«Բեռը տանում են ստուգման, ասում են՝ ճիճու կա մեջը». ինչու են հայկական բեռնատարները հետ վերադարձվում Լարսից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Վերջին օրերին Լարսի անցակետում ստեղծված խնդիրները լուրջ գլխացավանք են դարձել հայ գործարարների համար։ Բացի եղանակային պայմանների պատճառով Լարսի ճանապարհի փակվելուց ու հերթերի կուտակումից՝ հիմա էլ Լարսի անցակետում խնդիրներ են առաջանում ապրանքի ընդունման հարցում ու շատ բեռնատարներ հետ են ուղարկվում սահմանված պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ։

Ըստ «Մոնոգիստիկս» բեռնափոխադրող ընկերության կոմերցիոն տնօրեն Նարեկ Հովակիմյանի՝ անցակետում և Լարսի ճանապարհին հայկական արտադրության պահածոներով, պտուղ-բանջարեղենով, ծաղիկներով, ձկով և սննդամթերքի այլ տեսակներով բեռնված բեռնատարները խիստ ֆիտոսանիտարական վերահսկողություն են անցնում։ Մի մասին մերժում են և թույլ չեն տալիս անցնել սահմանը՝ պատճառաբանելով, որ վերահսկողության արդյունքում ֆիտոսանիտարական նորմերի խախտումներ են հայտնաբերվել, մի մասին էլ հայտնում են, որ դեռ ստուգումներ են անում և սպասեցնում են անհայտ ժամանակով։

«Խնձոր ենք տեղափոխել, մեքենան 11 օր կանգնել է ճանապարհին, հասել է, Լարսում պատճառաբանել են, որ ֆիտոյով ապրանք իրավունք չունեք տանելու Ռուսաստան, ինչ-որ արհեստական խոչընդոտներ են ստեղծում։ Իբրև ախտահանված չի, փորձանմուշ են ուզել անել 1 ամսվա տևողությամբ: 3-4 օր Լարսում կանգնելուց հետո մեքենան հետ են ուղարկել, թղթերը վերցրել են, ասել են՝ կա՛մ պիտի տուգանենք 50 հազար ռուբլի, կա՛մ պիտի հետ ուղարկենք։ Մեքենան եկել է Հայաստան, հիմա դատարկում ենք»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց ընկերության տնօրենը։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակի հետևանքով մեծ վնասներ են կրել․ «Ահագին վնաս ենք կրել և՛ այդ ապրանքի հետ կապված, և՛ վառելիքի։ Հիմա չենք պատկերացնում՝ ինչ է լինելու, որովհետև նման շատ մեքենաներ ունենք կանգնած։ Չգիտենք՝ ինչ անել, ուղարկե՞նք դեպի Լարս, թե՞ հետ բերենք Հայաստան։ Մեկը խնձոր է բարձած, մեկը՝ ձուկ, մյուսը՝ կարալյոկ։ Մեր մասով միայն խնձորի հետ է խնդիր եղել, բայց ունեմ ընկերներ՝ մեկի դեպքում ծաղիկ, ելակ, ինչ լինում է՝ ֆիտոսանիտարական սերտիֆիկատով ապրանք, հիմնականում հետ են վերադարձնում։ Չիր ենք ունեցել բարձած, էլի հետ են ուղարկել»:

Ընկերության տնօրենը նշում է՝ մինչ այժմ նման խնդիր չի եղել։

«Ինձ թվում է՝ սա ինչ-որ քաղաքական ենթատեքստ ունի։ Մարդ գիտեմ, հենց հիմա նույն ապրանքը տանում է Բելառուս, այսինքն՝ Բելառուսիայի համար նորմալ է մեր ապրանքը, անցնում է չափանիշները սանիտարահիգիենիկ, իսկ Ռուսաստանի համար դառնում է խոչընդոտ»,- նշեց Հովակիմյանը։

Այս պահի դրությամբ՝ 60-ից 70 բեռնատար է հետ ուղարկվել Հայաստան։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

Նրա խոսքով՝ խնդիրն առայժմ չի լուծվել։

«Այսօր արդեն քննարկումներ են եղել ՀՀ ՍԱՏՄ-ի և ռուսական Ռոսսելխոզնադզորի հետ, սկսել են աշխատել իրար հետ, հուսով եմ՝ ինչ-որ բան կփոխվի»,- նշեց Հակոբյանը։

Օրերս խնդրի առնչությամբ հաղորդագրություն էր տարածել նաև ՌԴ Ռոսսելխոզնադզորը, որն էլ հենց որոշում է կայացնել հետ ուղարկել հայկական բեռնատարները։

Ռոսսելխոզնադզորը հայտարարել է, թե արձանագրել է «Հայաստանից վնասատուներով վարակված բուսաբուծական արտադրանքի մատակարարումների կտրուկ աճ և հայ գործընկերներին խնդրում է անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ խախտումները կանխելու համար», փոխանցում է Ինտերֆաքսը։

«Ծառայության տվյալներով՝ այս տարի հայկական ծաղկաբույսերի և պտուղ-բանջարեղենի մեջ վնասակար օրգանիզմների հայտնաբերման 72 դեպք է գրանցվել։ Միևնույն ժամանակ, նոյեմբերին արձանագրվել է խախտումների կտրուկ աճ՝ միայն նոյեմբերի 24-ից 26-ը Ռուսաստան վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի ներկրման 36 դեպք է արձանագրվել»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ նոյեմբերին հայտնաբերվել է լոլիկի, ելակի, խնձորի և խաղողի մեջ թունաքիմիկատների մնացորդային առավելագույն թույլատրելի չափերը գերազանցելու հինգ դեպք։

