանին հանձնարարել է 2018թ. հունվարի 18-ին կայանալիք նիստի ընթացքում առաջնորդվել միայն իր սահմանած առաջնահերթություններով, որից հետո վերջիններիս է տրամադրել իր նախընտրած 29 անձանց վերաբերյալ տվյալները և հանձնարարել 2018թ. հունվարի 18-ի նիստում, առանց՝ վերջիններիս բնակարաններ հատկացնելու հարցը քննարկելու, նրանց ներառել ՀՀ պաշտպանության նախարարության բնակարանային ֆոնդում ընդգրկված՝ Երևան քաղաքի Գ. Հասրաթյան 25/6 հասցեում գտնվող շենքից բնակարաններ ստացող անձանց ցուցակում և հատկացնել բնակարաններ:
Արդյունքում՝ 2018թ. հունվարի 18-ին կայացած նիստի ընթացքում կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամները, կոպիտ կերպով խախտելով ՀՀ կառավարության՝ 2007թ. մարտի 7-ի թիվ 384-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները և կատարելով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի բանավոր հանձնարարությունը՝ առաջնորդվել են վերջինիս սահմանած առաջնահերթությունով, որի արդյունքում հանձնաժողովի կողմից կայացված որոշմամբ Երևան քաղաքի Գ. Հասրաթյան 25/6 հասցեում գտնվող շենքից բնակարան ստացող անձանց ցուցակում ընդգրկվել են Երևան քաղաքում բնակարանային ապահովման կարիք ունեցող զինծառայողների հաշվառման ցուցակներում ավելի ուշ հերթագրված, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայող չհանդիսացող անձինք:
Շարունակելով իր հանցավոր մտադրությունը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն, ըստ մեղադրանքի, իր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, խախտել է ՀՀ ՊՆ նախարարի՝ 2013թ. մարտի 19-ի թիվ 287 հրամանի 12-րդ կետի պահանջները և ակնհայտորեն դուրս գալով իր պաշտոնեական լիազորությունների շրջանակից՝ մինչ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի՝ 2018 թ. հունվարի 18-ի նիստի արդյունքում կայացված որոշման հաստատումը /որոշումը հաստատվել է 2018թ. փետրվարի 10-ին/ և մինչ Երևան քաղաքի Գ. Հասրաթյան 25/6 շենքից ծառայողական նպատակով տրամադրման ենթակա բնակարանների ցուցակների հաստատումը (նշված բնակարանների ցուցակը հաստատվել է ՀՀ պաշտպանության նախարարի՝ 2020թ. մարտի 24-ի հրամանով) 2018 թ. հունվարի 26-ին արձակել է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ տրամադրելու մասին թիվ 55 հրամանը, որի հիման վրա ՀՀ կառավարության՝ 2007թ. մարտի 7-ի թիվ 384-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետի պահանջի խախտմամբ ծառայողական բնակարաններ են հատկացվել նրա նախընտրած, ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայող չհանդիսացող, հետևաբար նաև՝ բնակարանային հաշվառման մեջ չգտնվող 3 անձանց, այդ թվում՝ ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին, Արցախի ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ Միքայել Արզումանյանին, Արցախի ՊԲ 7-րդ պաշտպանական շրջանի հրամանատարի նախկին տեղակալ, զինվորական կենսաթոշակառու Լևոն Ապրեսյանին, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայող հանդիսացող, սակայն տվյալ ժամանակահատվածում Երևան քաղաքում ծառայություն չիրականացնող, ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասերի հրամանատարներ Սողոմոն Խաչատրյանին և Սամվել Պողոսյանին:
Բացի այդ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի վերոհիշյալ հրամանով Երևան քաղաքի Հասրաթյան 25/6 հասցեում գտնվող շենքից ՀՀ կառավարության՝ 2007թ. մարտի 7-ի թիվ 384-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի պահանջների խախտմամբ անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ են հատկացվել նույն որոշմամբ նախատեսված առաջնահերթություն ունեցող, սակայն Երևան քաղաքում բնակարանային ապահովման կարիք ունեցող զինծառայողների հաշվառման ցուցակներում ավելի ուշ հերթագրված, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նախընտրած 8 զինծառայողի, ՀՀ կառավարության՝ 2007թ. մարտի 7-ի թիվ 384-Ն որոշմամբ չնախատեսված՝ Վիգեն Սարգսյանի սահմանած՝ «հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողներ» առաջնահերթությամբ և կառավարության հիշյալ որոշմամբ նախատեսված որևէ առաջնահերթություն չունեցող 5 զինծառայողի, ինչպես նաև ՀՀ կառավարության՝ 2007թ. մարտի 7-ի թիվ 384-Ն որոշմամբ չնախատեսված՝ Վիգեն Սարգսյանի սահմանած՝ «հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողներ» առաջնահերթությամբ և կառավարության հիշյալ որոշմամբ նախատեսված առաջնահերթություն ունեցող, սակայն ցուցակներում ավելի ուշ հերթագրված 15 զինծառայողի, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ, այն է՝ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի բնակարանային ապահովման իրական կարիք ունեցող բազմաթիվ շահառուներ, տարիներ շարունակ ընդգրկված լինելով բնակարանային հաշվառման ցուցակներում՝ զրկվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց սոցիալական պաշտպանության ապահովման՝ անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ ձեռք բերելու օրինական և օրենքով երաշխավորված իրավունքից, իսկ պաշտպանության նախարարությունը զրկվել է նախարարության հաշվեկշռում գտնվող բազմաթիվ բնակարաններն անհատույց օգտագործման տրամադրելու, դրանք նախարարության կարիքների համար օգտագործելու, հետևաբար նաև՝ զինծառայողների սոցիալական ապահովության խնդիրներն արդյունավետ իրագործելու իրական հնարավորությունից:
Քրեական գործը մակագրվել է դատավոր Սարգիս Դադոյանին։
Արաքս Մամուլյան