«Վերոնշյալը վկայում է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողության նվազման մասին և վտանգ է ներկայացնում Ռուսաստանի բուսասանիտարական բարեկեցության համար: Ռոսսելխոզնադզորը տեղյակ է պահել Հայաստանի իրավասու մարմնին բոլոր խախտումների մասին, սակայն տեղեկատվություն կատարված ուսումնասիրությունների մասին ծառայությունը դեռ չի ստացել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հաշվի առնելով դա՝ Ռոսսելխոզնադզորը պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստան՝ խնդրելով անհապաղ համալիր միջոցառումներ ձեռնարկել՝ կանխելու վարակված արտադրանքի մատակարարումները Ռուսաստան և ռուսական գերատեսչությանը տեղեկացնել կատարված աշխատանքների մասին։

«Սահմանին բուսասանիտարական հսկողությունն իրականացվում է սովորական ռեժիմով, Հայաստանից եկող բեռների ստուգման և գրանցման կանոնները չեն փոխվել»,- հայտարարում է Ռոսսելխոզնադզորը։

Իսկ հայ տնտեսվարողները հակադարձում են՝ մինչ այժմ նույն ապրանքը գնացել է ՌԴ և խնդիրների չի բախվել։

«Ապրանքի տակդիրի վերաբերյալ թուղթ են ուզում, Հայաստանում էդպիսի տեղ չունենք, որ տակդիրի սերտիֆիկատ տան, կամ բեռը տանում են ստուգման, գալիս ասում են՝ ճիճու է մեջը, բայց նման բան չկա»,- նշեց բեռնափոխադրող ընկերություններից մեկի տնօրենը։

«Քանի որ մեր արտահանումն այս 2 տարիների ընթացքում 3,5 անգամ աճել է, դա ավելի շատ արել ենք քանակի հաշվին, ոչ թե որակի, և այստեղ որոշակի խնդիրներ կարող են լինել, բայց սանկցիաներն ավելի շատ քաղաքական դաշտում են։ Պետք է հաշվի առնենք նաև այն, որ մենք ԵՏՄ անդամ պետություն ենք, որի համաձայնագրով ապրանքներն ու ծառայությունները, ինչպես նաև կապիտալը և աշխատուժը պետք է ազատ հոսեն։ Այս սանկցիաներն ունեցել են միջնաժամկետ բնույթ, սակայն այն հանգամանքը, որ մեր գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասը՝ 90%-ից ավելին գնում է Ռուսաստանի Դաշնություն, մեծ խնդիրներ կարող են առաջանալ»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Աղասի Թավադյանը։

Նրա կարծիքով՝ Ռոսսելխոզնադզորն օգտագործում է այս սահմանափակումները քաղաքական դրդապատճառներով։

Նշենք, որ օրերս խնդրի առնչությամբ ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ հորդորելով սփյուռքում գտնվող հայերին գնել հայրենական արտադրանքը։

«Բիզնեսին և հարկ վճարողին նման կերպ աջակցելն անկախությունն ու սուվերենությունն ամրապնդելու համար կենսական նշանակության վարքագիծ է: Որևէ ԼԱՐՍԻ անցակետ փակելը մեզ վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին: Ամանորի և Սուրբ ծննդյան տոների սեղաններին պետք է լինի բացառապես հայկական արտադրության բանջարեղեն, միրգ, գինի, կոնյակ, այլ գյուղարտադրանք»,- նշել է նա՝ ըստ ամենայնի հաստատելով, որ Լարսի անցակետով հայկական արտադրանքի արտահանման խոչընդոտների հարցում դիտավորություն կա։

Տնտեսագետը, անդրադառնալով Հարությունյանի գրառմանը, նշում է, որ արտահանումը, իհարկե, պետք է դիվերսիֆիկացնել, ավելի մեծ շուկաներ պետք է գրավել, բայց դա ավելի խելամիտ պետք է անել։

«Ուռա-պատրիոտիկ գաղափարներով չպետք է առաջնորդվենք։ ՌԴ շուկան շատ կարևոր է մեզ համար, այստեղ պետք է խելամիտ լինել։ Սա պարզապես պետք է ազդակ հանդիսանա, որ մեր ապրանքի որակը լավացնենք, շարունակենք արտահանել Ռուսաստան, բայց նաև այլ շուկաներ գտնենք»,- նշում է Թավադյանը։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեկ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով խնդրին՝ նշեց, որ ուսումնասիրություններ են սկսել ռուսական գերատեսչության տարածած հաղորդագրության հիման վրա՝ հասկանալու համար, թե ինչքանով են ՀՀ տնտեսվարողների արտադրած ապրանքներն անհամապատասխան այն կարգավորումներին, որոնք ՌԴ-ն կիրառում է:

Հարցին՝ արդյո՞ք այդ խնդրում քաղաքական ճնշում կա՝ Քերոբյանը պատասխանեց. «Ես այդպես չէի ասի: Մեզ համար տարօրինակ է, որ մեկ տարվա մեջ 35 մեքենա է հետ վերադարձվում, և հետո 2 օրվա մեջ ևս 35 մեքենա է հետ վերադարձվում: Այն դեպքում, որ տնտեսվարողներն իրենց ապրանքների մեջ որևէ փոփոխություն չեն իրականացրել: Մենք ԵՏՄ շրջանակում սկսել ենք գործողություններ, հրատապ խորհրդակցություն, որը տեղի կունենա առաջիկա երկու օրվա ընթացքում»:

Անժելա Պողոսյան